Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի վրա:
Սառը պատերազմի ավարտը եւ բազմաբեւեռ համակարգի ի հայտ գալը փոխեցին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բնույթը: Տասնամյակներ շարունակ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից համարվում է ռազմավարական նշանակության գործընկեր: Այնուամենայնիվ, ներկայումս Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները խոր ճգնաժամի մեջ են: Պատճառն այն է, որ այս երկու երկրները տարբեր կերպ են տեսնում աշխարհն ու սեփական շահի իրացումը: Չինաստանի զարգացման, ասիական որոշ երկրների ակտիվացման մեջ Թուրքիան սպառնալիք չի տեսնում, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը ձգտում է զսպել այդ զարգացումները: ԱՄՆ-ի համար նաեւ մտահոգության պատճառ է վերջին շրջանում Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցության սերտացումը, իսկ Թուրքիայի համար դա գործիք է ԱՄՆ-ի դեմ օգտագործելու համար:
Պատմության ընթացքում այս երկու երկրների հարաբերությունները եւս ճգնաժամային փուլերում են եղել, օրինակ` 1964 թ. ԱՄՆ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի նամակը Թուրքիայի վարչապետին, որում զգուշացնում էր Թուրքիային չմիջամտել Կիպրոսի ներքին հակամարտությանը, 1974 թ. Կիպրոսում ռազմական գործողություններ հրահրելուց հետո ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի սպառազինությունների էմբարգոն՝ ի պաշտպանություն հակամարտող կիպրոսցի թուրքերի, Հունաստանում ռազմաբազայի հիմնում, 2003 թ. Թուրքիայի մերժումը ԱՄՆ-ին՝ բացելու հյուսիսային ճակատ` Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին տապալելու համար:
Ներկայումս Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մեջ լարվածության ամենամեծ պատճառներից է C-400 հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը Ռուսաստանից ու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Սիրիայի քրդական ռազմաքաղաքական խմբավորումներին: Կարեւոր են նաեւ Թուրքիայում արձանագրված ժողովրդավարական նորմերի ոտնահարման դեպքերը, ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը, ԱՄՆ-ի դիրքորոշումը Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ, ով, ըստ թուրքական կառավարության, 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձի ճարտարապետն էր: Թուրքիան, անկասկած, կմնա ՆԱՏՕ-ի դաշնակիցը, սակայն նրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այլեւս նույնը լինել չեն կարող` պայմանավորված վերը թվարկված գործոններով:
2017 թ. կեսերին Անկարան պայմանագիր է ստորագրել Մոսկվայի հետ՝ ձեռք բերելու C-400 հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնք տրամադրվել են 2020 թ. հունիսին։ Ի պատասխան սրա՝ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին ակտի համաձայն։ Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես բացառել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության շղթայից եւ չեղարկել է դրանց պլանավորված մատակարարումներն այս երկիր։ Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, կարող է քառասուն հատ F-16 կործանիչ տրամադրել Թուրքիային՝ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ուժեղացման համար: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:
2016 թ. հուլիսի հեղաշրջման փորձը շրջադարձային եղավ շատ ոլորտներում` ներառյալ հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու Թուրքիայի փորձերը: Հեղաշրջման փորձը հակաարեւմտյան տրամադրություններ առաջացրեց՝ ամրապնդված այն համատարած համոզմունքով, որ հեղաշրջման կազմակերպիչները շահել են Վաշինգտոնի աջակցությունը կամ գոնե լուռ անտեսումը: Ռուսաստանի մտածված արձագանքը հեղաշրջման փորձին, հատկապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արագ օգնությունն Էրդողանին, նույնպես օգնեց արագացնել Թուրքիայի հեռացումն Արեւմուտքի ուղեծրից: Հենց այս համատեքստում է, որ Թուրքիան 2017 թ. կեսերին պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ՝ C-400 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ։ Ըստ էության, տեւական փոխըմբռնման համար Անկարան պետք է Վաշինգտոնին գոհացնի, որ այս համակարգի ցանկացած կիրառություն սահմանափակվելու է բացառիկ հանգամանքներով, ինչպիսիք են Թուրքիայի ազգային անվտանգությանը հստակ եւ անմիջական վտանգներ սպառնացող դեպքերը: Սրա համաձայն՝ Թուրքիան հրաժարվում է իր ինքնիշխան իրավունքից՝ C-400-ը պարբերաբար օգտագործելու որպես իր հակահրթիռային պաշտպանության ենթակառուցվածքի մաս:
Լարվածությունը մեղմելու եւ Ռուսաստանին որոշ չափով հակազդելու նպատակով Թուրքիան ցանկանում է F-16 կործանիչներ ձեռք բերել ԱՄՆ-ից: Եթե Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից ձեռք բերել դրանք, ապա պետք է հակաիրանական քաղաքական դիրքորոշում ցուցաբերի: Ուստի դա հնարավորություն է ԱՄՆ-ի համար՝ կանխելու Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի եւ Իրանի հետ:
Այսպիսով՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները սառը պատերազմից հետո պատմության ընթացքում, ինչպես ներկայումս, ունեցել են ճգնաժամային փուլեր: Դրանք պայմանավորված են եղել որոշ առանցքային հանգամանքներով: Թուրքիան ԱՄՆ-ը դիտարկում է որպես Արեւելքի կամ Ռուսաստանի այլընտրանք, իսկ Ռուսաստանը` Արեւմուտքի այլընտրանք: Թուրքիայի քաղաքականությունն ակնհայտ է, մնում է, որ մեծ տերությունները ճիշտ դիրքորոշում ունենան: