Արեւմտյան պատժամիջոցները «պատժել» են ոչ միայն Ռուսաստանին, այլեւ ողջ աշխարհին՝ սպառնալիքի տակ դնելով համաշխարհային ֆինանսական համակարգը: Այս մասին գրում է ամերիկյան «Foreign Policy»-ը: Աստիճանաբար ավելանում է այն երկրների թիվը, որոնք պլանավորում են հրաժարվել դոլարից:
Արեւմտյան պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան նրա՝ Ուկրաինայում իրականացրած ռազմական հատուկ գործողության, ամենայն հավանականությամբ, կարագացնեն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ տնտեսական ճեղքվածքի գործընթացը: Դա արդեն սկսվել է, հատկապես եթե Պեկինն օգտվի հաջող հնարավորությունից եւ իր արժույթը ու ֆինանսական ճարտարապետությունը գրավիչ դարձնի ողջ աշխարհի համար:
Մոսկվայի համար փակելով ելքը դեպի իր ոսկու եւ արտարժույթի պաշարները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 630 մլրդ դոլար, Վաշինգտոնը ցուցադրել է, որ ֆինանսական կոշտ ուժը նախկինի պես Արեւմուտքի ձեռքում է: Դա միայն կուժեղացնի Չինաստանի վճռականությունը՝ ընթանալու սեփական գաղափարական ճանապարհով եւ իր համար ստեղծելու աշխարհաքաղաքական ազդեցության գոտի:
ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ խոշոր երկրներ նաեւ ռուսական վարկային հաստատությունների մեծ մասին զրկել են SWIFT գլոբալ միջբանկային հաղորդումների համակարգից եւ ԱՄՆ թղթակցային բանկերից օգտվելու հնարավորությունից, որոնք միջազգային վճարումներ կատարելու կարեւոր գործիք են:
Նման պատիժները, անշուշտ, կարագացնեն համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական համակարգի երկփեղկումը: Ձեւավորվող նոր կարգի կարեւոր հատկանիշը կլինի ֆինանսական ինքնաբավությունը։ Միայն Չինաստանը չէ, որ ձեռնպահ է մնում Ռուսաստանին դատապարտելուց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար եւ անհանգստություն է հայտնում սահմանված պատժամիջոցների վերաբերյալ։ Ցանկացած երկիր, անհանգստացած այն բանից, թե որքան անխնա է Արեւմուտքն օգտագործում պետական ֆինանսական ուժը, կարող է որոշել, որ ժամանակն է դադարեցնել կախվածությունը դոլարից եւ անցնել Ռուսաստանի ու Չինաստանի առաջարկած այլընտրանքներին:
Ռուսաստանը շեշտը դրել է ԲՐԻԿՍ միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) վրա՝ հույս ունենալով, որ զարգացող այս տնտեսություններն առեւտրում ավելի լայնորեն կօգտագործեն իրենց ազգային արժույթները եւ կմիավորեն իրենց հաշվարկային համակարգերը: Այսպիսի միջոցառումներն անհրաժեշտ են, քանի որ արեւմտյան պատժամիջոցները քանդել են ներկայիս միջազգային դրամական եւ ֆինանսական համակարգի հիմքը, որը հիմնված է դոլարի վրա:
Ռուսաստանը ստեղծել է ֆինանսական հաղորդումների փոխանցման սեփական համակարգը՝ SWIFT-ի այլընտրանքը: 2015 թ. ՌԴ-ում սկսեց գործել «Միր» քարտային վճարային համակարգը: Բայց Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ պարզապես չնչին է: Եթե երկրները չեն ցանկանում իրենց ֆինանսական ու տնտեսական ճակատագիրը կապել Արեւմուտքի հետ ու կառչել դոլարից, նրանց մնում է միայն մեկ իրատեսական այլընտրանք՝ Չինաստանն ու յուանը: ԱՄՆ-ից հիասթափված Սաուդյան Արաբիան արդեն մտածել է յուանով հաշվարկների մասին այն նավթի համար, որը վաճառում է Պեկինին: Վերջին կես դարում Սաուդյան Արաբիան, ի դեպ, իր նավթը միայն դոլարով է վաճառել:
Կանխատեսումները, որ դոլարը, որպես ռեզերվային գլխավոր արժույթ, անխուսափելիորեն «կգահազրկվի», շատ հին են: Բայց եթե Չինաստանին հաջողվի իր ֆինանսական ու միջազգային հաշվարկների համակարգերն ավելի գրավիչ դարձնել, եւ եթե ամրապնդվի յուանը, դոլարի հեգեմոնիան ժամանակի ընթացքում կավարտվի: Սակայն Չինաստանը պետք է շատ զգույշ գործի. պետք է այնպես անի, որ իր բանկերը Ռուսաստանին վարկեր տրամադրելիս չդառնան արեւմտյան պատժամիջոցների զոհեր:
Քանի որ Չինաստանի ապրանքաշրջանառության մոտ 75 տոկոսը դոլարով է, դոլարային հաշվարկային համակարգից եւ SWIFT-ից անջատվելը աներեւակայելի հետեւանքներ կունենա չինական բանկերի եւ համաշխարհային տնտեսության համար:
Գործողությունների հնարավոր կարգերից մեկն այն է, որ Չինաստանն արագացված կարգով սկսի զարգացնել ու աշխարհով մեկ օգտագործել CIPS բանկային փոխանցումների իր համակարգը յուանով վճարային օպերացիաների իրականացման համար:
Չինաստանի Ժողովրդական բանկը այն գործարկել է 2015 թ.՝ ԱՄՆ բանկերի միջոցով դոլարային գործարքներ իրականացնելու երկրի կարիքները նվազեցնելու համար: Մարտի վերջի դրությամբ CIPS-ն ուներ 76 մասնակից։ Դրանց մեծ մասը տեղական թղթակցային բանկերն են, սակայն մասնակիցների թվում կա 25 օֆշորային հաշվարկային բանկ։ CIPS-ն ունի հաղորդումների փոխանցման սեփական համակարգ, բայց առայժմ ապավինում է SWIFT-ին: CIPS-ը շատ փոքր է SWIFT-ի եւ CHIPS-ի (ամերիկյան դոլարով միջբանկային քլիրինգային հաշվարկների էլեկտրոնային համակարգ) համեմատությամբ, բայց այն, անշուշտ, զարգացման խթան կստանա Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների պատճառով:
Առաջին հայացքից համաշխարհային հաշվարկային համակարգը հաղթահարելու է նման արմատական վերակազմակերպումը։ Ի տարբերություն ներքին էլեկտրոնային վճարումների, որոնք աստիճանաբար ավելի անվտանգ, արագ եւ հարմար են դառնում, միջսահմանային վճարումների իրականացումը տեւում է օրեր եւ կարող է տասն անգամ ավելի թանկ արժենալ:
CIPS-ի հետ մեկտեղ Չինաստանն ունի նաեւ իր թվային արժույթը՝ e-CNY, որը կարեւոր դեր պետք է խաղա յուանի միջազգային գրավչության բարձրացման գործում։ e-CNY-ն, որը վերջերս ցուցադրվել է Պեկինում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, հնարավորություն ունի անդրսահմանային հաշվարկներն ավելի էժան ու արդյունավետ դարձնել։
Չինաստանում գործող կապիտալ շարժի վերահսկողության միջոցառումները շարունակում են մնալ յուանի՝ դոլարին մրցակից դառնալու հիմնական խոչընդոտներից մեկը: Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե չինական ազդեցության ենթադրյալ գոտում օգտագործվի չինական չափորոշիչների համաձայն գործող միջսահմանային թվային արժույթի համակարգ, որի կենտրոնում կլինի յուանը: Այդ դեպքում Չինաստանի Ժողովրդական բանկն այնպիսի հզոր վերահսկողություն կունենա վճարային հոսքերի եւ դրանց մասին տեղեկատվության վրա, որ Պեկինը, անշուշտ, կցանկանա յուանը լիարժեք փոխարկելի դարձնել:
Չինաստանը որոշել է յուանը դարձնել միջազգային արժույթ 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջացած ցնցումից: Միջազգային առեւտրում յուանի մասնաբաժինը մեծացել է, կենտրոնական բանկերը սկսել են այն ներառել իրենց պահուստներում, այնուհետեւ այն ներառվել է արժույթների զամբյուղում, որից կազմված է ԱՄՀ-ի պահուստային ակտիվը:
Սկզբում թվում էր, թե յուանի միջազգայնացումը, թեկուզ շատ դանդաղ, արդյունք է տալիս։ Սակայն 2015 թ. Չինաստանի ժողովրդական բանկն անհաջող կերպով փոխեց յուան-ԱՄՆ դոլար օրական համարժեքության սահմանման մեխանիզմը: Երկու օրվա ընթացքում մոտ 3 տոկոսի արժեզրկումը շուկային ստիպեց բարձրաձայնել արժեզրկման մասին։ Երբ կուրսի իջեցում տեղի ունեցավ, եւ յուանի միջազգայնացումը հետընթաց արձանագրեց, պարզ դարձավ, որ ձեռք բերված հաջողությունը պայմանավորված էր բացառապես օտարերկրացիների՝ իրենց միջոցներն աճող արժույթով պահելու պատրաստակամությամբ:
Չինաստանը ստիպված էր վերագնահատում անցկացնել: Պեկինը պետք է օտարերկրացիներին ավելի ծանրակշիռ պատճառներ տար՝ իրենց միջոցները հետագայում նույնպես յուանով պահելու համար: Այդպես հնարավոր կլիներ ակնկալել, որ չինական արժույթն ապագայում կարժեւորվի: 2018 թ. Չինաստանը սկսեց ուժեղացնել կապիտալի իր ներքին շուկաները՝ բացելով դրանք օտարերկրյա ներդրողների համար: Տեսնելով, թե ինչպես են գործում Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, Պեկինն այժմ կարող է ընդլայնել յուանի օգտագործման գործընթացը միջազգային շուկաներում:
Մոտ հեռանկարում դա հեշտ գործ չի լինի։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը ճգնաժամ է առաջացրել, որը Չինաստանին ընդհանրապես պետք չէ, քանի որ այժմ այդ երկիրը պայքարում է տնտեսական կայունությունը պահպանելու համար եւ օմիկրոնի տարածման դեմ՝ գործելով լայնածավալ արգելափակումների եւ աճի անկման պայմաններում:
Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն բազմաթիվ հնարավորություններ կունենա Չինաստանին հակազդելու համար՝ ազդեցության սեփական կայուն գոտու ստեղծման հաշվին, որը հավատարիմ կլինի լիբերալ շուկայի արժեքներին:
Աշխարհի երկու առաջատար տնտեսությունների մեծ անջատման արդյունքում համաշխարհային մատակարարումների շղթաների վերաբաշխումը հզոր գործոն է: Մատակարարումների եւ արտադրական համակարգերի վերակազմակերպումը թանկ գործընթաց է, որը տարիներ կպահանջի։ Ծախսերի աճով պայմանավորված գնաճը կշարունակվի: Ինչպիսին էլ լինի Ուկրաինայում ռազմական գործողության ելքը, համաշխարհային տնտեսությանը հսկայական վերակազմակերպում է սպասվում: