Սիրիայի հյուսիսարեւելյան մասը վերահսկող քրդական ռազմականացված խմբավորումները հայտարարել են պաշտոնական Դամասկոսի հետ սահմանափակ պաշտպանական գործարքի մասին՝ միտված այն բանին, որ դադարեցնեն Թուրքիայի զինված ուժերի եւ այդ երկրին հավատարիմ ընդդիմադիր խմբավորումների գործողությունները։ Պայմանավորվածությունները հանգեցրել են նրան, որ Սիրիայի արաբական կառավարական բանակի ավելի քան 500 զինվորականներ ուղարկվել են երկրի հյուսիս։ Չնայած այն բանին, որ նման պայմանավորվածությունները դժվար թե վախեցնեն Անկարային, իրավիճակը չի կարող չանհանգստացնել Վաշինգտոնին, որը հանդես է գալիս որպես քրդական աշխարհազորայինների հովանավոր։
Կենտրոնական կառավարության հետ գործարքի մասին հայտարարել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» պաշտոնատար անձինք: Դա անկախ բազմազգ դաշինք է, որի ողնաշարը քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներն են: Ռազմական կազմակերպության ներկայացուցիչ Նուրի Մահմուդն արաբական պարբերականներին բացատրել է, որ այժմ երկրի հյուսիսարեւելյան ինքնավար շրջանի իշխանությունները կհամակարգեն գործողությունները Սիրիայի արաբական բանակի հետ՝ «թուրքական ցանկացած ագրեսիայի հակազդելու համար»։ Բացի այդ, նա ավելացրել է. «Մենք մշտական կապի մեջ ենք միջազգային կոալիցիայի (ԱՄՆ-ի գլխավորությամբ- խմբ.) եւ Ռուսաստանի հետ։ Հուսով ենք, որ նրանք արդյունավետ դեր կխաղան այժմյան հարաբերական կայունության պահպանման եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու գործում»։
Ի դեպ, Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Դամասկոսի հետ գործարքը բացառապես իրատեսական, ռազմական բնույթ է կրում: Կողմերը պետք է ձեւավորեն միասնական օպերատիվ շտաբ եւ հետախուզական տվյալների փոխանակում կազմակերպեն: Բացի այդ, Սիրիայի արաբական բանակի հրամանատարությանը հնարավորություն է տրվել իր ներկայությունն ապահովել հյուսիսային այն շրջաններում, որոնց մոտակայքում պետք է իրականացվի թուրքական հատուկ գործողությունը: Այսպես՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերի մոտ տեղափոխվել են կառավարական բանակի 550 զինվորականներ, տանկեր ու ծանր զինատեսակներ: Նման իրավիճակ արձանագրվել է նաեւ 2019 թ., երբ Անկարան ձեռնարկեց «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը: Այդ ժամանակ Սիրիայի հյուսիսարեւելյան որոշ շրջաններ քրդերի համաձայնությամբ վերցվեցին Դամասկոսի մասնակի վերահսկողության տակ:
Ստեղծված դրությունը չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին, որը սահմանափակ ռազնական ներկայություն է պահպանում Սիրիայի ժողովրդավարական ուժերի պատասխանատվության գոտում: Վաշինգտոնը չի շտապում ակտիվորեն միջամտել՝ վախենալով բարձրացնել լարվածության մակարդակը ՆԱՏՕ-ում իր դաշնակցի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում: ԱՄՆ-ի աճող անհանգստության նշան էր սենատոր Լինդսի Գրեհեմի եւ միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատար գեներալ Ջոն Բրենանի այցը Սիրիայի հյուսիսարեւելյան Հասեկե քաղաք: Նրանք հանդիպեցին Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատարների հետ: Արաբական «Աշարկ ալ-Աուսատ» հանդեսի քրդական աղբյուրները հայտարարել են, որ բանակցությունների մասնակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգության ոլորտում առկա խնդիրները՝ «թուրքական շարունակվող սպառնալիքների լույսի ներքո» եւ էսկալացիայի կանխման ուղիները:
Հետաքրքիր է, որ, ըստ «Աշարկ ալ-Աուսատի» զրուցակիցների, ամերիկացի սենատորը Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատարների ուշադրությունը հրավիրել է «հավասարակշռված բանաձեւ գտնելու անհրաժեշտության վրա, որը մի կողմից կպահպանի ամերիկա-թուրքական հարաբերությունները», իսկ մյուս կողմից՝ կթույլատրի կայունացնել իրավիճակը Սիրիայի հյուսիսարեւելյան մասում եւ կապահովի հնարավորություն՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ համակարգմամբ պայքարելու «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդների դեմ: Գրեհեմը միեւնույն ժամանակ բուֆերային գոտիներ ստեղծելու գաղափար է արտահայտել այն տարածքների միջեւ, որոնք վերահսկում են քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումները, եւ այն շրջանների, որոնք Թուրքիայի պատասխանատվության գոտում են։
Մեծ հարց է, սակայն, թե Անկարան որ տարբերակին է համաձայն՝ նկատի ունենալով, որ Սիրիայում գործող քրդական ռազմականացված խմբավորումները դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղ, ուստի սկզբունքորեն ձգտում է նրանց հեռացնել իր սահմաններից: Հենց դա է թուրքական պոտենցիալ հատուկ գործողության առաջնահերթություններից մեկը, գործողություն, որի նախապատրաստության մասին թուրքական պաշտոնատար անձինք վաղուց են խոսում տարբեր մակարդակներով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա ենթակաները բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցին երկու աթոռների վրա նստելու փորձերի համար, քանզի Վաշինգտոնը պահպանում է կապերը Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերում նրանց: Թուրքերը, իհարկե, տիրապետում են երկու աթոռների վրա նստելու «արվեստին»…
Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է սիրիացի անկախ քաղաքական վերլուծաբան Մահմուդ ալ-Համզան, Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված քրդական խմբավորումների եւ Դամասկոսի կառավարության հարաբերությունները կարելի է համարել ռազմավարական, ուստի չպետք է զարմանալ, որ նրանք կարող են պայմանավորվել՝ ելնելով իրավիճակից: Վերլուծաբանը հիշեցրել է, որ հենց սիրիական հատուկ ծառայությունների օգնությամբ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ժամանակին կարողացավ մեծացնել իր ռազմական եւ քաղաքական ներուժը։ Այժմ գլխավորը մնում է քրդերի կողմից սեփական պետականություն ձեռք բերելու հարցը։ «Բայց հենց որ Թուրքիայի կողմից վտանգ է մոտենում քուրդ զինյալներին, նրանք անմիջապես վազում են դեպի սիրիական ռեժիմ։ Ինչպես երեւում է, նման պայմանավորվածություններ նաեւ հիմա են ձեռք բերվել»,- ասել է վերլուծաբանը։
Ալ-Համզայի խոսքով՝ կասկածելի է, որ նման գործարքը կկանգնեցնի թուրքական զինված ուժերի եւ նրան հավատարիմ սիրիական ընդդիմության ստորաբաժանումների առաջխաղացումը։ Բացի այդ, ինչպես նկատում է փորձագետը, Դամասկոսի նախագահական պալատը հազիվ թե կարող է հավակնել հյուսիսարեւելյան շրջանների ամբողջական վերահսկողությանը, քանի դեռ Սիրիայի ժողովրդավարական ուժերն օգտվում են ամերիկյան աջակցությունից։ «Իհարկե, եթե թուրքական գործողությունը լայնածավալ զարգացում ունենա, ապա քուրդ աշխարհազորայինները բացահայտ կմերձենան վարչակազմին, քանի որ պետք է ինչ-որ կերպ պաշտպանեն իրենց»,- ասել է «Նեզավիսիմայա գազետայի» աղբյուրը։-Ամերիկյան դիրքորոշումը բավականաչափ հստակ չէ. Վաշինգտոնը մի կողմից աջակցում է քրդական կազմավորումներին, բայց իրականում լավ հարաբերությունների մեջ է Անկարայի հետ»։
Ըստ ալ-Համզայի՝ կարեւոր դեր է խաղում նաեւ Մոսկվան, որը ռազմական ներկայություն ունի Սիրիայի հյուսիսարեւելյան մի շարք շրջաններում: «Ռուսաստանը հիմա այն վիճակում չէ, որ վեճ սկսի Թուրքիայի հետ: Միեւնույն ժամանակ ինձ թվում է, որ Մոսկվան որոշակի դեր է խաղացել քրդերի ու սիրիական վարչակազմի դիրքորոշումների մոտեցման հարցում: Ռուսաստանը կցանկանար, որ հյուսիսային շրջանները բաժին հասնեին ոչ թե Թուրքիային, այլ վարչակազմին»,- նշել է վերլուծաբանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ նման սցենարն իրատեսական չի թվում: Ինչպես երեւում է, շատ բան կախված կլինի եւ այն բանից, թե որքան լայնածավալ կլինի թուրքերի հարձակումը:
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ թուրքերը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում, «կանաչ լույս» վառելով շվեդական ու ֆիննական հայտերի առջեւ, ինչ-ինչ խոստումներ. հավանաբար, ստացել են իրենց դաշնակիցներից՝ կապված Սիրիա ներխուժման հետ: