Եվրոպայում հույս ունեն, որ ադրբեջանական գազը կարող է լրացնել ռուսականի պակասը: Այս մասին գրում է ամերիկյան «Eurasianet»-ը: Սակայն, ինչպես նշում է հոդվածի հեղինակ Դեւիդ Օ՛Բիռնը, դրա արդյունահանման մեծացման համար պահանջվող ներդրումները բավարար չեն, միեւնույն ժամանակ երկարաժամկետ հեռանկարում դրա ծավալները Ռուսաստանից արտահանվող կապույտ վառելիքի միայն փոքր մասը կկազմեն:
Աղբյուրը մեջբերել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի խոսքերը՝ այն մասին, որ «Ադրբեջանը շատ գազ ունի Եվրոպա արտահանելու համար, սակայն անհրաժեշտություն է զգում, որ արտասահմանյան ներդրողները եւ միջազգային ֆինանսական կառույցները միջամտեն ու կիսեն հնարավոր ռիսկերը»:
«Արդյոք լրացուցիչ առաքումների համար միջոցներ կա՞ն: Այո, կան, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ… Այդ գործընթացը դրանից առաջ է սկսվել»,- ասել է Ջաբարովը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ մայիսի 23-ին կայացած նիստում: Ջաբարովը նկատի է ունեցել Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Եվրոպայի՝ բնական գազի այլընտրանքային ուղիների որոնման գործում կրկին սրված հետաքրքրությունը, այդ թվում՝ ադրբեջանական գազի նկատմամբ: Բայց նա նախազգուշացրել է, որ արդյունահանման եւ արտահանման ավելացումն արագ տեղի չի ունենա ադրբեջանական էներգետիկ նախագծերում վերջին տարիներին միջազգային ներդրումների բացակայության պատճառով:
«Վերջին մի քանի տարիներին գազային ոլորտում ներդրումները խիստ անբավարար են»,- շեշտել է Ջաբարովը՝ բացատրելով, որ դա արտահայտում է քաղաքական գործիչների ու ֆինանսական կառույցների «փոխված քաղաքականությունը» հանածո վառելիքի տեսակների, այդ թվում՝ բնական գազի նկատմամբ:
Ջաբարովը մանրամասներ չի հրապարակել, բայց կարծես նկատի է ունեցել Եվրամիության նախաձեռնությունները՝ նվազեցնելու հանածո վառելիքից կախվածությունը հօգուտ վերականգնվող էներգիայի աղբյուրների:
Չնայած նրան, որ հանդիպման վրա կախված է եղել ուկրաինական հակամարտության ստվերը, Ջաբարովն ուղղակիորեն չի մատնանշել ադրբեջանական գազի արտահանումը մեծացնելու Եվրոպայի հանկարծակի հետաքրքրության պատճառը: Փոխարենը նա նշել է, որ դեռ 2012 թ., երբ առաջին անգամ սկսվեց Հարավային գազային միջանցքի գազատարների համակարգի մշակումը, որով այսօր ադրբեջանական գազը տեղափոխվում է Եվրոպա, հենց Ադրբեջանն էր ստանձնել ռիսկերի հիմնական մասը՝ ապահովելով բավարար ներդրումներ եւ խողովակաշարեր, հետախուզում եւ գազի արդյունահանում։
Ադրբեջանի եւ նրա «գործընկերների» միջեւ ընթացիկ քննարկումները՝ կապված երկրում գազի արդյունահանման եւ արտահանման ընդլայնման հետ, ըստ Ջաբարովի, կենտրոնացված են նրա վրա, թե «ինչպես է անհրաժեշտ կիսել այդ ռիսկերը եւ կառավարել դրանք», ինչպես «օգտագործել միջազգային ֆինանսական ինստիտուտների ուժեղ կողմերը»:
Ջաբարովը չի նշել գործընկերների անունները, սակայն դրանց թվում, հավանաբար, ընդգրկված են միջազգային խոշոր ընկերություններ, որոնք ներկայումս գործում են Ադրբեջանում, ինչպիսիք են BP-ն, «Total»-ը, «Lukoil»-ը, թուրքական պետական նավթային TPAO եւ Իրանի պետական նավթային NIOC ընկերությունները:
Ներկայումս Ադրբեջանը Եվրոպային տարեկան մինչեւ 10 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարում իր ամենամեծ կասպյան գազային «Շահ Դենիզ» հանքավայրից, որն Արեւմուտք է առաքում Հարավային գազային միջանցքի երեք առանձին խողովակաշարերի ցանցի միջոցով՝ Ադրբեջանից Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով եւ Ալբանիայով, իսկ այնուհետեւ Ադրիատիկ ծովով՝ դեպի Իտալիա:
Ադրբեջանի գազի այժմյան արդյունահանումը եւ Հարավային գազային միջանցքի հզորությունը մոտ են իրենց առավելագույն սահմանաչափերին, սակայն դրանք կարող են կրկնապատկվել լրացուցիչ ներդրումների դեպքում: Ջաբարովի մեկնաբանությունները հաստատում են, որ միջազգային գործընկերների հետ այդ ներդրումների շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ադրբեջանական այլ հանքավայրերում արդյունահանումը կարող է ավելացվել, եւ մայիսի 21-ին Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է արդյունահանումն իր գազային «Ումիդ» հանքավայրում, որն արդյունահանումը կավելացնի ավելի քան երկու անգամ՝ մինչեւ տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր:
Բայց ցանկացած հավելյալ գազ, որն Ադրբեջանը կարող է առաջարկել Եվրոպային, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում, առաջվա պես ռուսական 155 մլրդ խորանարդ մետր գազի միայն մի փոքր մասն է, որը ԵՄ-ն ներմուծում է ամեն տարի:
Եվրամիությունը, որն այսօր աննախադեպ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության պատճառով, ոչինչ չարեց արցախյան 44-օրյա պատերազմում, երբ Ադրբեջանը Թուրքիայի, սիրիացի վարձկան-մարդասպանների մասնակցությամբ, Իսրայելի ու այլ տերությունների` հօգուտ Ադրբեջանի միջամտությամբ պատերազմ սկսեց Արցախի դեմ, խախտեց մարդասիրության հնարավոր բոլոր նորմերը, պատերազմական հանցագործություններ կատարեց իր էությանը բնորոշ միջնադարյան դաժանությամբ ու վայրագությամբ: Եվրոպան նայում էր նավթի, այլ ոչ թե գնդակահարվող մանուկների ու ծերերի, ռմբակոծվող ծննդատների, Բաքվում ռազմավարի պուրակի, ֆոնսֆորային ռումբերի ու բազմաթիվ այլ նսեմ, մարդկային մտքին անհարիր գործողությունների ու երեւույթների ուղղությամբ: Հիմա Հին աշխարհում ոմանք նույնիսկ անբարոյական հետեւություններ են անում, թե պատերազմը մոտեցրեց խաղաղության պահը Բաքվի ու Երեւանի միջեւ: Հավանաբար, փորձում են տպավորություն ստեղծել, թե «հանուն խաղաղության» լավ է, որ հազարավոր մարդիկ զոհվեցին, ենթարկվեցին նվաստացումների, պատերազմական հանցագործություններն էլ չդատապարտվեցին քաղաքակիրթ կոչված հանրության, մարդկային արդարության «ջերմեռանդ պաշտպանների» կողմից, որոնց վրա հայ բանաստեղծը, ի դեպ, «թքել» էր ավելի քան 100 տարի առաջ…
Կատարվածը, այն ձեւով, ինչին ականատես եղանք, չի կարող մոտեցնել խաղաղության պահը, այլ կարող է միայն վրեժի կոչել: Գուցե նաեւ այդ բանի գիտակցումն է ԵՄ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մղել՝ հայտարարելու, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցը չի կարող լուծվել: Նաեւ այն բանի գիտակցումը, որ միջնադարյան վայրենությամբ հաղթանակի ընդունումը կամ դրա արդյունքների հաստատումը դատապարտում է եվրոպական արժեհամակարգի գոյությունը: Խաղաղությունն այն տարածաշրջանում, որտեղ ծննդատուն է ռմբակոծվում, որտեղ հայ զինվորների մանեկենների տեղադրումով փորձ է արվում նսեմացնել զոհերին, որտեղ ռազմական գերիների մասին վերջնական տեղեկատվություն չի հաղորդվում, ավելին՝ պատերազմի ավարտից երկու տարի հետո էլ նրանք չեն վերադարձվում, խիստ կասկածելի է: Հետեւաբար, խիստ կասկածելի է, որ ադրբեջանական գազը կարող է առանց որեւէ խոչընդոտի մատակարարվել դեպի Եվրոպա: Անկախ այն բանից, թե ում հետ ինչպիսի պայմանագրեր են ստորագրվել, անկախ ուժերի հարաբերակցությունից, անկախ նույնիսկ ժամանակից:
Հավանաբար, ադրբեջանական գազի անխոչընդոտ մատակարարմանը կասկածում է նաեւ Ջաբարովը, որը խոսում է միջազգային ներդրողների կողմից «ռիսկերը կիսելու» անհրաժեշտության մասին: Էլ չենք խոսում այն մասին, որ գազային հսկայական պաշարների մասին հեքիաթները շուտով կարող են բացահայտվել, եւ ներդրումների բացակայության մասին հայտարարությունները միայն փորձ են՝ հեռացնելու բացահայտման կամ հատուցման պահը:
Այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց երկրի համար ոչ լավատեսական կանխատեսումներ են անում՝ խորացնելով անկումային տրամադրությունները: Պատճառն այն է, որ Բաքուն հայտարարել է Ադրբեջանում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ գազն Իրանից եւ Թուրքմենստանից Եվրոպա տարանցելու պատրաստակամության մասին: Սպասելի է, որ նման պահվածքը դժգոհություն կառաջացնի Կրեմլում։ Միեւնույն ժամանակ հարկ է հիշել Բաքվի՝ ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելուց հրաժարվելը դաշնակցության մասին պարբերական հայտարարությունների ֆոնին։ Մի խոսքով՝ ադրբեջանցի վերլուծաբանները վախենում են, որ «ամառը թեժ է լինելու»։ Ըստ նրանց՝ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, հանելու է «ղարաբաղյան խաղաքարտը» եւ բախվելու է Թուրքիայի հետ։