Անկարան նախաձեռնել է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների օնլայն խորհրդակցություն՝ կապված Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն իր ղազախ գործընկեր Մուխտար Տլեուբերդիի հետ զրույցից հետո հաղորդել է, որ միջոցառումը կկայանա այսօր՝ հունվարի 11-ին: Նա նաեւ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Ղազախստանին անհրաժեշտ ցանկացած օգնություն ցուցաբերել: Թուրքիայում անհանգստացած են, որ Ռուսաստանը «թյուրքական աշխարհի» շղթայից պոկել է գլխավոր օղակը՝ Ղազախստանը:
Իրավիճակը Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ հունվարի 2-7-ը անկարգություններ են կատարվել, կայունացել է: Այս մասին նշված է երկրի ներքին գործերի նախարար Էրլան Տուրգումբաեւի՝ կիրակի տարածած հայտարարության մեջ: Նրա խոսքերով՝ այժմ շարունակվում է օրինականության եւ կարգուկանոնի վերականգնման օպերացիան: Տեղական վարչակազմերի՝ նախկինում գրավված բոլոր շինություններն ազատագրված են, որոշ շենքերում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Հասցված վնասը 200 մլն դոլարից ավելի է: Տուրգումբաեւը պատմել է, որ անկարգությունների ընթացքում թալանվել է 100-ից ավելի առեւտրի խոշոր օբյեկտ ու բանկ, վնասվել ու ոչնչացվել է ավելի քան 400 ավտոտրանսպորտային միջոց, այդ թվում՝ 346 ոստիկանական մեքենա:
Ղազախստանում կատարված իրադարձություններն Անկարայի՝ «թյուրքական աշխարհի» լիդերի ուշադրության կենտրոնում են: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այդ առումով հետեւյալն է ասել. «Մենք հավատում ենք, որ մեր եղբայրները կհաղթահարեն բոլոր դժվարություններն իրենց իսկ միջոցներով ու կարողություններով: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել մեր եղբայր ղազախներին»:
Պաշտպանության նախարարի այս հայտարարությունը ինքնատիպ կոչ է ղազախական իշխանություններին՝ հրաժարվելու ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին ապավինելու ձգտումից: Զարգացնելով իր միտքը՝ նա հիշեցրել է «տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում Թուրքիայի հաջողությունների մասին»: Նրա խոսքերով՝ 2015 թ. սկսած՝ «Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում չեզոքացրել են 33275 ահաբեկիչների, իսկ թուրքական բանակի ջանքերով այդ երկիր է վերադարձել մոտ 1 մլն փախստական, որոնցից 470 հազարը տեղավորվել են դեէսկալացիայի իդլիբյան գոտում»: Նա միեւնույն ժամանակ նշել է, որ «ՌԴ օդատիեզերական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսարեւմտյան շրջաններին, ինչն անուղղելի վնաս է պատճառում եւ վատթարացնում Իդլիբի բնակչության կյանքը»: Աքարը շեշտել է, որ վերջերս ռուս զինվորականները հրետակոծել են ջրամատակարարման համակարգը, եւ դա լրջորեն բարդացրել է մարդկանց կյանքը: Այս կերպ Հուլուսի Աքարն ազդանշան է ուղարկել Ղազախստանին, որ վերջինս Թուրքիայից ավելի շատ օգուտ կարող է ունենալ, քան Ռուսաստանից: Դա ընդգծելու համար նա խոսել է այն դերի մասին, որը Թուրքիան խաղացել է արցախյան պատերազմում: «Հարավային Կովկասում մեր նպատակը երկարաժամկետ խաղաղությունն է ու կայունությունը: Թուրքիայի ու Ադրբեջանի նախարարները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին: Հույս ունենք, որ Երեւանում պատշաճ ձեւով կգնահատեն այդ ժեստը: Դա հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլեւ տարածաշրջանին՝ ընդհանրապես: Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզյակի»,- նշել է նախարարը:
Հուլուսի Աքարի հայտարարությունները բացատրելի են, հատկապես հաշվի առնելով, որ որոշ թուրք փորձագետներ հաստատում են. ՀԱՊԿ-ի զորքերի մուտքը Ղազախստան նշանավորեց «թյուրքական աշխարհի» շինարարության գաղափարի ձախողումը: Երկար տարիների ընթացքում Թուրքիայի ու Ղազախստանի կողմից ներդրված հսկայական նյութական, կազմակերպչական, գաղափարական ռեսուրսները գրեթե ապարդյուն էին: Թուրքական պաշտոնական շրջանակները բացահայտ ողբում են «Ղազախստանի ինքնավարության կորուստը» եւ իրենց իշխանություններին կոչ են անում ավելի վճռական գործել այդ ուղղությամբ:
Իրավիճակն այնպես է դասավորվել, որ «թյուրքական աշխարհի» շարքերում, այն բանից հետո, երբ փաստացի նրանից պոկվեցին Ղազախստանն ու ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը մասնակցող Ղրղզստանը, գործնականում մնում են միայն Թուրքիան ու Ադրբեջանը, որը մինչ այժմ որեւէ կերպ չի մեկնաբանել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները: Թուրքմենստանը միշտ հատուկ դիրք է զբաղեցնում եւ, որպես չեզոք երկիր, չի ընդգրկվում որեւէ դաշինքի կազմում (այդուհանդերձ, Թյուրքական պետությունների կազմակերպության վերջին գագաթնաժողովում, ստորագրելով ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ փաստաթղթի տակ, Թուրքմենստանը ծանր հարված հասցրեց իր չեզոքության կարգավիճակին): Շատ դժվար է պատկերացնել, որ Թուրքիան այսուհետ նույնպես կամրապնդի իր դիրքերը Կենտրոնական Ասիայում։
Ինչպես ենթադրում է ՌԴ ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը, Անկարան մանեւրելու սահմանափակ հնարավորություններ ուներ: «Ղազախստանի ճգնաժամի սուր փուլում Թուրքիան ոչինչ չէր կարող անել։ Չէր կարող հատուկ ուժեր գործուղել: Դա մեծ տարակուսանք կառաջացներ ոչ միայն Ղազախստանում, այլեւ Ռուսաստանում եւ Չինաստանում։ Թյուրքական պետությունների կազմակերպության կանոնադրությունը չի պարունակում այնպիսի կետ, որով անդամ երկրներից մեկում ճգնաժամի դեպքում այնտեղ զորքեր կարող են ուղարկվել: Միակ երկիրը, որը կարող էր դա անել, Ուզբեկստանն է, որը համապատասխան համաձայնագրերի փաթեթ է ստորագրել Ղազախստանի հետ։ Հետեւաբար, Թուրքիայի համար հիմա որեւէ լուրջ քայլ անելն անիմաստ է»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է Պրիտչինը:
«Մեծ Թուրանի ստեղծման գաղափարը չի անհետացել: Հարցն այն է, թե ինչպիսի արդյունավետությամբ այն կիրականացվի։ Փաստն այն է, որ Ղազախստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունների համար «թյուրքական աշխարհի» գաղափարն ամբողջությամբ ընդունելի չէ։ Թուրք լինելը չի նշանակում լինել «թյուրքական աշխարհում»։ Նույն կերպ սերբերն ու ռուսները երբեք նույն պետությունում չեն լինի, անկախ նրանից, թե որքան մոտ են միմյանց»,-«Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է Էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին: Նրա կարծիքով՝ Ղազախստանի, ինչպես նաեւ հետխորհրդային շատ այլ հանրապետությունների խնդիրն այն է, որ իր պետականությունն ու գաղափարական հրամայականները կառուցել է՝ հակադրվելով խորհրդային անցյալին եւ ռուսական պատմությանը։ Եվ քանի որ կան մի շարք պատմական պահերի արհեստական շաղկապում եւ դրանց ազատ մեկնաբանում, ղազախական միջավայր սկսեց ներթափանցել սալաֆիական օտար իսլամը, որը, ի թիվս այլ բաների, դարձավ վերջին գործընթացների շարժիչ ուժը:
Կոբրինսկու խոսքերով՝ Թուրքիան հարմար պահի էր սպասում, որպեսզի չմիջամտի հակամարտության զինված փուլին եւ օգնության հասնի, երբ խոսքը կվերաբերի տնտեսական հարցերին։ Ինչպես ենթադրում է փորձագետը, այսօր անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կատարվածից ինչ դասեր պետք է քաղեն թե ղազախները, թե ռուսները։ «Հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ կապված բացասական օրինակները՝ Մոսկվան պետք է փորձի չկրկնել թույլ տված սխալները,- ասել է Կոբրինսկին։- Մյուս կողմից, հնարավոր է, խնդիրն այն է, որ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանը հեռու է այնքան ակտիվ լինելուց, որքան կարող էր։ Այսօր գաղափարախոսները կենտրոնանում են Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի վրա, իսկ երիտասարդ սերունդն այնքան էլ չի զգում այդ իրադարձության կարեւորությունը։ Համախմբող նոր գաղափար է պետք: Գաղափարական դատարկություններ չեն լինում: Այդ նշաձողն զբաղեցրել էր նեոօսմանյան կայսրության թուրքական գաղափարը, մինչդեռ Կենտրոնական Ասիան Օսմանյան կայսրության մաս չէր»: Փորձագետը կարծում է, որ եթե Մոսկվան հիմա բաց չթողնի Ղազախստանը, ապա տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ներկայության նոր փուլ կսկսվի։
Միեւնույն ժամանակ Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին ենթադրություն է հայտնել, որ ՀԱՊԿ խաղաղապահները երկրում կմնան մեկ շաբաթ։ Զորախումբը նոր է ավարտել իր տեղակայումը, իսկ նրա հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը խոստացել է, որ խաղաղապահները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը լիովին չի կայունացել։