Թուրքիան իսկական անակնկալ մատուցեց՝ կտրուկ հրաժարվելով իր խոստումներից՝ արգելափակելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի ուղին դեպի ՆԱՏՕ: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ապագա դաշնակիցների նկատմամբ Անկարան ամենեւին էլ բարեգործություն չի անում: Էրդողանի գրասենյակը բաց տեքստով հայտարարել է, որ թուրքերը ստացել են «այն, ինչ ուզում էին»: Իսկ Սկանդինավիայում ապրող բազմաթիվ քրդեր իրենց դավաճանված ու վաճառված են զգում հանուն շվեդական կառավարության աշխարհաքաղաքական հավակնությունների:
Հնարավոր է՝ երբեւէ հայտնի կդառնան Թուրքիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդրկուլիսային պայմանավորվածությունները: Գուցե նաեւ ԱՄՆ-ի, որն առայժմ ամեն բան հերքում է: Բայց բավարար է նաեւ այն, ինչը մակերեսին է. Ստոկհոլմն ու Հելսինիկին խոստացել են խզել հարաբերությունները քրդական խմբավորումների հետ, որոնց Անկարայում «ահաբեկչական» են անվանում: Խոսքը եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, եւ սիրիական քրդերի կազմակերպության, եւ գյուլենական շարժման մասին է: Սկանդինավցիները խոստացել են թուրքերի հետ միասին պայքարել ահաբեկչական սպառնալիքի դեմ:
Ֆիններն ու շվեդները միեւնույն ժամանակ խոստացել են հանել զենքի էմբարգոն, որը կիրառվեց այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիայի հյուսիս, եւ կրկին՝ գլխավորապես քրդական ստորաբաժանումների դեմ:
Գործարքի ֆոնին հնչել է նաեւ էքստրադիցիայի թեման. Հելսինկին ու Ստոկհոլմը խոստացել են օպերատիվորեն արձագանքել թուրքական հարցումներին՝ կապված ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտահանձնելու հետ: AFP-ի տեղեկություններով՝ Թուրքիան պահանջում է իրեն հանձնել 33 հոգու: Եվ, ինչպես «Aftonbladet»-ին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, ցանկացած էքստրադիցիա տեղի կունենա «ազգային ու միջազգային օրենսդրության շրջանակներում»:
Շատերն են գոհ մնացել գործարքի արդյունքներից: Շվեդիայի ու Ֆինլանդիայի ղեկավարներն ուրախ են «կանաչ լույսի» համար, որը վերջին պահին վառվել է իրենց առջեւ: Դաշինքի ղեկավարությունը երջանիկ է, որ մադրիդյան գագաթնաժողովում ամեն բան արժանապատիվ ու վեհ է լինելու, եւ Ֆինլանդիան ու Շվեդիան դուրս չեն մնա: Բոլորից շատ, իհարկե, ձեռքերը շփելու առիթ ունի Էրդողանը. նա հասավ արտաքին քաղաքական ճեղքման, հարված հասցրեց քրդական խմբավորումներին, պայմանավորվեց զենքի մատակարարման էմբարգոն հանելու վերաբերյալ: Եվ, անշուշտ, իր համերկրացիների աչքերում հաստատեց քաղաքական ծանրքաշայինի իր վարկը, ով կարողանում է արեւմտյան ժողովրդավարներին այնպիսի առաջարկներ ներկայացնել, որոնցից նրանք չեն կարողանում հրաժարվել:
Իսկ ահա Սկանդինավիայում նոր հայրենիք գտած քրդերը, մեղմ ասած, դժգոհ են իրենց քաղաքական գործիչների համաձայնվողական դիրքորոշումից: Անկարայի ու Ստոկհոլմի միջեւ հակամարտության կարգավորման մասին նորությունը՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցության շվեդական հայտի հետ, սկանդինավյան թագավորությունում ապրող քրդական մեծ համայնքի ներկայացուցիչները, մոտ 100-150 հազար մարդ, լսեցին հսկայական հիասթափությամբ ու անհանգստությամբ: Եվ, ի դեպ, ոչ միայն նրանք:
Խորհրդարանի անդամ, Ձախ կուսակցության ղեկավար Նուշի Դադգոստարը, ում ծնողները ժամանակին Իրանից փախել են Շվեդիա՝ փրկվելով հետապնդումից, կարծում է, որ շվեդական կառավարությունը պետք է բացատրի, թե կոնկրետ ինչին է հիմա համաձայնվել: «Սկզբի համար կառավարությունը պետք է հրավիրի կուսակցությունների ղեկավարներին եւ բացատրի, թե ինչի շուրջ են պայմանավորվել,- նրա խոսքերը մեջբերել է «Svenska Dagbladet»-ը:- Դատելով ԶԼՄ-ների տեղեկատվությունից՝ երեւում է, որ արտասահմանյան տերությունը պետք է թույլատրի որոշել, թե ում պետք է արտաքսել եւ ինչ է պետք հրապարակել շվեդական թերթերում»:
«Մենք ի սկզբանե զգուշացրել ենք շվեդական անվտանգության քաղաքականությունը բռնակալ Էրդողանին փոխանցելու վտանգները,- տարակուսում է Դադգոստարը:- Սակայն կառավարությունը հերքում էր, որ դա տեղի կունենա: Հիմա մենք պետք է բացենք խաղաթղթերը: Արդյոք Շվեդիան պետք է զինի՞ Թուրքիային Սիրիայի դեմ նրա ագրեսիվ պատերազմում: Ռեժիմի քննադատներից ո՞վ պետք է արտաքսվի»:
Շվեդական խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ քուրդ նախկին պարտիզանուհի Ամինե Կակաբավեն խոր հիասթափված է Շվեդիայի ու Թուրքիայի միջեւ կնքված գործարքից՝ հայտարարելով, որ դա դավաճանություն է քրդերի հանդեպ:
Նա սպառնացել է գործընթաց սկսել ԱԳ նախարար Անն Լինդեին անվստահություն հայտնելու համար, ով մասնակցություն է ունեցել Թուրքիայի հետ վիճահարույց գործարքի մեջ: Ի դեպ, Շվեդիայի կառավարության ղեկավար Մագդալենա Անդերսոնը հանդես է եկել արտաքին գործերի նախարարության ղեկավարի օգտին. «Խորհրդարանի անդամների ավելի քան 80 տոկոսը ներկայացնում է կուսակցություններ, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին: Շատ դժվար կլինի շվեդ ժողովրդին բացատրել, թե ինչու են անվստահություն հայտնում հենց այն նախարարին, ով ներգրավված է եղել բանակցություններում, որպեսզի մենք գնանք ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհով»։
«Սա դավաճանություն է Շվեդիայի կառավարության, ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Ստոլտենբերգի կողմից, ովքեր խաբում են մի ամբողջ խմբավորման (խոսքը սիրիական քրդերի շարժման մասին է), որն ազատագրեց իրեն եւ ողջ աշխարհին ԴԱԻՇ-ից,- Ամինե Կակաբավեի խոսքերը մեջբերել է «Dagens Nyheter» շվեդական հանդեսը: Թուրքիան, ի դեպ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ պահանջում է իրեն հանձնել նաեւ Կակաբավեին: -Հատկապես երբ խոսքը վերաբերում է կանանց պայքարին, որին, իբր, աջակցում է Շվեդիան։ Հազարավոր կանայք իրենց զոհաբերեցին՝ աշխարհը ԴԱԻՇ-ից ազատելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կակաբավեն, ով վերջերս իր վճռական քվեով աջակցեց վարչապետ Մագդալենա Անդերսոնին, որպեսզի նրան անվստահություն չհայտնեն, համաձայնության էր եկել կառավարության հետ, որ Շվեդիան կշարունակի աջակցել սիրիական քրդերին («Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ») եւ խորացնել համագործակցությունը նրա քաղաքական թեւի՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ: Բայց հիմա ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիան եւ Ֆինլանդիան խոստացել են չաջակցել այդ կազմակերպություններին։ Այսպիսով՝ անցյալի պայմանավորվածությունները փլուզվել են։
«Ինքը՝ Ստոլտենբերգը, իրեն ջերմության ու անվտանգության մեջ է զգում: Նա չգիտի, թե ինչպես ենք մենք՝ մնացածներս, մեր կյանքը փրկել բանտից ու մահապատժից»,-ասել է Ամինե Կակաբավեն: Միեւնույն ժամանակ քուրդ ակտիվիստուհին կարծում է, որ Շվեդիան իրավաբանորեն երբեք չի կարողանա արտահանձնել մարդկանց, ովքեր փախել են հետապնդումներից եւ որոնց բանտարկություն է սպասվում Թուրքիայում: Նրա կարծիքով՝ Անկարայի հետ գործարքն առավել մեծ չափով կանդրադառնա Շվեդիայի վրա, որը, Կակաբավեի խոսքերով, բարոյականության տեսանկյունից «խոնարհվել է բռնակալի առջեւ», այսինքն՝ Էրդողանի:
«Dagens Nyheter»-ի հարցին՝ արդյոք Կակաբավեն հասկանո՞ւմ է, որ Ստոկհոլմը, այնուամենայնիվ, պետք է պայմանավորվեր՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, վերջինս պատասխանել է. «Այո, կարգավորման շուրջ պետք է պայմանավորվել, բայց ինչու քրդերի հաշվին: Ինչու քրդերին օգտագործել որպես մանրադրամ»: