Նախատեսված ժամկետից մեկ օր շուտ Եվրամիությունը ձեւակերպեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթի բովանդակությունը: ԵՄ-ի պաշտոնյաները դա բացատրում են ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ, ինչպես պնդում է ուկրաինական կողմը, զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ (ռուսական իշխանությունները հերքում են իրենց հասցեին հնչող մեղադրանքները): Միաժամանակ արեւմտյան շատ երկրներում իջնում է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. արտաքսում են ռուս դիվանագետներին: Արեւմուտքի հետ Ռուսաստանի հակամարտությունը տեղափոխվում է նոր՝ ավելի կոշտ փուլ:
Այն մասին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կձեռնարկվեն, դեռ անցած շաբաթ է հայտարարություն արվել: Սակայն Եվրամիության պաշտոնյաներն ասում էին, որ ԵՄ անդամ երկրների դեսպանները նոր փաթեթը կհամաձայնեցնեն ապրիլի 6-ին: Եվրոպացիների պլաններում շտկումներ մտցրեցին Բուչայի իրադարձությունների մասին լուրերը: «Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին»,- ապրիլի 5-ին իսպանական COPE-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նրա խոսքերից հետեւում է, որ հարցն այն մասին, թե պատժամիջոցներն ինչ չափով կառնչվեն էներգետիկ ոլորտին, քննարկվել է մինչեւ վերջին պահը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը միայն երեկոյան է հայտարարել պատժամիջոցների փաթեթի բովանդակության վերաբերյալ իր կառույցի առաջարկները: Փաստացի հենց դա էլ պատժամիջոցների նոր փաթեթն է:
Ուրսուլա ֆոն դեր Լյաենի խոսքերով՝ հակառուսական նոր միջոցառումները ներառում են, մասնավորապես, ռուսական նավերի եւ ռուս օպերատորների ղեկավարած նավերի մուտքի արգելք Եվրամիության նավահանգիստներ, ինչպես նաեւ սահմանափակումներ ավտոմոբիլային տրանսպորտի ռուս եւ բելառուս օպերատորների համար: Համանման միջոցառումներ են ներդրվել նաեւ Մեծ Բրիտանիայում: Նոր փաթեթով գործարքների ամբողջական արգելք է սահմանվում ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի համար, ինչը նույնպես սպասելի էր: Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթում արգելում է ՌԴ կիսահաղորդիչների, մեքենաների ու տրանսպորտային սարքավորումների արտահանումը: Սահմանափակվում է ռուսական ապրանքների ներմուծումը 5.5 մլրդ եվրոյի չափով: Վերջապես, ֆինանսական հարված է հասցվում ՌԴ պետական մարմիններին. ընդհանրապես արգելվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց:
Պատժամիջոցների նոր փաթեթում ամենահետաքրքիրն այն է, որ այն կազդի էներգետիկայի վրա։ Ռուսական ածխի ներկրումը թույլատրվում է տարեկան 4 մլրդ եվրոյի չափով։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2021 թ. ռուսական ածուխ է ներկրվել 5.1 միլիարդ եվրոյի չափով։ Ներմուծման գրեթե կեսը կատարել է Գերմանիան։ Ընդհանուր առմամբ, ՌԴ դաշնային մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, քարածխի արտահանումից եկամուտները կազմել են 17.5 մլրդ եվրո։ Սա 41.7 տոկոսով ավելի էր 2020 թ. գրանցված ցուցանիշների համեմատությամբ, եւ բոլոր հնարավորությունները կային, որ 2022 թ. այս միտումը կշարունակվի։ Չէ՞ որ ԵՄ երկրներում ածխի պահանջարկն աճել է։
Իսկ հիմա՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունից հետո, ռուսական էներգակիրներից լիարժեք կամ գրեթե լիարժեք հրաժարումը ժամանակի հարց է: Տարբեր մակարդակի հանդիպումներում Եվրամիության երկրների մեծ մասն արդեն սկզբունքային համաձայնություն են տվել ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցմանը: Նման վերջին հանդիպումը կայացել է երեքշաբթի. խոսքը Եվրամիության էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների խորհրդի նիստի մասին է: Ինչպես դրա ավարտից հետո հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը, ԵՄ երկրները «Ռուսաստանի էներգետիկ ոլորտը պատժամիջոցների ռեժիմում ներառելու ցանկություն են ցուցաբերել, սակայն դրա մասշտաբներն ու ժամկետները դեռ պետք է որոշել»: Այդուհանդերձ, Ֆրանսիան, ըստ նրա, արդեն պատրաստ է սահմանափակումներ կիրառել ռուսական նավթի ու գազի գնման հարցում:
Փարիզում ու Բեռլինում, որոնք էլ շատ բանով որոշում են Եվրամիության արտաքին քաղաքականությունը, բանավեճեր են սկսվել, թե ինչ չափով պետք է խզել հարաբերությունները Մոսկվայի հետ: Փոքր-ինչ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ֆրանսիան, որի գործարար շրջանակներն ավանդաբար այնքան էլ կապված չեն ռուսական նավթագազային հատվածի հետ, որքան գերմանականը: Սակայն եթե խոսենք դիվանագիտական ոլորտի մասին, ապա այստեղ ավելի արագ են գործում գերմանացիները: Հենց Գերմանիան Բուչա քաղաքից ստացված նորություններից անմիջապես հետո որոշում կայացրեց ռուս դիվանագետներին զանգվածաբար արտաքսելու մասին: Ինչպես երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը, երկիրը կլքեն ՌԴ դիվանագիտական առաքելության 40 աշխատակիցներ: Ֆրանսիան քիչ ուշ հետեւեց Ֆրանսիայի օրինակին, բայց նույն օրը:
Հղում անելով երկրի ԱԳՆ-ին՝ ֆրանսիական BFM-ը հաղորդել է, որ պերսոնա նոն գրատա են հայտարարվել 30 ռուս դիվանագետներ: Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության սկզբից նման արտաքսումներ եղել են Նիդերլանդներում, Իռլանդիայում, Չեխիայում, Բելգիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում: Իսկ երեքշաբթի ռուս դիվանագետների արտաքսման մասին միաժամանակ հայտարարեցին մի շարք երկրներ: Էստոնիան արտաքսեց 14, Լատվիան՝ 1 հոգու: Իսպանիան ու Իտալիան արտաքսում են ավելի քան 20 դիվանագետների: ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչների թվի կրճատման մասին հայտարարել է Սլովենիան: Բորելն ասել է, որ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մի շարք աշխատակիցներ պերսոնա նոն գրատա կհայտարարվեն: Եթե Ռուսաստանի Դաշնությունը համարժեք պատասխան տա այս բոլոր գործողություններին, ապա Արեւմուտքի հետ նրա դիվանագիտական կապերը ուղղակի կխզվեն:
Հիմա բոլորը դատապարտում են Ռուսաստանին՝ ուշադրություն չդարձնելով պատճառներին: Մեղադրում են հնարավոր բոլոր մեղքերի մեջ: Ոչ ոք չի ուզում լսել, հասկանալ: Չեն ուզում դադարեցնել հակամարտությունը, շարունակում են տոննաներով զենք մատակարարել Ուկրաինային: Իսկ այդ ճանապարհը դեպի խաղաղություն չի կարող տանել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճնշում է գործադրում Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի նա չհանձնվի, որովհետեւ ամերիկյան ընտրություններից առաջ ձգտում է արժանանալ հաղթողի դափնեպսակին: Նաեւ խոսում են ուկրաինացիների հերոսական դիմադրության մասին՝ մոռանալով, որ եթե Ռուսաստանը ցանկանար, ապա ռազմական գործողությունը կավարտեր ընդամենը ժամերի ընթացքում, իսկ այդ դեպքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը սարսափելիորեն մեծ կլիներ: Աշխարհը բռնկվել է պատժի մոլուցքով, իսկ այս պայմաններում խաղաղությունը սոսկ հեռավոր երազանք է: