Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վերահսկողությունը հավերժական կյանք չունի

Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կրկին սրվել են

Դեկտեմբերի 22, 2022
Միջազգային
Վերահսկողությունը հավերժական կյանք չունի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից տերությունների՝ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները կրկին սրվել են: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունական կործանիչներ որսալու մասին, որոնք ներխուժել են այն ջրային շրջանի օդային տարածք, որն Անկարան իրենն է համարում: Իսկ  հունական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է միակողմանի քայլի՝ իր բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակմանը, այդ թվում՝ Էգեյան ծովում, եթե Հունաստանը չգնա զիջումների եւ իր զորքերը դուրս չբերի մի շարք կղզիներից:

Հունական ինքնաթիռների գրավման միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: «Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձում էին որսալ մեր ինքնաթիռները, որոնք միջազգային օդային տարածությունում խնդիրներ էին լուծում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում: ՆԱՏՕ-ի առաքելությունը հաջողությամբ կատարված է»,- նշված է թուրքական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գործնականում հունական ու թուրքական ինքնաթիռները հայտնվել են նույն վայրում՝ Էգեյան ծովի կղզիների շուրջ 10 մղոնանոց գոտում: Անկարայում կարծում են, որ Հունաստանի օդային տարածքը պետք է տարածվի միայն 6 մղոնի վրա:

Սա նման կարգի առաջին միջադեպը չէ այս տարվա ընթացքում: Օրինակ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսին հայտարարել է, որ հունական կործանիչներն արգելափակել են թուրքական ռազմական ինքնաթիռների ռադարները: Այս երկու երկրների հակամարտությունը, որը շատ հին պատմություն ունի, սրվել է սեպտեմբերին, երբ հունական բանակը զրահատեխնիկա մտցրեց Սամոս ու Լեսբոս կղզիներ: Թուրքիայում հենվում են 1923 թ. Լոզանի եւ 1947 թ. Փարիզի պայմանագրերի վրա: Համաձայն այդ փաստաթղթերի թուրքական մեկնաբանության՝ Հունաստանն իրավունք չունի ծանր տեխնիկա տեղակայել այդ կղզիներում: Եղան թուրք քաղաքական գործիչներ, ովքեր խոստանում էին ուժ կիրառել: «Թուրքիան չի անտեսի իր դեմ ուղղված սպառնալիքները: Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի: Կամ Հունաստանը հետքայլ կկատարի եւ կհետեւի համաձայնագրերին, կամ Թուրքիան անհրաժեշտ քայլեր կկատարի: Մի անգամ գիշերով եւ հանկարծակի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ամենեւին չանհանգստանալով, որ «մի անգամ գիշերով եւ հանկարծակի» արտահայտությունը հնչում է միանգամայն այլ կերպ՝ «մի անգամ նենգաբար ու գաղտագողի»: Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական «Թայֆուն» հրթիռները, «իհարկե, մի օր կհարվածեն» Աթենքին:

Որոշակի լռությունից հետո, ինչպես տեսնում ենք, իրավիճակը կրկին սրվել է։ Օրերս հունական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրյուսելում փակ ձեւաչափով հանդիպում է կայացել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրի եւ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի միջեւ։ Ինչպես հայտնել է «Newsbreak» պորտալը, զրույցը կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլյոտների ներկայությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին միայն հիմա են տեղեկություններ հաղորդում:

Անհրաժեշտ է հասկանալ, որ կողմերի միջեւ լիարժեք բարիդրացիական հարաբերությունների մասին, անկասկած, խոսք լինել չի կարող: Թուրք-հունական հակամարտությունը էքզիստենցիալ է, որի արմատները տանում են դեպի դարերի խորքը, երբ աճող Օսմանյան կայսրությունը սկսեց հույներին դուրս մղել Փոքր Ասիայից: Դիմակայությունը շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ երկու երկրները 20-րդ դարում դարձան ՆԱՏՕ-ի անդամներ: Եվ չնայած այն հանգամանքին, որ այդ փաստն ինքնին բացառում է նրանց միջեւ բախման հավանականությունը, կողմերը բազմիցս հայտնվել են ռազմական հակամարտության շեմին՝ կապված տարածքի ու էներգակիրների շուրջ վեճերի հետ:

Առաջին անգամ Թուրքիան անուղղակի, բայց հստակ նախազգուշացրել է Հունաստանին, որ ձեռնամուխ է լինում Էգեյան ծովում ու Արեւելյան Միջերկրածովյանում իր բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակմանը։ Նրա պահանջն այն է, որ հույները դուրս բերեն իրենց զորքերը Էգեյան ծովի արեւելյան եւ Դոդեկանեսի կղզիներից:

Այս դեպքում խոսքն ավելիի մասին  է, քան երկու երկրների միջեւ տարածքային վեճը: Արեւելյան Միջերկրածովյանի թուրքական բացառիկ տնտեսական գոտու սահմանների հռչակումը կհանգեցնի բարդ իրավիճակի. Թուրքիայի հարաբերությունները կսրվեն նաեւ Կիպրոսի ու Եգիպտոսի հետ: Իսկ դա երկու երկրների դիմակայությունը կբարձրացնի նոր մակարդակի:

Էրդողանի համար, ի դեպ, դա ճիշտ ժամանակին կատարված քայլ կլինի արտաքին քաղաքական պատճառներով: Երկրում գործնականում սկսվել է նախընտրական քարոզարշավը: 2023 թ. ամռանը Թուրքիան նոր նախագահ պետք է ընտրի: Միեւնույն ժամանակ, ըստ հարցումների, Էրդողանը գործնականում նկատելիորեն հետ է մնում ընդդիմադիր ցանկացած գործչից: Անփոխարինելի ղեկավարի երկարատեւ կառավարումից թուրքերն ակնհայտորեն հոգնել են: Էրդողանի օգտին չէ նաեւ երկրում առկա տնտեսական իրավիճակը: Արժեզրկման բարձր տեմպի պատճառով շատ թուրքեր իշխանափոխություն են պահանջում: Թուրքիայի գործող նախագահի հույսն ակնհայտորեն արտաքին քաղաքական միավորներն են: Նա փորձում է որպես միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական հակամարտությունում, օգնում է «հացահատիկային գործարք» կնքել: Հավանաբար, այդ ջանքերի մի մասը, որոնք կոչված են ազդեցություն գործել հայրենասիրաբար տրամադրված ընտրողների վրա, Հունաստանի հետ հարաբերությունների սրումն է: Այլ հարց է, որ հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Բայց, ինչպես երեւում է, դա Էրդողանին չի անհանգստացնում:

Նշենք նաեւ, որ բանակցություններն ընթացել են բաց օրակարգով, ինչը նշանակում է, որ քննարկվող թեմաների քանակը կարող է փոխվել՝ կախված իրավիճակից: Ամենայն հավանականությամբ, խոսվել է ռազմական ընդհարումներից խուսափելու մասին: Կարող էին քննարկվել նաեւ ընդհանուր տնտեսական նախագծերի հետ կապված հարցեր, որոնք կնվազեցնեն լարվածությունը: Բայց տարաձայնություններն այսօր անհնար է լուծել: Առաջիկայում ընտրություններ կանցկացվեն նաեւ Հունաստանում, եւ Էդողանն ու Միցոտակիսը չեն կարող իրենց ընտրողներին բացատրել սեփական զիջումները:

Թուրքիայի ու Հունաստանի հակամարտությունը հավերժական է թվում: Հույների համար Ստամբուլն ու Իզմիրը միշտ կմնան որպես Կոստանդնուպոլիս եւ Զմյուռնիա: Այս երկու երկրները ՆԱՏՕ-ի կազմում նույն ժամանակ ընդգրկվեցին՝ նաեւ այն բանի համար, որպեսզի նրանց դիմակայությունը լինի վերահսկողության տակ: Բայց հակամարտությունների պատմության փորձը վկայում է, որ վերահսկողությունը հավերժական կյանք չունի…

Թեգեր: ԹուրքիաՀունաստանՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Իրավունք չունենք ուժեղ չլինել»

«Իրավունք չունենք ուժեղ չլինել»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Նրանք չեն էլ իմանալու, որ կրում են այդ կնիքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist