Մեն նահանգից անկախ կոնգրեսական Անգուս Քինգը իրական է համարում Արկտիկայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության հավանականությունը։ «Մի քանի տարվա ընթացքում Արկտիկան կարող է ամառվա ընթացքում գրեթե ազատվել սառույցից, ինչը նոր առեւտրային հնարավորություններ կստեղծի»,- գրել է նա թվիթերյան միկրոբլոգում, նաեւ նշել, որ կլիմայի նման փոփոխության հետեւանքով կարող են ի հայտ գալ նոր սպառնալիքներ։ Նախօրեին «CNN»-ին տված հարցազրույցում կոնգրեսականը կանխատեսել է հակամարտության առաջացում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։
Կլիմայի փոփոխությունը Արկտիկան առավել քան երբեւէ ավելի հասանելի է դարձնում, որը թեեւ մի կողմից սպառնում է էկոհամակարգերին, սակայն մյուս կողմից ստեղծում է նոր տնտեսական հնարավորություններ եւ ուժեղացնում միջազգային մրցակցությունը տարածաշրջանի ապագան ձեւավորելու համար: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության նոր տարբերակում հատուկ բաժին է առանձնացված Արկտիկայի համար, համաձայն որի՝ Արկտիկայում նկատվում է Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվության աճ, եւ Միացյալ Նահանգները մտադիր է պաշտպանել իր անվտանգությունը տարածաշրջանում։ Մասնավորապես՝ նշվում է, որ «Ռուսաստանը վերջին տասնամյակում զգալի ներդրումներ է կատարել Արկտիկայում իր ներկայությունն ընդլայնելու համար՝ արդիականացնելով ռազմական ենթակառուցվածքը եւ մեծացնելով վարժանքների ու ուսումնական գործողությունների տեմպերը»: Ըստ փաստաթղթի՝ ՉԺՀ-ն նույնպես ձգտել է մեծացնել իր ազդեցությունը Արկտիկայի վրա՝ արագորեն ավելացնելով արկտիկական ներդրումները, իրականացնելով նոր գիտական գործունեություն եւ օգտագործելով այդ գիտական պարտավորությունները՝ անցկացնելու համար երկակի նշանակության հետազոտություններ հետախուզական կամ ռազմական կիրառությամբ։
Արկտիկայի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է վերջին տարիներին։ Հասկանալու համար, թե ինչու է կարեւոր Արկտիկան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար, նախ պետք է ընդգծել, որ այս տարածաշրջանը հարուստ է բնական ռեսուրսներով։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ «Արկտիկայի նավթային հանքավայրերի միայն ապացուցված պաշարները կազմում են ավելի քան 100 միլիարդ տոննա (որը, համապատասխանաբար, 2.4 եւ 2.1 անգամ գերազանցում է Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի ապացուցված պաշարները»։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ Արկտիկայի շելֆում կա նավթի համաշխարհային չբացահայտված պաշարների մոտ 13 տոկոսը (12.2 մլրդ տոննա), ինչպես նաեւ գազի պաշարների մինչեւ 30 տոկոսը (50 տրիլիոն խմ):
Արկտիկայի հանքավայրերի ընդհանուր ապացուցված պաշարները, որոնք մինչ օրս հայտնաբերված են ցամաքում եւ ծովում, գնահատվում են 3 միլիարդ տոննա նավթ եւ 20 տրիլիոն խորանարդ մետր գազ: Միեւնույն ժամանակ ռուսական հանքավայրերը պարունակում են այդ պաշարների հիմնական մասը (նավթի 43 տոկոսը եւ գազի 92 տոկոսը)։
«Wall Street Journal»-ը գրում է, որ Արկտիկայում կան հազվագյուտ հողային մետաղների տրիլիոն դոլարի պաշարներ: Դրանք 17 արժեքավոր տարրեր են, որոնք մեծ նշանակություն ունեն ռազմական տեխնիկայի եւ սպառողական էլեկտրոնիկայի արտադրության համար։ Տարածաշրջանն ունի նաեւ այլ բնական պաշարներ, այդ թվում՝ ոսկու, պլատինի, անագի, ադամանդի, ցիրկոնիումի եւ տիտանի մեծ հանքավայրեր։ Այդ մասին ասվում է «Ore Geology Reviews» ամսագրում վերջերս հրապարակված գիտական հոդվածում։
Մյուս կողմից, ինչպես արդեն նշել ենք, կլիմայի փոփոխության հետեւանքով Արկտիկան ավելի մեծ նշանակություն է ստանում տնտեսական գործունեության եւ տարանցիկ ուղիների համար։ Կլիմայի փոփոխության շնորհիվ Արկտիկան դառնում է ավելի ու ավելի հարմար ծովային ուղի: Ըստ որոշ կանխատեսումների, մինչեւ 2035 թ. Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն ամռան ամիսներին գրեթե ամբողջությամբ կազատվի սառույցից, իսկ որոշ փորձագետների կարծիքով՝ դա տեղի չի ունենա մինչեւ 2040-ականների կեսերը։ Սա նշանակում է, որ Արկտիկայի սահմանակից երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, ակտիվորեն կպայքարեն էներգիայով եւ հանքանյութերով հարուստ այս տարածաշրջանի ռեսուրսների հասանելիության եւ վերահսկողության, ինչպես նաեւ սառույցի հալոցքի պատճառով բացվող նոր ծովային ուղիների համար։ ՌԴ բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինի խոսքով՝ նախատեսում են կյանքի կոչել երկրի նախագահի հրամանագիրը, որով Հյուսիսային ծովային երթուղին մինչեւ 2025 թ. պետք է դառնա համաշխարհային մրցունակ տարանցիկ ուղի՝ ապահովելով առնվազն 80 միլիոն տոննա բեռնափոխադրումներ։ ԽՍՀՄ-ում Հյուսիսային ծովային ճանապարհով բեռնաշրջանառության առավելագույնը կազմել է 7 մլն տոննա։
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել արկտիկական տարածաշրջանում համագործակցության զարգացման փոփոխությունների։ Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան Արթուր Հերմանը «Wall street journal»-ում լույս տեսած հոդվածում գրում է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք հնարավորություն կստեղծի, որպեսզի թույլ չտրվի Ռուսաստանին գերիշխող ռազմավարություն վարել Արկտիկայում եւ Հյուսիսային բեւեռում։ Հերմանը մատնանշում է այն հանգամանքը, որ 2021 թ. մարտին երեք ռուսական սուզանավ, որոնք կարող են կրել 16 բալիստիկ հրթիռներ՝ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներով, միաժամանակ հայտնվել են Արկտիկայում՝ Հյուսիսային բեւեռի մոտ։ Հետագայում դրանց են միացել երկու MiG-31 ինքնաթիռներ եւ ցամաքային ուժեր, որոնք մասնակցում էին ռուսական «Umka-2021» արկտիկական զորավարժություններին:
ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան, Արկտիկական խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովն ավելի վաղ նշել էր, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի «ռազմաքաղաքական կարգավիճակի փոփոխությունը, իհարկե, կարող է որոշակի ճշգրտումներ մտցնել բարձր լայնություններում համագործակցության զարգացման հարցում», իսկ թե կոնկրետ ինչ փոփոխություններ կլինեն, ըստ դիվանագետի՝ ցույց կտա ժամանակը։ Կորչունովը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Արկտիկայում իրականացվող նախագծերի նկատմամբ, մասնավորապես՝ «Սնեժինկա» միջազգային արկտիկական կայանի կառուցման նախագծի նկատմամբ։ Մոսկվան դրական է գնահատում չինական ընկերությունների մասնակցությունը ՌԴ արկտիկական գոտում էներգետիկ նախագծերի իրականացմանը՝ ողջունելով Պեկինի մասնակցությունը ռուսական այլ նախագծերին նույնպես։ Ի դեպ, Արկտիկայի երկրներից բացի, նրա կլիմայական փոփոխություններից ձգտում է օգուտ քաղել նաեւ Չինաստանը: Այս երկիրը կառուցում է սառցահատներ, իսկ «Snow Dragon» սառցահատն առաջին չինական նավն էր, որը 2012 թ. Արկտիկայի ջրերով նավարկեց դեպի Եվրոպա:
Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին մարտից փաստացի դադարեցված է Արկտիկական խորհրդի գործունեությունը, ինչը կարող է վտանգել համագործակցության հնարավորությունն Արկտիկայում՝ առավել մեծացնելով «տաք» հակամարտության հավանականությունը։ Հիշեցնենք, որ Արկտիկական խորհուրդը հիմնադրվել է 1996 թ.՝ փորձելով խթանել համագործակցությունն ու փոխգործակցությունը Արկտիկայի ութ պետությունների՝ Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Շվեդիայի եւ Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ: Թեեւ խորհուրդն օրենքներ չի մշակում եւ չի վերահսկում դրանց կատարումը, ֆորումի անդամ երկրները կնքում են բազմակողմ համաձայնագրեր։