Սիրիայի հյուսիսարեւելքում քրդամետ վարչակազմը ցանկանում է ստիպել ԱՄՆ-ին խստացնել իր մոտեցումները թուրքական «Ճանկ-Սուր» հատուկ գործողության նկատմամբ: Այդ նպատակով նրա գործադիր կոմիտեի համանախագահ Իլհամ Ահմեդն առաջիկա օրերին պետք է մեկնի Վաշինգտոն: Քրդերի կողմից վերահսկվող ոչ կառավարական ռազմական խմբավորումները, որոնք դարձել են Անկարայի անդրսահմանային հարձակումների թիրախ, հիասթափված են այն դիրքորոշումից, որը դրսեւորում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը: Ամերիկյան կողմը, ինչպես երեւում է, իր քաղաքացիական անձնակազմին տարհանել է հարեւան Իրաք, ինչպես նաեւ կրճատել է պարեկությունը: Ահմեդը ցանկանում է ստանալ ոչ այնքան Սպիտակ տան, որն ավանդաբար զգույշ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, որքան Կոնգրեսի աջակցությունը:
Միացյալ Նահանգներում զգացմունքային կերպով ընդունվեցին տվյալներն այն մասին, որ Անկարան իր նախաձեռնած հատուկ գործողության ընթացքում գործարկել է ամերիկյան չորրորդ սերնդի F-16 կործանիչներ, որոնց թարմացման եւ արդիականացման հարցում Թուրքիան Վաշինգտոնի օգնությունն է ակնկալում անցյալ տարվանից: Բայց Ահմեդը հանդիպումների ընթացքում, հավանաբար, շեշտը կդնի ոչ միայն դրա վրա: Նրա կողմնակիցները դժգոհել են, որ «Ճանկ-Սուրն» ազդել է Սիրիայի հյուսիսարեւելյան քաղաքացիական կարեւոր ենթակառուցվածքների վրա եւ դժվարացրել է «Իսլամական պետության» դեմ քրդական ուժերի պայքարը:
Նոյեմբերի 30-ին «Ալ-Ջազիրան», հենվելով թուրք պաշտոնյաներից ստացած տեղեկությունների վրա, հայտնել է, որ Վաշինգտոնը, ինչպես երեւում է, զիջել է Անկարայի որոշ պահանջների եւ իր ուժերին հրամայել՝ հեռանալ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պատասխանատվության գոտում գտնվող մի շարք օբյեկտներից: Սակայն ամերիկյան «Al-Monitor» պորտալի տվյալները վկայում են, որ ամերիկյան կողմը մինչ այժմ օպերատիվ գոտուց տարհանել է միայն քաղաքացիական անձնակազմին, այդ թվում՝ դիվանագետներին՝ տեղափոխելով նրանց Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ։
Վաշինգտոնում չեն մեկնաբանում քաղաքացիական անձնակազմի պաշտոնատար անձանց տեղափոխությունը, իսկ իրենց զինվորականների հետքաշումը հերքում են, սակայն խոստովաում են, որ որոշում է կայացվել ժամանակավորապես կրճատել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համատեղ պարեկությունը: Այս մասին բրիֆինգում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը՝ ուշադրություն դարձնելով նրան, որ Ամերիկան ստիպված է եղել նման քայլ կատարել, որովհետեւ նմանատիպ միջոցառումներ է կատարել «Սիրիայի դեմոկրատական ուժերը»՝ հանդես գալով պնդմամբ, որ չի կարողանում արդյունավետ դիմակայել «Իսլամական պետության» սպառնալիքին, քանի դեռ ընթացքի մեջ է թուրքական հատուկ գործողությունը: «Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել «Իսլամական պետության» սպառնալիքի դեմ պայքարին, այդ պատճառով խոսքը մեր հնարավորությունների նվազեցման մասին չէ»,- ասել է Ռայդերը:
Վաշինգտոնի անվճռականությունը առաջացրել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարության հիասթափությունը, որի ներկայացուցիչները հայտարարում են, որ Թուրքիայի սպառնալիքները «շատ ավելի հնչեղ» են, քան Սիրիայում ջիհադականների դեմ պայքարում «դաշնակիցների արած» դատապարտող հայտարարությունները: «ԱՄՆ-ի դիրքորոշումը պետք է ուժեղ լինի,- արեւմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին:- «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավորությամբ թուրքական կառավարությունը կորցնում է ժողովրդականությունն ընտրություններից առաջ»։ Սա, ըստ հրամանատարի, ստիպում է Անկարայի իշխանության ամենաբարձր օղակներին մտածել, որ հարեւան երկրի տարածքի վրա լայնածավալ հարձակումն «իրենց կբերի թուրք ազգայնականների ձայները»:
Սիրիայի հյուսիսարեւելյան վարչակազմը փորձել է բանակցություններ վարել նաեւ Մոսկվայի հետ: Սակայն վերջինս, որպես կանոն, «Սիրիայի դեմոկրատական ուժերից» պահանջում է կատարել այնպիսի պայմաններ, որոնք կավելացնեն կառավարական բանակի ռազմական սուբյեկտայնությունը Թուրքիայի սահմանին հարակից շրջաններում: Նման բանակցություններ են անցկացվել 2019 թ. թուրքական «Խաղաղության աղբյուր» խոշոր գործողության ֆոնին: Դրա արդյունքներով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին հնարավորություն է տրվել մասամբ առաջանալ այն գոտիներում, որոնք գլխավորում էր «Սիրիայի դեմոկրատական ուժերը»: Անհասկանալի է, թե այժմ Անկարային որքանով կբավարարի 30 կմ խորությամբ սահմանային գոտին Դամասկոսի վերահսկողության տակ անցնելու տարբերակը:
Փորձագետներն այն կարծիքին են, որ ստեղծված իրավիճակում Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են վատթարանալ: Սա առաջին հատուկ գործողությունը չէ, որը թուրքերն իրականացնում են քրդերի նկատմամբ: Եթե դատենք առկա փորձի հիման վրա, այդ գործողությունները սովորաբար ցուցադրական բնույթ ունեն այն առումով, որ ուղղված են եղել ներքին սպառողին, միտված են եղել ցուցադրելու, թե թուրքական ղեկավարությունն ինչի հետ չի պատրաստվում հաշտվել: Հավանականություն կա, որ «Ճանկ-Սուրը» հիմա էլ կարող է սահմանափակվել առավելապես խորհրդանշական գործողություններով: Լայնածավալ ռազմական հակամարտության ելքը ոչ ոք չի կարող կանխորոշել, այդ իսկ պատճառով Թուրքիան դժվար թե նման արկածախնդրության դիմի երկրում համընդհանուր ընտրությունների նախօրեին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցները պետք է դադարեցնեն «աջակցությունն ահաբեկիչներին» Սիրիայում: «Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ից, որ կդադարի աջակցություն ցուցաբերել ահաբեկչական կազմակերպություններին: Դաշնակիցներից աջակցություն ենք սպասում, որպեսզի հանդես չգան հայտարարություններով, որոնք ահաբեկիչներին ներկայացնում են որպես տուժածներ»,- նոյեմբերի 30-ին ասել է Չավուշօղլուն Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հետեւած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խոչընդոտել Անկարային՝ ռազմական հատուկ գործողություն իրականացնելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ուժերի դեմ: «Մենք արդեն անհրաժեշտ պատասխան տվել ենք, հիմա իրական աջակցություն ենք սպասում մեր դաշնակիցներից՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հարկ է նշել, որ այսօր դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շահագրգռված են Անկարայի հետ հարաբերությունների պահպանման մեջ: Սա բարենպաստ իրավիճակ է թուրքերի համար, քանի որ հավանականությունը, որ կողմերից մեկը ճնշում կամ պատժամիջոցներ կկիրառի, նվազագույնի է հասնում։ Սակայն Վաշինգտոնը չպետք է մոռանա, որ ժողովրդավարությունը, որի արժեքները փորձում է տարածել ողջ աշխարհում եւ դրանք զենք դարձնել ավտորիտար վարչակազմերի դեմ պայքարում, այլ մոտեցումներ է պահանջում, որոնց անտեսումը կարող է ավարտվել նույն այդ արժեքների անցանկալի վարկաբեկմամբ: