Իսրայելի իշխանությունների որոշումը՝ միանալու Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությանը՝ կապված Կիեւի արվարձանային Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, մտավախություն է առաջացրել, որ Սիրիայի հարցում երկու երկրների համագործակցությունը կխաթարվի: Դրա հետ կապված՝ պաշտպանության նախարար Բեննի Գանցն ապրիլի 4-ին հայտարարել է, որ ոչ ոք իր երկրին չի խանգարի գործողություն իրականացնել այնտեղ, որտեղ նման անհրաժեշտություն կառաջանա: Այդուհանդերձ, Բուչայի իրադրության վերաբերյալ իր արձագանքում Իսրայելի կառավարությունը միասնականություն չի դրսեւորել. ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարվել է ինչ-որ մեկի կողմը բռնել տեղի ունեցածի շուրջ վիճաբանության մեջ:
Գանցը նման հայտարարություն է արել «Կան Բեթ» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը Ռուսաստանին մեղադրեց Բուչա քաղաքում «պատերազմական հանցագործություններ» կատարելու մեջ, լրագրողները որոշեցին հետաքրքրվել պաշտպանական գերատեսչության ղեկավարից, թե նման հռետորաբանությունն ինչպես կարող է ազդել սիրիական ասպարեզում մերձավորարեւելյան երկրի եւ Մոսկվայի միջեւ համակարգման որակի վրա: «Մենք կշարունակենք Մերձավոր Արեւելքում գործել ամենուր, որտեղ մեզ անհրաժեշտ է գործել»,- ասել է Գանցը: Նա շեշտել է, որ լայնածավալ հակամարտությունների ժամանակ «պետք է պահպանվեն բարոյական արժեքները»։ «Ցավոք, ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչները կարող են տուժել, բայց նրանց չի կարելի նպատակաուղղված սպանել»,- ասել է պաշտպանության նախարարը։
Ռուսական գործողությունների քննադատությամբ առաջինը հանդես է եկել Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը՝ հայտարարելով, որ «անհնար է անտարբեր մնալ Կիեւի մոտ «բացված» սահմռկեցուցիչ պատկերների նկատմամբ»: Նա բացահայտ մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի տարածքում քաղաքացիական անձանց «միտումնավոր վնաս հասցնելու» մեջ՝ նրա գործողությունները որակելով որպես «ռազմական հանցագործություն»: Դա լուրջ շարժ է արձանագրել հրեական պետության հռետորաբանության մեջ, որը որոշ ժամանակ առաջ փորձում էր բանակցային միջնորդի դեր կատարել:
Մոսկվան, իր հերթին, Բուչա քաղաքում իրադրության վերաբերյալ հաղորդումներն ու լուսանկարներն անվանում է «ֆեյքային գրոհ» եւ «բեմականացում, որը փորձում են օգտագործել հակառուսական նպատակներով»:
Իսրայելում հիմա ձայներ են լսվում հօգուտ այն բանի, որ Ռուսաստանի նկատմամբ երկրի դիրքորոշումը պետք է միանշանակ հնչի: Օրերս նման կարծիք է հայտնել սփյուռքի գործերով նախարար Նահման Շայը: Սակայն նրա ոչ բոլոր գործընկերներն են կիսում այդ տեսակետը: Իսրայելի պաշտպանության բանակի ազգային ռադիոկայանին տված հարցազրույցում ֆինանսների նախարար Լիբերմանը ցուցադրել է, որ պատրաստ չէ միանալ Բուչայի իրադրության վերաբերյալ որեւէ վարկածի: «Մենք բոլորս դատապարտում ենք ռազմական հանցագործությունները,-ասել է նա:- Այստեղ փոխադարձ մեղադրանքներ կան. Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինային»: Նրա խոսքով՝ հրեական պետությունն ստիպված է պահպանել իր բարոյական տեսանկյունը եւ միեւնույն ժամանակ պաշտպանել սեփական հետաքրքրությունները:
Տեղի մեկնաբանները նրա արտահայտությունները համարել են «Կրեմլի դիրքորոշումը կրկնելու» փորձ: Առավել եւս, որ Լիբերմանը գլխավորում է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը, որը հավակնում է ներկայացնել ռուսալեզու քաղաքացիների հետաքրքրությունները: Դա քաղաքական գործչին հատկապես խոցելի է դարձնում ռուսամետ հայացքների նկատմամբ մեղադրանքների առջեւ:
Լիբերմանի խոսքերն առաջացրել են Ուկրաինայի դիվանագիտական կորպուսի վրդովմունքը։ Հրեական պետությունում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիյչուկը ֆինանսների նախարարին հրավիրել է այցելել Կիեւի արվարձան՝ զինված խմբի ուղեկցությամբ՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչպես կարող է ընդամենը զինված խմբի միջոցով ապահովել իսրայելցի քաղաքական գործչի անվտանգությունը մի վայրում, որտեղ ռուսական կողմը «ռազմական հանցագործություններ» է կատարում: Չէ որ դա առնվազն նշանակում է, որ այդ տարածքը ռուսական ուժերի վերահսկողության տակ է:
Բուչայի իրադրությանն արձագանքի մշակումն իսրայելական իշխանություններից մի քանի ժամ է պահանջել: Այս մասին տեղի «Walla» պորտալին հայտնել են բարձրաստիճան աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ հրեական պետությունը կապ է հաստատել արեւմտյան մի շարք երկրների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը եւ լսելու համապատասխան փաստարկները։
Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Լիբերմանն արդեն քննադատների թիրախն է դարձել: Մասնավորապես՝ նրա վրա պատասխանատվություն է դրվել ուկրաինացի փախստականների՝ բժշկական ապահովագրության հասանելիության բյուրոկրատական խոչընդոտների համար։ Իսրայելի առողջապահության նախարար Նիցան Հորովիցը դրան մի ամբողջ սյունակ է նվիրել «Haaretz» թերթում։ «Եթե նույնիսկ ստեղծված չլինեինք փախստականների կողմից եւ փախստականների համար, միեւնույն է, բարոյական պարտավորություն կունենայինք օգնության ձեռք մեկնել,- գրել է նա:- Ցավոք, կան այնպիսիք, որոնք անհարկի ու ամոթալի դժվարություններ են ստեղծում այն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր արդեն թակել են մեր դարպասները»։
Որոշ ժամանակ առաջ Լիբերմանին ու նրա գերատեսչությանը տեղի ԶԼՄ-ներն առարկություններ ներկայացրին՝ կապված Լվովում դաշտային նոր հոսպիտալի ստեղծման ֆինանսավորման պատրաստակամության բացակայության հետ, չնայած այն բանին, որ հրեական պետության կառավարությունն այդ քայլն անվանեց ուկրաինական կողմին օգնության հիմնական ուղղություններից մեկը։
Արտաքին եւ ներքին քաղաքականության որոշիչ հարցերի շուրջ նույնիսկ առաջին հայացքից ոչ մեծ տարբերությունները նշանակություն ունեն Իսրայելի գործող կառավարության համար: Վեճերը հարցերի շուրջ, որոնք կարող են արեւմտյան հանրության մեջ հարաբերական կոնսենսուսի առարկա դառնալ, վտանգ են ներկայացնում հրեական պետության կառավարության համար, որն առանց այդ էլ փորձության է ենթարկվում ներքին անվտանգության ոլորտում մի շարք մարտահրավերներով։
«Բարոյական արժեքների պահպանման նկատմամբ» հավատարմություն ցուցադրող հրեական պետությունում, որտեղ Լիբերմանի հայտարարությունն «անհարկի ու ամոթալի» դժվարություններ է ստեղծում այն փախստականների համար, ովքեր արդեն թակել են Իսրայելի դռները, փախստական ուկրաինուհիներին առաջարկում են գումար վաստակել սեռական ծառայությունների մատուցմամբ: Մասնավորապես՝ իրանական «Hamshahri»-ն գրում է, որ իսրայելական Բեն Գուրիոն օդանավակայանում մոտ հարյուր ուկրաինուհիներ պատմել են, որ ինչ-որ մեկն իրենց նյութական օգնություն է առաջարկել՝ սահմանը առանց խոչընդոտների անցնելու համար: Իսկ այն բանից հետո, երբ նրանք հայտնվել են Իսրայելում, նրանց հաղորդել են, որ, որպես փոխհատուցում, պետք է սեռական ծառայություններ մատուցեն: Այս մասին հաղորդել է նաեւ իսրայելական «12» հեռուստաալիքը: Ավելի ուշ պարզվել է, որ դա եզակի դեպք չէ. Իսրայելի սոցիալական ապահովման նախարարությունն ու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դեպարտամենտը շատ հաղորդումներ են ստացել այն մասին, թե «փախստականների կողմից ստեղծված եւ փախստականների համար նախատեսված հրեական պետությունում» ինչպես են ուկրաինուհի փախստականներին պարտադրում սեռական բնույթի ծառայություններ մատուցել: Փաստացի գործել է հանցագործ շղթա, որն ունեցել է ֆինանսական ամուր հիմք: Այս դեպքում հարցն այն է, թե որտեղից է սկսվում այդ շղթան եւ վերջնարդյունքում մինչեւ ուր կարող է հասնել: Այսինքն՝ արդյոք պատահական անհատնե՞ր են այն մարդիկ, որոնք բանակցություններ են վարել փախստականների հետ…