Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը տարածաշրջանի երկրներին կստիպի ձգտել՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Այս մասին հայտնում է սաուդյան SPA լրատվական գործակալությունը: «Եթե Իրանը միջուկային զենք ստանա, բոլոր խաղադրույքները կհանվեն… Մենք տարածաշրջանում շատ վտանգավոր տարածության մեջ ենք գտնվում… Դուք կարող եք սպասել, որ տարածաշրջանի երկրները պարտադիր ուսումնասիրեն, թե ինչպես կարող են ապահովել իրենց անվտանգությունը»,- նշել է նա:
Իրանի ու արեւմտյան երկրների միջեւ միջուկային բանակցությունները փակուղի են մտել. վերջիններս Թեհրանին մեղադրում են չհիմնավորված պահանջներ ներկայացնելու մեջ: Չնայած Էր Ռիյադը նախկինի պես հոռետեսորեն է վերաբերվում իրանական միջուկային գործարքին, արքայազն Ֆեյսալը հայտարարել է, որ թագավորությունը պաշտպանում է գործարքի վերականգնմանը միտված ջանքերը՝ «պայմանով, որ դա ելակետ, այլ ոչ թե վերջնակետ կլինի Թեհրանի հետ ավելի ամուր համաձայնագրի համար»: «Ցավոք, նախանշանները հիմա այնքան էլ դրական չեն… Մենք իրանցիներից լսում ենք, որ իրենք հետաքրքրված չեն միջուկային զենքի ստացմամբ, լավ կլիներ, որ հավատայինք դրան: Բայց մեզ ավելի շատ վստահություն է պետք այդ հարցում»,- շեշտել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը:
Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը համարվում են տարածաշրջանային գլխավոր հակառակորդներ: Էր Ռիյադն իրեն ընդունում է որպես սուննի աշխարհի կենտրոն՝ նկատի ունենալով այն, որ թագավորության տարածքում են իսլամի երկու գլխավոր սրբությունները՝ Մեքքան ու Մեդինան: Իրանը, որպես առանցքային շիա տերություն, մի շարք փորձագետների կարծիքով՝ Մերձավոր Արեւելքում կառուցել է այսպես կոչված «շիական աղեղ» կամ «դիմադրության առանցք», որը ներառում է Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանի հյուսիսն ու Եմենը:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն Իրանին խոստացել են հրաժարվել տարածաշրջանային անվտանգության հին կանոններից, եթե վերջինս որոշի միջուկային զենք ստանալ: Այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացրել, որ թագավորությունը մտադիր է իր հնարավորություններն ունենալ ռազմական ատոմի ոլորտում: Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», հատուկ ֆոն է ստեղծել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը Սաուդյան Արաբիա: Հենց Չինաստանի օգնության հետ են ամերիկյան հետախուզական մարմինները կապում հնարավորությունը, որ Սաուդյան Արաբիան թռիչք կկատարի միջուկային տեխնոլոգիաների ոլորտում:
Արքայազն Ֆեյսալի խոսքերը մասամբ համապատասխանում են այն հայտարարությունների ոգուն, որոնք թագավորությունը կրկնում է 2018 թ. Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Այսպես՝ չորս տարի առաջ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրն ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում նշել է, որ իր երկիրը կարող է սկսել զանգվածային ոչնչացման սեփական զենք մշակել, եթե Իսլամական Հանրապետությունը որոշի ընթանալ այդ ճանապարհով: «Մենք ամեն ինչ կանենք, ինչ պահանջվում է, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին,- ընդգծել է նա:- Եթե Իրանը միջուկային պոտենցիալ ստանա, ապա մենք հնարավորը կձեռնարկենք՝ նույնն անելու համար»:
Այժմ արքայազն Ֆեյսալի հայտարարությունների կարեւոր ֆոնը ոչ միայն «միջուկային գործարքի» վերականգնման գործընթացի փլուզումն է եւ ուրանը 60 տոկոսով հարստացնելու՝ Թեհրանի հաստատված պատրաստակամությունը, այլեւ անցյալ շաբաթ Չինաստանի ղեկավարի կատարած այցը Սաուդյան Արաբիա։
Երկու տարի առաջ «Wall Street Journal»-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ արաբական միապետության հյուսիս արեւմուտքում՝ Ալ-Ուլա քաղաքի մոտ, ակտիվորեն կառուցվում է ուրանի խտանյութի մշակման գործարան՝ «դեղին կարկանդակ», որն օգտագործվում է ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակներով: Սա արձանագրած մասնագետներին զարմացրել է ոչ այնքան այն, որ աշխատանքներն իրականացվում են առանց ՄԱԳԱՏԷ-ին կամ այլ միջազգային դիտորդներին տեղյակ պահելու, որքան այն, որ չինական ընկերությունները դարձել են կապալառուներ։ Անցյալ տարի CNN-ը հրապարակեց արբանյակային մի շարք լուսանկարներ, որոնք ցույց են տվել, որ Սաուդյան Դավադմի քաղաքի տարածքում կան հրթիռների արտադրության գործընթացից մնացած պինդ վառելիքի թափոնների հեռացման հետքերով վայրեր։ Ամերիկյան հեռուստաալիքի զեկույցը բարձրացրել է ոչ միայն բալիստիկ հրթիռների ստեղծման սաուդյան ծրագրի առաջխաղացման, այլեւ դրանց միջուկային հագեցման հեռանկարի հարցը։
Թագավորության ռազմավարական հրթիռային ուժերի էվոլյուցիան պատմականորեն միահյուսված է Էր Ռիյադի եւ Պեկինի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետ: Արաբական միապետության կողմից չինական բալիստիկ հրթիռների ձեռք բերման վերաբերյալ առաջին բանակցությունները տեղի են ունեցել 1980-ականներին։ Ֆիզիկական փոխանցումը, ըստ փորձագետների ենթադրությունների, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 1987-1990 թթ.։ Գործընթացը խիստ գաղտնի էր:
Սաուդյան Արաբիայի ռազմավարական հրթիռային ուժերը ստացել են DF-3A միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք առաջին անգամ լայն հանրությանը ցուցադրվել են 2014 թ. զորահանդեսի ժամանակ, որով ավարտվեցին թագավորական բանակի «Սեյֆ Աբդուլլահ» լայնածավալ զորավարժությունները։ Նույն թվականին Սաուդյան Արաբիայի պաշտոնաթող գեներալ Անվար Էշկին հաղորդել է, որ Էր Ռիյադը ստացել է չինական համալիրներ DF-21 նոր հրթիռներով, որոնք, ըստ նրա, նախատեսված են պաշտպանելու մահմեդական սուրբ քաղաքները՝ Մեքքան ու Մեդինան, եւ ապահովելու Պարսից ծոցի անվտանգությունը։
Չնայած այն հանգամանքին, որ, ըստ արեւմտյան ԶԼՄ-ների հրապարակումների, Միացյալ Նահանգները, ըստ երեւույթին, լուռ համաձայնություն է տվել այդ գնումներին՝ պայմանով, որ իր մերձավորարեւելյան դաշնակիցը ստանա սովորական մարտագլխիկով հրթիռների տարբերակը, Սաուդյան Արաբիայի ակտիվ շահագրգռվածությունը բալիստիկ ծրագիր մշակելու հարցում՝ ՉԺՀ-ի հաշվին, ինքնաբերաբար բարձրացնում է ռազմական ատոմի ոլորտում թագավորության հավակնությունների հարցը: Եթե հավատանք վերլուծաբանների գնահատականներին, Էր Ռիյադի չինական արտադրության միջին սովորական հեռահարության բալիստիկ հրթիռների գործնական կիրառումն անիմաստ է զինված առճակատման պայմաններում, քանի որ դրանք համապատասխան ճշգրտություն ունեն միայն միջուկային հագեցվածության դեպքում:
Այս համատեքստում արքայազն Ֆեյսալի սպառնալիքը Թեհրանին, որը հաջողությամբ համընկավ ՉԺՀ նախագահի այցի հետ, որակապես նոր հնչեղություն է ստանում։ Բացառված չէ, որ Մերձավոր Արեւելքում միջուկային զենքի չտարածման առանց այն էլ մշուշոտ ռեժիմը ոչնչացնելու Սաուդյան Արաբիայի պատրաստակամության թեման քաղաքականացվի ամերիկյան իսթեբլիշմենտի մի մասի կողմից՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի, որը հրաժարվել է հետեւել ԱՄՆ-ի համաշխարհային էներգետիկ քաղաքականությանը: Առավել եւս, որ Էր Ռիյադի եւ Պեկինի միջեւ բալիստիկ տեխնոլոգիաների ինտենսիվ փոխանակման վերաբերյալ CNN-ի անցած տարվա տվյալները Վաշինգտոնի պաշտոնյաներին ստիպել են մտածել այս գործընթացին մասնակցած ընկերությունների դեմ պատժամիջոցների մշակման մասին։