Իրաքի խորհրդարանին, որը ձեւավորվել է 2021 թ. հոկտեմբերի 10-ին 5-րդ՝ արտահերթ ընտրությունների արդյունքում, հաջողվել է երկրի նախագահ ընտրել Քրդստանի ժողովրդավար կուսակցության (ՔԺԿ) անդամ 87-ամյա Մոհամեդ Աբդուլլաթիֆ Ռաշիդին։ Փաստորեն, մեկ տարի ուշացումով այն իրականացվեց ՔԺԿ-ի որոշակի նահանջի արդյունքում։
Այս երկրում խորհրդարանական ընտրություններին հաջորդած մեկ տարում տիրող քաղաքական ճգնաժամն ու կառավարության ձեւավորման ձախողումը գլխավորապես պայմանավորված էին հենց նախագահի ընտրության հարցի փակուղի մտնելով։ Իրականում այդ երկրում ճգնաժամային իրավիճակն սկսվել էր դեռեւս 2019 թ. հոկտեմբերին, երբ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության ոչ արդյունավետության, 25 տոկոս գործազրկության, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլնի դեմ սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք կայծակնային արագությամբ տարածվեցին ողջ երկրում։ Ցուցարարներն առաջ քաշեցին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ վարչապետի հրաժարական, ի հետեւանս որի նույն թվականի նոյեմբերի 29-ին վարչապետ Ադել ալ Մահդին հրաժարական տվեց։ Ի վերջո շահագրգիռ ուժերին հաջողվեց 2020 թ. մայիսի սկզբին համաձայնության՝ գալ Մոստաֆա ալ Քադեմի թեկնածության շուրջ, ով պայմանավորվածության համաձայն չմասնակցեց ընտրություններին։ Սակայն որոշ բարդությունների պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարի 9-ին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» (Առաջընթաց) դաշինքի անդամ, սունի Մոհամեդ ալ Հալբուսին։ Այնուհետեւ բավական դժվարությամբ խորհրդարանում ձեւավորվեց մեծամասնության «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը՝ համաարաբական հայացքներով դեպի Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ հակված, շիա հայտնի հոգեւորական Մոքթադա Սադրի «Սաերուն» (Դեպի բարեփոխություններ) դաշինքի գլխավորությամբ, որը 73 ձայնով ընտրությունների առաջատարն էր։
«Հայրենիքի փրկություն» դաշինքի մեջ ընդգրկված էին 37 ձայնով 2-րդ տեղը գրաված սունիների «Ալ Սիյադաթ»-ը (Ինքնիշխանություն) եւ 31 ձայնով 4-րդ տեղում գտնվող Քրդստանի ժողովրդավար կուսակցությունը (ՔԺԿ)։ Նախագահի ընտրությունների 3 փորձերն էլ ձախողվեցին, քանի որ ընդդիմադիր «Համաձայնության շրջանակ» դաշինքը բոյկոտեց, ինչի հետեւանքով խորհրդարանը զրկվեց նախագահի ընտրության համար անհրաժեշտ քվորումից։ Հետսադամյան Իրաքում ձեւավորված ավանդույթի համաձայն՝ խորհրդարանի խոսնակը՝ սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը քուրդ է լինում, ընդ որում, քրդական երկու խոշոր կուսակցությունների միջեւ պայմանավորվածության համաձայն՝ պետք է լիներ ՔԺԿ-ից, որը ներկայացրել էր գործող նախագահ Բրահամ Սալեհի թեկնածությունը։ Մինչդեռ ՔԺԿ-ն ձգտում էր խախտել ավանդույթը եւ համառորեն պահանջում էր ներկայացնել իր թեկնածուին։ Փաստորեն, «Հայրենիքի փրկությանը» չհաջողվեց կառավարություն ձեւավորել նախագահի թեկնածուի հարցում ՔԺԿ-ի դիրքորոշման պատճառով։ Այնուհետեւ Սադրը «Համաձայնության շրջանակին» 40 օր ժամանակ տվեց, որպեսզի մեծամասնություն կազմի եւ կառավարություն ձեւավորելով՝ երկիրը դուրս բերի քաղաքական փակուղուց։ Նա միաժամանակ «Հայրենիքի փրկության» անդամներին արգելեց բանակցել այդ ուժի հետ։
«Համաձայնության շրջանակ» խմբակցությունում ընդգրկված են իրանամետ շիա ուժերը՝ 34 ձայնով (նախկին վարչապետ Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետությունը») եւ 17 ձայնով 5-րդ տեղում Հադի Ամերիի առաջնորդած «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) դաշինքները։ Նման պայմաններում «Համաձայնության շրջանակին» էլ չհաջողվեց մեծամասնություն ձեւավորել, նախագահ ընտրել։ Ավելի ուշ Սադրի խմբակցությունը վայր դրեց մանդատները՝ պահանջելով արտահերթ նոր ընտրություններ։ Մինչդեռ հուլիսի 23-ին խորհրդարանը հաստատեց 64 նոր պատգամավորի մանդատ, եւ այսպիսով «Համաձայնության շրջանակը» դարձավ մեծամասնություն, որը ջանքեր էր գործադրում նախագահի ընտրության ուղղությամբ։ Այն միաժամանակ հայտնեց, որ Մոհամեդ Շիաա ալ Սուդանին «Համաձայնության շրջանակի» վարչապետի թեկնածուն է, որին դեմ էր Սադրի դաշինքը եւ, ի նշան բողոքի, խորհրդարանում նստացույց էր կազմակերպել։ Ուստի քաղաքական ճգնաժամն այդ երկրում շարունակվեց, ինչը պայմանավորված էր «Հայրենիքի փրկության» դիրքորոշմամբ ու գործունեությամբ։ Ստեղծված բարդ պայմաններում օգոստոսի 29-ին Սադրը հանդես եկավ հայտարարությամբ, որով շեշտել էր, թե ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից եւ ողջ երկրում փակում իր կազմակերպության գրասենյակները։ Հանգամանք, ինչի պատճառով երկրում շեշտակի սրվեց իրավիճակը։
Սադրի կողմնակիցների ու կազմակերպության զինված թեւի՝ «Սարայա ալ-սալամի» (Խաղաղության ուժեր) անդամները փողոց դուրս եկան, հարձակվեցին նախագահի նստավայրի վրա, բախվեցին անվտանգության ուժերի հետ։ Հաջորդ օրը փողոց դուրս եկան նաեւ «Համաձայնության շրջանակին» հարող Հաշդ ալ Շաաբի (ժողովրդական զորակոչ) ուժերը եւ բախվեցին Սադրի ուժերի հետ, այլ կերպ՝ երկու շիա ուժեր։ Երկօրյա բախումների հետեւանքով ավելի քան 30 մարդ զոհվեց եւ շուրջ 700-ը վիրավորվեց։ Բախումները դադարեցին, երբ Սադրն իր կողմնակիցներից պահանջեց մեկ ժամվա ընթացքում հեռանալ Բաղդադի Կանաչ կոչվող թաղամասից, որտեղ կառավարական շենքերն ու դիվանագիտական ներկայացուցչություններն են։ Ըստ երեւույթին, այաթոլա Հաերիի որոշումը կարող էր լուրջ հարված լինել Սադրին՝ որպես քաղաքական ուժի։ Թերեւս, հենց հնարավոր նման հետեւանքի մտավախությամբ էլ Սադրը դիմեց այդ քայլին։
Թեեւ նախագահի ընտրությունն ու կառավարության ձեւավորումն իրավիճակը երկրում շտկելու ուղղությամբ հուսադրող քայլ են, սակայն, հաշվի առնելով Սադրի հեղինակությունը եւ նրա կողմնակիցների հզորությունն ու արտաքին գործոնները, հազիվ թե նոր կառավարությանը հաջողվի վերջ դնել երկրում տիրող լարվածությանը։ Ահավասիկ, նախագահի ընտրության օրը Բաղդադի Կանաչ թաղամասը հրթիռակոծության թիրախ դարձավ, ինչի պատճառով ընտրությունը տեղի ունեցավ ուշացումով։