Երբ մեկ տարի առաջ Ստամբուլում Թյուրքական խորհուրդն անվանափոխվեց կազմակերպության, նախագահ Էրդողանն ակնկալում էր, որ այն հարթակ կդառնա մեծ Թուրքիայի վերածննդի ճանապարհին։ Սակայն Սամարղանդում նոյեմբերի 11-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը չվերածվեց Թուրքիայի հաղթանակի խորհրդանիշի։ Քննարկվեցին եւ ընդունվեցին ոչ միայն համագործակցության ընդլայնմանն ուղղված նախագծեր, այլեւ երեւացին կազմակերպության անդամ պետությունների միջեւ առկա տարաձայնությունները, այդ թվում՝ Թուրքիայի առաջնորդության ոչ միանշանակ լինելը։
Գագաթնաժողովի ընթացքում թուրքական լրատվական դաշտն ակտիվորեն տեղեկություն էր տարածում, թե Կիպրոսի ինքնահռչակ «թուրքական հանրապետությունը» որպես դիտորդ է ընդունվել ԹՊԿ-ում։ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն ընդունվել է որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ։ Մենք միշտ եւ ամենուր մոտ ենք ՀԿԹՀ-ին»,- թվիրթերյան էջում գրել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը տարածել էր թուրքական պետական «TRT Haber» հեռուստաալիքը։ «Մեր կիպրոսցի եղբայրները, որոնք թյուրքական աշխարհի անբաժանելի մասն են, միայնակ չեն»,- գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր Թուրքիայի նախագահը, իսկ «Anadolu» գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահը շնորհակալություն էր հայտնել կազմակերպությանը համերաշխության համար։ Թուրքիան արդեն երկար ժամանակ ձգտում է հասնել ինքնահռչակ հանրապետության ճանաչմանը։ Այս հարթակը, թվում էր, լավագույնն է այդ հարցը բարձրաձայնելու համար։
Թուրքիային առաջին «ապտակը» հասցրեց Ուզբեկստանը։ Երկրի ԱԳ նախարար Վլադիմիր Նորովը, մեկնաբանելով ինքնահռչակ հանրապետությանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին հայտարարությունները, պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ընդգծել էր, որ «գագաթնաժողովի արդյունքում Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ առանձին որոշում չի ստորագրվել»։ «Ուզբեկստանը խստորեն առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով, հատկապես պետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության հարցերում։ Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն ճանաչելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել էր Նորովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որպես դիտորդ ընդունելը, կարո՞ղ է նշանակել նաեւ անկախ պետության ճանաչում։ Հատկանշական է, որ հանդիպման արդյունքներով նախարարների համատեղ հայտարարություն չի արվել։
Ուզբեկստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այսպես ասած «Հյուսիսային Կիպրոսն» արդեն իսկ դիտորդի կարգավիճակ ունի այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը։ «Բացի այդ, Հյուսիսային Կիպրոսը գրեթե 30 տարի մասնակցում է Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության գործունեությանը որպես դիտորդ (TURKSOY): Եվ այս մասին այսօր ոչ ոք հարց չի տալիս»,- մանրամասնել է Նորովը։ Այլ կերպ ասած՝ բավարարվեք եղածով։
Ղազախստանի դիրքորոշումն էր։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահից հետո, ասել է, որ իր երկիրը «վճռականորեն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը» եւ «հետեւողականորեն հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին»։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արվել է «Թյուրքական պետությունների կազմակերպությունում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու հրատապ խնդրանքի կապակցությամբ»։ Այսինքն՝ կազմակերպության հիմնադիր պետություններից մեկը հստակ դիրքորոշում է արտահայտել ինքնահռչակ պետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու աննպատակահարմարության մասին։
Չնայած վերոնշյալ հայտարարություններին, ավելի ուշ Էրդողանը «Թվիթերում» գրել էր. «Այսօր մենք արել ենք այն, ինչ թելադրում է մեր եղբայրական իրավունքի անհրաժեշտությունը։ Մենք որոշել ենք դիտորդի կարգավիճակ շնորհել ԹՊԿ-ում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում եղբայրական երկրների ղեկավարներին՝ այս պատմական քայլն իրականացնելու հարցում իրենց աջակցության համար»։ Մինչդեռ թե՛ Ղազախստանի, թե՛ Ուզբեկստանի համար կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԵՄ-ի հետ։
Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի հայտարարություններին շատ արագ արձագանքեցին եւ դատապարտեցին Հունաստանն ու ԵՄ-ն։ «ԵՄ-ն բազմիցս հստակեցրել է, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակով, որ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի: Կիպրոսի թուրքերի անջատողական միավորման միջազգային ճանաչմանը նպաստելու կամ որեւէ կերպ օժանդակելու ցանկացած գործողություն լրջորեն վնասում է ՄԱԿ-ի հովանու ներքո կարգավորման բանակցությունները վերսկսելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու ջանքերին»,- նշված է Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ: ԵՄ-ն շեշտում է Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորման առաջնահերթությունը՝ հիմնված երկհամայնքային դաշնության վրա՝ քաղաքական հավասարությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵՄ օրենսդրության ու սկզբունքների հիման վրա։
Երկրորդ «ապտակը» վերաբերում էր Թուրքմենստանին կազմակերպության լիիրավ անդամ ներգրավելու` Թուրքիայի ցանկության տապալմանը։ Թուրքմենստանին այդպես էլ չկարողացավ համոզել, որ «թուրքական ընտանիքի» լիիրավ անդամ լինելը նախընտրելի է չեզոք կարգավիճակից։ «Մեր երկիրը համագործակցում է աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման, ինչպես նաեւ իրավահավասարության սկզբունքների վրա»,- ասել էր Թուրքմենստանի ԱԳ նախարար Բերդինիյազ Մյատիեւը։ Դրանով Թուրքմենստանը շեշտել է երկրի չեզոք կարգավիճակին հավատարիմ մնալու ցանկությունը եւ բազմավեկտոր քաղաքականություն վարելու նպատակահարմարությունը։
Հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Էրդողանի համար կարեւոր նշանակություն ուներ սեփական օրակարգի առաջմղումը։ Երկու հիմնական խնդիր էր դրել Թուրքիան՝ ամրապնդել թյուրքական աշխարհի առաջատարի դիրքերը եւ դրա շրջանակներում լուծել Կիպրոսի հյուսիսային հատվածի անեքսիան, որը ձգվում է արդեն շուրջ չորս տասնամյակ։ Սակայն այս երկու կետով էլ, առնվազն այս փուլում, ձախողում արձանագրեց։ Գագաթնաժողովը, որը տեսականորեն միջազգային հանրությանը պետք է ապացուցեր թյուրքական պետությունների համախմբվածությունը, ի վերջո, ցույց տվեց տարակարծությունը նախագահների ու արտգործնախարարների հակասական հայտարարությունների տեսքով։