Ղազախստանի Ակտաու քաղաքում ուժային կառույցների աշխատակիցներն անցել են ցուցարարների կողմը: Այս մասին ականատեսները հայտնում են սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութեր դեպքի վայրից, հաղորդում է «Իզվեստիան»:
Իրավապահները, ըստ ցուցարարների, հայտարարել են, որ չեն կարող դեմ դուրս գալ ժողովրդին: Նաեւ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ ցուցարարները զինվորական բեռնատար են գրավել եւ ստիպել, որ ուծայինները դուրս գան մեքենայից:
Ալմաթիում ցույցերի մասնակիցները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա: Համապատասխան տեսանյութերը հայտնվել են Telegram-ալիքներում: Անկարգությունների մասնակիցները փորձել են մտնել տրանսպորտային միջոցի մեջ, կադրերում երեւում է, որ վարորդը համոզել է բաց թողնել բժիշկներին:
Ալմաթիում անկարգությունների ընթացքում ծեծի է ենթարկվել շուրջ 500 մարդ, այդ թվում 130 կանայք ու ծերեր, այրվել է 120 մեքենա, ներառյալ 33 շտապօգնության եւ հրշեջ մեքենա:
Ալմաթիի պարետը հայտարարել է, որ քաղաքը գրոհել են արմատականներն ու ծայրահեղականները:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ղազախստանի դեպքերը վստահություն է հայտնել, որ այդ երկիրը կարող է ինքնուրույն լուծել ներքին հարցերը:
Այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը արտակարգ դրություն է մտցրել մայրաքաղաք Նուր-Սուլթանում, Ալմաթիում, Ամա-Աթայի եւ Մանգիստաուրի շրջաններում մինչեւ հունվարի 19-ը: Նա նաեւ ցրել է կառավարությունը:
Ղազախստանում անկարգություններն սկսվել են հունվարի 4-ին եւ շարունակվում են մինչ օրս: Հունվարի 2-ին Ակտաու եւ Ժանաոզեն քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոց եւ պահանջել նվազեցնել վառելիքի գինը: Գազի գինը Ղազախստանում հունվարի 1-ից կրկնակի բարձրացել է՝ 60 թենգեից (10 ռուբլի) հասնելով 120 թենգեի (20 ռուբլի):
Այսօր ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարանի շենք եւ հրդեհել այն: Բացի այդ, նրանք հրդեհել են դատախազության եւ իշխող ուժի գրասենյակի շենքերը: Ցուցարարները գրավել են նախագահի Ալմաթիի նստավայրը: Քաղաքի կենտրոնում բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջեւ: