Կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, թուրքական 6 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպում են անցկացրել Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում։ 4.5 ժամ տեւած հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ընտրությունների հիմնական նպատակը խորհրդարանական համակարգի վերականգնումն է։ Այդ նպատակով կուսակցությունները համատեղ գործողությունների նախաձեռնող խումբ են ստեղծելու, որն ընտրությունների հետ կապված որոշումներ կընդունի։ «Վեց կուսակցությունները հաստատուն քայլեր են անում իրենց նպատակին հասնելու համար, եւ մեր առաջադրած նախագահի միասնական թեկնածուն կլինի Թուրքիայի 13-րդ նախագահը։ Մենք կստանանք նաեւ խորհրդարանական մեծամասնություն, որի շնորհիվ կհաստատենք ուժեղացված խորհրդարանական համակարգ ժողովրդավարական սահմանադրական պետության համար»,- նշված է հայտարարության մեջ։
Ստամբուլի տնտեսական հետազոտությունների հասարակական կարծիքի ընկերության հարցման տվյալներով՝ Թուրքիայի «իշխող կոալիցիան»՝ «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, կհավաքեին ընտրողների 28.4 տոկոսը, եթե ընտրություններն անցկացվեին օգոստոսին։ Իսկ միավորված ընդդիմության օգտին կքվեարկեր 32.1 տոկոսը։ Կան նաեւ այլ հարցումներ, մասնավորապես «MetroPoll»-ը նշում է, որ «չկողմնորոշվածների» ձայները սկսում են նվազել, վերջիններս հակված են իրենց ձայնը տալ Էրդողանին, եւ այս հարցում իշխող կոալիցիայի մասնաբաժինը հասել է 32 տոկոսի։
Ընդդիմադիր ճամբարում միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները շարունակվում են. Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն երկուշաբթի օրը հանդես էր եկել խորհրդարանական ընտրությունների միասնական ցուցակներ կազմելու առաջարկով։ Ըստ նրա՝ նման զարգացումն էապես կնպաստի խորհրդարանում մանդատների մեծամասնություն ստանալուն։ Ըստ որոշ աղբյուրների՝ ամենահավանական միասնական թեկնածուն համարվում է Քըլըչդարօղլուն, սակայն «HaberTurk» թերթի լրագրող Ֆաթեհ Ալթայլիի հրապարակած հարցման համաձայն՝ միակ թեկնածուն, որը կարող է երկրի հաջորդ ընտրություններում հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասն է։
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն ասել է, որ Էրդողանն անպայման առաջադրելու է իր թեկնածությունը 2023 թ. հունիսին նշանակված ընտրություններում։ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ հեշտ չի լինի հաղթելը. կան բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ, որոնք կարող են ազդել հանրային տրամադրությունների վրա։ Թուրքական «Daily Sabah»-ը նախօրեին գրել էր, որ Թուրքիայի տարեկան գնաճը սպասվածից ցածր է եղել։ Ըստ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TurkStat)՝ սպառողական գների ինդեքսը նախորդ ամիս տարեկան կտրվածքով աճել է 83.45 տոկոսով։ Վերջին անգամ այդ մակարդակը գրանցվել է 1998 թ. կեսերին: Օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 80.2 տոկոս։ Ամսական կտրվածքով սպառողական գներն աճել են 3.08 տոկոսով, ի տարբերություն «Reuters»-ի փորձագետների հարցման կանխատեսման, որոնք նախատեսել էին 3.8 տոկոս գնաճ։ Սպառողական գների տարեկան գնաճը կանխատեսվել է 84.63 տոկոս:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ապահովել արագ տնտեսական աճ հաջորդ տարվա համընդհանուր ընտրություններից առաջ, թեեւ սպառողական գների աճը վնասում է տնային տնտեսությունների եկամուտներին, ինչն էլ ավելի է սպառնում նրա քաղաքական վարկանիշին: Հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար Էրդողանը փնտրում եւ, բնականաբար, գտնում է արտաքին «վտանգներ» ու խնդիրներ, որոնց շուրջ կոնսոլիդացնում է հանրությանը։ Լարվածություն է ստեղծում արտաքին քաղաքական ուղղություններով, օրինակ՝ սրում է իրավիճակը Հունաստանի հետ։ Այս առումով Միացյալ Նահանգներն ունի իր որոշիչ դերը, քանի որ Հունաստանին ցուցաբերվող դիվանագիտական, ռազմական աջակցությամբ փորձում է հավասարակշռել Թուրքիային՝ հասկացնելով, որ անփոխարինելի գործընկերներ չկան։ Ավելի կտրուկ քայլերից ձեռնպահ է մնում՝ հաշվի առնելով նաեւ Հունաստանի հետ ՆԱՏՕ-ի կազմում գտնվելը, թեեւ ներքին լսարանի համար հանդես է գալիս բավական կոշտ եւ ագրեսիվ հռետորաբանությամբ։
Ներքին խնդիրներից շեղելու համար Էրդողանը ձգտում է միջազգային ասպարեզում «փայլել» իր ակտիվությամբ, խաղաղասիրական կեղծ օրակարգերով եւ ռազմական հաջողություններով, վերջինը, ցավոք, մեր հաշվին։ Թուրքական հեռուստատեսությամբ ներկայացվել էին 2023 թ. Թուրքիայի կանխատեսումները քարտեզով, որտեղ թուրքական կարմիրով էին ներկված որոշ շրջաններ Հունաստանից, Հայաստանն ամբողջությամբ եւ Սիրիայի ու Իրաքի մի մասը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն օրեր առաջ ասել էր, որ Թուրքիան հետապնդում է օսմանյան երազանքներ, եւ որ 2023-ից երկիրը գերիշխելու է աշխարհում։ «Ազնիվ» միջնորդի դերով է ցանկանում հանդես գալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համակարտության շրջանակներում՝ առաջարկելով նաեւ իր «օգնությունը» թե Ռուսաստանին, թե Ուկրաինային եւ Արեւմուտքին։ Միեւնույն ժամանակ Թուրքիան չի սահմանափակվում «փափուկ ուժով» եւ դիվանագիտությամբ՝ չմոռանալով առավել կոշտ միջոցների կիրառումը մասնավորապես Սիրիայում եւ քրդերի դեմ տարվող պայքարում։
Ուշագրավ է, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության պայմաններում, օրինակ զենքի վաճառքով, Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ բնական գազի մատակարարման համար վճարների մի մասը հետաձգել մինչեւ 2024 թ.։ Ի դեպ, մի քանի օր առաջ Թուրքիայում ծովն են իջեցրել Ուկրաինայի համար նախատեսված ռազմածովային ուժերի առաջին կորվետը։ «Թուրքական պետական էներգակիրներ ներմուծող «Boru Hatlari ile Petrol Tasima AS»-ը կամ «Botas»-ը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչեւ 2024 թ.»,- հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Դեռեւս պարզ չէ՝ հաջողությամբ կպսակվեն այդ բանակցությունները, թե ոչ։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մեծացրել է ճնշումը նրա արժույթի եւ բյուջեի վրա։ Այսպիսով՝ տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով։ Օգոստոսին Թուրքիայի առեւտրային դեֆիցիտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ եւ հասել 11.2 մլրդ դոլարի։ Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ Թուրքիայի նախագահը ձգտելու է 25 տոկոս զեղչ ստանալ ռուսական գազի համար։ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են, որ վերջինս երկրին մատակարարվող ռուսական վառելիքի 25 տոկոսը կվճարի ռուբլով։ Իրերի նման դրությունը ձեռնտու է երկու կողմին էլ. Ռուսաստանը դեռեւս լռում է Թուրքիայի վարած երկակի խաղի համար, քանի որ սեփական արժույթն ամրապնդելու, ինչպես նաեւ վառելիքը վաճառելու խնդիր ունի։
Իհարկե, արտաքին քայլերը բավարար չեն լինի Էրդողանի քաղաքական վարկանիշը բարձր պահելու եւ առաջիկա ընտրություններում վստահաբար հաղթանակ գրանցելու համար։ Այդ պատճառով անհրաժեշտ են ծավալապաշտական ռազմական գործողություններից քայքայված տնտեսությունը վերականգնելուն ուղղված իրական քայլեր, հակառակ դեպքում դրանք հաղթաթուղթ կդառնան ընդդիմության համար, եթե վերջինս միասնական կարողանա մնալ մինչեւ ընտրությունները։