Ռուսաստանը շատ ուղղություններով նկատելի արդյունքների է հասել Թուրքմենստանի հետ առեւտրում: Այս մասին գրում է ամերիկյան «EurasiaNet»-ը՝ նշելով, որ Աշխաբադը ցանկանում է գազ արտահանել Եվրոպա՝ միեւնույն ժամանակ ձգտելով իր վրա չկուտակել Մոսկվայի զայրույթը:
Մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որն օրերս կայացավ Թուրքմենստանի մայրաքաղաքում, գրեթե աննկատ անցավ, բացառությամբ մի բանի՝ սեղանի: Ինչպես թվիթերում կտրուկ նկատել է «The Financial Times»-ի հոդվածագիր Մաքս Սեդոնը, սեղանն այնքան մեծ է եղել, որ կենտրոնում հոկեյի մի ողջ սահադաշտ կտեղավորվեր: Միանգամայն հնարավոր է, որ սեղանի ընտրությունը պայմանավորված էր համաճարակաբանական նկատառումներով: Սակայն ակամա տպավորություն է ստեղծվում, որ հին պետությունների ղեկավարները դիվանագիտորեն հեռանում են միմյանցից:
Նման վերջին գագաթնաժողովը կայացել էր 2018 թ. հուլիսին, եւ դրա ընթացքում ընդունվել էր Կասպից ծովի իրավական կարգավիճակի ուղենշային կոնվենցիա։ Շատերը պնդում էին, որ դա էներգակիրների փոխադրման վաղուց հայտնի նախագծերի իրականացման սկիզբը կդնի, ներառյալ՝ անդրկասպյան խողովակաշարը, որը կոչված է ապահովել գազի տարանցումը Թուրքմենստանից Ադրբեջան: Իրականությունը, սակայն, որոշ չափով ավելի պրոզայիկ ստացվեց:
Եթե մերձկասպյան գործընկերները ցանկանում են խոչընդոտել այդ պլանների իրականացմանը, օգտագործում են պայմանական հաղթաթուղթը։ Եթե Ռուսաստանը, օրինակ, մտադիր է արգելափակել խողովակաշարի կառուցումը, ապա տեսականորեն կարող է վկայակոչել բնապահպանական խնդիրները:
Դրանով է բացատրվում այն, որ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն օգտագործեց աշխաբադյան գագաթնաժողովը՝ առաջարկելու համար այն, ինչն անվանել է Կասպիական բնապահպանական ծրագիր: «Թուրքմենստանի դիրքորոշումն այստեղ հստակ ձեւավորված ու սկզբունքային է. ողջ տնտեսական ու արտադրական գործունեությունը պետք է խստորեն փոխկապակցված լինի ջրամբարի բնապահպանական անվտանգության հետ, համապատասխանի բնության պահպանության միջազգային ճանաչված չափանիշներին»,- ասել է նա:
Վերջին ժամանակներս անդրկասպյան գազամուղի շինարարությունը չի մտնում Թուրքմենստանի առաջնահերթությունների մեջ, քանի որ Աշխաբադն իր ողջ էներգիան ուղղել է տրանսաֆղանական TAPI (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազամուղ: Սակայն իրավիճակը կարող է փոխվել:
Բերդիմուհամեդովն Աշխաբադում այս ամսվա սկզբին հանդիպել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայի հետ: Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես Թուրքմենստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովին նախապատրաստության շարունակություն: Այն կկայանա այս տարվա վերջին: Թուրքական լրատվական «Star» կայքը մեջբերել է Օքթայի խոսքերն այն մասին, որ դիտարկվում են երեք սցենարներ՝ թուրքմենական գազը Թուրքիա հասցնելու համար, որտեղից այն պետք է մատակարարվի եվրոպական շուկաներ:
Տարբերակներից մեկը ենթադրում է արդեն նշված անդրկասպյան երթուղու շինարարություն, որով գազը հաջորդ փուլում կմղվի TANAP անունով հայտնի գազամուղ:
Հաջորդ տարբերակն այն մասին է, որ կարելի է վառելիքը Թուրքիա առաքել սվոփ համաձայնագրերի միջոցով, ինչպիսիք հիմա գործում են Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի միջեւ: Եղած տեղեկությունների համաձայն՝ թուրքմենները հետաքրքրված են նման կերպ մատակարարվող գազի ծավալների ավելացմամբ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտպանել է այդ գաղափարը Բերդիմուհամեդովի հետ հունիսի 29-ին կայացած զրույցի ընթացքում:
Օքթայի առաջարկած երրորդ սցենարը ենթադրում է գազի մատակարարում Կասպից ծովով՝ նավերով:
Եվրոպայի համար թուրքմենական գազի գրավչությունը Ռուսաստանից կախվածության նվազեցման հնարավորության մեջ է: Սակայն Թուրքմենստանը չի ցանկանում, որ այնպես ստացվի, թե ինքը, իբր, տարաձայնություններ ունի Մոսկվայի հետ, որը տնտեսական կարեւորագույն գործընկեր է: Գտնվելով Աշխաբադում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հպանցիկ հիշատակել է Թուրքմենստան «Գազպրոմ» պետական գազային ընկերության ղեկավարության առաջիկա այցի մասին, որի նպատակը, նրա խոսքով, մատակարարման վերաբերյալ առկա համաձայնագրերի շարունակականության ապահովումն է։
Մոսկվան երկարատեւ ընդմիջումից հետո 2019 թ. վերսկսել է գազի գնումը Թուրքմենստանից։ 2021 թ. վերջին Աշխաբադում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բլոխինն անսպասելիորեն հայտարարեց, որ Մոսկվան այդ տարի կրկնապատկել է թուրքմենական գազի գնման իր սովորական ծավալը՝ հասցնելով այն 10 մլրդ խորանարդ մետրի։ Այս հայտարարությունը չէր կարող անուշադրության մատնվել, քանի որ 2019 թ. կնքված հնգամյա համաձայնագիրը նախատեսում էր տարեկան ընդամենը 5.5 մլրդ խմ-ի մատակարարում։ Ռուսաստանը Թուրքմենստանի հետ առեւտրի հարցում զգալի արդյունքների է հասել բազմաթիվ ոլորտներում, այլ ոչ թե միայն էներգետիկայում։ Անցյալ ամիս Բերդիմուհամեդովի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինը նշել է, որ 2022 թ. առաջին եռամսյակում երկկողմ առեւտուրն անցյալ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով։
Բայց Աշխաբադն ավելի հեռուն է նայում: Արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովն Աշխաբադում հանդիպել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Չժան Սյանչենի հետ: Թուրքմենստանը նոյեմբերին պաշտոնապես հայտ է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար, իսկ փետրվարին «միացող երկրի» կարգավիճակ է ստացել: Հանդիպման նպատակն էր օպերատիվ տեղեկատվություն տրամադրել Աշխաբադի կողմից օրակարգն առաջ մղելուն ուղղված քայլերի վերաբերյալ։ Մերեդովի խոսքով՝ մինչ օրս Թուրքմենստանն աշխատել է կատարելագործել ազգային օրենսդրական դաշտը, արտաքին առեւտրի ընթացակարգերն ու կանոնները, ինչպես նաեւ բացատրական քարոզարշավ է անցկացրել բնակչության եւ գործարար շրջանում, թե ինչ է ենթադրում ԱՀԿ-ին անդամակցումը: Գործնականում Թուրքմենստանը ցանկանում է լինել բոլորի եւ յուրաքանչյուրի ընկերը, բայց միեւնույն ժամանակ խուսափել իրենց գործերին գործընկերների միջամտությունից։
ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ պետական «Չեզոք Թուրքմենստան» թերթը հրապարակել է Բերդիմուհամեդովի կողմից նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորանքը, որում նա վերահաստատել է Վաշինգտոնի հետ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունները «կատարելագործելու» իր հանձնառությունը։ Ցանկացած նման հարաբերություն, նշել է Բերդիմուհամեդովը, պետք է հիմնված լինի «փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման եւ վստահության» սկզբունքների վրա։
«Չեզոք Թուրքմենստանի» նույն համարում հաղորդվում է թուրքական «Chalyk Energy» ընկերության հետ գործարքի մասին՝ Բալկանյան վիլայեթի արեւմտյան մասում 10 մեգավատ հզորությամբ հիբրիդային արեւա-հողմային էլեկտրակայանի կառուցման համար։ Շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2022 թ. հուլիսին եւ ավարտվեն մինչեւ 2024 թ. հունվարը։ Ինչպես սովորաբար նման դեպքերում, ծրագրի արժեքը չի հրապարակվում, թեեւ որոշ նախանշաններ ցույց են տալիս, որ աշխատանքը, հավանաբար, կֆինանսավորվի 2021 թ. Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի կողմից Թուրքմենստանին տրամադրված 25 մլն դոլար վարկով:
Այն, որ Արեւմուտքը Թուրքիայի միջոցով փորձում է հարեւան երկրները, նաեւ Կենտրոնական Ասիան պոկել Ռուսաստանից, արդեն ակնհայտ է: Մոսկվայում վաղուց արդեն հասկացել են դա. Ուկրաինայում ընթացող ռուսական ռազմական հատուկ գործողությունն այդ ընկալման տրամաբանական պատասխաններից մեկն է:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ