ԵՄ գագաթնաժողովը հունիսի 23-ին Ուկրաինային եւ Մոլդովային շնորհեց ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այդ իրողությունը համարեց «պատմական պահ»։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Միշելի, Եվրախորհուրդը «որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը եւ պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ լուծվեն մնացած առաջնահերթությունները»։
Դեռեւս հունիսի 17-ին Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան կարծիք էր հայտնել, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տա՝ որպես «հույսի խորհրդանիշ»՝ ուկրաինացիների ոգին պահպանելու համար, մինչդեռ իրական անդամակցության համար դեռ «շատ քայլեր կան անելու»: Եվրահանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ պետք է շնորհվեր մի քանի պայմաններով։ Եթե Կիեւը չկատարի դրանք, ապա թեկնածությունը կարող է հանվել։ Ուկրաինայի իշխանությունները նշել են, որ նախատեսում են անհրաժեշտ փոփոխություններն իրականացնել մինչեւ տարեվերջ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, Ուկրաինան, ինչպես նաեւ Մոլդովան եւ Վրաստանը, այժմ պետք է «շատ տնային աշխատանք կատարեն»՝ կարեւոր բարեփոխումներն իրականացնելու եւ ԵՄ-ին միանալու ճանապարհով գնալու համար։ Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՄ որոշումը ողջունել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյջի Կիհարան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարեւորել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հանգամանքը, քանի որ դրանով երկիրն այլեւս «գորշ գոտի» կամ «բարձ» չէ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այլ ԵՄ ապագա գործընկերը։ Զելենսկին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրումն անվանել է «անվերադարձ», իսկ համայնքին միանալը՝ անխուսափելի «մոտ ապագայում»։ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն էլ նշել է, որ Կիեւի իշխանությունները չեն կարող «փոխել աշխարհագրությունը», եւ Ռուսաստանը կմնա «հարեւան», սակայն ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալը «փոխել է պատմությունը»։
Ուկրաինայի անդամակցությանը երեկ «France 2» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պատվիրակ Կլեման Բոնը՝ նշելով, որ Ուկրաինան չպետք է պատրանքներ ունենա ԵՄ-ին արագ անդամակցելու հարցում, դա երկար գործընթաց է, որը կսկսվի միայն հակամարտության ավարտից հետո։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը «պատմական ու խորհրդանշական պահ էր», որն «անհրաժեշտ էր Եվրոպային»։ «Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կլինի մեկ գիշերվա ընթացքում, վաղը պատրանքներ չստեղծելու համար պետք է անմիջապես ասել, որ սա մի ընթացակարգ է, որը կսկսվի միգուցե մի քանի ամսից, որը կլինի երկար ու պահանջկոտ»,- մեկնաբանել է ֆրանսիացի դիվանագետը։ Միաժամանակ Բոնն ընդգծել է, որ այդ բանակցություններին «պետք է նախորդի հակամարտության ավարտը, ռազմական գործողություններից հետո երկրի վերականգնումը»։ «Բանակցությունների փուլերում առաջնահերթություն չի լինի կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանության ինստիտուտների հարմարեցման եւ Ուկրաինայի տնտեսության ամրապնդման հետ կապված: Դրանք կանցկացվեն հակամարտությունից հետո»,- նրա խոսքերն է փոխանցում «ՏԱՍՍ»-ը։
«Պատմական օր Մոլդովայի համար. Եվրոպական խորհուրդը մեզ շնորհեց Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ: Մենք ԵՄ-ի ճանապարհին ենք, որը մոլդովացիներին կբերի ավելի բարգավաճում, ավելի շատ հնարավորություններ եւ ավելի շատ կարգուկանոն իրենց երկրում»,- այսպես է գնահատել ԵՄ-ի որոշումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Ռումինիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեսանը հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ մերձդնեստրյան խնդիրը պետք է լուծվի նախքան Մոլդովայի Հանրապետության փաստացի անդամակցումը ԵՄ-ին։ Նշենք, որ այստեղ լուծման երկու տարբերակ կարող է լինել. կամ Մոլդովան փակում է Մերձդնեստրի հարցը՝ հրաժարվելով այդ տարածքների նկատմամբ իրավունքներից, կամ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու փաստի առաջ է կանգնում։ Մոլդովայի համար կա նաեւ մեկ այլ ճանապարհ, որը կարող է տեղի ունենալ միայն Մերձդնեստրի խնդիրը լուծելուց հետո, այն է՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո միավորվել Ռումինիայի հետ։
Ուկրաինայի եւ Մոլդովայի համար եվրոպական ուղին տարիներ շարունակ արտաքին քաղաքականության մեջ գերակա ուղղություն է։ Սակայն նկատենք, որ ԵՄ-ի կայացրած որոշումից հետո երկու երկրներն էլ կաշկանդված են լինելու այն «կանոնների, պահանջների եւ պարտականությունների ցանկով» կամ, այլ կերպ ասած, «տնային հանձնարարություններով», որոնք ներկայացել են նախքան անդամակցության վերջնական որոշման ընդունումը։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ Մոլդովայի եւ Ուկրաինայի հարցում ԵՄ-ն խորհրդանշական աշխարհաքաղաքական քայլ է կատարել, որը լրջորեն շեղվում է ԵՄ-ի՝ իր իսկ կողմից ընդունած չափանիշներից։ Թերեւս, այդ իրողությունից ելնելով էլ ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես զգուշացրել են, որ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի անդամակցության գործընթացի հետ կապված բոլոր ապագա որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով նոր երկրներ ընդունելու Եվրամիության հնարավորությունները։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիային եւ Ալբանիային, որոնք նույնպես երկար ժամանակ շարժվում են դեպի «եվրոպական ընտանիք»։