Թուրքմենական գազի շուտափույթ մատակարարումը Թուրքիա, որի հույսն ուներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղի չի ունենա։ Այսպիսին են դեկտեմբերի 14-ին կայացած Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթնաժողովի արդյունքները։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ստորագրվել է միայն փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, եւ ստեղծվել է աշխատանքային խումբ։
Թուրքմենստան գնալու ճանապարհին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բաքվի եւ Աշխաբադի հետ երկխոսության առաջնահերթ ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտն է։ «Հուսով եմ, որ մոտ ապագայում թուրքմենական գազը Կասպից ծովով կսկսի հոսել Թուրքիա»,- ասել էր Էրդողանը։ Նրա խոսքով՝ Աշխաբադը «մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ»։
Թուրքմենական կողմին գագաթնաժողովում ներկայացնում էին նախագահն ու փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի ղեկավարը՝ Սերդար եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովները: Թուրքմենստանը մտադիր է զարգացնել եռակողմ համագործակցությունը, գլխավորապես՝ ածխաջրածնային ռեսուրսների օգտագործման ոլորտում՝ էներգետիկայի, էլեկտրաէներգիայի եւ տարանցման: Գագաթնաժողովի արդյունքներով, որը տեղի ունեցավ Կոնգրեսում՝ ազգային զբոսաշրջային «Ավազ» գոտու կենտրոնում, ստորագրվել են ընդամենը մի շարք հուշագրեր առեւտրի, գիտության, կրթության, մշակույթի, մաքսային, էներգետիկայի եւ տրանսպորտի:
Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է Կենտրոնական Ասիայի գծով փորձագետ Սերդար Այտակովը, «եռյակի» գագաթնաժողովն ավարտվել է ոչ այն արդյունքով, որի հետ հույսեր էր կապում Թուրքիայի նախագահ Էրդողանը: Պատկերավոր ասած՝ նա ուզում էր «Ավազից» քաղաքական որոշում փախցնել՝ Թուրքմենստանի՝ գազը Եվրոպա մատակարարելու պատրաստակամության մասին, իհարկե, Թուրքիայի տարածքով։ Ադրբեջանի հետ խնդիրներ չկան. մնում է Թուրքմենստանը։ «Ադրբեջանի հետ Թուրքիան տարբեր մեխանիզմների շրջանակներում արդյունավետ քայլեր է ձեռնարկում։ Ադրբեջանական բնական գազը Եվրոպա է փոխադրվում Հարավային գազային միջանցքով եւ TANAP-ով։ Թուրքմենստանի բնական գազի հարցում մենք նույնպես պատրաստ ենք համատեղ քայլեր ձեռնարկել ի շահ երեք երկրների եւ որոշել ենք այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծել։ Այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նույնպես անհրաժեշտ շրջանակ է ստեղծում»,- «Ավազում» հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Այսինքն՝ կողմերը պայմանավորվել են եւ շարունակում են պայմանավորվել։ Սա վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական դաշինքը չէր կարող թուրքմենական կողմին առաջարկել ներդրումների եւ տեխնոլոգիաների ներհոսքը երաշխավորող պայմաններ, եվրոպացի սպառողների կողմից թուրքմենական գազի գնման երաշխիքներ ծավալներով եւ գրավիչ գներով։ Իսկ թուրքմենական կողմը չցանկացավ ստորագրել դեկլարատիվ փաստաթուղթ, որը կզրկի նրան քաղաքական նախաձեռնողականությունից ու անկախությունից՝ հօգուտ Թուրքիայի նախագահ Էրդողանի»,- նշել է փորձագետը։ Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, ի դեպ, չի նշվում նաեւ Թուրքմենստանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպություն մտնելու մասին։
Եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է գազային հանգույց ստեղծել, ապա Թուրքմենստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովն Էրդողանի համար հնարավորություն էր՝ հասկանալու, թե արդյոք Աշխաբադը կմիանա՞ այդ ծրագրին՝ վերածվելով հանգույցի առաքիչներից մեկի: Բայց Կասպից ծովում պատրաստի ենթակառուցվածքներ չկան, եւ Թուրքմենստանը, հասկանալի է, ցանկություն չունի ռիսկերն իր վրա վերցնել:
Թուրքմենստանը գազի պահուստների մասով աշխարհում լավագույն քառյակում է, սակայն նրա արտահանումը սահմանափակ է: Այդ երկիրը գազ է մատակարարում Չինաստանին եւ Իրանին, իսկ վերջինս հնարավորություն կունենա գազ մատակարարել Եվրոպային Հայաստանի ու Վրաստանի միջոցով, ինչի մասին այսօր ավելի ու ավելի շատ են խոսում ոչ միայն փորձագիտական շրջանակներում: Ոչ մեծ ծավալներ է գնում նաեւ «Գազպրոմը», իսկ դեպի Եվրոպա առաքումն արդեն մի քանի տասնամյակ մնում է որպես երազանք:
«Թուրքիան ցանկանում է թուրքմենական գազ ստանալ ինչպես ներքին կարիքների, այնպես էլ Եվրոպա մատակարարման համար: Թուրքիայի ղեկավարի նման ցանկությունը հասկանալի է, քանի որ Անկարան պատրաստվում է փետրվարին միջազգային կոնֆերանս անցկացնել գազային հանգույցի վերաբերյալ»,- ասել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը:
Նա նշել է նաեւ, որ 25 տարի առաջ BOTAS-ը եւ «Թուրքմենգազը» տարեկան 30 մլրդ խորանարդ մետր գազի առեւտրային համաձայնագիր են ստորագրել բնական գազի առքուվաճառքի մասին: Թուրքական պետական ընկերությունը պլանավորել էր 10 մլրդ խմ գազը վաճառել երկրին, իսկ եւս 20 միլիարդը՝ Եվրոպային: Հենց այդ ժամանակ ծնվեց Անդրկասպյան գազամուղի ստեղծման գաղափարը, որն այդպես էլ իրականություն չդարձավ:
«Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ցանկություն չկա լինել սոսկ տարանցիկ երկիր: Պաշտոնական Անկարան ձգտում է նկատելի խաղացող դառնալ դեպի Եվրոպա գազի մատակարարման գործում, առավել եւս, որ, սկսած հաջորդ տարվանից, Թուրքիան ձեռք կբերի նաեւ գազ արդյունահանող երկրի կարգավիճակ»,- նշել է Շաբանը՝ շեշտելով, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է ստեղծել հարթակ, որտեղ կորոշվի գազի գինը: Այդ նպատակով Անկարայի համար կարեւոր է, որ մատակարարների քանակը հնարավորինս մեծ լինի, եւ թուրքմենական գազը հեռանկարային տարբերակներից մեկն է:
Որպես թուրքմենական գազի մատակարարման հիմնական խնդիր՝ նշվում է ենթակառուցվածքների բացակայությունը, որոնցով հնարավոր կլինի գազը Կասպից ծովով հասցնել Ադրբեջան: Այս առումով հարկ է նշել, որ գազամուղների շինարարությունը նման դեպքերում սովորաբար տեւում է երկու տարի, իսկ Կասպից ծովի ափին հեղուկ գազի գործարանի հիմնադրման համար լավագույն դեպքում երեք տարի կպահանջվի: Տեխնիկապես ու տնտեսապես միակ շահավետ տարբերակը Անդրկասպյան գազամուղն է, որի կառուցումը քիչ հավանական է աշխարհաքաղաքական պատճառներով:
Սակայն Աշխաբադի պատասխանը պայմանավորված չէ միայն ենթակառուցվածքների բացակայությամբ: Բոլորովին վերջերս Եվրամիության պատվիրակությունն այցելել էր Կենտրոնական Ասիա, եւ բացառված չէ, որ այնտեղ խոսվել է գազի հնարավոր տարանցման ուղիների մասին, որոնք կբացառեն եվրոպական գազային շուկայում ռուսական գազի՝ այս կամ այն տարբերակով վերադարձը: Իսկ թուրքական հանգույցը, ինչպես արդեն նշեցինք, հենվելու է հենց ռուսական գազի վրա: