Եվրամիությունում գլոբալ փոփոխությունների գաղափարը քննարկվում է բավականին երկար ժամանակ։ Այն օբյեկտիվ անհրաժեշտություն դարձավ հատկապես 2004 թ. ԵՄ-ի ընդլայնումից հետո, օրակարգում է հայտնվել նաեւ Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին։ Այդ թեմային օգոստոսի 29-ին անդրադարձել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ կարծիք հայտնելով, որ ԵՄ-ն աստիճանաբար պետք է վերացնի վետոյի իրավունքը եւ կոնսենսուսի միջոցով որոշումներ կայացնելուց անցում կատարի դեպի պարզ մեծամասնական որոշումների կայացման համակարգ, մասնավորապես արտաքին եւ հարկային քաղաքականության ոլորտում։ «Այնտեղ, որտեղ այսօր պահանջվում է միաձայնություն, վտանգ կա, որ մի երկիր, իր վետոյով, կխանգարի մյուսներին առաջ շարժվել»,- ընդգծել է նա Պրահայի Չարլզի համալսարանում ելույթի ժամանակ։ Բնականաբար կոնսենսուսով որոշումների ընդունման պարագայում գործընթացն ավելի դանդաղում է, իսկ վատագույն դեպքում կարող է ամբողջությամբ կաթվածահար անել ինչպես ԵՄ աշխատանքը, այնպես էլ կասեցնել մի շարք որոշումների ընդունումը։ Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում նման դրսեւորումներ եղան, երբ պետք է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթներ ընդունվեին։
Ուշադրության է արժանի այն, որ Գերմանիայի կանցլերը նաեւ հորդորել է հիմնարար բարեփոխումներ իրականացնել Եվրամիությունում՝ նոր անդամների ընդունելությանը նախապատրաստելու նպատակով։ «Արեւմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովայի Հանրապետությունը եւ ապագայում Վրաստանը պետք է դառնան ԵՄ-ի մաս։ Այդ ընդլայնումը բխում է ԵՄ շահերից»,- ասել է նա՝ հավելելով, որ «այս օրերին նորից հարց է առաջանում, թե որտեղից է այսուհետ գծվելու ազատ Եվրոպայի եւ նեոիմպերիալիստական ինքնավարության միջեւ բաժանարար գիծը»: Այսինքն՝ ներկա իրողություններում վերոնշյալ երկրներն իրենց սահմաններով այն առավելագույնն են, ինչին ձգտում է Արեւմուտքը։
Ռուսաստանի հետ առճակատումը ստիպելու է բավականին լուրջ որոշումներ կայացնել ԵՄ հիմնարար սկզբունքների շուրջ։ Կարեւոր հարցերից է լինելու, թե ինչ սկզբունքով են ԵՄ-ում որոշելու վետոյի իրավունքից հրաժարումը։ Սովորաբար Եվրոպան վերադառնում է միության ներսում գլոբալ փոփոխությունների անհրաժեշտության գաղափարներին ճգնաժամի պահերին, սակայն բոլորն էլ գիտակցում են, որ ԵՄ հիմնարար փաստաթղթերի փոփոխություններին հասնելն ամենեւին էլ հեշտ չի լինի։ Նշենք, որ ամենից հաճախ քվեարկության ժամանակ վետոյի իրավունքից օգտվել է Հունգարիան։ Այդ երկրից բացի ինքնիշխանության խիստ սահմանափակման հետ կապված կոշտ դիմադրություն է ցույց տալիս Լեհաստանը։ Վետոյի իրավունքի վերացումը էական փոփոխություններ է առաջացնելու «եվրոպական ընտանիքում»։ Ի վերջո, հավասարության այն մոդելը, որը դրվել է վերպետական այդ միավորման հիմքում, էական ճաքեր կտա. վետոյի իրավունքը թույլ էր տալիս միության բոլոր անդամներին՝ անկախ տնտեսական, քաղաքական կամ այլ առավելություն ունեցող դիրքեր ունեցող միության բոլոր անդամներին ունենալ «պողպատյա լծակ» որոշումների ընդունման հարցում։ Պարզ մեծամասնություն պահանջող համակարգում կանտեսվեն որեւէ երկրի կամ երկրների տեսակետները, մոտեցումները եւ բացահայտ կդրսեւորվեն այն երկրների շահերն ու հետաքրքրությունները, որոնք ցանկանում են «առաջինը լինել հավասարների մեջ»։
Նշենք, որ հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին ի թիվս մի շարք երկրների՝ հրավիրվելու են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։ Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան ու Նորվեգիան, որոնք թեեւ ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաեւ ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան եւ Սերբիան: «The Guardian» պարբերականի հրապարակման համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաեւ Թուրքիային, սակայն դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը: Իսկ Թուրքիայի մասնակցությանը դեմ են Հունաստանն ու Կիպրոսը:
Միջոցառմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը, որի ձեւաչափը ենթադրում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը: Մեկ շաբաթ առաջ Պրահայում կայացած ԵՄ նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ նախատեսվում է ստեղծել մի կազմակերպություն, որը կարող է իր շարքերն ընդունել Ուկրաինային, ինչպես նաեւ ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիային։