Թուրքիայի տնտեսական անկման միտումը շարունակվում է՝ լիրան օր օրի արժեզրկվում, սղաճը շուրջ 40 տոկոս է կազմում։ Իշխանությունները իրավիճակը շտկելու նպատակով ջանք չեն խնայում, ինչը հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի։ Թուրքական լիրայի արժեզրկումը կասեցնելու նպատակով, օտարերկրացիներին քաղաքացիություն տալու վերաբերյալ հունվարի 6-ին նոր օրենք է ընդունվել։
Եթե նախկինում 250 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում հնարավոր էր քաղաքացիություն ստանալ, ապա այժմ անհրաժեշտ է 500 հազար դոլարը վերածել թուրքական լիրայի, այդ գումարը առնվազն երեք տարով թուրքական բանկերում ավանդ դնել կամ ներդրում կատարել եւ շուրջ 50 հոգու համար աշխատատեղ ստեղծել։ Բացի այդ, 3 տարի իրավունք չունեն վաճառել գնված անշարժ գույքը։ Նման իրավիճակում հունվարի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է, թե շուտով «F-35»-երի հարցով ԱՄՆ-ում գումարվելու է երկկողմ նիստ՝ միաժամանակ շեշտելով, թե Ռուսաստանից C-400-ների գնումն այլընտրանք չէ, այլ անհրաժեշտություն՝ իր երկրի ու 84 միլիոն բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարություն, որը թերեւս բանակցություններում շահարկելու նպատակ է հետապնդում, քանզի դրանց ապարդյուն լինելը կհանգեցնի լիրայի նոր արժեզրկման։ Մյուս կողմից, Ադրբեջանից հետո ամենահամաթյուրքական պետության՝ Ղազախստանի դեպքերի առնչությամբ թուրք վերլուծաբաններն ու որոշ ընդդիմադիր ուժեր իշխանություններին մեղադրում են այդ երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական իրականությունները չընկալելու, ղեկավարությանը չնախազգուշացնելու համար։ Նրանք շեշտում են, թե երկրի բնակչության զգալի մասը խիստ դժգոհ էր Նազարբաեւի 30-ամյա ներքին քաղաքականությունից, որի ընթացքում նա, իր հարազատներն ու մտերիմները կողոպտել են երկրի հարստությունը, մինչդեռ բնակչության զգալի հատվածն ապրում է աղքատության մեջ։ Փաստորեն, արձանագրում են, որ Թուրքիան Ղազախստանում պարտություն է կրել։ Մինչդեռ վերջին տարիներին Էրդողանի կառավարությունը ներքին խնդիրները երկրորդ պլան էր մղում՝ արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումները ուռճացնելով, ինչը նրան հաջողվում էր։ Թերեւս, հենց այս համատեքստում պետք է դիտարկել իշխանությունների ու նրանց հարող ԶԼՄ-ների դիրքորոշումը, որոնք ընդգծում են, թե տեղի ունեցածը Ջորջ Սորոսի ջանքերի արդյունք է, եւ նրան են մեղադրում։ Այլ կերպ ասած, այդ «պարտությունը» եւս, բացառված չէ, էլ ավելի կսրի տնտեսական խնդիրները։
Էրդողանը երկրում տնտեսության անկումը կասեցնելու համար ձգտում է արտահանման ծավալները մեծացնել։ Ուստի դեռեւս 2019-ից ջանք չի խնայում փոխհարաբերությունները Եգիպտոսի եւ Պարսից ծոցի հարուստ երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ կարգավորելու ուղղությամբ։ Եվ, ահա, հունվարի 3-ին Էրդողանը, պատասխանելով երկրի արտահանման ոլորտի առջեւ ծառացած խնդիրները լուծելու մասին հարցին, հայտարարել է, թե փետրվարին ացելելու է Սաուդյան Արաբիա: Նշենք, որ 2020 թ. Էր Ռիյադը ոչ պաշտանապես կասեցրել է Թուրքիայից ներմուծումները՝ երկու երկրների միջեւ քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով: Անդրադառնալով թուրք-սաուդյան փոխառնչությունների լարվածությանը, որն սկսվել է դեռեւս 2013 թ., երբ Եգիպտոսում խորտակվեց ծայրահեղական «Մուսուլման եղբայրների» (ՄԵ) իշխանությունը, եւ երկրի նախագահ դարձավ Աբդուլֆաթահ ալ Սիսին։ Ապա այն լուրջ բնույթ կրեց 2017 թ. հունիսի 5-ից հետո, երբ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ու Բահրեյնը, Կատարին մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին հովանավորելու մեջ, խզեցին դիվանագիտական ու տնտեսական բոլոր կապերը, փակեցին իրենց սահմաններն այդ երկրի հետ: Իսկ Անկարան, որը, ինչպես Կատարը, հովանավորում է ՄԵ-ին եւ դրա ղեկավարներից ոմանց ապաստան է տվել, կանգնեց Կատարի կողքին, ինչի արդյունքում ոչ միայն զգալի տնտեսական օգուտ քաղեց, այլեւ այդ երկրում ռազմաբազա ունեցավ:
Սակայն Էր Ռիյադ-Անկարա փոխհարաբերությունները ճգնաժամային դարձան 2018 թ. հոկտեմբերին սաուդցի լրագրող, տեսաբան Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո, երբ Թուրքիան պահանջեց պատժել մեղավորներին եւ դատական գործ հարուցեց: Նշենք նաեւ, որ Սաուդյան Արաբիայի հետ ամենասերտ դաշնակցային փոխհարաբերություններ ունեցող ԱՄԷ-ն եւս լուրջ հակասություններ ունի Թուրքիայի հետ: Թերեւս հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել նաեւ ԱՄԷ-ի՝ դեֆակտո ղեկավար թագաժառանգի նախկին խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աբդուլ Խալեկ Աբդուլահի առաջ քաշած 7 նախապայմանը Թուրքիա-Սաուդյան Արաբիա հաշտության ու կապերի բնականոնացման առնչությամբ։ Նախապայմանների թվում են՝ Օսմանյան կայսրության վերականգնման եւ ծավալապաշտական ծրագրերի վերանայումը, Պարսից ծոցից զորքերի դուրս բերումը, Էր Ռիյադից ներողության հայցումը՝ այդ երկրի ղեկավարությանը թիրախավորելու համար, Սիրիայի եւ Իրաքի օկուպացիային վերջ դնելը եւ այլն: Ինչպես նշվեց, Անկարան դեռեւս 2019-ից ջանքեր է գործադրում բնականոնացնելու Էր Ռիյադի հետ փոխհարաբերությունները։ Այս առնչությամբ Թուրքիան առաջին քայլը կատարել է 2020 թ. նոյեմբերին, Սաուդյան Արաբիայի նախագահությամբ աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող 20 երկրների (G20) գագաթնաժողովի առիթով, որի անդամն է նաեւ այդ երկիրը։ Էրողանն այդ առիթով զանգահարել էր Սաուդյան Արաբիայի արքա Սալման բին Աբդուլազիզին, ինչի առնչությամբ Անկարայում հրապարակված հայտարարության մեջ շեշտվել էր, թե երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր փոխհարաբերությունների բարելավման հարցը, իսկ Էրդողանն արքային շնորհավորել էր գագաթնաժողովը հաջող անցկացնելու կապակցությամբ։ Այլ կերպ ասած, ըստ էության, Էր Ռիյադ-Անկարա փոխհարաբերությունների բնականոնացման հարցում լուրջ հաջողություններ են արձանագրվել, թեեւ Էրդողանի հայտարարությանն Էր Ռիյադը չի արձագանքել։
Իրաքի միջնորդությամբ Թուրքիան շոշափելի ձեռքբերումներ ունի նաեւ Եգիպտոսի հետ փոխհարաբերությունների վերականգնման հարցում, ինչն անշուշտ կնպաստի թուրք-սաուդական կապերի բարելավմանը։ 2021 թ. մայիսին ԱԳ փոխնախարարների մակարդակով Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների ավարտին կողմերը, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, դրանք գնահատեցին արդյունավետ: Հատկանշական է, որ Կահիրեն դեռեւս նույն թվականի ապրիլին փոխհարաբերությունները բարելավելու առնչությամբ առաջ էր քաշել մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ Թուրքիան պետք է Լիբիայից հեռացներ վարձկան ահաբեկիչներին, ինչի համար վերջինս ժամանակ էր պահանջել։ Անկարան պետք է կասեցներ Եգիպտոսի ղեկավարության դեմ ցանկացած թշնամական դրսեւորում, դադարեցվեր թուրքական ԶԼՄ-ներում հակաեգիպտական քարոզչությունը։ Եգիպտոսը պահանջել էր նաեւ, որ Թուրքիան, հարգելով միջազգային նորմերն ու օրենքները, չմիջամտեր այլ երկրների ներքին գործերին, ինչպեսեւ ահաբեկչական խմբերի ու կազմակերպությունների համար չստեղծեր նպաստավոր պայմաններ, որոնք սպառնում են Եգիպտոսի ու արաբական երկրների շահերին կամ անվտանգությանը: Հաշվի առնելով կողմերի գոհունակությունը բանակցություններից, կարելի է ենթադրել, որ Թուրքիան առնվազն նախապայմանների զգալի մասն ընդունել է, ընդհուպ բացառված չէ, որ «զոհասեղանին» կդնի ՄԵ-ին։