Այն բանից հետո, երբ 2020 թ. հուլիսի 10-ին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխվեց (այդ երկրի վարչական դատարանը չեղարկեց 1934 թ. տաճարը թանգարան դարձնելու մասին որոշումը, իսկ դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաման ստորագրեց այն մզկիթի վերածելու մասին ), ի թիվս շատերի՝ հարցին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: «Ի՞նչ է նշանակում, որ այն սուրբ նշանակություն ունի: Այս փոփոխության շնորհիվ քրիստոնյաները, մեր զբոսաշրջիկները կարող են մտնել այնտեղ: Թուրք գործընկերները բացատրել են, որ ամեն բան կպահպանվի լավագույն վիճակում, եւ բոլոր ցանկացողները կարող են այցելել Այա Սոֆիա: Ավելին՝ ես ձեզ ասեմ, որ Սուրբ Սոֆիա մուտքի տոմսերը բավական թանկ էին: Իսկ հիմա տոմսեր չեն լինի, մուտքն անվճար կլինի: Այդ առումով մեր զբոսաշրջիկները կշահեն»,- ասել էր նա:
Այս հոդվածի շրջանակներում, իհարկե, մտադիր չենք ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին բացատրել, թե տաճարի «սուրբ նշանակությունն ինչ է իրենից ներկայացնում»: Նա հստակ գիտի դրա նշանակությունը, բայց այլ բան է ցուցադրում՝ փորձելով տեղավորվել այն քաղաքականության շրջանակներում, որն սկսել է իրականացնել իր երկիրը: Ուստի սա պետք է դիտարկել ոչ թե որպես մտքի վարժանք, որը սովորաբար բնորոշ է սահմանափակ ունակություններ ունեցող անհատներին, այլեւ իրեն թելադրվածը հանրությանը համոզել-ներկայացնելու փորձ: Եվ այդ հանձնարարությունը կատարելու համար նա ոչ մի այլ կռվան չի գտնում, քան այն, որ մուտքի տոմսեր այլեւս չեն լինի, որ ռուս զբոսաշրջիկներն այլեւս չեն վճարի թանգարան մուտքի համար: Այս տրամաբանությունն անչափ զվարճալի կլիներ, եթե հայտարարության հեղինակը մոլորակի քրիստոնեական ամենամեծ պետություններից մեկի ղեկավարի մամուլի քարտուղարը չլիներ: Նշանակում է՝ դա արդեն քաղաքականություն է՝ կառուցված միանգամայն անհասկանալի ու անընդունելի արժեքների վրա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այս հայտարարությունը միաժամանակ նշանակում էր, որ իր շահերն սպասարկելիս Մոսկվան առաջնայնություն չի տալու քրիստոնեական արժեհամակարգին, ինչին մենք ականատես ենք լինում երկար տարիներ, իսկ ավելի ճիշտ՝ երկարատեւ հարյուրամյակներ: Սկսած այն պահից, երբ հայ ազգային-ազատագրական պայքարի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Իսրայել Օրին, հոգնած եվրոպական արքունիքներում սպասելուց, որոշեց հայացքը թեքել դեպի հյուսիս՝ Ռուսաստան՝ օգնություն ստանալու հույսով: Ավելի քան 300 տարի: Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը, հատկապես՝ առեւտրական, ավելի մեծ պատմություն ունի, սակայն վերջին ավելի քան 300 տարվա պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, որոնք պարտադիր պետք է վերլուծվեն՝ ապագայում ճիշտ որոշումներ կայացնելու համար: Պետք է վերլուծության ենթարկվեն օբյեկտիվորեն, եւ իրական, այլ ոչ պարտադրյալ գնահատական տրվի նշված ժամանակահատվածի իրադարձություններին: Ավելի ուշ «ՀՀ»-ն մեր ժողովրդի կյանքում տարբեր երկրների կատարած դերի մասին քննարկում-վերլուծություններ կնախաձեռնի, հիմա պարզապես կկենտրոնանանք երկու հանգամանքի վրա, որոնք բավական ակնհայտ են եւ անպայման պետք է նշվեն:
Հայկական հաջորդ հարձակումը կանգառ չի ունենա
ՌԴ քաղաքականությունը, որքանով այն դրսեւորվում է եւ տեսանելի է, այսպես ասած, «անզեն աչքով», վաղուց է փոխվել Հարավային Կովկասում: Հայաստանը, որն իր պապենական հողերի միավորման անհրաժեշտություն ունի՝ սեփական կենսատարածքում արարելու եւ իր առաքելությունը լիարժեք իրականացնելու համար, տեսնում է, որ իր հիմնական դաշնակիցը՝ Ռուսաստանը, միանգամայն այլ կերպ է դրսեւորվում եւ սկսել է անհասկանալի լինել: Մոսկվան, իր հերթին, չի կարողանում կամ չի ցանկանում թաքցնել վարվող քաղաքականության փոփոխությունները եւ մի շարք ուղղություններում բացահայտում է իր դիրքորոշումները: Ընդ որում՝ այդ դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համապատասխանում են թուրք-ադրբեջանական մոտեցումներին: Այսպես՝ հայ-ադրբեջանական բախումների ընթացքում տարօրինակ զուգադիպությամբ դաշնակցային պարտավորություններ ունեցող Մոսկվային սովորաբար հաջողվել է ազդել կողմերի վրա, բայց միայն այն ժամանակ, երբ առաջացել է մի իրավիճակ, որը հայկական ուժերին հնարավորություն է տվել անցնել հակահարձակման: Բայց ահա 2020 թ. 44-օրյա պատերազմում, կրկին՝ տարօրինակ զուգադիպությամբ, Ռուսաստանին շատ երկար «չհաջողվեց» զսպել ֆեյք պետությանը: Որովհետեւ այս անգամ վերջինս էր հանդես գալիս հաղթողի դիրքերից: Իսկ այժմ, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը թեւակոխում է նոր փուլ, եւ ճիշտ աշխատանքի դեպքում գուցե եզակի հնարավորություն է առաջացել՝ հորինված Ադրբեջանին պատմության թատերաբեմից վերացնելու կամ նվազագույնը նրան իր տեղը դնելու համար, Հայաստանը պետք է պատասխանի այս ամենից բխող հարցադրումներին եւ իր տարածքային ամբողջականության ու ազգային կենսատարածքի վերականգնման ճանապարհին գործի միայն հանուն սեփական շահերի՝ ապավինելով միայն իր բազկին եւ չենթարկվելով այն ուժերին, որոնք հաճախ միայն հայկական ուժերի գործողությունները կասեցնելու խնդիր են լուծում: Տարօրինակ զուգադիպությամբ ադրբեջանական ու ռուսական մամուլում հրապարակվում են նույնաբովանդակ հրապարակումներ, մեծամասամբ՝ հակահայկական դիրքորոշմամբ՝ հենված կեղծ տեղեկությունների եւ կեղծիքի շահերի սպասարկմանը միտված հորինված ու մտացածին վերլուծությունների վրա, որոնց նպատակն է հանրության մեջ նոր դիրքորոշում սերմանել Հայաստանի ու հայության նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական ու ռուսական որոշ լրատվամիջոցներ ղեկավարվում են նույն կենտրոնից…
Եվս մեկ փաստ, որին նույնպես չենք կարող չանդրադառնալ: Եվ 2016 թ. քառօրյայից, եւ 2020 թ. տավուշյան իրադարձություններից, եւ 2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցները նախանձելի պատրաստակամությամբ միաժամանակ սկսեցին հարձակվել Գարեգին Նժդեհի վրա՝ նրան ներկայացնելով որպես անհատի, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի հետ: Եվ կրկին՝ հորինված նույն բովանդակությամբ: Ադրբեջանի զինված գործողությունները, որոնք հաջորդում էին ընդդեմ հայոց ոգու՝ Գարեգին Նժդեհի դեմ իրականացված տեղեկատվական գրոհին, նպատակ ունեին մեր հանրության մեջ կոտրել հաղթողի ոգին: Հիմա նրանք գրում են, թե ոգեղեն առումով ադրբեջանական կողմը վերելք է ապրում, իսկ հայկականը, ընդհառակակը, անկում ունի, սակայն դա չի համապատասխանում առկա իրավիճակին եւ ավելի շուտ ցանկալին իրականի տեղ ընդունելու փորձ է. Հայաստանի Հանրապետությունը վերարժեւորում է տեղի ունեցածը եւ անհրաժեշտաբար ծանր հարված կհասցնի թշնամուն: Այս անգամ, սակայն, թշնամին չի ներվի, եւ նրա խնդրանքները, անկախ միջնորդների հնչեղ անուններից, չեն ընդունվի: Հայ ժողովրդի դեմ իրականացված գործողությունները միայն ավելացրել են թշնամուն վերջնական պարտության մատնելու ցանկությունը, որը, ինչպես ապացուցում են իրադարձությունները, խաղաղության հասնելու միակ միջոցն է եւ բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
ՀԱՊԿ-ի ճակատագրական սխալը
ՌԴ-ում լավ են հասկանում, որ հայտնվել են բարդ իրավիճակում: Երեւանը դիմել է նաեւ Ռուսաստանին ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ակնկալելով ռազմական օգնություն՝ ըստ գործող պայմանագրերի: Սակայն արդեն պարզ է, որ օգնություն չի տրվի: Պետք է փաստենք, որ ՀԱՊԿ-ի այս որոշումը ճակատագրական կարող է լինել հենց այդ կառույցի ապագայի համար:
Այժմ լսենք Պետական դումայի ԱՊՀ-ի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին:
-Ռուսաստանին սադրում են երկրորդ ճակատի բացմամբ: Ադրբեջանը երկու տարի առաջ Թուրքիայի աջակցությամբ ռեւանշի փորձ կատարեց եւ հասավ իր շատ նպատակներին,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:- Իսկ այն, ինչ հիմա է տեղի ունենում, չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի տարածքը, բայց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետեւանքն է: Ադրբեջանն ու նրան աջակցող Թուրքիան շտապում են, ինչպես իրենք են ասում, օգտագործել հարմար պահը եւ կարճ ժամկետում հնարավորինս շատ արդյունքի հասնել: Խոսքն առաջին հերթին տրանսպորտային միջանցքների ստեղծման մասին է, որոնք Թուրքիայի առջեւ փաստացի ճանապարհ կբացեն դեպի Կասպից տարածաշրջան եւ Միջին Ասիա: Նրանց երկրորդ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի հարցը փակելն է՝ լիովին հրաժարվելով տարածաշրջանի կարգավիճակի որեւէ քննարկումից: Ադրբեջանը, իրոք, արդեն շատ բանի է հասել, եւ դա տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ առաջին փուլում մենք, ինչպես ինձ է թվում, թերագնահատեցինք արդյունքները, թե Ռուսաստանի հետաքրքրությունների տեսանկյունից ինչ տեղի կունենա ղարաբաղյան վերջին պատերազմից հետո: Հիմա մենք գործնականում ստիպված ենք վճարել դրա համար, որովհետեւ բարդ վիճակում ենք:
Այո, տարածաշրջանում պատերազմը չի համապատասխանում մեր շահերին: Ամեն կերպ պետք է պահպանենք խաղաղությունը, սակայն ոչ նվաստացման կամ դավաճանության գնով: Հայաստանի նկատմամբ մենք պարտավորություններ ունենք ըստ պայմանագրի, իսկ Լեռնային Ղարաբաղին, որտեղ խաղաղապահներ ենք ուղարկել, պարտավորվել ենք պաշտպանել: Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են մեր խոցելիությունը… Նրանք ավելի ու ավելի են ամրապնդում իրենց միությունը՝ ակտիվանալով այդ տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինելու իրենց ձգտման մեջ: Սեփական դաշնակցին օգնելուց հրաժարվելը ի վիճակի է վանող ազդեցություն գործել մեր կողմնակիցների վրա: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման գինը, իհարկե, բարձր է, բայց նրանք չպետք է մտածեն, որ կարող են անել այն ամենը, ինչ ուզում են: Նրանք դժվար թե ուզում են նվաճել Հայաստանը, բայց անընդհատ սադրում են, կանգնեցնում ռազմական գործողությունների շեմին եւ պահանջում հնարավորինս արագ հրաժարվել բանակցային գործընթացում Հայաստանի ունեցած նախկին բոլոր դիրքորոշումներից: Իրանը բավական սկզբունքային մոտեցում ունի եւ իրեն արժանապատվորեն է դրսեւորում: Սակայն եթե մենք թաքնվենք Իրանի թիկունքում, երբ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին է, ինձ համար դա կլինի վերջին հիասթափությունը:
Ռուսաստանը կարող է կիսել Բյուզանդիայի ճակատագիրը
Հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությունը լի է վայրիվերումներով: Դեռ Արշակունիների օրոք բյուզանդացիները 374 թ. Հայաստանում կազմակերպեցին Պապ թագավորի սպանությունը, իսկ 1045 թ. կործանեցին Բագրատունյաց հարստությունը: Տարածաշրջանում առաջացած նոր իրավիճակը, երբ թուրք-սելջուկներն առանց որեւէ խոչընդոտի ներխուժում էին կայսրության տարածքներ, լավագույն դասն էր Բյուզանդիայի համար: Կոստանդնուպոլսում հասկացան, որ սեփական ձեռքերով կտրել են այն ճյուղը՝ Հայաստանը, որի վրա նստած են եղել, քանի որ մեր երկիրն այն բնական պատվարն էր, որը կարող էր փակել թուրքերի ճանապարհը: Բայց հասկացան շատ ուշ: Նրանք այնպիսի ծանր հարված էին հասցրել իրենց բնական դաշնակցին, որ վերջինս արդեն ի վիճակի չէր վերականգնել պետությունն ու դեմ կանգնել թուրք-սելջուկներին, չնայած բյուզանդացիները այդ նպատակի իրականացման համար պատրաստ էին ֆինանսավորել հայերին եւ նույնիսկ բազմիցս հանդես էին եկել համապատասխան առաջարկներով: Արդյունքում 1453 թ. ընկավ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որն այդ ժամանակից մինչ օրս Ստամբուլ անունն է կրում:
Իր պատմության ընթացքում Հայաստանը բազմիցս է փակել դեպի Ռուսաստան թուրքերի առաջխաղացումը, մշտապես օգնել է նրան ռուս-թուրքական բոլոր պատերազմներում: ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը կրկնում է բյուզանդականի սխալները: Մի օր Ռուսաստանին անհրաժեշտ կլինի բերդ ունենալ Հարավային Կովկասում՝ ընդդեմ թուրք նվաճողների, բայց այն անհնար կլինի ստեղծել: Արդեն հիմա թյուրքալեզու ժողովուրդները շրջապատել են Ռուսաստանը եւ «սրում են ժանիքները» մեծ հարձակումից առաջ…