ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովկինը չորեքշաբթի օրը հայտարարեցին Խերսոնի մարզից ռուսական զորքերի դուրսբերման մասին, ինչը ենթադրում է ստորաբաժանումների դուրսբերում Դնեպրի աջ ափից դեպի ձախը։ Սուրովկինը նման որոշումը հիմնավորել էր նրանով, որ ներկա պայմաններում անհնար է ապահովել Խերսոն քաղաքի եւ հարակից բնակավայրերի մատակարարումը, հետեւաբար առավել նպատակահարմար է պաշտպանությունը կազմակերպել Դնեպրի ձախ ափի երկայնքով։ Այդպիսով, Ռուսաստանը հայտարարեց ՌԴ Սահմանադրության վերջին փոփոխություններից հետո պաշտոնապես ռուսական քաղաք համարվող Խերսոնից հեռանալու մասին։ Սուրովկինի հետ հանդիպման ավարտին Շոյգուն հանձնարարել էր «առաջին գիծ ուղարկել միայն զինվորականներին, ովքեր տիրապետում են իրենց ռազմական մասնագիտություններին: Մոբիլիզացված զինծառայողներով համալրված ստորաբաժանումներին նշանակել սպաներ, որոնք կարող են ցանկացած իրավիճակում հավաքել մարտական թիմեր եւ կազմակերպել առաջադրանքների կատարումը»։
Հետաքրքիր է, որ նախքան Խերսոնից ռուսական ուժերի հեռանալը, արեւմտյան ԶԼՄ-ներն արդեն իսկ գրում էին դրա հավանականության մասին՝ ներկայացնելով այն որպես Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների գաղտնի խորհրդակցությունների արդյունք։ Լրատվամիջոցները նաեւ նշում էին, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի վերջին այցը Կիեւ նպատակ ուներ համոզելու նախագահ Զելենսկուն նմանատիպ պլանի ընդունման եւ ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման հասնելու անհրաժեշտության մեջ։ Մասնավորապես «La Repubblica» թերթը երկուշաբթի գրել էր, որ Վաշինգտոնն այս հարցում մշտական հաղորդակցության մեջ է Բրյուսելի ու նրա դաշնակիցների հետ, ինչպես նաեւ այդ գաղափարն է սերմանում Ուկրաինայի իշխանությունների մեջ։ Հրատարակության համաձայն՝ պատահական չէ, որ Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ն հաստատել են անօդաչու թռչող սարքերի դեմ հակաօդային պաշտպանության հրթիռների խմբաքանակ Կիեւ ուղարկելու փաստը։ Հիմնական նախադրյալն այն է, որ ծով մուտք գործելու եւ ջրային ռեսուրսների վերահսկման ռազմավարական նպատակ հանդիսացող Խերսոնի վերադարձը կարող է փոխել հակամարտության ընթացքը, իսկ դրա նվաճումից հետո բանակցություններ սկսել ուժի դիրքերից։ Շեշտենք, որ Խերսոնը Կիեւի համար ունի եւ՛ ռազմավարական, եւ՛ դիվանագիտական նշանակություն։ Սակայն նոյեմբերի 9-ի օրվա վերջի դրությամբ ուկրաինական կողմը չէր շտապում հրապարակայնորեն ճանաչել ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից՝ դա անվանելով ապատեղեկատվություն, դրանով իսկ զգուշություն ցուցաբերելով խաղի մեջ մտնելու հարցում։ «Սա բեմադրված շոու է»,- Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարություններին ի պատասխան արձագանքել էր «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը։ Ըստ խոսնակի, դա կարող է լինել «տեղեկատվական-հոգեբանական գործողության տարր՝ իրական մտադրությունների մասին սխալ տպավորություն ստեղծելու համար»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես չի շտապում եզրակացություններ անել Խերսոնի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։
Դրան զուգահեռ ուկրաինական ԶԼՄ-ները կարծիք են հայտնում, որ զորքերը դուրս բերելու որոշումը վաղուց էր ընդունվել ռուսական իշխանության կողմից, սակայն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ չէր հայտարարվել՝ Բայդենին հաղթաթուղթ չտալու համար։ Միեւնույն ժամանակ, տեսակետ է հնչում, որ ռազմավարական իմաստով Դնեպրի աջ ափից դուրս գալը կարող է նշանակել Օդեսայի ուղղությամբ ցամաքային ճանապարհ բացելու, ինչպես նաեւ Մերձդնեստր մուտք գործելու ծրագրերից հրաժարում: Այդ մասին երեկ հայտարարություն էր տարածել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ «Խերսոնի արեւմտյան ափի կորուստը, ամենայն հավանականությամբ, կխանգարի Ռուսաստանին իրագործել Օդեսա տանող ցամաքային կամուրջ ստեղծելու իր ռազմավարական նկրտումները»,- հայտնում է ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ նահանջը կտեւի մի քանի օր, որի ընթացքում ռուսական ուժերը հատկապես խոցելի կլինեն։ Նախօրին ուշագրավ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ասելով, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվելուց հետո «մենք ստիպված կլինենք կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն եւ վերականգնել կայունությունը եւ սպառազինությունների վերահսկողությունը Եվրոպայում»։ Այլ կերպ ասած՝ Արեւմուտքը չի բացառում ձեւավորվող ստատուս քվոյի ընդունում եւ միայն ըստ դրա անվտանգային նոր համակարգի ձեւակերպում, ինչը նշանակում է, որ պատրաստ է դե ֆակտո Ռուսաստանի մաս ճանաչել այդ պահին վերահսկողության տակ գտնվող տարածքները։
Ամփոփելով նշենք, որ եթե արեւմուտքն ու արեւմտյան մամուլը Խերսոնից հեռանալը ներկայացնում են որպես Ռուսաստանի թուլության եւ պարտության դրսեւորում, առավել եւս, որ վերջինս խոստացել էր այնտեղ մնալ «մշտապես», ապա ռուսական կողմն այն համարում է մարտավարական նահանջ։ Ինչպես էլ դա ներկայացվի, ռուսական զորքերի հեռացումը ամենամեծ հարվածը հասցնում է Ռուսաստանի հանրային եւ առաջին հերթին բանակի բարոյահոգեբանական վիճակին։ Եթե ռազմական տեսանկյունից Խերսոնից դուրս գալը վճռորոշ նշանակություն չի ունենա Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի համար, ապա քաղաքական եւ բարոյահոգեբանական հետեւանքները շատ ավելի նշանակալից եւ ցավոտ կարող են լինել Ռուսաստանի համար։
Արդեն իսկ ակնհայտ է, որ հիմնական «ռազմական գործողությունները» տեղի են ունենում ամենեւին էլ ոչ մարտի դաշտերում, այլ տնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական, սոցիալական, նաեւ միջազգային համագործակցության ոլորտներում։ Ի վերջո, ո՞վ է շահող, եթե այս կամ այն չափով տարբեր հարթություններում պարտվում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ու Եվրոպան. Ուկրաինան՝ ահռելի արտագաղթի (ըստ որոշ տվյալների՝ 14 մլն-ի հասնող), տարածքների կորստով, Ռուսաստանը՝ միջազգային հեղինակությանը հասցված վնասով, իսկ արեւմուտքը՝ թանկ էներգակիրներ ստանալով եւ տնտեսությանը հասցված վնասով։ Շահողներն այստեղ ակնհայտ են դառնում՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան։ Ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները զենքի վաճառքի շնորհիվ կարողացավ ֆինանսական մեծ կապիտալ կուտակել, այնպես էլ հիմա ԱՄՆ-ն շահեկան դիրքերում է հայտնվել ռուսական նավթի ու գազի հետ մրցակցությունում հանդես գալով որպես թանկ այլընտրանք, բայց այնուամենայնիվ՝ այլընտրանք։
Թուրքիայի շահումն առավել մեծ է, այս երկիրը միջնորդական իր գործունեությամբ գրեթե մեկ հարթության վրա է կանգնել համաշխարհային խաղացողների հետ, հանդիսանում է հանգույց թե՛ հացահատիկի, թե՛ հաղորդակցությունների, թե՛ էներգակիրների հարցում, միեւնույն ժամանակ սեփական քաղաքական օրակարգն է կյանքի կոչում։ Լրատվական հոսքերում նշվում է, որ Վաշինգտոնն արդեն քննարկել է արեւմտյան երկրների հետ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությանը որպես միջնորդ Թուրքիայի նախագահին ներգրավելու հնարավորությունը, որի առաջարկը բազմիցս հնչել է Էրդողանի կողմից։ Թուրքիայի համար մեկ այլ կարեւոր ոլորտ է ռազմարդյունաբերական ներուժի զարգացումն ու վաճառք-փորձարկումը ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ժամանակ։ Էրդողանը ողջունել էր ռուսների հեռանալը Խերսոնից, չէ՞ որ Ռուսաստանի դիրքերի թուլացումն Ուկրաինայում շղթայաբար հանգեցնելու է դիրքերի թուլացման նաեւ համաշխարհային թատերաբեմում, իսկ այդ «բացը» հավակնում է լրացնել Թուրքիան։
Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները բազմաքայլ, բազմաշերտ պարտիա են, որի հերթական փուլի ավարտը թեեւ որոշիչ կարող է լինել, բայց վերջնական չէ։ Չի բացառվում, որ այդ «դադարը» ժամանակավոր է, եւ գարնանային հալոցքից հետո «կտաքանա» նաեւ տարածաշրջանը։ Դեպքերի զարգացման սցենարներից կարող է լինել այլ «տաք օջախների» առաջացումը, ինչպես օրինակ՝ Իրանի եւ Թայվանի շուրջ Չինաստանի հետ հակամարտությունը։ Երկու ուղղությամբ էլ տեսնում ենք, որ քարոզչական, տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ստեղծելով հակազդեցության հարթակներ եւ ռազմական դաշինքներ։