Թուրքիայի ու Հունաստանի միջեւ զինված բաց հակամարտության հեռանկարն ավելի ու ավելի հավանական է դառնում, եւ դա, ինչպես գրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված «19FortyFive»-ը, առաջին հերթին կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա ձգտում է հանրության ուշադրությունը շեղել տնտեսական հիմնախնդիրներից, ինչը նրան կթույլատրի խուսափել ազգային զայրույթից:
Ինչպես գրում է «19FortyFive»-ը, երկրների ցուցակը, «որոնք տառապում են Անկարայի ագրեսիվ գործողություններից», կարճ չես անվանի: Թուրքիան վերահսկում է Կիպրոսի մեկ երրորդ մասը, իր F-16 կործանիչներն ու հատուկ նշանակության ուժերն օգտագործել է հայկական ուժերի դեմ, ամեն օր ավիահարվածներ է հասցնում Իրաքին եւ արդեն հասցրել է նրա տարածքում ստեղծել 68 հենակետ, այդ թվում՝ լիարժեք ռազմաբազաներ, «էթնիկ զտումներ» է իրականացնում Սիրիայի հյուսիսում: «Այս ֆոնին անհանգստություն են առաջացնում Հունաստանի հասցեին Էրդողանի՝ ավելի ու ավելի հաճախակի հնչող սպառնալիքները»,- նշում է «19FortyFive»-ը՝ շեշտելով, որ չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ հաճախ է լարվածություն առաջանում, այժմյան ճգնաժամը յուրահատուկ է եւ պայմանավորված է չորս գործոնով:
Առաջին՝ Էրդողանը «ռեւանշիստ է եւ նույնիսկ չի թաքցնում դա»: Նա փորձում է հասնել այն բանին, որ 1923 թ. Լոզանի խաղաղ պայմանագիրը, որը հաստատեց Թուրքիայի սահմանները Բուլղարիայի ու Հունաստանի հետ, վերանայվի հօգուտ Անկարայի, կեղծ հայտարարություններ է անում, թե Աթենքը, իբր, խախտում է ապառազմականացման մասին համաձայնագիրը, իր համախոհների հետ պնդում է, որ Էգեյան ծովի բոլոր կղզիները, որոնք միջին գծից դեպի արեւելք են, պետք է պատկանեն Թուրքիային: Անկարան, սակայն, չի սահմանափակվում հայտարարություններով. նրա ինքնաթիռներն անընդհատ խախտում են հունական կղզիների օդային տարածությունը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունները՝ «եւ մեր, եւ ձեր» ոգով, միայն խորացնում են ստեղծված իրավիճակը:
Երկրորդ գործոնը թուրքական տնտեսության վիճակն է, որն ընթանում է դեպի ձախողում: Երկրում արժեզրկումը գերազանցում է 80 տոկոսը, վերջին հինգ տարում թուրքական լիրան կորցրել է իր արժեքի նույն 80 տոկոսը, իսկ Էրդողանն ու նրա ընտանիքի անդամները «իրավական տեսանկյունից ինչ-որ անհասկանալի կերպով» այդ ժամանակահատվածում հասցրեցին միլիարդատերեր դառնալ: Միեւնույն ժամանակ, քանի որ թուրք նախագահը լիովին ճնշել է իր քաղաքական հակառակորդներին՝ նրանց մի մասին բանտարկելով, մի մասին էլ դուրս մղելով երկրից, այժմ պարզապես քավության նոխազ չի գտնում, ում վրա կարող է բարդել տնտեսական դժվարությունների պատասխանատվությունը, ուստի նրան ճգնաժամ է պետք, որը հնարավորություն կտա շեղել հասարակության ուշադրությունը: Այդ առումով հունական կղզիների գրավումն իդեալական շեղող մանեւր է:
Նման դինամիկա է նկատվում նաեւ ընտրությունների առումով, որոնք սարերի հետեւում չեն: «Պետդեպում միտում կա ցանկալին իրականի տեղ ընդունել, եւ շատերը, որոնք մտածում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների մասին՝ խոստովանելով, թե ինչպիսի խնդրահարույց մարդ է Էրդողանը, այնուամենայնիվ, հույս ունեն, որ ընտրողները կհոգնեն նրանից եւ պարզապես կվռնդեն հաջորդ տարի,-նշում է «19FortyFive»-ը:- Այսպիսի հույսերով նրանք ուղղակի ցանկանում են հարթեցնել ամերիկյան քաղաքական համակարգի շրջանակներում Թուրքիային պատասխանատվության կանչելու ցանկացած փորձ: Բայց այստեղ կա մի խնդիր. այդ մոտեցումը ենթադրում է, որ Էրդողանը, ով իրեն շարիաթի ծառա ու Ստամբուլի իմամ է անվանել, կենթարկվի ժողովրդի կամքին: Իսկ ճշմարտությունն այն է, որ եթե Էրդողանն ընտրություններում պարտվի ձայների այնպիսի տարբերությամբ, որը հնարավոր չի լինի չեզոքացնել ընտրախախտումների օգնությամբ, պարզապես ճգնաժամ կսադրի եւ արտակարգ դրություն կհայտարարի, ինչը նրան հնարավորություն կտա ընդհանրապես ընտրություններ չանցկացնել: Եվ Հունաստանի հետ պատերազմն իդեալական որոշում կլինի Էրդողանի համար»:
Մի կողմից՝ Արեւելյան Միջերկրածովյանում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ծովային գոտիների սահմանազատման հարցի լուծված չլինելը հաճախ է հանգեցնում միջադեպերի, ուստի նույնիսկ ամենաանհաշտ ընդդիմությունը չի կարող մեղադրել Էրդողանին, որ դա հորինված խնդիր է: Մյուս կողմից՝ Հունաստանի եւ Թուրքիայի թշնամությունը դարերի պատմություն ունի, եւ Էրդողանը պատրաստվում է պայքարի մեջ մտնել Թուրքիայի հավերժական թշնամու հետ: Հունական բանակը, նույնիսկ հագեցած ժամանակակից զենքով, այդուհանդերձ, թուրքականից ավելի թույլ է, ուստի Աթենքը երկարատեւ հակամարտության չի գնա: Հունաստանը բոլոր առումներով իդեալական հակառակորդ է, եւ, ըստ Էրդողանի, նրա նկատմամբ կարճատեւ հաղթական պատերազմով հնարավոր է «կերակրել» թուրք ազգայնականներին, որոնք, ըստ էության, նրա իշխանության հիմքն են:
Իրավիճակը սրող վերջին գործոնն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշումն է: Չնայած Բայդենը նախագահ ընտրվելուց հետո շատ ավելի ամուր դիրքորոշում ուներ Էրդողանի նկատմամբ, քան իր նախորդները, նրա թիմը վերջին ամիսներին այդ ուղղությամբ զգալի հետընթաց է արձանագրել: Դա է վկայում նաեւ այն, որ Բայդենը խոստացել է Կոնգրեսին խորհուրդ տալ՝ աջակցելու Անկարային F-16 կործանիչներ վաճառելու առաջարկին: Բայդենի ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, հույս ունեն, որ այդ քայլը կհանգստացնի Թուրքիային այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նրան դուրս թողեց F-35-ի ծրագրից՝ հրաժարվելով նորագույն կործանիչներ մատակարարել նրան, ինչպես նաեւ Անկարային կմղի Ուկրաինային օգնության ցուցաբերման: Սակայն իրականում դա հակառակ արդյունք տվեց. Էրդողանն այն ընդունեց որպես ԱՄՆ-ի կողմից թույլտվություն՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու հարեւանների նկատմամբ, ինչպես նաեւ ազդանշան այն մասին, որ Անկարային թույլատրվում է Ռուսաստանից լրացուցիչ C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերել: Իսկ Ուկրաինայի հարցում Թուրքիան միեւնույն ժամանակ «երկակի խաղ» է խաղում՝ Չինաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին օգնելով Ռուսաստանին՝ խուսափելու նրա դեմ կիրառվող դիվանագիտական ու տնտեսական միջոցառումներից:
«Հունաստանի հետ պատերազմն ավելի շուտ շատ մոտ է, եւ ոչ այն պատճառով, որ Աթենքն ինչ-որ բան այնպես չի արել, այլ որովհետեւ Էրդողանն հանրության ուշադրությունն իր ձախողումներից եւ սնանկացումից շեղելու հուսահատ անհրաժեշտություն է զգում: Իսկ Բայդենի վարչակազմը առաջիկա 12 ամսում, ամենայն հավանականությամբ, կփորձի պատասխանել այն հարցերին, թե ինչ կարելի է անել՝ թուրքական ագրեսիան կանխելու համար, ԱՄՆ-ն ինչպես կարող է օգնել Հունաստանին՝ պայքարելու թուրքական անօդաչուների, կործանիչների ու հրթիռների դեմ, եւ արդյոք Ամերիկան կարո՞ղ է մի կողմ քաշված մնալ, եթե ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը գրոհում է դաշինքի մեկ այլ անդամին»,- նշում է «19FortyFive»-ը՝ շեշտելով, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել Միջերկրական ծովում, եթե ներքաղաքական իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:
Սակայն Անկարայի համար լուրջ կլինեն բացասական հետեւանքները: Ցանկացած զանգվածային պատերազմ վերջնականապես կքանդի Թուրքիան, որի տնտեսությունն առանց այդ էլ ծանր վիճակում է: Լավագույն դեպքում հակամարտությունն արագ կմարվի, ՆԱՏՕ-ի առաջատար անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ակնհայտորեն կհամակրեն Հունաստանին, իսկ Ֆրանսիան կարող է ուղղակիորեն աջակցել հույներին: Բայց Թուրքիայի համար ամենասարսափելին տնտեսական պատժամիջոցներն են, որոնք կարող է կիրառել Արեւմուտքը. այժմյան իրավիճակում դրանք վերջնականապես կսպանեն թուրքական տնտեսությունը, եւ Հունաստանի նկատմամբ ոչ մի հաղթանակ չի կարող փրկել իրավիճակը: ՆԱՏՕ-ն չի թույլատրի, որ Թուրքիան վճռորոշ հաղթանակ տոնի եւ ստորացնի Հունաստանին՝ դաշինքի հավատարիմ ու կանխատեսելի անդամին:
Այսպիսով՝ Էրդողանը Հունաստանի հետ զանգվածային պատերազմից օգուտ չի ստանա. հաղթանակը միայն քարոզչական կարող է լինել, ինչը հավասարազոր է պարտության, իսկ ՆԱՏՕ-ի ճնշմամբ թուրքերի նահանջը կընդունվի որպես ազգային խայտառակություն եւ Թուրքիայի թուլություն, ինչը նույնպես կթաղի Էրդողանի հույսերը՝ հաղթելու 2023 թ. կայանալիք համընդհանուր ընտրություններում: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան կշարունակի գործել «պատերազմի եզրին»: Այս դեպքում Էրդողանը կարող է նվաճել ընտրողների համակրանքը եւ վերջնականապես չխզել կապերն Արեւմուտքի հետ, ինչն իրականում չի էլ պատրաստվում անել. ԱՄՆ-ի բարեհաճությունը չափազանց կարեւոր է թուրքական աշխարհաքաղաքական պլանների իրականացման համար: Անկարան իզուր չէ ակտիվորեն կարգավորում հարաբերությունները Մերձավոր Արեւելքում ամերիկյան գլխավոր դաշնակցի՝ Իսրայելի հետ եւ բանակցություններ վարում Ֆրանսիայի հետ՝ կապված հակառուսական պատժամիջոցների հետ: Ուստի կարելի է սպասել, որ մոտ ժամանակներս լարվածությունը հույն-թուրքական հարաբերություններում կշարունակի խորանալ, կուժեղանա թուրքական ագրեսիվ հռետորաբանությունը, սակայն զանգվածային հույն-թուրքական հակամարտություն դժվար թե սկսվի: