Եթե Լեհաստանին ու Բուլղարիային գազի առաքման դադարեցմամբ Ռուսաստանը փորձել է վախեցնել Եվրամիության մյուս անդամներին, ապա դա ստացվել է: Այս մասին գրում է խորվաթական «Advance»-ը: Գերմանիան ու Ավստրիան արդեն հաստատել են, որ համաձայն են ռուսական գազի համար վճարել ռուբլիով: Կարելի է ասել, որ նրանք շատ արագ կողմնորոշվեցին ու նման որոշում կայացրեցին Լեհաստանի ու Բուլղարիայի գազի դադարեցումից ընդամենը մի քանի ժամ անց: Մոսկվան կարողացել է արդյունավետ կերպով օգտվել իր «լծակից»՝ իր նպատակներին հասնելու համար:
Ռուսական «Գազպրոմն» անցած ուրբաթ հաստատել է, որ դադարեցնում է գազի մատակարարումը Լեհաստան եւ Բուլղարիա՝ նշելով, որ այդ երկրները հրաժարվել են ռուսական գազի համար վճարել ռուբլիով՝ համաձայն որոշման, որը Ռուսաստանն ընդունել է անցած ամիս: Այդ մասին հաղորդումից անմիջապես հետո գազի գները սպասելի «ցատկ կատարեցին» գրեթե 20 տոկոսով: Եթե սա եվրոպական գնորդներին գազի մատակարարումների դադարեցման սկիզբն է միայն, քանզի կլինեն երկրներ, որոնք նույնպես կհրաժարվեն վճարել ռուբլիով, ապա կարելի է սպասել, որ գազի գինը շարունակաբար կաճի:
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հայտարարել է, որ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը համաձայն է վճարել ռուբլիով, ինչպես հայտնում են ավստրիական պետական լրատվամիջոցները: Շուտով նույնը հաղորդեց գերմանական «Uniper» էներգետիկ կազմակերպությունը. այստեղ նշեցին, որ ռուբլիով վճարումը «չի հակասում պատժամիջոցներին», որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ:
Հետաքրքիր է, թե ինչ կորոշեն Եվրամիության մյուս երկրները: Անցած ուրբաթ Բրյուսելը հայտարարել է, որ շտապ խորհրդակցություն է հրավիրելու՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, միեւնույն ժամանակ Ռուսաստանին մեղադրել է «շանտաժի» մեջ: Սակայն մեծ հարց է՝ արդյոք Եվրամիության միասնությունը կդիմանա՞ այդպիսի ճնշմանը…
«Advance»-ը համոզված է, որ եթե դատենք՝ ելնելով նախորդ ճգնաժամերից, ապա չի դիմանա: «Բավական է հիշել խուճապը կորոնավիրուսի համավարակի սկզբում, երբ նոր վիրուսի դեմ համատեղ պայքարի կոնցեպցիան շատ արագ ձախողվեց, եւ յուրաքանչյուր պետություն շտապեց նախ հոգ տանել իր մասին, օրինակ՝ պաշտպանիչ դիմակներ կամ պատրաստուկներ գնելիս»,- գրել է խորվաթական լրատվամիջոցը:
Լեհաստան եւ Բուլղարիա գազի մատակարարման դադարեցումը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության իրականացումից հետո Մոսկվայի ամենաազդեցիկ որոշումներից է եւ, անկասկած, Եվրոպայի վրա մեծ ազդեցություն կգործի: Շուկաներն անմիջապես արձագանքեցին, եւ եվրոյի կուրսն ամերիկյան դոլարի նկատմամբ իջավ վերջին 5 տարում նվազագույն մակարդակի: Գազի արժեքն անմիջապես բարձրացավ եւ մեկ օրում հասավ գրեթե 106 եվրոյի մեկ մեգավատ/ժամի համար: Դա ավելի քան 6 անգամ գերազանցում է անցած տարվա նույն ժամկետում մեկ մեգավատ/ժամի արժեքը:
Հաշվարկը պարզ է: Եվրոպական գազի սպառման ավելի քան մեկ երրորդը ապահովվում է ռուսական մատակարարումների հաշվին։ Գազի նման քանակությունը կարճ ժամանակում փոխհատուցելն անհնար է, այլապես Եվրամիությունը դա արդեն վաղուց արած կլիներ՝ ցանկանալով առավելագույնս հարվածել Ռուսաստանին։
Բացի այդ, ԵՄ-ն արդեն ակտիվորեն աշխատում է գազի մատակարարման այլընտրանքային ուղղություններ ապահովելու ուղղությամբ (Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից…) եւ մի օր հաստատ անկախություն ձեռք կբերի Ռուսաստանից։ Վերջինս, իր հերթին, գիտակցում է, որ իր շատ հզոր լծակը հավերժական չէ, եւ եթե ուզում է ճնշում գործադրել Եվրոպայի վրա, ապա դա պետք է անի հիմա, քանի դեռ «ամեն բան ուժի մեջ է»։ Հասկանալի է, որ այս դեպքում Ռուսաստանն էլ վնասներ կկրի, թեեւ հույս ունի ավելացնել արտահանումը դեպի արեւելք։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Ռուսաստանի քայլն «արդարացված չէ ու անընդունելի է», ուստի Մոսկվան «անվստահելի մատակարար է»։
Այս մեկնաբանությունները դժվար թե ինչ-որ կերպ ազդեն Կրեմլի հետագա քայլերի վրա: «Միանգամայն հասկանալի է, թե Ռուսաստանն ինչի է ցանկանում հասնել. նախ հուսահատության մատնել ԵՄ-ին եւ ստիպել՝ հրաժարվելու Ուկրաինային ապագայում զինելուց: Չէ՞ որ Ուկրաինային ուղարկվող զենքի խմբաքանակներն աստիճանաբար շատանում են, իսկ զենքերը՝ ավելի ծանրանում»,- շեշտել է «Advance»-ը։
Երկրներից մեկը, որն այժմ ավելի շատ զենք է ուղարկում Ուկրաինա, Գերմանիան է, որն սկզբում միանգամայն զուսպ դիրքորոշում ուներ: Ի՞նչ են ասում Բեռլինում Ռուսաստանի կատարած քայլի մասին՝ կապված Լեհաստանի ու Բուլղարիայի գազի դադարեցման հետ: Հայտարարություն է արել Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ Կանաչների ղեկավարներից մեկը, Ռուսաստանի հայտնի քննադատը։ Նրա խոսքով՝ առայժմ գազը Գերմանիա է մատակարարվում սովորական ռեժիմով։ «Իրավիճակը կայուն է, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ այդպես էլ մնա»,-ասել է նա։
Իհարկե, նրանք ամեն ինչ անում են, բայց որոշողը Մոսկվան է: Ռուսաստանի իշխանությունները հասկանում են, որ Գերմանիա գազի առաքման դադարեցումը ավելի մեծ լարվածություն կառաջացնի, եւ հնարավոր է՝ «հետադարձ ճանապարհ այլեւս չլինի»: Ճիշտ է՝ շատերը վստահ են, որ, հնարավոր է, հետադարձ ճանապարհ գոյություն չունի արդեն փետրվարի 24-ից հետո: «Եվրոպան համերաշխություն կցուցաբերի եւ կշարունակի դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները: Եվրամիության նպատակն է հնարավորինս շուտ անկախություն ձեռք բերել ռուսական էներգակիրներից»,- ասել է գերմանացի նախարար Հաբեկը:
Լեհաստանն ու Բուլղարիան, իհարկե, նման քայլից հետո համերաշխություն են ակնկալում, այն էլ՝ ոչ միայն խոսքով։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Ռուսաստանին մեղադրել է «գազային իմպերիալիզմի» մեջ եւ ասել, որ իր երկիրը յոլա կգնա առանց ռուսական էներգակիրների։ «Սա ուղղակի հարձակում է Լեհաստանի վրա, բայց մենք տարիներ շարունակ նախապատրաստվել ենք այս պահին… Աշնանից Լեհաստանն այլեւս ռուսական գազի կարիք չի ունենա»,- նշել է նա:
Իհարկե, սրանք սոսկ բարձրագոչ հայտարարություններ են, բայց Լեհաստանը, որը գազի մոտ 45 տոկոսը ստացել է Ռուսաստանից, կկարողանա՞ մինչեւ աշուն անկախանալ նրանից։ Տեսնենք: Փաստն այն է, որ վերջին մի քանի տարիներին Վարշավան կառուցել է ենթակառուցվածքներ, որոնք կօգնեն նրան նմանատիպ իրավիճակում։
Որոշ երկրներ ռուսական էներգակիրների պատճառով ակնհայտորեն չեն ցանկանում ուղղակի առճակատման մեջ մտնել։ Հունգարիան արդեն «Գազպրոմբանկի» միջոցով համաձայնեցրել է ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարումը։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն պնդում է, որ Սլովակիան նույնպես նման որոշման է հանգել։ Սիյարտոն նաեւ վստահեցնում է հունգարական հանրությանը, որ գազը կշարունակի հոսքը ըստ պայմանագրի, չնայած որ պետք է անցնի Բուլղարիայի տարածքով:
Այսպիսով՝ Բուլղարիան այժմ, գոնե «Գազպրոմի» մասով, վերածվում է ռուսական գազի բացառապես տարանցիկ երկրի։ Իհարկե, կարող է սեփական նախաձեռնությամբ, առանց «Գազպրոմի» թույլտվության, պարզապես վերցնել գազի մի մասը, սակայն «Գազպրոմն» արդեն հայտարարել է, որ այդ դեպքում ուղիղ նույն չափով կնվազեն մատակարարումները այլ երկրներ։ Այսինքն՝ Բուլղարիան գազ «կգողանա» Եվրամիության մյուս գնորդներից։ Հասկանալի է, որ Սոֆիան սպասում է համերաշխության, բայց հայտնի չէ, թե որքանով են ԵՄ մյուս երկրները պատրաստ կիսվել…
«Ամեն դեպքում՝ հնարավոր է, որ մենք դիտում ենք Եվրոպայում գազային դրամայի սկիզբը: Գուցե որոշ երկրներ ենթադրում են, որ կխուսափեն ճգնաժամից, եթե ընդունեն ռուբլիով վճարման առաջարկը: Բայց պարզ է, որ Ռուսաստանը ցանկության դեպքում դրանից էլ կարող է հրաժարվել: Այս դեպքում պատժամիջոցները նրան արդեն չեն վախեցնում, քանի որ դրանք արդեն այդքան շատ են կուտակվել։ Դա, իհարկե, վերաբերում է այն երկրներին, որոնք շարունակում են զինել Ուկրաինային, առաջին հերթին՝ Գերմանիային։ Վերջինս ազդանշան է տալիս, որ պատրաստ է վճարումներ կատարել ռուբլիով, բայց դա գուցե բավարար չլինի։ Թե ինչ է ուզում Ռուսաստանը, հայտնի է, եւ այժմ նա ցուցադրում է փականները փակելու իր պատրաստակամությունը»,- շեշտել է «Advance»-ը։
Այդուհանդերձ, դժվար է ասել, թե արդյոք ռուսական ճնշումը կստիպի՞ Եվրամիության երկրներին՝ հրաժարվելու Ուկրաինա զենքի մատակարարումից, քանի որ, ի վերջո, դա համակարգում է ոչ թե Եվրոպան, այլ նրանք, ովքեր Ատլանտիկայի մյուս կողմում են: