Խորվաթիայի նախագահ Միլանովիչը հայտարարել է, որ թույլ չի տալու Ֆինլանդիային ու Շվեդիային՝ մտնելու ՆԱՏՕ-ի կազմ, եթե նման հնարավորություն ունենա: Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունից հետո սկանդինավյան երկրներն ակտիվացրել են քննարկումները՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հետ:
Խորվաթիայի նախագահը հստակեցրել է, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե ՆԱՏՕ-ի կազմում նոր անդամների ընդգրկման հարցը բարձրացվի Մադրիդում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում՝ իր ներկայությամբ:
Միլանովիչն ավելացրել է, որ դժվար թե կարողանա ստիպել Խորվաթիայի դեսպանին՝ պաշտպանելու իր դիրքորոշումը, եթե հարցը քննարկվի առանց Միլանովիչի՝ «առավել ցածր մակարդակում»: Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանը, իր հերթին, նշել է, որ Միլանովիչը, ամեն դեպքում, «կարող է շոու սարքել միայն ընթացակարգային տեսանկյունից»:
Սահմանադրական իրավունքի խորվաթ պրոֆեսոր Սանյա Բարիչը հաստատել է, որ Խորվաթիայի նախագահը կարող է վետո դնել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընդունման վրա, նույնիսկ եթե Խորվաթիայի կառավարությունը համաձայն չլինի դրան։ Միակ իրավիճակը, երբ Խորվաթիայի նախագահը չի կարող գործել առանց իր վարչապետի համաձայնության, դեսպանների նշանակումն է, քանի որ երկուսն էլ պետք է իրենց ստորագրությունը դնեն համապատասխան փաստաթղթի տակ։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է իրենց համաձայնությունը տան նոր անդամի ընդունմանը։ Խորվաթիան ՆԱՏՕ-ի անդամ է 2009-ից։ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին որոշումը կայացնում է Հյուսիսատլանտյան խորհուրդը։ Այս մարմինը հանդիպումներ է անցկացնում ինչպես պետությունների ղեկավարների մասնակցությամբ (այն ժամանակ կոչվում էր գագաթնաժողով), այնպես էլ մշտական ներկայացուցիչների մակարդակով (Խորվաթիայի դեպքում՝ դեսպանի): Անկախ մակարդակից, որով հավաքվում է Հյուսիսատլանտյան խորհուրդը, լինի դեսպանը, թե նախագահը, որոշումներն ունեն նույն կշիռը: Այսպիսով՝ ՆԱՏՕ-ն կարող է նոր անդամներ ընդունել առանց Խորվաթիայի նախագահի համաձայնության։ Այդ որոշումը, սակայն, պետք է վավերացվի նաեւ Խորվաթիայի խորհրդարանի կողմից։
Խորվաթիայի նախագահը բացատրել է, որ այդպես «պայքարում է խորվաթ ժողովրդի համար» եւ փորձում է «նրանց համար հասնել հնարավորինս ավելիին»: «Ես վետո կդնեմ հրավերի վրա, դա այն է, ինչ կարող եմ անել: Մենք ժամանակակից անկախ երկիր ենք, որը մտածում է իր մասին: Ես Ռուսաստանի կողմից չեմ, Խորվաթիայի կողմից եմ»,- ասել է Միլանովիչը մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ Ռուսաստանին «ագրեսոր» է համարում Ուկրաինայի «այդ պատերազմում»:
Ավելի վաղ Միլանովիչը հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ Խորվաթիան սկզբունքորեն պետք է արգելափակի դաշինքում նոր անդամների ներգրավումը։ Միլանովիչի կարծիքով՝ նման դեմարշով Զագրեբն Արեւմուտքին կստիպի ազդել Բոսնիա եւ Հերցեգովինայում առկա իրավիճակի վրա։ «Քանի դեռ ամերիկացիները, անգլիացիները եւ գերմանացիները Բոսնիայի իշխանություններին չեն ստիպել փոխել ընտրական օրենքը առաջիկա 6 ամսվա ընթացքում եւ խորվաթներին հիմնական իրավունքներ չեն տվել, Խորվաթիայի խորհրդարանը չպետք է վավերացնի որեւէ մեկի մուտքը ՆԱՏՕ»,- ասել է նախագահը:
Միլանովիչը պարզաբանել է, որ եթե չլիներ բոսնիացի խորվաթների խնդիրը, ինքը չէր խոչընդոտի սկանդինավյան երկրների մուտքը ՆԱՏՕ, թեեւ դա վատ գաղափար է։ «Ինչ վերաբերում է ինձ, թող մտնեն ՆԱՏՕ, թող գրիչը խոթեն կատաղած արջի աչքը»,- կարճ ասել է նա։ Խորվաթիայի նախագահն ավելացրել է, որ Ֆինլանդիային ՆԱՏՕ «ներքաշելը» «վտանգավոր արկած է», քանի որ Ֆինլանդիան «գտնվում է Սանկտ Պետերբուրգից 50 կմ հեռավորության վրա»։
Հունվարի վերջին Խորվաթիայի նախագահը հայտարարել է նաեւ, որ Ուկրաինան տեղ չունի ՆԱՏՕ-ում, քանի որ «ամենակոռումպացվածներից մեկն է աշխարհում»: Միլանովիչը հաղորդել է, որ 2014 թ. Ուկրաինայում եղել է ոչ ժողովրդավարական հեղաշրջում, որի արդյունքում Կիեւը որոշել է «գնալ դեպի Արեւմուտք՝ ոչինչ չհարցնելով Ռուսաստանից»: Նա նաեւ խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Խորվաթիան որեւէ մասնակցություն չունենա Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությանը, որում, նրա կարծիքով, մեղավոր է ԱՄՆ-ն։ Նախագահը սպառնացել է էսկալացիայի դեպքում «վերջին խորվաթ զինվորին» էլ դուրս բերել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային զորակազմից։
«Խորվաթիան պետք է փախչի դրանից, ինչպես հրդեհից: Խորվաթիան այնտեղ հրշեջ չի լինի»,- ասել է Միլանովիչը: Այս հայտարարությանը կոշտ է արձագանքել Խորվաթիայի վարչապետ Պլենկովիչը։ Նա նշել է, որ խորվաթական զորակազմն առանց այդ էլ արդեն դուրս է բերվել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խմբավորումից։
«Ես չգիտեմ, թե որ զինվորականներին հետ կանչելու մասին է նախագահը մտածում։ Ուկրաինայի կոռումպացվածության մասին նրա հայտարարությունը մեր դիրքորոշումը չէ, եւ կառավարության անունից ես ներողություն եմ խնդրում ուկրաինացիներից նման անհեթեթության համար»,- ընդգծել է Պլենկովիչը։
Հունվարի վերջին Միլանովիչն իր վարչապետին մեղադրել էր «ուկրաինական գործակալ» լինելու մեջ։ «Պլենկովիչը գործում է որպես ուկրաինական գործակալ, իսկ ես՝ որպես Խորվաթիայի նախագահ։ Սա հսկայական տարբերություն է: Ես ռուսների հետ ընկերություն չեմ անում։ Երբեք պաշտոնապես այնտեղ չեմ եղել։ Երբեք սուրճ չեմ խմել Ռուսաստանի դեսպանի հետ»,- նշել է Խորվաթիայի նախագահը։
Արդյունքում Խորվաթիայի վարչապետն ապրիլի վերջին հայտարարել է, որ ինքը, ինչպես նաեւ Խորվաթիայի ողջ կառավարությունը դադարեցնում են բոլոր կապերը նախագահի հետ։ Պլենկովիչը Խորվաթիայի նախագահին անվանել է մանիպուլյատոր, բարբարոս եւ «ռուսամետ հայացքներ ունեցող մարդ»։ «Ես չգիտեմ՝ նա նրանց գործակալն է, թե ոչ, բայց վնասը, որը նա արտաքին քաղաքականության մեջ հասցրեց Խորվաթիային վերջին 2 ամսվա ընթացքում, հսկայական է։ Մենք կբոյկոտենք նրան»,- ամփոփել է վարչապետը։
Վերջին միջոցառման ժամանակ, որին ներկա էին նախագահ Միլանովիչը եւ վարչապետ Պլենկովիչը, նրանք անցել են միմյանց կողքով՝ առանց ձեռք սեղմելու կամ բարեւելու:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ