Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին մեկնել է Իրան: Թեհրանում նա մասնակցել է «Աստանայի ձեւաչափով» գագաթնաժողովին, առանձին հանդիպումներ ունեցել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Իրանն ու Ռուսաստանն այժմ ընդհանուր շատ թեմաներ ունեն: «Իրանը հիմա գնում է հացահատիկ, եգիպտացորեն: Եթե Ռուսաստանը չկարողանա ինչ-որ բան վաճառել, ապա Իրանը, որը փորձ ունի, կհամագործակցի: Ինչ ապրանք պետք լինի Ռուսաստանին, Իրանը կարող է տանել: Մենք ազատ գոտիներ ունենք, եւ Իրանի միջոցով ռուսական ցանկացած ապրանք կարելի է տեղափոխել այլ երկրներ: Դա վերաբերում է ոչ միայն եգիպտացորենին, այլեւ յուղին, հացահատիկին, ոսպին, սարքավորումներին»,-ասել է իրանական քաղաքական գործիչ, Իրան-Ռուսաստան առեւտրային կազմակերպության անդամ Սաիդ Ջալալիֆարը: Իրանը ռուսական հացահատիկի երկրորդ գնորդն է, եթե նկատի ունենանք գնման ծավալները:
Երկրները համագործակցում են նաեւ էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աշխատել «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի ուղղությամբ. ՌԴ պետական վարկի շնորհիվ Պարսից ծոցում կառուցվում է «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանը:
Կապված «Բուշերի» շինարարության հետ՝ հարկ է նշել, որ անցած տարվա դրությամբ Մոսկվային Թեհրանի պարտքը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 500 մլն եվրո: Գարնանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումից հետո նշել էր, որ Թեհրանը փակել է իր պարտավորությունների մի մասը: «Անցած տարվա վերջին վճարում արվել է, այս տարվա սկզբին՝ նույնպես: Դինամիկա կա, բայց, միեւնույն է, պարտքը մնում է, ուստի այդ հարցը քննարկման ու իրականացման փուլում է»,-ասել էր փոխվարչապետը:
«Ռուսաստանն ու Իրանը հարեւաններ են: Այդ երկրների միջեւ հարաբերություններում կան հնարավորություններ եւ խնդիրներ: Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, Արեւմուտքի հետ երկբեւեռ իրավիճակում է գտնվում, ուստի սա լավ ժամանակ է համագործակցության համար: Այստեղ նաեւ հարց կա՝ այս համագործակցությունը, այս հարաբերությունները ռազմավարակա՞ն են, թե՞ մարտավարական: Ես կարծում եմ, որ սրանք մարտավարական հարաբերություններ են»,-նկատել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ավագ դասախոս, Մերձավոր Արեւելքի փորձագետ Ահմադ Վախշիտեհը:
Շատերն էին սպասում, որ Ռուսաստանը նավթային ոլորտում կսկսի մրցակցել Իրանի հետ, սակայն երկրները միասին են աշխատում: Իսկ առջեւում քաղաքական մերձեցման կարեւոր փուլն է: Արտաքին քաղաքական ուժերը, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ, այլեւս մանեւրելու տեղ չունեն եւ, իհարկե, կփորձեն կանխել հնարավոր նոր դաշինքի ստեղծումը Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ: Այդ իսկ պատճառով նույնիսկ աննշան թվացող հանգամանքները կօգտագործվեն՝ այդ գաղափարին գոնե որոշ չափով վնասելու համար: Այստեղ միշտ մի վերապահում կա. թեհրանյան գագաթնաժողովին մասնակցում էր նաեւ Էրդողանը, իսկ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է:
Վերադառնալով Պուտինի այցի թեմային՝ հարկ է շեշտել, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Մերձավոր Արեւելք կատարած շրջագայությունից հետո, որի քառօրյա ժամկետի կեսն ամերիկյան ղեկավարն անցկացրել է Իսրայելում: Այս առումով վերլուծական շրջանակները Պուտինի այցը Թեհրան անվանեցին «պատասխան հարված»՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու ԱՄՆ-ի փորձերից հետո: Փորձագետները համոզված են, որ Մոսկվան նույնպես իր դիրքերն է ամրապնդում տարածաշրջանում:
Շանհայի միջազգային հետազոտությունների համալսարանի մերձավորարեւելյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Չժու Վեյլին «The Global Times»-ին ասել է, որ Պուտինի այցը վաղուց է պլանավորված եղել, սակայն հաշվի առնելով Բայդենի՝ «վակուումը լցնելու նպատակը», որին հաջորդել են Մերձավոր Արեւելքում ամերիկյան դիվանագիտության շատ սահմանափակ արդյունքները, Պուտինի այցն իսկապես դիտվում է որպես «բռունցքով հարված ԱՄՆ-ի դեմքին»:
Ավելի վաղ Բայդենը Պարսից ծոցի վեց երկրների ներկայացուցիչների առջեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մնում է Մերձավոր Արեւելքում որպես ակտիվ, շահագրգիռ գործընկեր, Վաշինգտոնը չի հեռանա եւ վակուում չի ստեղծի, որը կարող են լցնել Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:
Մեկնաբանները նշում են, որ չնայած Արեւմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ուժեղացնում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, չի հաջողվելԿրեմլին դիվանագիտական անկյուն մղել: ՌԴ-ն ուղղաձիգ հարաբերություններ է հաստատել մերձավորարեւելյան երկրների հետ եւ ամրապնդել իր ներկայությունը: Ռուսաստանին այստեղից դուրս մղելը հեշտ չէ ոչ միայն այն պատճառով, որ տարածաշրջանում ուժեղ ներկայություն ունի. այս առումով կարեւորվում են տարածաշրջանային պետությունների հետ նրա կապերն էներգետիկ ոլորտում: Ըստ փորձագետների՝ այն պատճառով, որ նվազում է ԱՄՆ-ի ազդեցությունը, տարածաշրջանի խոշոր տերությունները, այդ թվում՝ Թուրքիան, Իրանն ու Սաուդյան Արաբիան, ուժեղացնում են ինքնավարությունն ու շատ ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն են վարում:
Իրանցի ձեռնարկատերերը, որոնց վկայակոչում է «Wall Street Journal»-ը, նշում են, որ այժմ ռուսական բիզնես էլիտան ավելի ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում սահմանափակումները շրջանցելու իրանական մեխանիզմների նկատմամբ: Հնարավոր է, որ Թեհրանի օգնության աճող պահանջարկը կարող է ստիպել նրան՝ Մոսկվայից պահանջելու ավելի մեծ զիջում պարտքերի հարցում:
Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ տեղի ունեցած իրադարձությունները լույս սփռեցին նաեւ ՌԴ-ի ու Իրանի ունեցած նմանությունների վրա. երկուսն էլ ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի առաջնագծում են:
Գագաթնաժողովում քննարկվեցին նաեւ Սիրիայի պատերազմի մասին հարցերը: Տեղեկություն կա, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ցանկանում է նոր ռազմական հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քուրդ մարտիկների, որոնց ահաբեկիչներ է համարում: Նրանց թվում են նաեւ Ազգային ինքնապաշտպանության ջոկատները, որոնք Վաշինգտոնի աջակցությամբ առանցքային դեր են խաղացել Սիրիայում «Իսլամական պետություն» անվանված ահաբեկչական կազմակերպության ջախջախման գործում: Ռուսաստանն ու Իրանը, իրենց հերթին, աջակցում են նախագահ Ասադի վարչակազմին, իսկ Թուրքիան՝ ապստամբ ուժերին, որոնք փորձում են տապալել նրան: Իրանը նախազգուշացրել է, որ թուրքական ռազմական արշավը Սիրիայում սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Կապված դրա հետ՝ ռուս վերլուծաբան Վլադիմիր Սոտնիկովը AFP-ին տված հարցազրույցում ասել է. «Գագաթնաժողովի համար ժամանակը պատահական չի ընտրվել: Թուրքիան ցանկանում է Սիրիայում նույնպիսի ռազմական հատուկ գործողություն իրականացնել, ինչպես Ռուսաստանը՝ Ուկրաինայում»: