«Ազգային խորհուրդ». այսպես է կոչվում նոր կազմակերպությունը, որը կվերահսկի Եվրահանձնաժողովի 12 պայմանների կատարումը Վրաստանի կառավարության կողմից: Դա անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Դրա ստեղծման մասին հայտարարվել է Թբիլիսիում բազմամարդ՝ «Տուն՝ դեպի Եվրոպա» նշանաբանով կայացած հանրահավաքի ընթացքում: Նոր կազմակերպության մասին հայտնի է միայն, որ նրա կազմի մեջ կարող է մտնել ցանկացած ոք, ով կողմ է եվրաինտեգրմանը: «Ազգային խորհրդի» մասին ավելի մանրամասն կհաղորդվի այսօր, երբ Եվրամիությունը վերջնական որոշում կկայացնի՝ կապված Վրաստանի կարգավիճակի հետ, իսկ Թբիլիսիում եւս մեկ հանրահավաք կանցկացվի:
Իշխանությունները, հայտարարելով, որ «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիան կազմակերպվել է ընդդիմության, առաջին հերթին՝ «Ազգային շարժման» կողմից, սխալվել են: Անկասկած, կազմակերպման գործում զգացվում էր ընդդիմադիր ձեռքը, սակայն հանրահավաքին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում քիչ չէին նրանք, ովքեր քվեարկել են «Վրացական երազանքի» օգտին: Եվրաինտեգրման հարցը ջնջել էր սահմանները Վրաստանի բնակիչների քաղաքական հակումների միջեւ: Այդ փաստը հաճույքով էին շեշտում հռետորները՝ պնդելով, որ հայտնվել է մի թեմա, որը միավորում է երկիրն ու հաղթահարում անմիաբանությունը: Մի խոսքով՝ նրանց շրջանում քաղաքական գործիչներ չկային. ընդդիմության ղեկավարները, որպեսզի իշխանություններին առիթ չտան՝ խոսելու հակակառավարական ակցիայի մասին, որոշել էին մնալ ստվերում:
Եվրաինտեգրման համար հանրահավաքներ են անցկացվել նաեւ Քութայիսիում եւ Վրաստանի մի շարք այլ քաղաքներում: Ընդդիմությունը պնդում է, որ ակցիան հատուկ չի նախապատրաստել: Հենց միայն Ուկրաինայում կռվող վրացի կամավորների եւ եվրոպացի քաղաքական գործիչների տեսանյութերը հերքում են դա:
Հանրահավաքում նոր բան գրեթե չկար: «Ռուսաստանը տիեզերական չարիք է. իշխող «Վրացական երազանքը» եւ նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ավելի փոքր չափերի չարիք են, իսկ Եվրոպան լույս է, անվտանգություն ու բարգավաճում: Առանձին տողով՝ «Փառք Ուկրաինային», որ պայքարում է ագրեսիվ ամբողջատիրության դեմ»:
Հանրահավաքում ծածանվում էին ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, նույն Ուկրաինայի դրոշները, Մոլդովայի դրոշը Թբիլիսիի կենտրոնում կարծես առաջին անգամ հայտնվեց։ Կային նաեւ պաստառներ, որոնք պահանջում էին ազատ արձակել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիային։ Ի դեպ, որոշ բանախոսներ կշտամբեցին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ մեղադրելով նրան, որ կարող է լուծել այս հարցը նախագահական ներմամբ, բայց չի անում։
Ամենաինտրիգայինը Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռասա Յունկեւիչենեի եւ Էնդրյուս Կուբիլյուսի ելույթներն էին։ Նրանք խոսեցին անգլերեն, բայց ցուցարարները չշփոթվեցին, արձագանքեցին բուռն ծափահարություններով։ Յունկեւիչենեն եւ Կուբիլյուսը, որոնց ժամանակին իշխող «Վրացական երազանքը» մեղադրում էր Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, իրենց ելույթներում բավական շիտակ էին։ Նրանց խոսքերով՝ Վրաստանի ողջ խնդիրը կառավարությունն է որն ամեն ինչ արեց, որպեսզի երկիրը չստանա ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Յունկեւիչենեն խորհուրդ տվեց հնարավորինս շուտ իրականացնել ապաօլիգարխացում՝ նշելով, որ բոլորը լավ գիտեն, թե որ օլիգարխի մասին է խոսքը։ Միեւնույն ժամանակ նա աննկատ զուգահեռներ անցկացրեց Վլադիմիր Պլախոտնյուկի ժամանակվա Մոլդովայի հետ, օլիգարխ, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, եւ ով այժմ թաքնվում է արտասահմանում։ Կուբիլյուսը Վրաստանի ժողովրդին մաղթել է ունենալ այնպիսի կառավարություն, որը ոչ թե խոչընդոտ կդառնա Եվրամիության ճանապարհին, այլ ժողովրդի առաջնորդ։ Սկզբունքորեն իշխող «Վրացական երազանքը» կարող է մեղադրել Եվրախորհրդարանին Վրաստանի ներքին գործերին միջամտելու, առավել եւս՝ քաղաքական կարգի փոփոխություն հրահրելու մեջ։ Բայց, հավանաբար, այժմ դա չի հետաքրքրում «Վրացական երազանքին»: Փողոց դուրս եկած մարդկանց թիվը, ըստ տարբեր գնահատականների, մոտ է եղել կրիտիկական զանգվածին՝ մի քանի տասնյակ հազար մարդ, իսկ իշխանություններն ստացել են սոցիալական պատվեր՝ մինչեւ տարեվերջ կատարելու Եվրահանձնաժողովի 12 պայմանները։
Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է նաեւ Եվրամիության նախագահ Շառլ Միշելը. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ ճանաչելու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի եվրոպական հեռանկարները: Այդ երկրների ու նրանց ժողովուրդների ապագան Եվրոպական միությունում է»: Միեւնույն ժամանակ նա հասկացրել է, որ Ուկրաինայի ու Մոլդովայի հարցը դրական է լուծվել, իսկ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դեռ պետք է աշխատի:
Այդուհանդերձ, իշխող կուսակցությունն ընթացիկ գործընթացների վերաբերյալ իր կարծիքն ունի: Մասնավորապես, ինչպես հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, ապաօլիգարխացումը չի կարող վերաբերվել Բիձինա Իվանիշվիլիին, ով շատ բան է արել երկրի ու ժողովրդի համար: Նրա կարծիքով՝ ընդդիմությունն իր ակցիայով ուժեղացնում է քաղաքական բեւեռայնությունը, որը Եվրամիությունն առաջարկում է հաղթահարել: «Վրացական երազանքի» ներկայացուցիչների խոսքերով՝ միտինգը նման էր «բաց դուռը ջարդելու» փորձի, քանզի իշխանություններն արդեն խոստացել են կատարել Եվրամիության բոլոր 12 պայմանները՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանում հանդես գալով կատարած աշխատանքի հաշվետվությամբ, հայտարարել է, որ Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան անձամբ մեկնել է ԱՄՆ եւ Եվրոպա՝ պահանջելով, որ Վրաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրվի: «Գլխավոր նախաձեռնողներից մեկը, ով Եվրոպայից ու ԱՄՆ-ից համառորեն պահանջում էր, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չստանա, ուկրաինական իշխանության ներկայացուցիչ է՝ պարոն Արախամիան: Նա գործնականում վերջնագիր է ներկայացրել Եվրոպային, որ եթե Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանա, իրենք շատ կտխրեն»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետի հայտարարության համաձայն՝ «Ազգային շարժումը»՝ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարությամբ, չի ցանկացել եւ չի ցանկանում, որ Թբիլիսին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանա: Բացի այդ, ինչպես նշել է Ղարիբաշվիլին, «Լելոյի» քաղաքական քարտուղար Սալոմե Սամադաշվիլին անձամբ է մեկնել Բրյուսել եւ խնդրել, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրվի: Ղարիբաշվիլին շեշտել է, որ այդ ամենն իմացել է իր եվրոպական գործընկերներից՝ կոչ անելով ճանաչել «երկրի դավաճանին»…