Թուրք-հունական հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել: Դրա վկայությունն է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը, որում նա կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին: Ճիշտ է՝ ՄԱԿ-ի ամբիոնն Էրդողանին «զրկել» է սպառնալիքներ հնչեցնելու հնարավորությունից, բայց բոլորն էլ գիտեն, որ համընդհանուր ընտրությունների նախօրեին նա հաճախ է նախընտրական նկատառումներով ապավինում սպառնալիքների լեզվին: Իրականում, անկախ հարաբերությունների վատթարացման աստիճանից, Անկարան չի համարձակվի գործողություններ սկսել Աթենքի նկատմամբ. ինչպես Թուրքիան, այնպես էլ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամներ են, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները հիմնականում Հունաստանին են աջակցում…
Ճիշտ է՝ թղթի վրա Թուրքիան ու Հունաստանը դաշնակիցներ են, սակայն անցյալում մեկ անգամ չեն հայտնվել պատերազմի շեմին. 80-ականներին, երբ նրանք նավթ էին փնտրում Էգեյան ծովի նույն հատվածում, 90-ականներին, երբ վիճում էին անմարդաբնակ կղզիների շուրջ, երկու տարի առաջ, երբ խոսքն Արեւելյան Միջերկրածովյանի գազային հանքավայրերի մասին էր: Հիմա վեճերը կրկին սրվել են, եւ դա՝ այն ժամանակ, երբ Եվրոպայում զինված հակամարտություն կա, իսկ ՆԱՏՕ-ի համախմբվածությունը կարեւոր է, ինչպես երբեք:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Էգեյան ծովում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս սպառնացել է Հունաստանին, որ թուրք զինվորները կարող են «հարձակվել գիշերը»: Նրա կառավարությունը մեղադրել է հունական իշխանություններին, որ գնդակոծել են թուրքական նավը: Բացի այդ, օգոստոսի վերջին հունական հակաօդային պաշտպանությունը թիրախավորել է թուրքական ինքնաթիռները, եւ թուրքական կողմը, իբր, կարողացել է արձանագրել այդ փաստը: Աթենքը հերքում է բոլոր մեղադրանքները եւ ՆԱՏՕ-ից ու ԵՄ-ից պահանջում է կարգի հրավիրել Թուրքիային: Հույները պնդում են, որ, դատելով ամեն ինչից, Անկարան որոշել է նախօրոք «իր հետագա ագրեսիան արդարացված» ներկայացնել: Այդ մասին իր հաղորդումներից մեկում ներկայացրել է Հունաստանի ԱԳՆ-ն: Նույն հաղորդման մեջ շեշտվել է նաեւ, որ տարեսկզբից թուրքական ռազմական ինքնաթիռները 183 անգամ անցել են Հունաստանի օդային տարածքով, ինչն այդ երկրի ինքնիշխանության լուրջ խախտում է:
Ի՞նչն է խնդիրը: Խոսքն իշխանության, փողի ու պատմության մասին է: Անկարային անհանգստացնում են ռազմականացված կղզիները: Թուրքիայի կարծիքով՝ դա հակասում է միջազգային համաձայնագրերին, մասնավորապես՝ Լոզանի պայմանագրին, որով 1923 թ. դրվեց երկու պետությունների միջեւ սահմանի հիմքը, եւ Փարիզինը, որով 1947 թ. Դոդեկանեսյան կղզիներն Իտալիայից անցան Հունաստանին: Թուրքիան իր դիրքորոշումը բացատրում է այսպես. Աթենքը, խախտելով նշված պայմանագրերը, կորցրել է այդ տարածքների նկատմամբ իրավունքները: Իր հերթին՝ հունական կառավարությունը պնդում է, որ ինքնապաշտպանության իրավունք ունի. Թուրքիայի դեսանտային նավակներն արեւմտյան ծովափի մոտ սպառնում են կղզիների անվտանգությանը: Այս երկրների միջեւ թշնամությունը նաեւ պատմական արմատներ ունի: Հույն-թուրքական պատերազմը, որն ավարտվել է 100 տարի առաջ, նախկինի պես կարեւոր դեր է կատարում երկու երկրների ազգային քննարկումներում:
Լարվածությունը եւ հակամարտության էսկալացիայի սպառնալիքը նոր չեն, սակայն պահը, երբ այն սրվեց, հաջող չի ընտրվել: «ՆԱՏՕ-ն բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ: Իսկ այժմ դաշինքն ստիպված է զբաղվել նաեւ հարավով՝ զսպելով իր երկու անդամներին, որպեսզի միմյանց վրա չհարձակվեն»,- ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատակից Ջիմ Թաունսենդը, ով արդեն երկար տարիներ պատասխանատու է Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության համար: Նա չի կարծում, որ պատերազմն արդեն անխուսափելի է, սակայն Թուրքիայի ու Հունաստանի միջեւ աճող լարվածությունը որոշակի ռիսկ է պարունակում: Եվ եթե հանկարծ կողմերից մեկը սխալվի իր հաշվարկներում, եւ, ինչպես Թաունսենդն է նշել, օրինակ՝ ինքնաթիռ խոցվի՝ մարդկային զոհերով, ու իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, դա բացասական ազդեցություն կգործի Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնության վրա: Բացի այդ, հնարավոր բախումը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, որը կենսականորեն կարեւոր տարածք է Ուկրաինայի զինված ուժերին մատակարարման համար: Հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքը հանգուցային կետ է ՆԱՏՕ-ի զենքի՝ Ուկրաինա առաքման համար:
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Հունաստանն ու Թուրքիան, այնուամենայնիվ, պատերազմեն: ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ ՆԱՏՕ-ի անդամներից որեւէ մեկի վրա հարձակումը դաշինքը դիտում է որպես հարձակում բոլոր անդամների վրա եւ օգնության է հասնում հարձակման ենթարկվածին: Սակայն գործողությունների պլան չկա այն իրավիճակի համար, երբ բախվում են կառույցի անդամները: Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում կողմերը կփորձեն հակառակորդին ագրեսոր ներկայացնել եւ օգնության կոչով դիմել դաշնակիցներին: Եթե թուրքերը, ինչպես սպառնում է Էրդողանը, «հարձակվեն գիշերը», ապա միանգամայն հասկանալի կլինի, թե ով է ագրեսորը:
Պարզ է, որ հակամարտության բռնկման դեպքում Ֆրանսիան կկանգնի Հունաստանի կողքին: Մեկ տարի առաջ Հունաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է միլիարդավոր եվրոների զենքի առաքում: Բացի այդ, Հունաստանը ֆրանսիական կործանիչներ է պատվիրել եւ հայտարարել, որ Թուրքիայի պատճառով է ստիպված զինվել:
Փարիզը վստահեցրել է, որ ագրեսիայի դեպքում կաջակցի Աթենքին: Թուրքիան դա որպես մարտահրավեր է ընդունել: ԵՄ-ն բազմիցս դատապարտել է Թուրքիայի պահվածքը: Աթենքին իր համերաշխությունն է հայտնել նաեւ Գերմանիան: Ի պատասխան դրա՝ Էրդողանը մտերմություն է փնտրում Իսպանիայի հետ: Անցած տարվա աշնանն այդ երկրները զենքի մատակարարման պայմանագիր են կնքել:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հունաստանում, ինչը չափազանց նյարդայնացնում է Էրդողանին: Ըստ Թաունսենդի՝ դա ոչ մի կապ չունի Անկարայի հետ: «Մեր բոլոր գործողություններն ուղղված են Ռուսաստանի, այլ ոչ թե Թուրքիայի դեմ»,- ասել է նա՝ զգուշացնելով այն երկրներին, որոնք ուզում են ձեռքերը տաքացնել հույն-թուրքական կրակի վրա: «Ես տեսնում եմ, որ դա տեղի է ունենում, բայց այդպես չպետք է լիներ»,- շեշտել է Թաունսենդը:
Հունաստանում եւ Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ պետք է անցկացվեն, եւ լարվածությունը երկու կառավարություններին օգնում է վստահություն ձեռք բերել ընտրողների շրջանում: Բացի այդ, միջազգային մակարդակով միջնորդ դեռ չի հայտնվել: Այդ երկրներն առանց միջնորդի չեն կարող հարթել տարաձայնությունները, քանի որ դա չափազանց զգացմունքային հարց է: Էգեյան ծովը տեսանելի ապագայում կմնա որպես լարվածության այնպիսի օջախ, որն ամենափոքր սխալ քայլի դեպքում կարող է պայթել:
Թաունսենդի խոսքերը նաեւ հետաքրքիր ենթատեքստ են պարունակում: Սլաքն ուղղելով ՌԴ-ի դեմ՝ նա միեւնույն ժամանակ հասկացնում է, որ Մոսկվայի հետ դաշինքի դեպքում Անկարան կարող է արժանանալ նույն վերաբերմունքին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Էրդողանը թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ-ից շահավետ պայմաններով հեղուկ գազ գնելու իր երկրի ցանկության մասին:
«Ապագայում մենք ուզում ենք ավելի շատ գազ գնել ԱՄՆ-ից ու ավելի շահավետ պայմաններով: Իսկ ժամանակակից ենթակառուցվածքների շնորհիվ պատրաստ ենք համագործակցել այդ գազը տարածաշրջանի երկրներ մատակարարելու համար: Մենք ԱՄՆ-ի վեցերորդ ամենախոշոր ներկրողն ենք: Թուրքիան էներգանվտանգության, առաքման ուղիների, աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից առանցքային դեր է կատարում: Եվ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում առկա միջազգային իրավիճակը՝ մենք համագործակցության կարեւոր հնարավորություններ ունենք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայում հեղուկ գազի նոր տերմինալների կառուցման եւ այս ոլորտում վերջին տարիներին կատարված մեծ ներդրումների շնորհիվ ԱՄՆ-ն նրա համար դարձել է գազի երկրորդ մատակարար:
Անկարան, ինչպես երեւում է, փորձում է արժանանալ Վաշինգտոնի ներողամտությանը եւ վերադառնալ նրա ուղեծիր: Բայց դա գործընթաց է, որը հավանության արժանանալու դեպքում կուղեկցվի ամերիկյան իշխանությունների նոր պահանջներով եւ, ամենայն հավանականությամբ, ռուսական իշխանությունների ծանր հիասթափությամբ: Միեւնույն ժամանակ պարզ կդառնա, թե ժողովրդավարական արժեհամակարգն աշխարհում տարածելու նախանձախնդիր ԱՄՆ-ն արդյոք կկարողանա՞ մերժել նյութական կասկածելի շահը՝ հավատարիմ մնալով իր իսկ առաջնահերթություններին: