Իրաքում քաղաքական ճգնաժամը խորանում է, ինչը պայմանավորված է ներքին ու արտաքին մի շարք գործոններով։ Ինչպես հայտնի է, 2021 թ. հոկտեմբերի 10-ին Իրաքում տեղի ունեցած խորհրդարանի 5-րդ՝ արտահերթ ընտրություններից արդեն շուրջ 8 ամիս անց դեռեւս կառավարություն չի ձեւավորվել` խորհրդարանական ուժերի միջեւ տարաձայնությունների, ինչպեսեւ այդ երկրում օտարերկրյա ուժերի շահերի բախման պատճառներով։
Ճգնաժամ, որը հունիսի 12-ից նոր փուլ է մտել, երբ հայտնի շիա հոգեւորական Մոքթադա Սադրի առաջնորդած «Սաերուն» («Դեպի բարեփոխումներ») դաշինքը, որը 329 անդամ ունեցող խորհրդարանում 73 ձայնով առաջին տեղն էր զբաղեցնում, առանց մանրամասնելու, պարզապես հայտարարելով, թե տարածաշրջանային ուժերի միջամտությունը երկրում շիաների ներքին խնդիրներն էլ ավելի է բարդացրել, մանդատները վայր է դրել։ Ըստ ավանդույթի՝ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը՝ քուրդ։ Նախագահի ընտրության հարցում քրդական երկու խոշոր՝ Քուրդիստանի Ժողովրդավար (ՔԺԿ) եւ Քուրդիստանի հայրենասիրական (ՔՀԿ) կուսակցությունների միջեւ համաձայնություն կար, որ նա պետք է լիներ ՔՀԿ-ական։ Եվ, ահա, «Սաերունը» խորհրդարանում ձեւավորեց «Հայրենիքի փրկություն» մեծամասնական դաշինքը, որին անդամակցում էին 37 ձայնով երկրորդ հորիզանականում հայտնված սունի «Ալ Սիյադաթ» («Ինքնիշխանություն»), 16 ձայնով 6-րդ տեղում՝ սունի «Ազմ» («Կամք») դաշինքները եւ 31 ձայնով 4-րդ տեղում՝ ՔԺԿ-ն։ Սակայն քաղաքական որոշ ուժեր, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելով, պահանջեցին վերահաշվարկում, ապա բողոքեցին սահմանադրական դատարան։ Հանգամանքներ, որոնց պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» դաշինքի անդամ Մոհամեդ ալ Հալբուսին, ընտրվեցին նաեւ 2 փոխխոսնակներ. առաջինը՝ Հաքեմ ալ Զամելին «Սաերուն» դաշինքից, իսկ երկրորդը՝ ՔԺԿ-ից։
Այսուհանդերձ, համաարաբական հայացքներով Սադրին, ով հակված է դեպի Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, չհաջողվեց կառավարություն ձեւավորել, ինչի գլխավոր պատճառը դաշնակից ՔԺԿ-ն էր։ Կառավարությունը ձեւավորվում է նախագահի ընտրությունից հետո, ով խորհրդարան է ներկայացնում վարչապետի թեկնածուին։ Մինչդեռ ՔԺԿ-ն, խախտելով ՔՀԿ-ի հետ պայմանավորվածությունը, ձգտեց նախ սեփական թեկնածուով հանդես գալ՝ հանձին նախկին ԱԳ նախարար Հոշյար Զիբարիի, որին պաշտոնից հեռացրել էր խորհրդարանը։ Ուստի ընդդիմությունը դիմեց դաշնային դատարան, որն էլ հաստատեց այդ պաշտոնին նրա անհամապատասխան լինելը։ Երկրի նախագահն ընտրվում է ձայների 2/3-ով՝ 220 ձայնով։ Երեք փորձից հետո խորհրդարանն ի զորու չեղավ ընտրել երկրի նախագահ, քանի որ «Հայրենիքի փրկությունը» հովանավորում էր դաշնակից ՔԺԿ-ի ներկայացրած Ռիբար Ահմեդ Խալեդիին։ Իսկ Իրաքի շիաների «Համերաշխության շրջանակ» ընդդիմադիր դաշինքը, ինչպեսեւ 43 անկախ պատգամավորներից շատերը բոյկոտում էին ընտրությունները, եւ քվորում չէր լինում։ Փաստորեն, Սադրի առաջարկած «ազգային մեծամասնություն» կառավարության ձեւավորումը, որը պետք է աշխատեր խորհրդարանի հզոր ընդդիմության վերահսկողության ներքո, ձախողվեց իր իսկ դաշնակցի հարվածով՝ պայմանավորվածության խախտումով։ Հանգամանք, ինչը ՔՀԿ-ին մղեց դեպի ընդդիմություն, որի նախագահի թեկնածուն գործող նախագահ Բարհամ Սալիհն էր։ Վերլուծաբանների, այդ թվում՝ «Ատլանտյան խորհուրդ» հետազոտությունների կենտրոնի իրաքյան հարցերի փորձագետ Աբբաս Քադեմի կարծիքով՝ Սադրը ձախողումից հետո գործնականում իրավիճակից քաղաքական նվազագույն կորստով դուրս գալու տարբերակ է ընտրել՝ հեռանալով խորհրդարանից։ Սադրի որոշմամբ՝ երկիրը հայտնվել է էլ ավելի ծանր վիճակում ու նոր, ավելի լուրջ մարտահրավերների առջեւ։ Այժմ բանակցություններ են վարում նրան խորհրդարան վերադարձնելու ուղղությամբ, բայց հաջողության հավանականությունը մեծ չէ։
Ստեղծված իրավիճակում խորհրդարանը համալրվելու է 73 ընտրատարածքներից ընտրվածներին հաջորդող ամենաշատ ձայներ ունեցողներով, ինչը նշանակում է խորհրդարանի նախագահության նոր ընտրություններ եւ այլն։ Սակայն այս դեպքում էլ պետք է հաշվի առնել, որ Սադրը բավական մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ է, որի պահանջները նոր կառավարությունը չի կարող անտեսել, այլապես մեծ հավանականությամբ կձախողվի։ Այժմ կառավարություն ձեւավորելու փորձեր է կատարում շիաների «Համերաշխություն» շրջանակը, որը գլխավորում են ընտրություններում պարտություն կրած՝ իրանամետ Հադի Ամերիի առաջնորդած «Ալ Ֆաթհ» («Հաղթանակ») դաշինքը, որը նախորդ ընտրություններում 53 ձայնով երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում, մինչդեռ այժմ 17 ձայնով 5-րդ տեղում է, եւ նախկին վարչապետ շիա Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետություն» դաշինքը՝ 32 ձայնով։ Այդ նպատակով «Համերաշխությունը» բանակցություններ է վարում քաղաքական տարբեր ուժերի հետ։
Իրաքում քաղաքական տարբեր ուժեր խիստ դատապարտում են Թուրքիայի՝ PKK-ի զինյալներին ոչնչացնելու պատրվակով այդ երկրի դեմ զավթողական հարձակումները՝ կառավարությանը մեղադրելով զուտ հայտարարություններով ու քննադատություններով բավարարվելու համար։ Ավելին՝ նույնիսկ սիրիացի քուրդ քաղաքական գործիչները շեշտում են, որ Էրդողանի բուն նպատակն էներգակիրներով հարուստ Իրաքի Մոսուլ եւ Քիրքուք նահանգներին տիրանալն է՝ ընդգծելով, թե Թուրքիան համարում է, որ Սաքս-Պիկոյի համաձայնագրի (1916 թ.) ժամկետն ավարտվել է, եւ պետք է վերադառնալ Օսմանյան կայսրության սահմաններ։ Այսուհանդերձ, Քուրդիստանի ինքնավարությունում իշխող ՔԺԿ-ն, ակնհայտ թուրքամետ քաղաքականություն վարելով, ցանկանում է ինքնավարության տարածքում գտնվող գազի պաշարները Թուրքիայով արտահանել Եվրոպա, ինչին ձգտում է նաեւ Անկարան։ Սա՝ այն դեպքում, երբ Իրաքի դաշնային դատարանն արգելել է ինքնավարության տարածքի նավթի ու գազի պաշարներն ինքնուրույն տնօրինելը, ինչը ՔԺԿ-ական իշխանությունները չեն ընդունում եւ այն չեղարկելու ուղղությամբ ջանք չեն խնայում։ ՔԺԿ-ն ստեղծված իրավիճակում հայտարարել է, թե Սադրի դաշինքից հեռանալը իրենց որոշումն է, թեեւ «Հայրենիքի փրկություն» կոալիցիան դեռեւս չի լուծարվել, ապա շեշտել, որ ՔԺԿ-ն նոր իրավիճակում կարեւոր՝ հավասարակշռող դեր ունի։ Իսկ կառավարության ձեւավորմանը մասնակցելու համար երկու նախապայման է ներկայացրել։ Նախ՝ դաշնային դատարանի որոշումն ինքնավարության նավթի ու գազի պաշարների վերաբերյալ պետք է կասեցվի, մինչեւ հարցի շուրջ բանակցություններով ընդհանուր հայտարարի գալը։ Ապա, եթե պետք է նախագահը լինի ՔՀԿ-ից, այդ դեպքում պետք է ներկայացվի նոր թեկնածու, քանզի իրենք դեմ են Բարհամ Սալիհի թեկնածությանը։ Անշուշտ, նախապայմանները, մասնավորապես դաշնային դատարանի որոշման կասեցումը, ընդունելի չեն «Համերաշխության» համար եւ ոչ միայն։ Այլ կերպ ասած, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, հավանաբար, զարգացումները հանգեցնելու են նոր ընտրությունների, որոնք, բացառված չէ, դարձյալ կարող են հարցը չլուծել։ Իսկ Քադեմի կարծիքով՝ հարցի լուծումը 2005 թ. հաստատված Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելն է, մասնավորապես՝ ընտրությունների հետ կապված հոդվածների մասով։