ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով թեեւ հանրապետականներին չհաջողվեց փայլուն հաղթանակ տանել, սակայն նկատելիորեն թուլացան դեմոկրատների դիրքերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն շնորհավորել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդ Քեւին Մաքքարթիին՝ միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսի ստորին պալատում տեղերի մեծամասնությունը ստանալու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացան Ներկայացուցիչների պալատի 435 անդամների ու Սենատի մեկ երրորդի ընտրությունները։ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ապահովել Ներկայացուցիչների պալատում՝ ստանալով 218 տեղ, դեմոկրատները ստացել են 208 մանդատ, եւս 9 մանդատի ճակատագիրը դեռ որոշված չէ։ Ջո Բայդենի կուսակիցները նախկինում ստացել էին 50 մանդատ՝ հանրապետականների 49-ի դիմաց՝ այդպիսով պահպանելով մեծամասնությունը Սենատում։
Միջանկյալ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Պատճառն այն է, որ ընտրողների մի մասը քվեարկությունը կատարել է փոստով, որը հաշվելու համար ժամանակ է պահանջվում։ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը կլինի մանդատների վերջնական արդյունքներն ունենալուց հետո, պարտվող խմբակցության ղեկավարը կզբաղեցնի փոքրամասնության ղեկավարի պաշտոնը։ Արդեն հայտնի է, որ Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը հաջորդ գումարման Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական խմբակցության ղեկավարի պաշտոնում՝ հիմնավորելով նման որոշումը նոր սերնդին ճանապարհ տալու եւ հզորացնելու որոշմամբ։ Փելոսիի հեռանալուց հետո դեմոկրատների նոր առաջնորդի հավանական թեկնածու է համարվում Հակիմ Ջեֆրիսը։ Սպասվում է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեւին Մաքքարթին կդառնա Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը։ Ի դեպ, Նենսի Փելոսին առավել ընդգծված հայամետ գործիչներից է, ով խստորեն դատապարտել էր սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա՝ տեղեկացնելով, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ է նախապատրաստում ներկայացնել Կոնգրեսում։
Թե դեմոկրատները, թե հանրապետականները գիտակցում են, որ «միջանկյալ քննությունն» ավարտվել է, եւ ժամանակն է նախապատրաստվել 2024-ի նախագահական ընտրություններին։ Փորձագետների եւ վերլուծաբանների կանխատեսած «կարմիր ցունամին» եւ դեմոկրատների «ջախջախիչ» պարտությունը տեղի չունեցան, հետեւաբար երկու տարի անց սպասվող ընտրությունների համար ավելի մեծ ջանք կպահանջվի երկուսի համար էլ։
Հաջորդ ընտրությունները յուրահատուկ են լինելու նաեւ նրանով, որ Դոնալդ Թրամփը, ում կառավարման տարիներն աչքի էին ընկնում ոչ միանշանակ վերաբերմունքով ինչպես Միացյալ Նահանգների դաշնակիցների, այնպես էլ՝ հասարակական որոշակի շրջանակների կողմից, հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։ Նկատենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների, մասնավորապես դեմոկրատների եւ հանրապետականների մրցապայքարը երբեք այսքան խորքային չի եղել, ինչպես վերջին երկու դեպքում։ Խնդիրը ոչ միայն երկու խոշոր կուսակցությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության տարբերություններին ու առանձնահատկություններին է վերաբերում, այլեւ խոշոր կապիտալի ներկայացուցիչների պայքարին։ Օրեր առաջ, խոստանալով վերադարձնել իր երկրի «մեծությունն ու փառքը», Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Սպիտակ տուն տանող ճանապարհն անցնելու համար Թրամփը նախ պետք է հաղթի հանրապետականների նախնական ընտրություններում։ Թրամփի ելույթից որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ նրա խորհրդականները համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ. նոյեմբերի 5-ին։
Հաղթանակ ապահովելու համար գործադրվում են բոլոր հնարավոր միջոցները, քարոզչական ու հակաքարոզչական գործիքները։ Հանրապետականները մեծացնում են ճնշումը Սպիտակ տան վրա՝ պահանջելով ստուգել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական միջոցները։ Կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն առաջարկել է ստուգել «յուրաքանչյուր լումա, որը գնում է Կիեւին օգնելու համար»: Կոնգրեսականների խումբը նաեւ օրինագիծ է ներկայացրել, որը պահանջում է Պենտագոնից տրամադրել Ուկրաինային աջակցող բոլոր փաստաթղթերը։ Հանրապետականները մտադիր են հատուկ գլխավոր տեսուչ նշանակել, ով կհետաքննի Կիեւին տրամադրվող գումարների հետ կապված կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։
Սակայն առանցքայինն այստեղ Ուկրաինան չէ, ոչ էլ այդ երկրին տրամադրվող ֆինանսական, ռազմական աջակցությունը, խնդիրը քաղաքական ժանրին հատուկ մոտեցումներին հավատարիմ լինելն է։ Հանրապետականները օրակարգ են բերել ոչ միայն Կիեւին տրամադրվող «յուրաքանչյուր լումայի» համար հաշվետվությունը, այլեւ նախատեսում են հետաքննել նախագահ Բայդենի եւ նրա ընտանիքի բիզնես կապերը, նրանք պնդում են, թե նախագահ Բայդենը որդու՝ Հանթերի հետ միասին ակտիվորեն ներգրավված է եղել արտասահմանյան բիզնես գործարքներում: Նման մեղադրանքները «քաղաքական դրդապատճառներով լի դավադրության տեսությունների համաձայն հարձակումներ» է որակել Սպիտակ տան խորհրդականի գրասենյակի խոսնակ Իան Սամսը։ Այդպիսով` հանրապետականները «վճարում են» նույն «մանրադրամով», ինչ ժամանակին Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձած դեմոկրատները, երբ հետաքննություն էին սկսել Թրամփի եւ նրա գործերի մասով։
Պայքարը երկու կուսակցությունների միջեւ դեռ ուժգնանալու է ընտրություններին ընդառաջ։ Ըստ որոշ գնահատականների, թեեւ հանրապետականներին կհաջողվի կասեցնել նախագահ Բայդենի ծրագրերի ընդունումը, սակայն նրանց էլ, թերեւս, չհաջողվի հեշտությամբ իրականացնել հանրապետականների ծրագրերից որեւէ մեկը։ Նման զարգացման դեպքում կամ քաղաքական փակուղին կձգվի մինչեւ 2024 թ. ընտրությունները, կամ կողմերն ստիպված կլինեն գնալու փոխզիջումների։