Հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Ընդհանրապես` ուկրաինական իրադարձությունների այս ֆոնին եվրոպական առաջնորդներն էներգիայի այլ մատակարարներ են փնտրում՝ պայմանավորված այն սպառնալիքով, որ ռուսական կողմից գազի մատակարարումները կարող են ամբողջապես դադարել: Հուլիստասնության հանդիպումից կողմերը գոհ էին մնացել։ Հայկական կողմի համար սա մտահոգության տեղիք է, որովհետեւ եթե ԵՄ-ն ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնի, հասկանալի է, որ ԵՄ երկակի ստանդարտների քաղաքականությունն էլ է ընդլայնվելու թեկուզ հենց մեր երկրի մասով։ Իսկ մենք ստանդարտների այս ձեւով իրացման ամբողջ «փայլը» տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո, նաեւ ուկրաինական ճգնաժամի հետ համեմատած։
Ինչեւէ, ի՞նչ է ենթադրում Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ պայմանավորվածությունը։ «ՀՀ»-ն փորձեց որոշ պարզաբանումներ ստանալ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից։ Երեկ մեզ հետ զրույցում նա նախ հստակեցրեց, որ «Բաքուն եւ Բրյուսելը ընդամենը հուշագիր են ստորագրել 2027-ից հետո Ադրբեջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության վերաբերյալ»: Ավելի լավ պատկերացնելու համար եթե խոսենք թվերով, ակնկալվում է, որ 5 տարի անց ԵՄ-ն տարեկան կներկրի 20 մլրդ խմ ադրբեջանական գազ՝ այժմ ներկրվող 10 մլրդ-ի փոխարեն:
Փորձագետը հավելեց նաեւ, որ Ադրբեջան-Եվրոպա գլխավոր գազատրանսպորտային զարկերակի՝ «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման ծրագրերն ամենեւին նոր չեն: «Այն, ինչ ստորագրվեց Բաքվում, ԵՄ էներգետիկ դիվանագիտության մանեւր է՝ վաղուց հաստատված ծրագրերի ու նպատակների վերահաստատում»,- ասաց նա: Իսկ եթե «Հարավային գազային միջանցքի» հնարավորություններն ընդլայնվե՞ն։ Մեր հարցին ի պատասխան` Վ. Դավթյանը շեշտեց. «Անգամ եթե «Հարավային գազային միջանցքի» հնարավորությունները զգալիորեն ընդլայնվեն, ապա լավագույն դեպքում դրանով հնարավոր կլինի արտահանել մինչեւ 30 մլրդ խմ գազ, որից մոտ 10 մլրդ-ն՝ Թուրքիա, մնացած 20-ը՝ Եվրոպա: Մինչդեռ Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ծավալը մոտ 400 մլրդ խմ է»։ Սա, իհարկե, մեր զրուցակցի խոսքով, մինչեւ 2027 թ. անխուսափելիորեն աճելու է՝ պայմանավորված ԵՄ «կանաչ գործարքի» տապալմամբ ու «խաղաղ ատոմի» ճգնաժամով։ «Այսպիսով,- շեշտեց նա,- լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ծածկել ԵՄ գազի պահանջարկի մոտ 5 տոկոսը»: Ավելի պարզ ասած՝ ադրբեջանական գազը եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն չունի:
Երկու օր առաջ «Եվրանյուզը» գրել էր, թե Եգիպտոսը, Ադրբեջանն ու Ալժիրը կօգնեն ԵՄ-ին` հաղթահարելու գազային ճգնաժամը։ Սակայն եթե ուշադիր հետեւենք պաշտոնական տեքստերին, ապա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Եգիպտոսը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ էներգետիկ ոլորտում, բայց դա վերաբերում է ոչ միայն բնական գազի արտահանմանը, այլեւ վերականգնվող էներգիային։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին գնացել էր Ալժիր՝ այդ երկրից գազի ներկրումն ավելացնելու համաձայնագիր ստորագրելու համար։ Բայց ինչքա՞ն է այդ ավելացումը։ Տարեսկզբից Ալժիրն Իտալիային է տվել 14 մլրդ խմ գազ, ու մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս 6 մլրդ խմ տալ։ Ադրբեջանի հնարավորության պահով էլ արդեն խոսեցինք։ Իսկ ինչ են ասում ԵՄ-ի այսպես ասած՝ ուղեղային կենտրոնները։
«Հետազոտությունները, այդ թվում՝ ԵՄ տարբեր «ուղեղային կենտրոնների» կողմից անցկացված, ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ԵՄ-ն կարող է կրճատել ռուսական գազի ներկրումն ընդամենը 35-40 մլրդ խմ-ով: Պատճառները պարզ են. Նորվեգիան սահմանել է արդյունահանման լուրջ քվոտաներ, Հոլանդիան էապես կրճատել է արդյունահանումը՝ հաշվի առնելով սեյսմիկ ռիսկերը, Ալժիրն ու Նիգերիան վերջերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը եվրոպացիների բարեկեցության համար (ու, ընդհանրապես, գաղութականացման դարաշրջանը վաղուց անցել է): Այսպիսով, ակնկալվում է, որ այդ 35-40 մլրդ-ն ապահովելու են հիմնականում Կատարն ու եվրոպական գազի շուկայում դեմպինգի բացակայության դեպքում խիստ անմրցունակ ԱՄՆ-ն»,- նշեց Վ. Դավթյանը (դեմպինգը մեկ երկրից մյուսը ապրանքի արտահանումն է ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում է։ Որոշ դեպքերում այդ գները կարող են լինել արտադրության ծախսերից էլ ցածր։ Դեմպինգին դիմում են խոշոր մոնոպոլիաները` մրցակիցներին հեռացնելու եւ արտաքին շուկաներ գրավելու համար,- Ա. Մ.)։
Մի խոսքով` ինչպես եզրափակեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը, «այսօր ռուսական «Գազպրոմը» ծածկում է ԵՄ գազի պահանջարկի շուրջ 40 տոկոսը, եւ որեւէ պարագայում Ադրբեջանն իր համեստ եւ (ուշադիր լինենք,- Ա.Մ.) դեռեւս չհստակեցված ծավալներով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք: Ավելին` ԵՄ էներգետիկ օրենսդրության «3-րդ էներգետիկ փաթեթի» համաձայն՝ նույն «Գազպրոմը» իր եվրոպական դուստր ընկերությունների միջոցով կարող է միանալ «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող մայրուղային Տրանսադրիատիկ գազամուղին, ինչպես նաեւ միջանցքին կցված տարբեր ինտերկոնեկտորներին»: