Կարծիքներն այն մասին, թե Իրանն անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ռուսաստանին, որոնք վերջինս օգտագործում է Ուկրաինայի դեմ, Իրանի ներսում հանգեցրին բանավեճի՝ արդյոք Ռուսաստանի հետ աճող մերձեցումը բխո՞ւմ է Իրանի պետական շահերից: Ըստ «Ռեալ պոլիտիկի»՝ միջազգային համակարգում աճող բեւեռացման պայմաններում փոքր կամ միջին ուժերը հիմնականում փորձում են կոալիցիաներ կազմել մեծ տերությունների հետ՝ մրցակիցների դեմ արտաքին հավասարակշռություն ձեւավորելու համար։ Այնուամենայնիվ, իրանցի բարեփոխիչները եւ նույնիսկ որոշ պահպանողականներ քննադատել են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման քայլը՝ պնդելով, թե դա չի բխում Իրանի պետական շահերից։
Անօդաչու թռչող սարքերի վաճառքը հանգեցրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի, Շվեյցարիայի եւ Եվրոպական միության հերթական պատժամիջոցներին: Նրանք նաեւ մեղադրեցին Իրանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը խախտելու մեջ, որը մինչեւ 2023 թ. պահպանում է իրանական հրթիռների արտահանման սահմանափակումները: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ անօդաչուները վաճառվել են Ռուսաստանին մինչեւ Ուկրաինայի պատերազմի սկսվելը՝ 2022 թ. փետրվարի 24-ը։ Ի հակադրություն այս պնդման՝ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ ռուս պաշտոնյաները հունիսի 8-ին եւ հուլիսի 5-ին այցելել են Քաշանի օդանավակայան՝ ստուգելու իրանական անօդաչու թռչող սարքերը։ Ըստ ԱՄՆ հետախուզության եզրակացությունների՝ Իրանն օգոստոսին Ռուսաստանին է մատակարարել «Մոհաջեր-6» եւ «Շահիդ» ԱԹՍ-ներ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Հոսեյն Ալաին տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ Ուկրաինայի վրա հարձակման սկզբից, որպեսզի միջազգային ճնշումը միայն իր վրա չընկնի։ Իրանի նկատմամբ պատժամիջոցները միգուցե խստացվեն։ Ըստ զինվորականի՝ Ռուսաստանը ցանկանում է ազատվել Իրանի միջուկային խնդրի լուծումից, «պատանդ պահել» Իրանի արտաքին քաղաքականությունը, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ զսպել Իրանի անկախ վարքագիծը։ Թերեւս դա է պատճառը, որ Ռուսաստանը բացահայտեց եւ հրապարակեց Իրանից անօդաչու թռչող սարքեր գնելու վարկածը։
Պահպանողական քաղաքական ակտիվիստ եւ խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթուլլա Ֆալահաթ Փիշեհը գրել է, որ Ռուսաստանը շահել է՝ խոչընդոտելով Իրանի վերադարձը 2015 թ. միջուկային համաձայնագրին, եւ կրկին շահում է Ուկրաինայի հարցում Իրանի մեկուսացումից: Իրանցի որոշ փորձագետներ, այդ թվում՝ Նեմաթուլլահ Իզադին՝ Ռուսաստանում Իրանի նախկին դեսպանը (1990-1994 թթ.), ենթադրել են, որ ներկայիս արտգործնախարարին անօդաչու թռչող սարքերի վաճառքի հետ կապված «մթության մեջ են պահել» եւ մատնանշել «մարտի դաշտի» ու դիվանագիտության միջեւ համակարգման բացակայությունը:
Ռազմական ինստիտուտների ազդեցությունն Իրանի արտաքին քաղաքականության վրա նախկինում քննադատության է ենթարկվել բարեփոխիչների եւ անգամ պահպանողականների կողմից: Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 2021 թ. արտահոսքային ձայնագրության մեջ հայտարարել էր, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական որոշում կայացնողը բանակն է՝ նկատի ունենալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, եւ ոչ թե ԱԳՆ-ն։ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խստորեն արձագանքեց Զարիֆի խոսքերին՝ ասելով, որ դրանք ուրախացնում են Իրանի թշնամիներին, եւ որ արտաքին գործերի նախարարությունը պետք է լինի կատարողը, այլ ոչ թե նախաձեռնողը բարձրագույն կառույցների կողմից ձեւավորված իրանական քաղաքականության:
Ռուսաստանի հետ համագործակցությունը կարելի է համեմատել Թուրքմենչայի երկրորդ պայմանագրի հետ, երբ Պարսկաստանը 1828 թ. տարածքներ զիջեց Ռուսաստանին։ Ռուսաստանի եւ Իրանի սերտ համագործակցությունը կարող է ոգեւորություն առաջացնել, սակայն դա զգալիորեն կարող է թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի վաճառքը կարող է ծանր քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ ունենալ: Իրականում` ցանկացած հարց, որը հանգեցնում է Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների հարաբերական բարելավման, Ռուսաստանի տեսանկյունից սպառնալիք է համարվում։ Հետեւաբար, Ռուսաստանը փորձում է սերտացնել համագործակցությունն Իրանի հետ։
Այս կապակցությամբ` ՌԴ նախագահի քաղաքական խորհրդի նախկին անդամ եւ Մոսկվայի առեւտրաարդյունաբերական պալատի Իրանի հանձնաժողովի ղեկավար Ռաջաբ Սաֆարովը վերջերս ասել է, որ արեւմտյան կողմնորոշում որդեգրած Իրանը ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար, քան միջուկային Իրանը: Վերջինս հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի համար երկաթյա պաշտպանական վահան է Արեւմուտքի դեմ, եւ եթե Իրանում իշխանության գա արեւմտամետ կառավարություն, ապա այդ պահից կսկսվի Ռուսաստանի փլուզումը։ Ուստի Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Իրանը պահել իր ուղեծրում։ Կարելի է նկատել, որ Թեհրանը որոշ չափով շեշտը դրել է «Հայացք դեպի Արեւելք» արտաքին քաղաքականության վրա՝ հավասարակշռելու դեպի Արեւմուտք կողմնորոշում ունեցող քաղաքական խմբավորումների գործունեությունը։
Իրանի պատկերացումները միջազգային նոր համակարգի ու դասավորումների վերաբերյալ ստիպել է պաշտոնական Թեհրանին հրաժարվել «Ոչ Արեւելք, ոչ Արեւմուտք» արտաքին քաղաքականության հայեցակարգից, որին աջակցում է հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին: Սա հիմնված է համաշխարհային տերությունների հետ միավորումից խուսափելու քաղաքականության վրա։ Հետեւաբար, Իրանի արտաքին քաղաքականությունը կառուցվածքային նոր փոփոխությունների կարիք ունի՝ ճիշտ արձագանքելու միջազգային համակարգի նոր պայմաններին։ Իրանի պատկերացումով` ԱՄՆ-ն անկում ապրող տերություն է, մինչդեռ Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային համակարգի ապագա բեւեռներն են, եւ որ Իրանը պետք է դաշինք ունենա նրանց հետ: Չինաստանը եւ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջերս քվեարկել են ի պաշտպանություն Իրանի՝ նպատակ ունենալով ընդդիմանալ Արեւմուտքին:
«Հայացք դեպի Արեւելք» հայեցակարգը պայմանավորված է նաեւ Իրանի ներքին ուժային ինստիտուտներում առկա մրցակցությունով: Այս առումով պետք է նշել, որ արտաքին եւ ներքին քաղաքականությունները փոխկապակցված են։ Պահպանողական խմբերն աջակցում են «Հայացք դեպի Արեւելք» քաղաքականությանը, քանի որ դրա ակտիվացումը թուլացնում է արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերին։ Իրանի պետական շահերին ծառայելու համար արտաքին քաղաքականությունը պետք է արտացոլի ազգային շահերը, այլ ոչ միայն՝ կոնկրետ խմբերի: Ըստ այդմ՝ Ռուսաստանի «ջրաղացին ամեն անգամ ջուր լցնելը» նվազեցնում է Իրանի մանեւրելու հնարավորությունները եւ ստիպում անձամբ «վճարել» Մոսկվայի «արկածների» համար։ Ռուսաստանի հետ համագործակցություն, անշուշտ, պետք է գոյություն ունենա, սակայն այն հավասարակշռված բնույթ պիտի կրի՝ Իրանի հեղինակությանը վնաս չհասցնելու համար։