ՆԱՏՕ-ի ընդլայնման ներկայիս «կանգառը» Ֆինլանդիան եւ Շվեդիան են։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կիրակի օրը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիմելու են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։ Դաշինքին անդամակցության որոշումը քննարկման է ներկայացվել խորհրդարան, քվեարկությունը սպասվում է այսօր, թեեւ օրենսդիր մարմնի խոսնակ Մատի Վանհանենը նշել է, որ գործընթացը երկար կտեւի, քանի որ ելույթների համար հերթագրվել են 154 պատգամավոր։ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը որոշումը համարել է պատմական։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել էր, որ Ֆինլանդիայի հրաժարումը ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից սխալ կլինի, քանի որ նրա անվտանգությանը վտանգ չի սպառնում։ Ինչպես տեսնում ենք, սկանդինավյան երկրի իշխանությունների որոշումն արդեն կայացված է, սակայն վերջնական որոշումը խորհրդարանինն է։ Ռուսաստանի համար նման որոշումը խնդրահարույց է այնքանով, որ չեզոք երկիրը դառնում է ցատկահարթակ Հյուսիսատլանտյան դաշինքի համար՝ ռազմական ուժեր եւ զինտեխնիկա տեղակայելու համար։ Միաժամանակ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանն էականորեն երկարում է. Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Ռուսաստանի հետ դաշինքի ցամաքային սահմանը կկրկնապատկվի՝ 1215-ից հասնելով 2600 կմ-ի, ինչն էականորեն վատթարացնելու է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում։ Իրավիճակն ավելի է բարդանում այն բանով, որ ֆինները տարածքային պահանջներ ունեն Ռուսաստանից, որոնք թեեւ պաշտոնականացված չեն, բայց չի բացառվում, որ հետագայում դրանք առաջ քաշվեն։ Հավելենք, որ Ֆինլանդիայի հետ Ռուսաստանն ունի 1271 կմ ընդհանուր սահման, այդ թվում՝ 1091 կմ հողատարածք։ Ռուսական Վիբորգից մինչեւ Ֆինլանդիայի մոտակա Լապենրանտա քաղաք ընդամենը 65 կմ է: Շվեդիան սահման չունի Ռուսաստանի հետ, բացառությամբ Բալթյան ծովով ուղիղ մուտքիը Կալինինգրադի մարզ:
Ինչ վերաբերում է դաշինքի անդամ երկրներին, ապա հիմնականում աջակցում եւ ողջունում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի նման քայլը, սակայն կան երկրներ, որոնք զգուշավորությամբ եւ վերապահումով են մոտենում հարցին։ Օրինակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որքան հնարավոր է շուտ պետք է ընդունի Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինքի շարքերը, եթե նրանց խորհրդարաններն ու հասարակությունները նման որոշում ընդունեն, մինչդեռ Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Իտալական լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին նշել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հետաձգվի։ Բավականին հետաքրքիր է Թուրքիայի մոտեցումը. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հետեւում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության գործընթացին եւ դեռ չի կարող դրական վերաբերվել։ «Սկանդինավյան երկրները սովորություն ունեն ահաբեկիչներին «հյուրընկալ վերաբերմունք» ցուցաբերել՝ թույլ տալով նրանց խորհրդարան մտնել։ Հետեւաբար, մենք դեռ չենք կարող դրան դրական նայել»,- ասել է Էրդողանը։ Նախագահի խորհրդական Իբրահիմ Կալինն էլ նշել էր, որ Թուրքիան «դուռը չի փակում» Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համար ՆԱՏՕ-ին միանալու համար, սակայն այս հարցը կապում է իր «ազգային անվտանգության» հետ։ Էրդողանի խորհրդականը հույս է հայտնել, որ Հելսինկին եւ Ստոկհոլմը կլուծեն իրենց տարածքում քրդական կառույցի հարցը, այսինքն՝ ստեղծված իրավիճակում Թուրքիան հերթական քաղաքական առեւտուրն է անում իր շահերն առաջ տանելու նպատակով։ Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան, դաշինքի արտգործնախարարները «անկեղծ զրույց» են ունեցել Թուրքիայի հետ, այսինքն՝ ի սկզբանե չեն բացառում այդ հարցի շուրջ փոխհամաձայնության գալը։ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն արդեն իսկ հաստատել է, որ դիվանագետների պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա՝ քննարկելու սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշումը։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ հայտարարել էր, որ Վաշինգտոնում եւ Բրյուսելում չպետք է պատրանքներ ունենան, որ Ռուսաստանը պարզապես կհամակերպվի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ՝ հավելելով, որ ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը կբարձրանա, եւ այդ ոլորտում կանխատեսելիությունը կպակասի։ Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք չի ողջունել նաեւ Պեկինը. Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիջյանը նշել է, որ դա նոր գործոններ կստեղծի չին-ֆիննական հարաբերություններում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կիրակի հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անվտանգությունն ապահովելու նպատակով, նախքան այդ երկրների միանալը դաշինքին: ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Կիրբին եւս ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ն կկարողանա անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել երկու երկրներին, եթե դրա կարիքը ունենան նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Այս առումով հիմնավոր է Շվեդիայի ձախ կուսակցության ղեկավար Նուշի Դադգոստարի մտահոգությունը, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել այն բանին, որ երկիրը ներքաշվի Ուկրաինայում զինված հակամարտության մեջ։ Բացի այդ, քաղաքական գործիչը կարծում է, որ սկանդինավյան պետությունը կարող է ստիպված լինել դաշինքի հովանու ներքո մասնակցել պատերազմներին, որոնցից նա կնախընտրեր ձեռնպահ մնալ։ Կանաչների կուսակցության առաջնորդ Մարթա Սթենեւին էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ խորհրդարանի անդամները կնախընտրեն երկրի անկախությունը ռազմական ոլորտում, քան ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Նա կարծում է, որ կառավարությունը պետք է հստակ ցույց տա, թե ինչպես է ապահովելու երկրի տարածքում միջուկային զենքի չտեղակայումը եւ բացատրի, թե ինչպես է հակադրվելու դաշինքի մասնակից երկրներին, եթե նրանցից մեկը ճնշում գործադրի Շվեդիայի վրա։
ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ, Եվրոպայում ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի պաշտոնաթող հրամանատար Բեն Հոջեսի գնահատմամբ, զուտ ռազմական տեսանկյունից, դաշինքին շվեդական եւ ֆիննական ուժերի ավելացումը մեծապես կուժեղացնի ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորությունը Հյուսիսային Եվրոպայում, որտեղ ռուսական ուժերն այժմ զգալիորեն գերազանցում են դաշինքին: Բեն Հոջեսի խոսքով՝ Ֆինլանդիան կներկայացնի F-35 կործանիչները, իսկ Շվեդիան՝ «Patriot» զենիթահրթիռային համակարգերը։ Բացի այդ, Շվեդիան ունի Բալթիկ ծովում գտնվող մեծ եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունեցող Գոտլանդ կղզին, որտեղից Կալինինգրադը՝ ռուսական Բալթյան նավատորմի շտաբ-բնակարանը, 300 կմ-ից մի փոքր հեռու է: Շվեդիայի եւ Ֆինլանդիայի զինված ուժերը մարտունակ են ձնառատ պայմաններում, քանի որ ինտենսիվ վարժանքներ են անցկացնում Սկանդինավիայի ձնառատ անտառներում՝ Արկտիկայում հնարավոր մարտական գործողություններին պատրաստ լինելու համար։ Աշխարհագրորեն Ֆինլանդիայի ավելացումը փակում է ՆԱՏՕ-ի պաշտպանության ոլորտում մեծ բացը` կրկնապատկելով Ռուսաստանի հետ դաշինքի սահմանների երկարությունը: Արդյունքում զգալիորեն կբարելավվեն Բալթիկ ծովի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։ Փորձագետները նշում են, որ այդ երկու պետությունների մուտքը ՆԱՏՕ բացասաբար կանդրադառնա Արկտիկայի անվտանգության վրա եւ կհանգեցնի տարածաշրջանի ռազմականացմանը: Արդյունքում Արկտիկան կդառնա կատաղի մրցակցության ասպարեզ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ։
Պատմական անդրադարձ կատարելով՝ նշենք, որ թեեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Ֆինլանդիան եւ Շվեդիան 1995 թ. անդամագրվեցին Եվրամիությանը, սակայն մինչեւ այս պահը շարունակում էին պահպանել ռազմական չեզոքություն։ Շվեդիան ավելի քան 200 տարի որեւէ ռազմական դաշինքի մաս չի կազմել, անգամ Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում չեզոք է մնացել: Ֆինլանդիան, որը կռվել է մինչեւ 1944 թ. սեպտեմբերը, նացիստական Գերմանիայի կողմից էր, պատերազմի ավարտից հետո ձգտել է լավ հարաբերություններ պահպանել Խորհրդային Միության հետ եւ չի կնքել որեւէ ռազմական դաշինք։ Փաստացի ներկայումս գոյություն ունեցող քաղաքական-ռազմաստրատեգիական իրողություններում էական տեղաշարժեր են գրանցվում։ Բացի ստրատեգիական եւ դիրքային բարելավումներից (Շվեդիայի օդային տարածքը կարող է օգտագործվել, օրինակ, զորքեր կամ բեռներ ուղարկելու համար մերձբալթյան երկրներ), այդ երկու զարգացած երկրների մուտքը ՆԱՏՕ նաեւ քաղաքական եւ ռազմավարական հարված է Ռուսաստանին։ Դրանով պակասում է Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ առճակատման դեպքում ռազմական չեզոքություն պահպանող պետությունների թիվը։