Ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծապես շեղել է Վաշինգտոնի ուշադրությունը Եմենի պատերազմից: Այս մասին գրում է բրիտանական «Rai Al Youm» թերթը: Հոդվածագիր Թալիբ ալ-Հասանիի կարծիքով՝ Արեւմուտքն այժմ չափազանց զբաղված է Մոսկվայի վրա ճնշման գործադրմամբ, եւ նրան ձեռնտու չէ շարունակել ռազմական գործողությունները Մերձավոր Արեւելքում:
Եմենի դեմ պատերազմի ընթացքում բազմաթիվ կարեւոր փոփոխությունները հարց են առաջացնում, հակամարտությունը կշարունակվի՞, թե՞ կդադարեցվի այս տարվա ապրիլից գործող զինադադարի երկարաձգման շնորհիվ:
Սկզբի համար հարկ է կենտրոնանալ տարածաշրջանային ու համաշխարհային փոփոխությունների վրա, որոնք իրավիճակ են որոշում միջազգային ասպարեզում: Դրանցից առաջինը, անկասկած, Ռուսաստանի ու Արեւմուտքի դիմակայությունն է Ուկրաինայի պատճառով: Այդ գործոնը փոխում է քաղաքական քարտեզը, ինչպիսին էլ որ լինեն այդ լարված հակամարտության արդյունքները:
Արեւելք-Արեւմուտք դիմակայության հարցում Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները դեռ վերջնականապես չեն ձեւավորել իրենց դիրքորոշումները: Նման անորոշությունը մասամբ կապված է Պարսից ծոցի երկու երկրների՝ Եմենի պատերազմին մասնակցությամբ:
Էր-Ռիադը համարում էր, որ կարող էր եւ դեռ ունակ է պարտադրել «նավթի արդյունահանման ավելացում՝ պատերազմում ամերիկյան եւ եվրոպական ռազմաքաղաքական աջակցության ընդլայնման դիմաց» բանաձեւը:
Ամերիկացիների ոչ երկիմաստ գնահատականներով՝ Եմենում հակամարտությունը շատ բարդ է, եւ ճիշտ կլինի այն մղել դեպի երկարատեւ զսպման ուղի՝ ներկայիս սահմաններում ռազմական գործողությունների դադարեցման եւ այժմյան զինադադարի միջոցով: Դա նշանակում է պաշարման մասնակի վերացում եւ Պարսից ծոցում նավթային օբյեկտների վրա Եմենի հարձակումների կասեցում։ Այժմ նման սցենարն առավել ձեռնտու է ԱՄՆ-ին եւ Եվրոպային՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։
Չնայած Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա լարվածությանը, Ռուսաստանի հետ Էր-Ռիադի ու Աբու Դաբիի փխրուն պայմանավորվածությունները ձախողման վտանգի տակ են, եթե Սաուդյան Արաբիան նոր աջակցություն չստանա Եմենի հետ պատերազմում: Բավական է միայն երկարաձգել զինադադարը, իսկ դա ամերիկյան եւ եվրոպական նախաձեռնությունն է, որի ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում: Այսպես՝ կողմերը փորձում են Օմանի համար կենտրոնական դեր առանձնացնել զինադադարի կնքման եւ դրա երկարաձգման բանաձեւի մշակման գործում։ Այս պրիզմայով էլ պետք է դիտարկել Մասկատի պատվիրակության առաքելությունը, որը Եմենի մայրաքաղաք է ժամանել քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։
Այս ջանքերին սպառնացող վտանգն այն է, որ Էր-Ռիադի ու Աբու Դաբիի ձեւավորած ուժերը, որոնք Եմենում գլխավորում են տեղի դաշնակիցներին, իշխանությունը Հադիից խորհրդին փոխանցելուց հետո միտված են Եմենում ռազմական էսկալացիայի իրականացման: Սակայն այս նոր կազմավորման հնարավորությունները սահմանափակ են, ինչը կարող է նույնիսկ նպաստել նրանց ռազմական ձախողմանը, եթե կոալիցիան սովորականի պես օդային ծածկույթ չապահովի։ Վերջինը կդառնա ռազմական գործողությունների վերսկսման պատճառ, քանի որ կխախտի զինադադարի պայմանները։
Երկամսյա հրադադարը հիմնականում ձեռնտու է Սանային, քանի որ այն հնարավոր է դարձնում նրա հիմնական նպատակի իրականացումը՝ ճեղքել պաշարումը: Սաուդյան Արաբիայի յոթ նահանգներում գտնվող «Aramco»-ի օբյեկտների վրա Սանայի հայտարարած ռազմական գործողությունները հենց այդպես էլ կոչվում էին՝ «Պաշարման ճեղքում»:
Եմենը գիտակցում է, որ աշխարհում ստեղծված իրավիճակն իրեն ձեռնտու է, եթե սաստկացնի ռազմական գործողությունները եւ այդ կերպ ճնշում գործադրի Սաուդյան Արաբիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը, այլ ոչ թե պարզապես կանգնեցնի: Առաջարկվող սցենարն ամբողջական, այլ ոչ թե մասնակի հաղթանակն է, քանի որ դա հսկայական նշանակություն ունի ապագայի համար։ Այսպիսով՝ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի կարելի է համարել այն բանից հետո, երբ եմենցի մարտիկները հանգստանան եւ ապահովեն մի քանի ամսվա ընթացքում կայունության համար անհրաժեշտ վառելիքը։
Պատերազմից դուրս գալու հնարավորություն կա կոալիցիայի կողմից Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության եւ լիազորությունները ներքին ուժերին փոխանցելու շնորհիվ՝ Սաուդյան Արաբիայի կողմից ձեւավորված նոր խորհրդի՝ Ադեն վերադառնալուց եւ միջեմենյան հարաբերությունների վերանայումից հետո: Վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիայի ցանկությունն ամրապնդվել է. Էր-Ռիադը չի ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել Սանայի հետ։
Այս ամենի հետեւում թաքնված է ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի կողմից պատերազմում պարտության եւ, որպես հետեւանք, Եմենի կորստի ճանաչումը։ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները մտահոգված են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցով, այդ պատճառով ձգտում են Մոսկվայի հետ հակամարտությունում իրենց կողմը գրավել դաշնակիցներին Պարսից ծոցից: Արեւմուտքը պայքարում է Արեւելքը թուլացնելու համար. դա կպահանջի ՕՊԵԿ-ի համաձայնագրի դադարեցում: Այդ կառույցի փլուզումն անխուսափելի է, թեկուզեւ մի քանի ամիս ուշացումով. Պարսից ծոցի նավթն անհրաժեշտ է Ամերիկային եւ Եվրոպային, եւ հեշտ չի լինի խզել առկա պատմական խոր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիան դիտարկում է նավթի դիմաց չինական յուան ստանալու հնարավորությունը՝ սպառնալով ամերիկյան դոլարի տիրապետությանը եւ խարխլելով ԱՄՆ-ի ազդեցությունը ողջ աշխարհում: Այն, որ Մերձավոր Արեւելքն այժմ հրապարակայնորեն պաշտպանում է Ռուսաստանին ու Չինաստանին, եւ ռացիոնալ է, եւ հնարավոր:
ԱՄՆ-ի ու Եվրոպայի վճռական գործողությունները եւ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները տարածաշրջանային խաղացողների կողմից ընկալվում են իրատեսորեն. հնարավոր է, որ մի օր դա տեղի ունենա իրենց նկատմամբ, եթե Արեւմուտքն ինչ-ինչ պատճառներով որոշի քայլեր ձեռնարկել իրենց նկատմամբ:
Եմենյան պատերազմի ընթացքը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ու Պարսից ծոցի երկրների սպասելիքներին, բայց Եմենը Ռուսաստանի հետ ճակատագրական ու անկյունաքարային դիմակայությունից կարեւոր չէ: Արաբական այդ երկրում կհաղթի նա, ով կկարողանա օգտվել ընթացիկ իրավիճակից: