Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Էր-Ռիադում մասնակցելով երեք գագաթնաժողովների, վերաձեւակերպել է Մերձավոր Արեւելքում Չինաստանի շահերը: Հաշվի առնելով ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վատ վիճակը՝ այցը կարելի է դիտարկել Վաշինգտոնի եւ Պեկինի աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։ Այնուամենայնիվ, այլ գործոններ եւս կան: Այս ուղեւորությունը Չինաստան-Մերձավոր Արեւելք հարաբերությունների խորացման շատ ավելի երկար ճանապարհի մի մասն էր, որտեղ կապերը տարածաշրջանային մի քանի երկրների հետ գնալով ավելի են սերտանում:
Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերություններում սա չինական պետության ղեկավարի հինգերորդ պետական այցն է։ 1999 թ. ստորագրվել է ռազմավարական նավթային համագործակցության համաձայնագիր՝ Չինաստանը դարձնելով Սաուդյան Արաբիայի էներգիայի գլխավոր ներմուծողը: 2016 թ. այցի արդյունքում ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր: Այսպիսով՝ երկու երկրների միջեւ հարաբերություններն աճել են՝ ներառելով ավելի բազմազան ոլորտներ՝ առեւտրի, ներդրումների, ֆինանսավորման, տեխնոլոգիական, կրթական եւ անվտանգության:
ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, ինչպես հայտնի է, լավ վիճակում չեն։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Չինաստան-Սաուդյան Արաբիա համագործակցությունն իրականացվում է ի հեճուկս ԱՄՆ-ի։ Այնուամենայնիվ, Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունները սերտացել են՝ նաեւ ռազմավարական նկատառումներով պայմանավորված: Սաուդցիները եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) անդամները Չինաստանին տեսնում են որպես ուժեղ գործընկեր, որը տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, տեխնոլոգիական աջակցության եւ ներդրումների աղբյուր է, որը կարող է օգնել նրանց դիվերսիֆիկացված տնտեսություններ կառուցելու հարցում: Հարաբերությունները շատ ավելին են, քան ԱՄՆ-ի ուշադրությունը գրավելը:
Այս գագաթնաժողովից հետո սաուդցիները հայտնել են, որ ստորագրվել են քառասունվեց հուշագրեր եւ համաձայնագրեր՝ 50 միլիարդ դոլար արժողությամբ: Հարցն այն է, թե դրանցից քանիսը կդառնան իրական պայմանագրեր: Այնուամենայնիվ, 2016-ից ի վեր Չինաստան-Սաուդյան Արաբիա իրար հաջորդող պաշտոնական հանդիպումները հաճախ շոշափելի արդյունքներ են տալիս: Առավել մեծ հետաքրքրություն առաջացրեց Չինաստան-ՊՀԽ գագաթնաժողովը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տեսանկյունից:
Այնուամենայնիվ, գագաթնաժողովներն ու դրանց հետեւանքները մտահոգիչ են Միացյալ Նահանգների համար: Այն, որ նրա հիմնական, ռազմավարական մրցակիցը լուրջ ձեռքբերումներ է գրանցում աշխարհաքաղաքական գլխավոր տարածաշրջաններից մեկում, իրապես խնդիր է: Ծինփինի այցը ցույց է տալիս, որ Չինաստանը հստակ պատկերացում ունի Մերձավոր Արեւելքում սեփական սպասումների ու շահերի մասին եւ պատրաստ է դրանք համապատասխանեցնել արաբական պետությունների օրակարգերի հետ։ Ակնհայտորեն սպասվում են համագործակցության նոր զարգացումներ։