Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նյարդերի պատերազմ» է սկսել Արեւմուտքի հետ՝ ձգտելով հասնել իր նախապայմանների կատարմանը՝ ՆԱՏՕ-ի կազմում Ֆինլանդիայի ու Շվեդիայի ընդգրկումը թույլատրելու համար: Չորեքշաբթի այդ երկրների կառավարական պատվիրակությունները ժամանել են Անկարա: Շվեդիան հասկացրել է, որ պատրաստ է պայմանավորվել Թուրքիայի հետ նրա բոլոր պահանջների մասով, բացի այն կետերից, որոնք վերաբերում են քրդական հարցին:
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պատվիրակությունների այցն Անկարա առաջինն է երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկից հետո: Երկու պետություններն էլ Թուրքիայի մայրաքաղաքում ներկայացված չեն ամենաբարձր մակարդակով. Շվեդիայի պատվիրակությունը գլխավորում է կառավարության պետքարտուղար Օսկար Սթենսթրեմը (արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու), իսկ Ֆինլանդիայի պատվիրակությունը՝ ՆԳ փոխնախարար Յուկկա Սալովարան։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ չի տեսնում այդ երկրների պատվիրակությունների ներկայության անհրաժեշտությունը Թուրքիայում։ Նրա տեսանկյունից Շվեդիան ու Ֆինլանդիան նախ պետք է հստակ հայտարարեն՝ ընդունո՞ւմ են թուրքական պահանջները, թե՞ ոչ։ Ըստ դրանց՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է հրաժարվեն աջակցել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին, որը Թուրքիայում համարվում է 2016 թ. հեղաշրջման փորձի կազմակերպիչը, եւ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ու նրա դաշնակից կազմակերպություններին, առաջին հերթին՝ սիրիական Ազգային ինքնապաշտպանության ջոկատներին, պետք է հանվի Թուրքիային զենքի մատակարարման շվեդական էմբարգոն, Անկարայի, Ստոկհոլմի եւ Հելսինկիի միջեւ դրվի «ահաբեկչության դեմ գլոբալ համագործակցության» սկիզբը։
Էրդողանը, ի վերջո, շվեդական ու ֆիննական պատվիրակություններին թույլատրեց ժամանել Անկարա։ Թուրքական կողմից նրանց հետ բանակցությունները վարում է նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի եւ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը։
Կողմերը միտված են երկարատեւ երկխոսության: Առայժմ նրանց դիրքորոշումները շատ են տարբերվում: Ինչպես բացատրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Անկարան Շվեդիայից ու Ֆինլանդիայից պարտավորագրեր է պահանջում, իսկ վերջիններս, իրենց հերթին, կարծում են, որ բավարար են կոնկրետ քայլերը՝ ուղղված թուրքական պահանջների կատարմանը:
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը արդեն չորեքշաբթի հասկացրել է, որ իր երկիրը ողջ ծավալով չի իրականացնի թուրքական պահանջները: Էստոնիայի վարչապետ Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա կտրականապես հերքել է ինչ-ինչ ահաբեկչական կազմակերպությունների փողով եւ զենքով աջակցելու մեղադրանքները։ Չէ՞ որ Ազգային ինքնապաշտպանության ջոկատներն այդպիսին չեն։ Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը «ձգտում է լուծել ցանկացած հարց կամ խնդիր, որն ունի թուրքական կողմը»։
Ինչպես երեւում է, Էրդողանը որոշել է Անդերսոնի հայտարարության այդ մասն ստուգել գործով: Բանակցությունների օրը «Yeni Safak» թերթը հաղորդել է, որ Թուրքիան պատրաստվում է արդեն մոտ ժամանակներս ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, այն շրջաններում, որոնք վերահսկում են Ազգային ինքնապաշտպանության ջոկատները: Ազգային ինքնապաշտպանության ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Նուրի Մահմուդն օգնության խնդրանքով արդեն դիմել է հակաահաբեկչական կոալիցիայում դաշնակիցներին: «Միջազգային կոալիցիան, Ամերիկան ու Ռուսաստանը պետք է կատարեն տված խոստումները: Նրանց ներկայությունը մեր շրջաններում պետք է որ նշանակալից լինի, այնպիսին, որ Թուրքիան դադարեցնի հարձակումները մեր ժողովրդի վրա»:
Այսպիսով՝ Էրդողանը Շվեդիայից պահանջում է ոչ միայն վերացնել զենքի մատակարարման էմբարգոն, այլեւ ցուցադրաբար հաշտվել Սիրիայում թուրքական հերթական հարձակման հետ: Դժվար է ասել՝ Ստոկհոլմը կգնա՞ այդ քայլին: Բայց նաեւ ժամանակ չկա՝ փոխզիջման հասնելու համար. Շվեդիային ու Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի կազմում ենթադրվում է ընդգրկել հունիսի 29-30-ը Մադրիդում անցկացվելիք գագաթնաժողովում:
Առաջարկում են ռիսկի դիմել
Գերմանական «Der Spiegel» հանդեսի լրագրող Մաքսիմիլիան Պոպն իր հոդվածում գրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ռիսկի դիմի» Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հակամարտությունում, որն սկսվել է վերջինիս կողմից Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերի վրա վետո դնելու պատրաստակամության պատճառով: «ՆԱՏՕ-ն ճիշտ կվարվի, եթե չենթարկվի Էրդողանի պահանջներին… Վերջին տարիներին Էրդողանը կրկնակի գործակալի պես է գործում»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ Թուրքիան, լինելով դաշինքի անդամ, զենք է գնել Ռուսաստանից եւ «պատերազմով սպառնացել» ՆԱՏՕ-ում իր դաշնակից Հունաստանին:
Լրագրողը կարծում է, որ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով Թուրքիայի ղեկավարը վախենում է պարտվել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում, ուստի կարելի է եզրակացնել, որ առաջիկա ամիսներին «նա շատ ավելի լկտի կլինի» Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում: Պոպը կոչ է արել վերջ դնել Էրդողանի «շանտաժի փորձերին», քանզի հակառակ դեպքում դա «վտանգավոր նախադեպ» կստեղծի: Մասնավորապես՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը նույն կերպ է վարվել՝ առաջ քաշելով իր նախապայմանները: «ՆԱՏՕ-ն չպետք է թույլատրի, որ դաշինքը վերածվի տեղի, որտեղ շանտաժ են անում: Ավելի լավ է՝ ռիսկի դիմի Էրդողանի հետ հակամարտությունում»,- եզրակացրել է նա:
ՆԱՏՕ-ն՝ ցուգցվանգում
Ռուս քաղաքական գործիչ, Աշխարհաքաղաքական էքսպերտիզի կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը «Սվոբոդնայա պրեսսային» տված հարցազրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշել է. «Ըստ էության, Էրդողանը ՆԱՏՕ-ին, շախմատային լեզվով ասած, դրել է ցուգցվանգի վիճակում. կատարելով ցանկացած քայլ՝ Արեւմուտքը շատ ավելի վատ վիճակում կհայտնվի, քան հիմա է»։ Նա համոզված է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը զիջումներ անի Անկարային եւ իր շարքերում չընդունի Շվեդիային ու Ֆինլանդիային, դա ռազմական դաշինքի համար հսկայական պարտություն կլինի. «ՆԱՏՕ-ն այդ դեպքում սուբյեկտիվորեն իրեն կցուցադրի որպես ավելի թույլ խաղացող, քան Թուրքիան է: Այդ կերպ դաշինքի վրա հնարավոր ճնշումների նախադեպ կստեղծվի։ Մյուս կողմից՝ եթե ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշի փրկել իր դեմքը եւ կոշտություն դրսեւորել, Թուրքիային ստիպված կլինի հեռացնել դաշինքից»։
ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ անդամին հեռացնելու որեւէ հնարավորություն չկա: Սակայն ճնշում գործադրելով Անկարայի վրա՝ հնարավոր է հասնել նրա «ինքնուրույն ու կամավոր» հեռացմանը: «Միեւնույն ժամանակ հարկ է հաշվի առնել, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն կկորցնի իր հարավային պլացդարմը Եվրասիայում։ Բացի այդ, դաշինքը կցուցադրի, որ իրեն հարմար չեն այն մասնակիցները, որոնք չեն ցանկանում անխոս ենթարկվել ղեկավարության կամքին, իսկ դա կարող է վախեցնել շատերին: Թուրքիային հեռացնելով ՆԱՏՕ-ից՝ դաշինքը, ըստ էության, կսադրի սեփական փլուզումը, իսկ առանց Անկարային հեռացնելու պարզապես անհնար է դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ընդգծել է Վալերի Կորովինը։
Ամերիկյան պատմաբան-արեւելագետ, Մերձավորարեւելյան ֆորումի նախագահ Դանիել Պայպսը հայտարարել է, որ իրականացրած քաղաքականության եւ դաշինքի կազմում Շվեդիայի ու Ֆինլանդիայի ընդգրկման հարցում որդեգրած դիրքորոշման պատճառով Թուրքիային անհրաժեշտ է հեռացնել ՆԱՏՕ-ից: Նա նույնպես Անկարայի գործողությունները շանտաժ է անվանել, միաժամանակ քննադատել է վերջին երկու տասնամյակում Թուրքիայի միջազգային քաղաքականության բոլոր ուղղությունները։
«1952-2002 թթ. Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ լավ դաշնակիցն էր, բայց վերջին 20 տարում չափազանց վատն է դարձել։ Նույնիսկ դաշնակից էլ չէ: Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի անդամների, օրինակ՝ Հունաստանի հետ, ներխուժել է Սիրիա, սպառնում է Եվրոպային սիրիացի փախստականներով, Ռուսաստանից գնում է C-400 համակարգեր: Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը։ Թող գնա դեպի Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Բարի ճանապարհ»,- եզրափակել է նա։
Պայպսը միակը չէ, ով հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Շատերն են այդ կարծիքին՝ հայտարարելով, որ փոքրասիական պետությունը, ըստ էության, «դարձել է տրոյական ձի», «սպիտակ ագռավ»: Ոմանք էլ շեշտում են, որ ԱՄՆ-ին Թուրքիայի հեռացումը ձեռնտու չէ, քանի որ Անկարան ավելի շատ է ձեռնտու ՆԱՏՕ-ին, քան Ֆինլանդիան ու Շվեդիան՝ միասին վերցրած: ԱՄՆ-ն օգտագործում է թուրքական ռազմաբազաները, առանց որոնց չի կարող իր գործողություններն իրականացնել Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում: Անկարան միեւնույն ժամանակ վերահսկում է անցումը Սեւ ծով, ուր պարբերաբար ուղեւորվում են բրիտանական ու ամերիկյան ռազմանավերը…
Ըստ շատ վերլուծաբանների՝ Էրդողանը մի քիչ «առեւտուր» կանի, հետո փոխշահավետ գործարք կկնքի Արեւմուտքի հետ, իսկ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի ՆԱՏՕ-ի հեղինակության կամ, ընդհանրապես, նրա հետ, եւ արդյոք այսօրվա հնարավոր գործարքը չի վերածվի՞ մեծ պարտության գործընթացի մեկնարկի: