Արցախյան երկրորդ պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը խթան դարձավ «թյուրքական մեծ աշխարհի»՝ Թուրանի նախագիծն առավել ակտիվորեն կյանքի կոչելու համար։ Այն նոր որակ ստացավ անցյալ տարվա նոյեմբերին, երբ Թյուրքական խորհուրդը վերանվանվեց Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպություն: Ստամբուլում նաեւ բացվեց նոր գրասենյակ, եւ ընդունվեց «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040» ռազմավարական փաստաթուղթը։
Ներկայումս համագործակցության նոր հարթակներ են ձեւավորվում կազմակերպության անդամների միջեւ։ Օրինակ՝ վաղը «Տեխնոֆեստ Ադրբեջան» օդատիեզերական եւ տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի նախարարների հանդիպումը: Հրավիրված երկրների թվում են Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Հունգարիան։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ին թյուրքական 5 պետությունների (Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան) եւ Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կողմից հիմնվել է «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միությունը»: Արարողությունը տեղի է ունեցել Բուրսա քաղաքում, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: «Էրմենիհաբերի» տեղեկացմամբ՝ Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել է, որ իրենք կազմակերպությունը հիմնել են՝ ոգեշնչվելով 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնումով: Մալքոչը նաեւ տեղեկացրել է, որ հիշյալ միությանը միանալու են Հունգարիան եւ, ամենայն հավանականությամբ, Թուրքմենստանը:
Հասկանալի է, որ թյուրքալեզու երկրներին եւ ժողովուրդներին Թուրքիայի հովանու տակ միավորելու քայլերը նոր չեն սկսվել։ Անկարան առաջիններից էր, որ ճանաչեց Կենտրոնական Ասիայի հետ խորհրդային երկրների անկախությունը եւ ձեռնամուխ եղավ նրանց քաղաքական, տնտեսական ինտեգրմանը։ Ստեղծվեցին միասնական կառույցներ բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ ուժային կառույցներ։ Մեկը մյուսի հետեւից հայտնվեցին թյուրքական համագործակցության կառույցները՝ Թյուրքական ժողովուրդների համաշխարհային ասամբլեան, Թուրքական խորհուրդը, Թուրքական համագործակցության եւ զարգացման գործակալությունը (TIKA)։ Մեծ ուշադրություն էր դարձվում նաեւ «փափուկ ուժի» քաղաքականությանը, այսինքն՝ գիտության, կրթության, մշակույթի եւ կրոնի միջոցով թուրքական գաղափարախոսության եւ արժեքների քարոզմանը։ Մյուս կողմից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած թյուրքական հանրապետություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ վարում էին հիմնականում բազմավեկտոր, փոխլրացնող քաղաքականություն։ Դրա նպատակն էր հավասարակշռության հասնել Ռուսաստանի, Չինաստանի, Արեւմուտքի եւ Թուրքիայի՝ թյուրքական աշխարհի հետ հարաբերությունների համատեքստում։
Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիան նոր հնարավորություններ է ստանում թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Մասնավորապես՝ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին տնտեսական եւ քաղաքական «ազատ շերտեր» են առաջացել կենտրոնասիական տարածաշրջանի համար, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են նաեւ այդ երկրների վրա։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի հիմնական ուշադրությունն ուկրաինական ուղղությամբ է, եւ Թուրքիան ձգտում է մասամբ լրացնել տնտեսական, առեւտրային, քաղաքական ոլորտներում առաջացած «բացը»։ Թուրքական ազդեցության ընդլայնման հեռանկարներին ապրիլի 20-ին անդրադարձել էր «Հաբերթուրքի» հոդվածագիրը՝ նշելով, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալու արդյունքում մի շարք, այդ թվում՝ անվտանգության խնդիրներ են առաջացել, ինչը նպաստելու է Արեւմուտքի նկատմամբ նոր հայեցակարգի մշակմանը։ Երկրորդ՝ Չինաստանից թյուրքական հանրապետությունների կախվածությունը «մեղմելու» նպատակով, ըստ հոդվածագրի, Թուրքիան կարող է «հավասարակշռություն գտնելու» այլընտրանքային տարբերակ լինել։ Եվ վերջապես՝ ազդեցությունը մեծացնելու «փափուկ ուժի» տարրերից բացի, առաջին պլան են մղվում «կոշտ ուժի» միջոցները, մասնավորապես՝ ռազմական ոլորտում ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացումը։ Կենտրոնասիական տարածաշրջանը, բացի թյուրքական նախագծից, Թուրքիայի համար հետաքրքրություն է ներկայացնում նաեւ նրանով, որ թույլ կտա փոխհատուցել հակամարտության ակտիվ գոտի համարվող սեւծովյան տարածաշրջանում կրած կորուստները։
«Թյուրքական աշխարհ» կառուցելու ճանապարհին Թուրքիայի համար առանցքային կարեւորություն ունեցող երկրներից է Ղազախստանը։ Այդտեղ են խաչվում ոչ միայն Թուրքիայի եւ Ռուսաստանի, այլեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի շահերը։ Ղազախստանը Նազարբաեւի կառավարման շրջանում թյուրքական ուժերի միավորման շարժիչներից էր։ Նա մասնակցել է նաեւ Մեծ Թուրանի հայեցակարգի մշակմանը, հետեւաբար տարեսկզբին այդ երկրում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ անհանգստություն էին առաջացրել Թուրքիայում։ Այդ երկրին սիրաշահելու եւ իր ազդեցության տիրույթում պահելու նպատակով թուրքական կառավարությունը ղազախներին զենք է մատակարարում, այդ թվում՝ անօդաչու սարքեր։ Ղազախստանը դարձել է առաջին օտարերկրյա երկիրը, որտեղ կհիմնադրվի «ANKA» անօդաչու թռչող սարքերի արտադրություն։
Ի դեպ, այս օրերին՝ մայիսի 23-27-ը, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուի գլխավորած պատվիրակությունն այցելել է տարածաշրջան։ «Դոնալդ Լուն մայիսի 23-27-ը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ հարաբերությունները տարածաշրջանի հետ եւ առաջ մղել համատեղ ջանքերը՝ ավելի բարեկեցիկ եւ ապահով Կենտրոնական Ասիա ստեղծելու համար»,- այդ մասին մայիսի 22-ին հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Պատվիրակության կազմը բավական ներկայացուցչական է, ընդգրկված են՝ Պենտագոնի, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ), ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչներ: