Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններում ողջույնի մի քանի բառերից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Ուզբեկստան: Էրդողանն ու Միրզիյոեւը հայտարարեցին երկու երկրների հարաբերություններում նոր փուլի՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Ինչպես գրում է «Գազետան», Անկարան ու Տաշքենդն այս կերպ արձանագրել են այն առաջընթացը, որին հասել են 2016-ից՝ Ուզբեկստանում իշխանափոխությունից հետո: Այդ երկրի առաջին նախագահ Իսլամ Քերիմովի դարաշրջանում Անկարայի ու Տաշքենդի փոխհարաբերությունները բավական սառն էին. Թուրքիան ընդունել էր այլախոհ Մուհամմադ Սալիհին: Ինչպես «Գազետայի» հետ զրույցում ասել է ՌԴ ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, թուրքական մի շարք կազմակերպություններ մասնակցել են Քերիմովի դեմ մահափորձին, ինչը հանգեցրել է տասնյակ զոհերի:
Իսկ հիմա Թուրքիան ու Ուզբեկստանն ընդհանուր լեզու են գտել, եւ Թուրքիան շարունակում է ուժեղանալ տարածաշրջանում: Ինքը՝ Միրզիյոեւը, հանդիպումից հետո ասել է, որ «եղբայր ժողովուրդներին» բաժանում են հազարավոր կիլոմետրեր, բայց նրանց «սերտորեն» կապում է լեզուների ու հոգեւոր արժեքների մոտիկությունը: Կան նաեւ գործնական օրինակներ, ինչպիսին Տաշքենդում թուրք-ուզբեկական նոր համալսարանի ստեղծումն է:
Երկրները փոխըմբռնման են հասել ոչ միայն հումանիտար ոլորտում։ Միրզիյոեւի խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առեւտրի ծավալն աճել է 2.5 անգամ՝ 2021 թ. կազմելով ավելի քան 3.6 միլիարդ դոլար, համատեղ ձեռնարկությունների թիվն աճել է 5 անգամ, իսկ թուրքական ներդրումների ծավալն Ուզբեկստանի տնտեսությունում ավելացել է 70 անգամ՝ հասնելով 1.5 միլիարդ դոլարի նշագծին:
Բանակցություններից հետո Միրզիյոեւն ու Էրդողանը համատեղ հայտարարություն են ստորագրել եւ միջկառավարական ու միջգերատեսչական 9 համաձայնագիր։
Դրանց թվում է ընդլայնված ռազմական շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրել են պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Բահադիր Կուրբանովը եւ Հուլուսի Աքարը։ Փաստաթուղթը միտված է ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, մարտական պատրաստության եւ ռազմական կրթության զարգացմանը։ Էրդողանը գործընկերոջը խոստացել է կիսվել իր ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններով։ Էրդողանն ու Միրզիյոեւը նաեւ ջերմաէլեկտրակայան են գործարկել Տաշքենդի մարզում եւ ազդարարել նմանատիպ ջերմաէլեկտրակայանի կառուցումը Սիրդարիայում:
Էրդողանն առաջարկել է երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստեր անցկացնել ոչ թե երկու տարին մեկ, այլ ամեն տարի։
Չպետք է մոռանալ նաեւ երկու երկրների համագործակցության այլ ձեւաչափերի, առաջին հերթին՝ 2021 թ. Թյուրքական խորհրդի կողմից ձեւավորված Թյուրքական պետությունների կազմակերպության մասին։ Հենց Տաշքենդը կլինի այդ կազմակերպության գագաթնաժողովի կազմակերպիչը 2022 թ. աշնանը։ Մի խոսքով՝ Ուզբեկստանը Միրզիյոեւի օրոք՝ 2018 թ. է մտել Թյուրքական խորհուրդ:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի բաժնի ղեկավար Անդրեյ Գրոզինը կարծում է, որ Էրդողանի այցն Ուզբեկստան իրականում միայն հաստատել է երկու երկրների միջեւ հարաբերությունների միտումը։
«Իրականում որեւէ նոր բան չկա։ Երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է, սակայն այն դեռեւս անհամեմատելի է մյուս գործընկերների ցուցանիշների հետ: Թուրքիայի հետ Ուզբեկստանի ապրանքաշրջանառությունը 2021 թ. կազմել է 3.5 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանի ու Չինաստանի հետ՝ մոտ 17 մլրդ: Սա է Ուզբեկստանում երկրների իրական ներկայության պատկերը: Բայց համատեղ ձեռնարկությունների քանակով Թուրքիան երրորդ տեղում է այդ երկրում՝ հաջորդելով նույն Ռուսաստանին եւ Չինաստանին»,- ասել է փորձագետը։
Գրոզինը նշում է, որ 2016-ից հետո Թուրքիան ինտենսիվ կերպով բարելավում է հարաբերություններն Ուզբեկստանի հետ, իսկ Տաշքենդի մուտքը Թյուրքական պետությունների կազմակերպություն «անհավանական ուրախություն» առաջացրեց Անկարայում։
Փորձագետի կարծիքով՝ եթե Ուզբեկստանը թուրքերի հետ հարաբերությունների զարգացման հաշվին, ընդհանուր առմամբ, փորձում է առաջին հերթին լուծել իր տնտեսական խնդիրները, ապա Էրդողանը՝ քաղաքական: Վերլուծաբանը, սակայն, դրանում առայժմ սպառնալիքներ չի տեսնում Մոսկվայի հետաքրքրությունների համար: «Թուրքիայի նախագահը մշտապես կարիք ունի ընտրողներին ցուցադրելու իր համաշխարհային պատմական դերը։ Ուստի նա շատ բաներ է անում, որոնք ուղղված են թուրք սպառողին: Այսպես՝ 2023 թ. Թուրքիայում կրկին նախագահական ընտրություններ են։ Թուրքիայի այս բոլոր «նեոօսմանյան խաղալիքները», այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանը չպետք է գերագնահատի»,- վստահ է վերլուծաբանը։
Որպես վառ օրինակ՝ Գրոզինը նշել է 2022 թ. հունվարին Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերն ու ջարդերը, երբ երկիրը հայտնվել էր «անդունդի եզրին»։
«Տեղի նույնիսկ ամենաընդգծված պանթյուրքիստների մտքով չանցավ օգնություն խնդրել Անկարայից: Ապացուցվեց, որ պանթյուրքական բաները լավ են մինչեւ որոշակի կետ: Բայց դա նրանց չի խանգարում իրականացնել տնտեսական տարբեր նախագծեր. այստեղ կարիք չկա դավադրության տեսություններ փնտրել»,- կարծում է Գրոզինը:
Վիկտոր Նադեին-Ռաեւսկին մասամբ կիսում է այս տեսակետը: Նա կարծում է, որ Միրզիյոեւի օրոք Թուրքիան ակտիվորեն «ձգտում է Ուզբեկստանին կապել իրեն»: Ըստ նրա՝ Կենտրոնական Ասիայում Անկարայի քաղաքականության մեջ ավելի շատ բաներ կան, քան Էրդողանի հասարակ մարտավարական գործողությունները:
«Թուրքիան ավանդաբար փորձում է կապեր զարգացնել բոլոր թյուրք ժողովուրդների, հատկապես՝ թյուրք-մահմեդականների հետ։ Նա վաղուց ուներ Մեծ Թուրան պետության ստեղծման գաղափարը, որին վերադարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես պետական, այնպես էլ մասնավոր գծերով։ Ավելին՝ այս բոլոր պետություններում թուրքական լիցեյների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով հաջողվեց ստեղծել թուրքամետ էլիտա։
Բայց հիմա մենք տեսնում ենք Անկարայի շատ վստահ փորձը՝ ամրապնդելու իր ավագությունը թյուրքական միությունում եւ արտաքին քաղաքականության մեջ թյուրք ժողովուրդների միասնական խառնակույտի առաջմղումը «փափուկ ուժի» միջոցով: Սա, իհարկե, հակասում է Ռուսաստանի շահերին, որը 1990-ականներին կորցրեց իր նախկին ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Իրավիճակը հիմա նույնպես տհաճ է, բայց անհրաժեշտ է շտկել անցյալի սխալները»,- շեշտել է թուրքագետը։
Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության ընթացքում դիվանագիտական անսպասելի ակտիվություն ցուցաբերեց Թուրքիան: Անդրադառնալով այդ թեմային՝ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին «Ռոսբալթի» մեկնաբանին ասել է, որ Անկարայի համար ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ուղղակի աղետ են, քանի որ այդ երկիրը հույս ուներ այս տարի մի քանի միլիոն ռուս զբոսաշրջիկների ընդունել:
«Էրդողանը կարծում է, որ Թուրքիան պետք է օգտագործի աշխարհում ԱՄՆ-ի դիրքերի այժմյան թուլացումը, ուժի այլ կենտրոնների հզորացումը եւ այդ ճանապարհով մեծ տերությունների շարք մտնի: Դա նրա գլխավոր գաղափարն է, որի համար պայքարում է: Այստեղից էլ՝ նրա հարձակումները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների հնգյակի վրա, թե, իբր, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի խումբ պետություններ որոշում են մարդկության ճակատագիրը: Միաժամանակ Էրդողանը մշտապես շեշտում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, նրա ֆորպոստն Արեւելյան Միջերկրածովյանում: Մյուս կողմից՝ Էրդողանն անցկացնում է ՆԱՏՕ-ից ու Վաշինգտոնից անկախ քաղաքականություն, բայց չի պատրաստվում եւ չի կարող հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամությունից ու նրա հանդեպ իր դաշնակցային պարտականություններից»,-ընդգծել է Նադեին-Ռաեւսկին:
Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից ու Վաշինգտոնից անկախ քաղաքականություն վարելու վստահությունն այնքան էլ համոզիչ չէ՝ հաշվի առնելով Անկարայի նկատմամբ նույն Արեւմուտքի այժմյան վերաբերմունքը: Որոշակի շրջանակներում նույնիսկ տեսակետ կա, թե ՌԴ-ի հետ մերձեցման ցույցերը տեղի են ունենում Արեւմուտքի համաձայնությամբ ու թույլտվությամբ՝ հանուն ինչ-ինչ նպատակների: Այն փաստը, որ Թուրքիան մի կողմից զենք է մատակարարում Ուկրաինային, իսկ մյուս կողմից հայտարարում, որ պատրաստ է միջնորդական դեր կատարել Մոսկվայի ու Կիեւի միջեւ, լիովին տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում:
Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին Կենտրոնական Ասիան հատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար: Այնտեղ թուրքամետ էլիտայի ձեւավորումը վկայում է, որ ռուսական կողմնորոշումն ամենեւին էլ հուսալի գործոն չէ բիզնեսի զարգացման համար: Ապրանքաշրջանառության այսօրվա տվյալները ոչ հեռու ապագայում կարող են փոխվել: Գուցե նույնիսկ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ թուրքերը սովորություն ունեն հարձակվելուց առաջ քնեցնել հակառակորդին կեղծ տեղեկատվությամբ: