Վրաստանը կարող է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալ, իսկ Ուկրաինայի հետ կապված հարցն ամեն ինչում դրական է լուծվել։ Եվրահանձնաժողովը հիմնականում աջակցում է նաև Մոլդովային։ Վրացական իշխանությունները կոշտ են արձագանքել դրան՝ խոստանալով «անարդար որոշման» դեպքում հրապարակել ողջ ճշմարտությունը կատարվածի մասին։
Թբիլիսիի համար տհաճ լուրը հրապարակվել է ամերիկյան «Politico» պարբերականում: Հոդվածում շեշտվում է, որ Ուկրաինայի հետ կապված խնդիրը լուծված է, Մոլդովան ունի ամուր եվրոպամետ կառավարություն, մինչդեռ Վրաստանը տառապում է քաղաքական անկարգություններից և «նկատելի ժողովրդավարական հետընթացից»։ Այս լուրը, ամենայն հավանականությամբ, դուր է եկել Կիևին։ Օրերս Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, ով պատասխանատու է եվրաինտեգրման համար, մտահոգություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերը կարող են ներառվել մեկ ընդհանուր փաթեթում։ Նրա կարծիքով՝ դա կարող է բարդացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, քանի որ այդ երկիրը «նկատելիորեն առաջ է անցել մյուս երկուսից»։
Թբիլիսիում, սակայն, միանգամայն այլ կարծիք ունեն: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, դա Վրաստանն է: Եվ միայն հետո՝ Ուկրաինան ու Մոլդովան: Մենք կարգավիճակ ենք պահանջում, որին վրացի ժողովուրդն արժանի է 30 տարվա պայքարի և ժողովրդավարության շինարարության համար»: Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին շեշտել է, որ եթե կարգավիճակի տրամադրումը որոշվում է պատերազմով, «մենք պատերազմ չենք ուզում»: Վարչապետն ասել է, որ վերջնական որոշման է սպասում հունիսի 23-ին և 24-ին, և եթե Վրաստանին մերժեն թեկնածուի կարգավիճակ տալ, ապա Թբիլիսին պատրաստ է ողջ ճշմարտությունն ասել այդ գործընթացի մասին: Թե կոնկրետ ինչ է ենթադրել Ղարիբաշվիլին, այնքան էլ պարզ չէ, սակայն զգուշացումը բավական չարագուշակ է հնչում:
Ղարիբաշվիլին զուգահեռաբար «Ամոթ» քաղաքացիական շարժմանը նախազգուշացրել է հունիսի 20-ին նախատեսված «Տուն դեպի Եվրոպա» ակցիայի ընթացքում գործել օրենքի սահմաններում։ «Կառավարությունը կպաշտպանի խաղաղությունն ու կայունությունն օրենքով նախատեսված ուժով։ Մենք ոչ մեկին չենք ների անօրինական գործողությունները»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Իսկ իրավիճակը բավական բարդ է: Օրերս Եվրախորհրդարանն ընդունել է «Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումը» բանաձևը։ Փաստաթուղթը քննադատություն է պարունակում «Վրացական երազանքի» կառավարության հասցեին։ Բանաձևում թվարկված են այն հիմնական խախտումները, որոնք, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, գործել են վրացական իշխանությունները։ Նրանք այդպիսին են համարում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիայի ձերբակալությունը, ԼԳԲՏ ակցիաների ցրումը։ Փաստաթղթում նաև կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Միաժամանակ բանաձևում Վրաստանի իշխանություններին հորդորում են հավատարիմ մնալ օրենքի գերակայությանը, դատական համակարգի անկախությանը և ապահովել հիմնարար բոլոր ազատությունները։
Այս նախազգուշացումը լուրջ ազդեցություն չի գործել «Վրացական երազանքի» վրա: Կուսակցության առաջնորդները բանաձևն անվանել են կանխակալ և ոչ օբյեկտիվ: Նրանց կարծիքով՝ այն արտացոլում է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության դիրքորոշումը, որը հաջողությամբ լոբբինգ է անում իր հետաքրքրությունները եվրոպական գործընկեր կուսակցությունների միջոցով։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցները գործնականում արդեն գործում են՝ նկատի ունենալով այն բարդությունները, որոնց հետ օլիգարխը վերջին ամիսներին բախվում է բանկային գործողությունների ժամանակ: Համանման դիրք է զբաղեցրել վարչապետ Ղարիբաշվիլին՝ Եվրախորհրդարանի բանաձևն անվանելով «հակավրացական և հակապետական»: Նա հայտարարել է, որ եթե Իվանիշվիլին 2012 թ. իշխանության չգար, և «Վրացական երազանքը» «Ազգային շարժում» կուսակցության կառավարությունից մնացած մի շարք խնդիրներ չլուծեր, «ապա այսօր Վրաստանը երկրորդ Մարիուպոլ կլիներ»:
Կառավարության նիստում Ղարիբաշվիլին հերթական անգամ բացառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որովհետև դա հակասում է Վրաստանի ազգային շահերին: Վարչապետը շեշտել է, որ, Վրաստանից պահանջելով մասնակցել հակառուսական պատժամիջոցներին, ինքը՝ Եվրամիությունը, ամեն օր ՌԴ-ին կլոր գումար է վճարում: Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Եվրամիության հետ առևտրից ՌԴ-ն ստացել է 90 մլրդ դոլար: «Եթե մենք պատժամիջոցներ սահմանենք, դա կնշանակի Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների փաստացի խզում, ինչը կազդի ինչպես Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեկ միլիոն վրացիների, այնպես էլ բուն Վրաստանում ապրող 4 միլիոն մարդկանց շահերի վրա»,- ասել է Ղարիբաշվիլին։
Միևնույն ժամանակ քաղաքագետ Գիորգի Ռուխաձեն, գնահատելով ստեղծված դրությունը, հայտարարել է, թե իշխանություններն ամեն ինչ արել են, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա: «Եթե, այնուամենայնիվ, կարգավիճակը ստացվի, ապա այն պետք է գնահատել որպես ֆանտաստիկ նվեր»,-նշել է միջազգային հարաբերությունների մասնագետը: Ռուխաձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչների պատասխան բոլոր հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Նա կարծում է, որ իշխանությունները պատասխան հարձակումներով միայն խորացնում են իրավիճակը, որքան էլ որ բանաձևը նյարդայնացրել է նրանց:
Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», քաղաքագետ Գիա Խուխաշվիլին դժվարացել է կանխատեսել իրադարձությունների զարգացման ընթացքը։ Նրա խոսքով՝ Վրաստանում և դրա շուրջ չափազանց շատ բան քննարկվում է կուլիսներում, ուստի անհնար է քիչ թե շատ կոնկրետ որևէ բան ասել։ Դրան, ըստ նրա, գումարվում են Ուկրաինայի հակամարտությունը և անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակն այնտեղ։ «Շատ բարդ գործընթացներ են։ Աշխարհը կրկին բաժանվում է երկու մասի: Մենք կամ Եվրոպայի հետ ենք, կամ Ռուսաստանի։ Այլ ընտրություն չկա»,- կարծում է փորձագետը։ Նա հասկացրել է, որ շատ բան կախված է Բիձինա Իվանիշվիլիից, ով հայտնվել է բարդ իրավիճակում՝ բախվելով մի շարք խնդիրների։ Եվ կանխատեսել, թե նա ինչպես կպահի իրեն նման հուզական վիճակում, նույնպես անհնար է։ «Ցավոք սրտի, նրա խնդիրները միահյուսված են պետության խնդիրների հետ… Մենք բավարար տեղեկատվություն չունենք՝ կատարվածը գնահատելու համար։ Չգիտենք՝ Ռուսաստանի կողմից ճնշում կա՞, թե՞ դա Իվանիշվիլիի քաղտեխնոլոգիան է՝ նստել երկու աթոռի վրա… Իսկ գործընթացը տագնապալի է։ Այսօր մենք գտնվում ենք բարձր ռիսկի գոտում»,- ասել է Խուխաշվիլին՝ նշելով, որ Իվանիշվիլին, ով պատասխանատու է Վրաստանում 10 տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության համար և այսօր թաքնվել է ստվերում, պետք է հայտնվի և պատասխանի հանրության հարցերին։