Երեքշաբթի Հորդանանում տեղի է ունեցել համագործակցության եւ գործընկերության Բաղդադի համաժողովի երկրորդ փուլը: Ըստ AFP-ի՝ միջոցառմանը մասնակցելու համար Ամման էին ժամանել մերձավորարեւելյան երկրների, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, խոսվել է նաեւ «Միջուկային գործարքին» Իրանի վերադարձի մասին։ Հնարավոր է, որ համաժողովի շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության թեմային։ Առավել եւս, որ Բաղդադի համաժողովից առաջ համապատասխան կտրուկ հայտարարություն էր արել ԱՄՆ-ի ներկայացուցիչը, իսկ դրան նախորդել էին ԵՄ պատժամիջոցները։
Համաժողովում քննարկվել են տարածաշրջանում եւ աշխարհում պարենային, բժշկական եւ էներգետիկ անվտանգության հարցեր։ Ըստ եգիպտական «Ալ-Բալյադ» տեղեկատվական պորտալի՝ դրա մասնակիցները պետք է կամուրջներ կառուցեին Բաղդադի, Թեհրանի եւ Անկարայի միջեւ՝ Իրանի ու Թուրքիայի կողմից Իրաքյան Քուրդիստանի տարածքի վրա վերջին հարձակումների լույսի ներքո, ինչպես նաեւ դիտարկեին եռակողմ համագործակցության նախագծերի իրականացման հարցը Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրաքի միջեւ։ Հորդանանյան հանդիպումից ակնկալվում էր, որ կբարելավվեն հարաբերությունները տարածաշրջանի պետությունների միջեւ, եւ նոր խթան կհաղորդվի հարեւանների հետ Իրաքի կայուն տնտեսական ու ներդրումային գործընկերությանը:
Համաժողովի շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բանակցություններ է վարել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգային քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի եւ «Միջուկային գործարքի» ԵՄ համակարգող Էնրիկե Մորայի հետ։ Տեղեկատվական գործակալությունների հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը բեւեռվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերածնունդի, ինչպես նաեւ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի նկատմամբ արեւմտյան որոշ պաշտոնյաների դիրքորոշման վրա: Միեւնույն ժամանակ բանակցությունների ընթացքում չէր կարող չշոշափվել Ռուսաստանի Դաշնություն իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների թեման։ Բաղդադի համաժողովից առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը քննադատել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկել Ուկրաինա՝ ստուգելու, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունն իսկապե՞ս այնտեղ իրանական մարտական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ԵՄ-ի համար, ի դեպ, դա լուծված խնդիր է. նրանք արդեն պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ «Ռուսաստանին մարտական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար»։
Աբդոլլահիանը չի թաքցրել իր երկրի մտադրությունը՝ Բաղդադի համաժողովի շրջանակներում ավարտին հասցնելու մի քանի ամիս առաջ ընդհատված «Միջուկային գործարքի» վերակենդանացման շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով՝ Մեռյալ ծովի ափին անցկացվող տարածաշրջանային գագաթնաժողովը լավ հնարավորություն է՝ ավարտելու 2015 թ. ստորագրված, բայց երեք տարի անց Դոնալդ Թրամփի կողմից միակողմանի կարգով խզված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերածնման շուրջ բանակցությունները:
Իրանցի նախարարը հույս ունի, որ վերջին երեք ամսվա ընթացքում ԱՄՆ դիրքորոշումը «Միջուկային գործարքի» վերաբերյալ փոխվել է եւ ավելի իրատեսական դարձել։ «Ես ազնվորեն ասում եմ, որ ամերիկացիները պետք է ընտրություն կատարեն կեղծավորության եւ «Միջուկային գործարքի» շուրջ համաձայնության հասնելու միջեւ»,- նշել է նա: Եվրամիությունը, որը միջնորդի դեր է ստանձնել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ, նույնպես հույս ունի վերադառնալ «Միջուկային գործարքի» շուրջ բանակցություններին:
Ի սկզբանե սպասվում էր, որ Ամմանի հանդիպման ընթացքում շփումներ կլինեն տարածաշրջանային հակառակորդների՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջեւ: Նույնիսկ չէր բացառվում, որ դրանք կանցկացվեն ամենաբարձր մակարդակով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ու թագավորության գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի միջեւ: Մինչեւ վերջին օրերը պահպանվում էր հույսը, որ կողմերը կկարողանան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, որոնք դեռ 2021 թ. ապրիլից գաղտնաբար եւ մեծ ընդհատումներով վարում էին Թեհրանն ու Էր-Ռիյադը Բաղդադի միջնորդությամբ: Այդպիսի բանակցությունների ընդամենը հինգ փուլ է անցկացվել:
Իրանական կողմը, սակայն, չպլանավորեց սպասվող վեցերորդ փուլը: Դա հայտնի դարձավ, երբ Իրաքի նոր վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանին Իրան կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում հետաքրքրվեց բանակցությունների վերսկսման հարցով եւ նշեց, որ շուտով կուղեւորվի Էր-Ռիյադ: Թեհրանում նրան պատասխանեցին, որ առայժմ չեն պատրաստվում հանդիպել սաուդցիների հետ, քանի որ նրանք ենթադրաբար զանգվածային հակակառավարական ցույցեր են հրահրում Իրանում։ «Բաղդադ-2» հանդիպումից առաջ իրանցիներն ու սաուդցիները, ըստ երեւույթին, չէին կարողացել պայմանավորվել բանակցությունների վերսկսման մասին:
Թեհրանի մերժումը՝ շարունակելու բանակցությունները, անհաջողություն է աս-Սուդանիի համար, ով հույս ուներ, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները Բաղդադին կթույլատրեն ամրացնել տարածաշրջանային միջնորդի իր դերը: Շփումների դադարեցումը նույնպես կարող է տարածաշրջանային հետեւանքներ ունենալ, որովհետեւ երկու երկրներն աջակցում են Սիրիայում ու Եմենում հակամարտող կողմերի. Իրանը պաշտպանում է թագավորության դեմ մարտնչող հութիներին:
Բաղդադի համաժողովի առաջին փուլն Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունեցել 2021 թ. օգոստոսին: Դրան մասնակցել են Թուրքիայի, Հորդանանի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Եգիպտոսի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի ներկայացուցիչները: Այս անգամ անվտանգության նկատառումներով այդպիսի միջոցառման համար հարթակ էր տրամադրել Հորդանանը: Սակայն համաժողովի մեկնարկից երեք շաբաթ առաջ այդ երկրում լուրջ անկարգություններ սկսվեցին, որոնք քիչ էր մնում խափանեին համաժողովի անցկացումը: Պատճառը հերթական՝ տարվա ընթացքում վառելիքի 16-րդ թանկացումն էր, գլխավորապես՝ դիզելային, ինչպես նաեւ անընդհատ սրվող տնտեսական ու ֆինանսական խնդիրները: Խաղաղ ցույցերը վերաճեցին կոշտ բախումների անվտանգության ուժերի հետ, նաեւ կրակոցներ հնչեցին: Տասնյակ մարդիկ ձերբակալվեցին: Երկու կողմից վիրավորներ ու նույնիսկ սպանվածներ եղան:
Անկարգությունները քիչ թե շատ լուծվեցին, բայց՝ ոչ ամենուր, համաժողովի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ իշխանությունները խաղաղ համաձայնագիր ստորագրեցին գործադուլավորների հետ՝ խոստանալով ընդառաջել եւ կատարել նրանց որոշ պահանջներ, այդ թվում՝ միջոցներ հատկացնել վառելիքի թանկացման արդյունքում կատարված ծախսերի փոխհատուցման համար։ Այնուամենայնիվ, բանակի հրամանատարությունը զինվորական ստորաբաժանումներ տեղակայեց Ամմանից դեպի համաժողովի կենտրոն տանող ճանապարհի երկայնքով, որտեղ եւ Մեռյալ ծովի ափին անցկացվեց Բաղդադի երկրորդ համաժողովը:
Վերջում հարկ ենք համարում նշել, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին նաեւ Իսրայելն է սկսել խոսել: Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ իր ապագա որոշումներում Թեհրանը, հավանաբար, նկատի կունենա այդ հանգամանքը: