Շատ փորձագետների զարմացրել է այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիա ուղեւորվող ռուսական ինքնաթիռներին արգելել է օգտագործել Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին գրում է բրիտանական «Rai Al Youm»-ը: Հոդվածագիրը կարծում է, որ այդ որոշումը շատ ռիսկային արկածախնդրություն է եւ կարող է Մոսկվայի հնարավոր պատասխան գործողությունների պատճառ դառնալ:
Այն մասին, որ Թուրքիան որոշել է փակել իր օդային տարածքը Սիրիա մեկնող ռուսական ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռների համար, շաբաթ օրը Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Այս հաղորդագրությունը զարմացրել է փորձագետներին, եւ նրանք վերլուծել են նման որոշման հնարավոր հետեւանքները։
Բացառված չէ, որ այս որոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի գաղտնի կապերի արդյունք է: ԱՄՆ-ի նախագահը ձգտում է հիմնովին «սեղմել պտուտակները» Ռուսաստանի դեմ։ Ջո Բայդենը, ի տարբերություն իր նախորդ Դոնալդ Թրամփի, կարծում է, որ առանց Թուրքիայի անհնար է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ է։
Այդ որոշումը մի քանի բացատրություն ունի: Առաջին՝ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ճնշում է գործադրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Ռուսաստանը Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ռազմաբազայից գործողություններ է իրականացնում Մարիուպոլում ու Ուկրաինայի հարավարեւելյան այլ շրջաններում: Ամերիկյան տեղեկությունների համաձայն՝ ռուսական ինքնաթիռներն օդ են բարձրացել «Խմեյմիմ» ռազմաբազայից՝ ուկրաինական զորքերին ռազմավարական հարվածներ հասցնելու համար: Երկրորդ՝ թուրք առաջնորդն օգտվեց ամերիկացիների՝ դաշնակիցներ ունենալու կարիքից՝ դրանով իսկ բարելավելով իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Միանգամայն հավանական է, որ Էրդողանն ու Բայդենը գաղտնի գործարք են կնքել, որի հիմնական կետը տնտեսական համագործակցության ընդլայնումն ու Թուրքիայի պաշտպանական կարիքների բավարարումն էր։ Խոսքն Անկարային «Patriot» հրթիռներով «F-35» կործանիչ-ռմբակոծիչների եւ «THAAD» հակահրթիռային համակարգերի տրամադրման մասին է։
Միեւնույն ժամանակ Իրանն արագ կողմնորոշվեց եւ թույլ տվեց Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռներին օգտվել իր օդային տարածքից: Թռիչքի ժամանակը կավելանա, սակայն Իրանի իշխանությունների որոշումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա։ Իրանը, ակտիվորեն զարգացնելով հարաբերությունները ռուս-չինական առանցքի հետ, ուկրաինական ճգնաժամի սկզբից եղել է Ռուսաստանի կողքին՝ հրաժարվելով դատապարտել Ուկրաինայում Մոսկվայի ռազմական հատուկ գործողությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներել է Էրդողանին նրա առաջին սխալը, երբ 2015 թ. թուրքական ՀՕՊ միջոցները խփեցին ռուսական «Սու-24» կործանիչը, որը մի քանի վայրկյանով խախտել էր Թուրքիայի օդային տարածքը թուրք-սիրիական սահմանի մոտ: Արդյունքում Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց սիրիական երկնքում խփած ռուսական կործանիչի համար, իսկ Պուտինն աչք փակեց այն բանի վրա, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում շրջաններ է բռնազավթում: Սակայն ռուսական ռազմական ու քաղաքական ինքնաթիռների թռիչքների արգելքը ներել դժվար կլինի, հատկապես եթե այդ որոշմանը հաջորդի ռուսական ռազմական նավերի անցման արգելքը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով:
Թուրքական իշխանությունների որոշումը կարող է շատ թանկ արժենալ նրանց համար ռազմական, քաղաքական ու տնտեսական առումներով: Եթե Թուրքիան հրաժարվի «չեզոքությունից» ուկրաինական ճգնաժամում, ապա չի կարող միջնորդ լինել եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների միջեւ բանակցային գործընթաց նախաձեռնել: Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է. երկրները նպատակ ունեն հասնել տարեկան 100 մլրդ դոլար ցուցանիշի: Բացառված չէ, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առաքումը սառեցվի: Բայց ամենամեծ վտանգն այն է, որ Ռուսաստանը կարող է սկսել զարգացնել հարաբերությունները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ եւ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի տարածքում նրա գործողություններին:
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունը Պուտինի համար կյանքի ու մահվան հարց է: Ռուսական իշխանություններն այսօր երկրներին բաժանում են «բարեկամների» ու «թշնամիների»՝ կախված Ուկրաինայում ՌԴ-ի գործողության նկատմամբ նրանց վերաբերմունքից: Անկարան հայտարարում է, թե ՌԴ-ն իր «բարեկամն» է, բայց նրա գործողությունները «ոչ բարեկամական» են:
Երրորդ՝ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդումը բացասաբար կանդրադառնա Էրդողանի տարածաշրջանային ամբիցիաների վրա, հատկապես՝ Սիրիայում եւ Միջին Ասիայում: Չի կարելի մոռանալ նաեւ չինական գործոնի մասին: Չինաստանը այդ նոր միության երրորդ եւ ամենաուժեղ անդամն է: Ռուսաստան-Չինաստան-Իրան եռակողմ ձեւաչափը մոտ հեռանկարում կարող է ընդլայնվել Հնդկաստանի հաշվին:
Չորրորդն արաբական տարածաշրջանն է: Թուրքիան ակտիվ քայլեր է ձեռնարկում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար: Նրա գործողությունները կարող են չհանգեցնել ցանկալի արդյունքի, եթե արաբական երկրները նպատակահարմար համարեն մերձենալ Ռուսաստանին ու Չինաստանին, ինչի հետեւանքով կսառեցվեն հարաբերություններն այնպիսի ավանդական դաշնակցի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է: Ի դեպ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել իրենց հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի փորձերին: Անկարան նույնիսկ զիջումներ է կատարել՝ փակելով սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության վերաբերյալ գործը:
Թուրքական քաղաքականության մեջ վերջին ամիսներին անորոշություն ու երկիմաստություն է նկատվում: Այդ երկրում նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան 2023 թ. հունիսին, իսկ մինչ այդ Էրդողանը փորձում է անել հնարավորը, սկսած Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնումից եւ վերջացրած ուկրաինական ճգնաժամում ամերիկամետ դիրքորոշմամբ, որպեսզի մնա իշխանության ղեկին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, անտեսել է այն իրողությունը, որ Անկարան Կիեւին «Bayraktar TB2» հարվածային անօդաչուներ է վաճառել: Նա դժկամությամբ է համաձայնում, որ Թուրքիան միջնորդ լինի ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Ռուս ղեկավարը նաեւ մտադիր չէ
փակել աչքերը Թուրքիայի ուժեղացող ձգտման հարցում՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ հակամարտությունում հրաժարվելու չեզոքությունից հօգուտ «ամերիկյան ճամբարի», հակամարտություն, որը սպառնում է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի:
Թուրքիան ռազմական առումով բավական ուժեղ տարածաշրջանային տերություն է, բայց ճիշտ է նաեւ այն, որ «ամերիկյան ճամբարը» կորցնում է համախմբվածությունը: Մինչ այժմ Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների մեծ մասը սպասվող արդյունք չեն ապահովել: «Ամերիկյան ճամբարը» փորձում է պայքարել դաշինքի դեմ, որի կազմում է մոլորակի բնակչության գրեթե կեսը, երկու գերտերություն՝ Չինաստանը եւ Ռուսաստանը, միջուկային Հնդկաստանն ու գրեթե միջուկային Իրանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արկածախնդրությունն ուղեկցվում է մեծ ռիսկով եւ նույնիսկ կարող է բացասական հետեւանքներ ունենալ, այն էլ՝ Անկարայի համար ոչ հարմար ժամանակ: