Թուրքիան մշտապես տարածքային նկրտումներ է ունեցել Իրաքի՝ էներգակիրներով հարուստ հյուսիսային տարածքների նկատմամբ: Ահավասիկ՝ 2003 թ. Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակման ընթացքում Ինջերլիքի ամերիկյան ռազմաբազայից օդանավերի թռիչքը պայմանավորել էր այդ տարածքներում թուրքական զորքի տեղակայմամբ, ինչին, սակայն, Վաշինգտոնը չհամաձայնեց: Հետագայում Իրաքի հյուսիսի վրա հարձակումներն ու ռազմաբազաներ ստեղծելը պայմանավորվեց «Իսլամական խալիֆայության» դեմ պայքարով ու թուրքմեններին (նույն ցեղի ներկայացուցիչներ, որոնք իրենց ադրբեջանցի են անվանում) պաշտպանելու պատրվակով։ Այնուհետեւ Թուրքիան իր ծավալապաշտական, նեոօսմանական նկրտումներն Իրաքում կյանքի է կոչել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալներին ոչնչացնելու պատճառաբանությամբ։ Ի դեպ, նույն պատրվակով խորացել եւ ռազմաբազաներ է տեղակայել Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներում՝ իրականացնելով «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունները։ Այլ կերպ ասած, PKK-ն անհրաժեշտություն է Թուրքիայի նպատակների իրականացման համար. եթե չլիներ, ապա Անկարան, թերեւս, կստեղծեր այն։
2013 թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի միջեւ «խաղաղության» պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի շրջանակներում PKK-ական զինյալներին զինաթափելով, ուղարկում էին Իրաքի հյուսիս, ինչպես բազմիցս նշել է Բաղդադը՝ առանց վերջինիս տեղյակ պահելու կամ հարցը քննարկելու իրաքցիների հետ: Սակայն «խաղաղությունը» երկար չտեւեց, եւ Անկարան վերսկսեց քրդերի դեմ ռազմական գործողությունները։ 2020 թ., երբ Իրաքը բախվում էր ներքին լուրջ խնդիրների, Թուրքիան, ինչպես միշտ, օգտվելով պատեհ առիթից, հունիսի 15-ին Իրաք «գործուղած» PKK-ականներին այդ երկրի հյուսիսում ոչնչացնելու նպատակով լայնածավալ երկու գործողություն իրականացրեց ցամաքային եւ օդուժի մասնակցությամբ՝ «Արծվի մագիլներ» գործողությամբ այդ երկրում խորանալով մինչեւ 193 կիլոմետր: Հաջորդ օրը Բաղդադում Թուրքիայի դեսպանը հրավիրվեց Իրաքի ԱԳ նախարարություն եւ խստաշունչ բողոքի նոտա ներկայացվեց, որտեղ դատապարտվել էին Անկարայի գործողությունները, նշվել, թե վերջինս ոտնահարել է միջազգային օրենքները եւ բարիդրացիական փոխհարաբերությունների նորմերը՝ այդ երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարելով: Նշված գործողությունները խիստ քննադատել էր նաեւ այդ երկրի խորհրդարանը: Անկարան, փաստորեն անտեսելով դա, հունիսի 17-ին էլ ավելի լայնածավալ գործողություններ իրականացրեց Իրաքի հյուսիսում, այս անգամ էլ՝ «Վագրի ճիրաններ» անունով: Նույն օրը Թուրքիայի դեսպանը կրկին հրավիրվեց Իրաքի ԱԳ նախարարություն եւ առավել խիստ դատապարտող բողոքի նոտա ներկայացվեց: Իրաքի զինված ուժերի խոսնակն էլ շեշտեց, թե այլեւս թույլ չեն տա, որ դա կրկնվի:
Ի պատասխան Անկարան հունիսի 19-ին հայտարարեց, թե ավելի շատ ռազմաբազաներ է ստեղծելու Իրաքում: Եվ իրականում էլ այժմ 50 ռազմաբազա ունի Իրաքի հյուսիսում։ Ինչպես տարբեր առիթներով «ՀՀ»-ն նշել է, Իրաքի Քրդստանի ինքնավարությունում իշխող Քրդական ժողովրդավար կուսակցությունը (ՔԺԿ) Մասուդ Բարազանիի գլխավորությամբ ի սկզբանե թուրքամետ է եղել եւ սերտ հարաբերություններ ունեցել Անկարայի հետ։ Վերջին երկու տասնամյակներին Թուրքիան նաեւ ինքնավարությունից բավական էժան գնով նավթ է գնել։ Վերջին շրջանում Անկարան բանակցություններ էր վարում Էրբիլի հետ՝ նաեւ տեղի գազը Թուրքիայով Եվրոպա արտահանելու ուղղությամբ, սակայն ինքնավարության իրավունքներն այս առնչությամբ սահմանափակել է դաշնային գերագույն դատարանը, ինչը խիստ դժգոհություններ է առաջացրել։ Ստեղծված իրավիճակում ապրիլի 17-ին Թուրքիա էր ժամանել ինքնավարության վարչապետ Մասրուր Բարազանին, որտեղ հանդիպել էր Էրդողանի հետ։ Ինչպես նշում են թուրքական իշխանության տեսակետներն արտահայտող ԶԼՄ-ները, այդ թվում՝ «Հաբարլար» լրատվական կայքն ու անգլերենով հրատարակվող «Դեյլի Սաբահ» օրաթերթը, Մասրուրի այցի նպատակն Իրաքում PKK-ի զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների հարցը Էրդողանի հետ քննարկելն է եղել։ Եվ, ահա, ապրիլի 18-ի առավոտյան Թուրքիան Իրաքի հյուսիսում իրականացրել է «Բռունցքի կողպեք» անվամբ լայնածավալ ռազմական գործողություններ՝ կիրառելով ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինների ու ծանր հրետանու մասնակցությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, թե «Բռունցքի կողպեքը» իրականացվել է հաջողությամբ՝ ծրագրվածի համաձայն։
Քրդական հարցերով փորձագետները, ինչպեսեւ Քրդստանի ինքնավարության երկրորդ կարեւոր՝ Քրդստանի հայրենասիրական կուսակցությունը իշխող ՔԺԿ-ին մեղադրում են Թուրքիայի ռազմական գործողություններին մասնակից լինելու համար։ «Եվրանյուզը» այս առնչությամբ անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը, որտեղ նշվել է, թե ապրիլի 18-ի գործողություններն իրականացվել են «բարեկամների ու դաշնակիցների հետ համակարգմամբ»։ Ավելին, Իրաքի ներքին հարցերի փորձագետ Հասան Օմարը նշել է, որ Քրդստանի ինքնավարության իշխանությունն ու ՔԺԿ-ն տասնամյակներ շարունակ իրենց բոլոր քայլերը համաձայնեցրել են Անկարայի հետ։ Նա հավելել է, որ Բարազանիների իշխանությունն ու նրանց ներկայությունը քաղաքական դաշտում պայմանավորված են Իրաքում Թուրքիայի գործողությունների հաջողությամբ եւ Անկարայից նրանց «գրպանները հոսող փողերով»։ Նա միաժամանակ քննադատում է հետսադամյան ժամանակաշրջանի բոլոր կառավարություններին՝ ընդգծելով, որ նրանք, Թուրքիայի զավթողական քայլերն օրակարգ դարձնելու փոխարեն, ջանքեր են գործադրել փոխհարաբերությունները սերտացնել այդ երկրի հետ։ Արդյունքում այսօր Թուրքիան Քրդստանի ինքնավարությունում շուրջ 50 ռազմական բազա ունի, որոնք նպատակամղված են զավթելու Իրաքի հյուսիսն ու ընդհանրապես Իրաքի տարածքից զգալի հատված։
Գործնականում էլ Թուրքիայի յուրաքանչյուր զավթողական քայլ Իրաքում արժանացել է Բաղդադի դատապարտմանը, առավելապես շեշտելով, թե այլեւս թույլ չեն տա եւ նման հայտարարություններ՝ ոչ ավելին։ Ապրիլի 18-ի գործողությունները, որոնց համար, ինչպես միշտ, օգտագործվել է ստեղծված պատեհ առիթը՝ Իրաքի քաղաքական ճգնաժամն ու ուկրաինական պատերազմը, Բաղդադի արձագանքները եղել են ԱԳ նախարարության եւ նախագահ Բարհամ Սալեհի դատապարտող հայտարարությունները։ Բացի այդ, խորհրդարանում մեծամասնության ղեկավար Մոքթադա Սադրը, որի գլխավորած կոալիցիայի անդամ է ՔԺԿ-ն, իր թվիթերյան էջում նշել է, թե հարեւան Թուրքիան հանիրավի եւ առանց պատճառի ռմբակոծել է ինքնիշխան Իրաքի տարածքը։ Նա միաժամանակ սպառնացել է, որ եթե շարունակվեն ռմբակոծությունները, ապա ինքնիշխան Իրաքը չի լռի։ Սա այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարել է, թե ռմբակոծված տարածքներում եւս 4 նոր ռազմաբազա է ստեղծելու։
Ըստ ամենայնի՝ Անկարայի այդ քայլը պայմանավորված է նաեւ ներքին խնդիրներից հասարակութան ուշադրությունը շեղելու նպատակով, քանի որ օր օրի սրվում է իրավիճակը եւ բողոքի ալիք է ձեւավորվում (նույն օրը Ստաբուլում թանկացումների առնչությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել)։