Հունվարի 26-ին «Վալդայ» բանավեճային ակումբ միջազգային փորձագիտական-վերլուծական կենտրոնի եւ բանավեճային ֆորումի հարթակում տեղի ունեցավ «Եվրասիայի նոր երկրների արտաքին քաղաքականությունը. փորձի ստացվե՞ց» թեմայով քննարկում: Բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ՄՀՄՊԻ (МГИМО) եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը, ՄՀՄՊԻ միջազգային գործընթացների վերլուծության կենտրոնի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը եւ Ղրղզստանի նախագահի նախկին խորհրդական Կուբատ Ռահիմովը:
Բանախոսները հանգեցին այն մտքին, որ հաջողել են այն հետխորհրդային երկրները, որոնք արագ անցել են բարեփոխումների փուլը: Շատերի բազմավեկտոր քաղաքականությունը չհանդիպեց Ռուսաստանի դիմադրությանը: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներն իրենց հետագա զարգացման ճանապարհի փնտրտուքի մեջ են, եւ ժամանակն է «հետխորհրդային տարածք» եզրույթը թողնել պատմաբաններին: Հետաքրքիր միտք հայտնեց միջոցառումը վարող՝ ՄՀՄՊԻ միջազգային ֆակուլտետի դեկան Սուշենցովը: Անդրադառնալով Կովկասում եւ Միջին Ասիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա նշեց, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի դարավոր հարաբերություններում գերակշռում են պատերազմներն ու մրցակցությունը: Սառը պատերազմի ավարտն ինքնին չփոխեց երկկողմ հարաբերությունների կառուցվածքը: Երկու կողմերի քաղաքական նախաձեռնության համաձայն՝ եւ Թուրքիան, եւ Ռուսաստանը 2000-ականների սկզբին կենտրոնացան համագործակցության վրա: Այդ ժամանակվանից Անկարան եւ Մոսկվան սերտորեն շփվում են տարբեր ոլորտներում: Այնուամենայնիվ, Ռուսաստանի եւ Թուրքիայի ազգային շահերը հաճախ բախվում են կովկասյան տարածաշրջանում, Միջին Արեւելքում եւ մերձսեւծովյան տարածաշրջանում:
Մեզ համար կարեւոր է վերլուծել երկկողմ հարաբերությունների ձեւավորման դինամիկան, եւ, չնայած նշանակալի հակասություններին, այս պետությունների համագործակցությունը զարգանում է, քանի որ այն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ համաշխարհային նշանակություն: Ավելին՝ երկկողմ հարաբերությունների դինամիկան կարող է օգնել՝ հասկանալու հետագա միտումները նաեւ հետխորհրդային զարգացումներում:
Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ
Մոսկվայում «ՀՀ» սեփական թղթակից