Թուրքիան փորձում է ուկրաինական ճգնաժամից իր համար առավելագույն օգուտներ քաղել: Անկարան ոչ միայն հսկայական ֆինանսական եկամուտներ է ստանում Կիեւին զենք վաճառելով եւ պատժամիջոցների օղակում սեղմված ՌԴ-ի համար իր տարածքում «շնչելու պատուհան» թողնելով, այլեւ ջանում է Եվրասիա աշխարհամասում հիմնական դերակատարի դափնիներ ձեռք բերել: Օգտվելով Եվրոպայում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Թուրքիան կրկին հիշեցնում է ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին եւ, ինչպես միշտ, այս անգամ էլ օգտագործում է իր հիմնական գործիքը՝ շանտաժը:
Վերջին տարիներին անմիջական ներգրավվածություն ունենալով Արցախում, Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում բռնկված ռազմական գործողություններում՝ Թուրքիան այսօր խոսում է աշխարհում խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին: Մայիսի 9-ին այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեւվլութ Չավուշօղլուն ԵՄ-ին հղած իր ուղերձում արժեւորում է խաղաղության պահպանումը, հատկապես՝ 21-րդ դարում: «Կատարվողի ֆոնին մենք կրկին համոզվեցինք, թե որքան դժվար եւ արժեքավոր է խաղաղության պահպանումը։ 21-րդ դարում Եվրոպայի սրտում ծավալված ողբերգությունը գործնականում Եվրոպան վերադարձնում է 1940-ականներ, եւ դա տագնապալի ազդանշան է բոլորիս համար: Բացի պատերազմներից եւ հակամարտություններից, Եվրոպայի վրա մեծապես ազդում են գլոբալ անորոշությունը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկ կախվածությունը, ահաբեկչությունը եւ անօրինական միգրացիան»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նա նաեւ շեշտել է, թե ԵՄ-ին սպառնում են ծայրահեղական հոսանքները, խտրականությունը, այլատյացությունը, ինչը, իր կարծիքով, համակեցության էրոզիա է առաջացնում եւ խարխլում է ընդհանուր արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան։ Այստեղ հատկանշականն այն է, որ Չավուշօղլուն ճշգրտությամբ նկարագրում է Եվրոպայի այն սպառնալիքները, որոնց մի մասի հեղինակը հենց ինքն է: 2020 թ. ՀՀ Տավուշի մարզի սահմանային միջադեպից հետո Եվրոպայում ակտիվացան Թուրքիայի կառավարության հետ սերտ համագործակցող «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները: Այս ծայրահեղական կազմակերպությունը Եվրոպայում այնքան է ծավալվել, որ նույնիսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիան ստիպված եղավ իր տարածքում արգելել վերջինիս գործունեությունը:
Այսքանից հետո Թուրքիայի դիվանագիտական կառույցի ղեկավարը հայտարարում է, թե իր երկիրը, որպես ԵՄ-ի անդամության թեկնածու եւ ՆԱՏՕ-ի դաշնակից, առանցքային դեր կարող է խաղալ Եվրոպայի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում: Այսինքն՝ Թուրքիայի ԱԳ նախարարը դիվանագիտական նուրբ լեզվով հասկացնում է, թե ցանկության դեպքում Հին աշխարհամասում կարող է ակտիվացնել «Գորշ գայլերին» եւ ապակայունացնել այն: «Չնայած որոշ շրջանակներ, հատկապես Եվրամիությունում, ժամանակ առ ժամանակ Թուրքիայի մեջ մրցակից եւ նույնիսկ սպառնալիք են տեսնում, Անկարան զգալի ներդրում է ունեցել եւ ունի մայրցամաքի կայունության ու բարգավաճման գործում՝ բազում զոհողություններ անելով հանուն Եվրոպայի անվտանգության, ինչպես դա եղել է սառը պատերազմի ժամանակաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն եւ շեշտել, որ Թուրքիան շարունակում է իր կառուցողական գիծը Եվրոպայի հետ համագործակցության եւ երկխոսության համապարփակ զարգացման ուղղությամբ:
Այլ կերպ ասած՝ Թուրքիան հասկացնում է, թե իր մեծահոգության շնորհիվ է, որ Եվրոպան չի վերածվում Սիրիայի, Իրաքի կամ Լիբիայի, ինչը պարտավոր են գնահատել ԵՄ երկրները՝ ժողովրդավարության հետ աղաղակող խնդիրներ ունեցող այդ երկիրն իր ընտանիք ընդունելով: Անկարան հիշեցնում է, թե ինչպես Եվրոպայից 6 մլրդ եվրո «պոկեց», որպեսզի չթողնի՝ բազմամիլիոնանոց սիրիական փախստականների բանակը մտնի Եվրոպա: Չավուշօղլուի հայտարարությանը հնարավոր չէ այլ գնահատական տալ, այն համահունչ չէ այսօր Եվրասիա եւ Աֆրիկա աշխարհամասերի գրեթե բոլոր պատերազմներում անմիջական կամ միջնորդավորված դերակատարություն ունեցող պետության դիվանագիտական խոսույթին: Շատ ավելի վտանգավոր է ուկրաինական դեպքերի եւ 1940-ականների միջեւ զուգահեռներ անցկացնելու Թուրքիայի փորձը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ