Ուկրաինայի շուրջ լարվածության աճին զուգահեռ համաշխարհային հանրությունը քննարկում է, թե Ռուսաստանի դեմ իրականացվող արշավում որ պետությունները կկանգնեն Կիեւի կողքին, ինչպիսին կլինի նրանց օգնությունը, միաժամանակ դիտարկվում է նաեւ այն հարցը, թե այդ պետություններն ինչպիսի փոխհարաբերությունների մեջ են պաշտոնական Մոսկվայի հետ: Նման քննարկումներում սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ այն համոզումն ունեն, որ Անկարան միանշանակ կկանգնի Ուկրաինայի կողքին, չնայած Ռուսաստանի հետ ունեցած ջերմ հարաբերություններին:
Թեմային անդրադարձել է նաեւ լեհական «Wirtualna Polska»-ն՝ նշելով, որ Թուրքիան ձգտում է միջնորդի դեր կատարել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ եւ հաջող բանակցող դառնալու հնարավորություն ունի, որովհետեւ իրատեսորեն է հավասարակշռվում Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Հոդվածագիր Մարչին Մարկովսկին գրում է, որ Անկարան միեւնույն ժամանակ կպաշտպանի տարածաշրջանում իր հետաքրքրությունները՝ չմոռանալով Ռուսաստանից գազի գնման եւ բազմաթիվ զբոսաշրջիկների մասին:
«Ուկրաինայի վրա հարձակումը ոչ խելամիտ քայլ կլինի, սակայն եթե Ռուսաստանը գնա դրան, Թուրքիան կանի ամեն բան, ինչ պահանջվում է իրենից՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մոսկվայի ու Անկարայի միջեւ ոչ հասարակ հարաբերությունները դարձել են Արեւելակենտրոնական Եվրոպայի անվտանգության ճարտարապետության առանցքային տարր: Միեւնույն ժամանակ հարց է առաջանում, թե Թուրքիայի ղեկավարը, որը Ռուսաստանից գազ է գնում, կարո՞ղ է կանգնեցնել հակամարտությունն Ուկրաինայում:
Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ ռազմական ամենամեծ ներուժն ունեցող երկրների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, երկար ժամանակ Արեւմուտքում համարվում էր Մոսկվայի մարտավարական դաշնակիցը: Երբ Անկարան 2019 թ. գնեց ռուսական չորրորդ սերնդի C-400 հրթիռային համակարգերը, ինչպես նաեւ ատոմակայանի շինարարության մեջ սկսեց համագործակցել ռուսական ընկերությունների հետ, կասկածներ ծագեցին՝ կապված ՆԱՏՕ-ին նրա հավատարմության հետ: Սակայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններն իրականում այնքան էլ միանշանակ չեն: Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեփական խաղն է վարում՝ ձգտելով ճիշտ հավասարակշռություն պահպանել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, ինչը նա ցուցադրել է՝ միանալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ապաէսկալացիայի գործընթացին:
«Թուրքական Էն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Թուրքիա եւ պատասխան է սպասում Մոսկվայից: Նա նշել է, որ կցանկանար Անկարայում տեսնել հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին՝ դիվանագիտական մեթոդներով կարգավորման հասնելու համար: Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը միաժամանակ տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի նախագահը պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել Կիեւ: Իսկ ի՞նչ է թաքնված այս քայլերի հետեւում:
Վարշավայի համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան, պրոֆեսոր Մաչայ Ռասը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գնահատելիս հարկ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: «Առաջին՝ Թուրքիան շահագրգռված է սեւծովյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մեջ, չի ցանկանում, որ Ռուսաստանն այնտեղ գերիշխող դիրք գրավի: Երկրորդ՝ պետք է հիշեցնել, որ Էրդողանը քննադատել է Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչը կապված է ղրիմյան թաթարների նկատմամբ պատմական դրդապատճառներ ունեցող համակրանքի հետ: Թաթարները ձգտում են պահպանել անկախությունը Մոսկվայից,- բացատրել է փորձագետը:- Երրորդ՝ Անկարան պետք է հաշվի առնի ոչ միայն Ռուսաստանի ռազմական հզորությունը կամ այդ երկրից էներգառեսուրսների ստացումը, այլեւ տնտեսական կախվածությունը: Խոսքը զբոսաշրջության մասին է. Թուրքիայում օտարերկրյա զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը ռուսներն են կազմում»:
Այս կախվածությունը, զուգորդված սեփական ազդեցության գոտին պաշտպանելու ցանկությամբ, Թուրքիային ճկուն դերակատար է դարձնում աշխարհաքաղաքական հարթակում, որը կարող է միջնորդի դեր ստանձնել ինչպես Կիեւի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Անկարան այդ տարածաշրջանում արդեն վաղուց առաջ է մղում սեփական պաշտպանական քաղաքականությունը։ Մասնավորապես՝ Ուկրաինային վաճառում է ժամանակակից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր եւ օգնում ուկրաինացիներին՝ ուժեղացնելու ռազմական նավատորմը: Մոսկվայի հետ բարդ հարաբերություններում հսկայական նշանակություն ունի նաեւ Մերձավոր Արեւելքը, հատկապես՝ Սիրիան, որը Թուրքիայի եւ Ռուսաստանի հակադիր շահերի բախման հարթակ է դարձել:
«Ոչ վաղ անցյալում գործը հասավ փոխհրաձգության, թուրքերը Սիրիայում խոցեցին ռուսական ինքնաթիռը,- հիշեցնում է Վարշավայի արեւելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վոյցեխ Կոնոնչուկը։- Թուրքիան Ռուսաստանի հետ ավելի հաջող համագործակցության մեթոդ է գտել, քան ԵՄ-ն. Մոսկվան հասկանում է ուժի քաղաքականությունը, եւ Էրդողանի կոշտ դիրքորոշումը նրա հարգանքն է առաջացնում: Բացի այդ, ինչպես ենթադրում է Կրեմլը, Թուրքիան լարվածություն է ստեղծում ՆԱՏՕ-ում, իսկ դա Պուտինին դուր է գալիս»:
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն արձագանքել Անկարայի նախազգուշացումներին եւ բանակցություններ սկսելու կոչին: Կոնոնչուկը ենթադրում է, որ թուրքական կողմն իսկապես ի վիճակի է հանդես գալ միջնորդի դերում, որը կարող է նպաստել Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացմանը։ «Սպասվում է Էրդողանի այցը Մոսկվա, եւ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կմեկնի Անկարա: Ուկրաինայի համատեքստում արդեն ընթանում են ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ»,- նշել է նա։
Էրդողանը, հայտարարելով, որ Թուրքիան հավատարիմ է ՆԱՏՕ-ին, գործում է իրատեսորեն, քանի որ ուղղակի ռազմական միջամտություն չի ծրագրում։ «Էրդողանի դիրքորոշումը հասկանալու համար պետք է հաշվի առնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ նրա հավասարակշռումը: Թուրքիան փորձում է առավելագույնս անկախ լինել երկու կողմերից, ուստի մերթ իրեն հռչակում է որպես Արեւմուտքի գործընկեր, մերթ զենք է գնում Մոսկվայից»,- ավելացրել է Մաչայ Ռասը:
ՌԴ ԳԱԱ Ե. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին համարում է, որ իր միջնորդությամբ Էրդողանը փորձում է ցուցադրել Մոսկվային, որ հեղինակավոր խաղացող է, որին անհրաժեշտ է ընդառաջ գնալ երկկողմ հարաբերություններում: «Իհարկե, շատ դժվար է մտնել Էրդողանի ուղեղի մեջ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ պատկերացումներից է ելնում նա: Բայց հաշվի առնելով, որ նա կոշտ կերպով պաշտպանում է Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի բոլոր հավակնությունները, ապա այս կերպ նա եւս մեկ գործիք է ստեղծում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ հույս ունենալով զիջումների հասնել վերջինիս կողմից: Օրինակ՝ Սիրիայում եւ Ղարաբաղում»,- ասել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության ռուսական կենտրոնի տնօրեն Ամուր Հաջիեւը կարծում է, որ ուկրաինական հարցում Էրդողանի ակտիվության գլխավոր պատճառը նրա ցանկությունն է՝ ցուցադրելու Անկարայի նշանակությունը որպես տարածաշրջանային ծագող տերություն: Բացի այդ, Թուրքիայում առաջիկայում ընտրություններ են, եւ Էրդողանը, ինչ-որ բան ցուցադրելով նաեւ ՆԱՏՕ-ում իր իսկ դաշնակիցներին, ձգտում է ստանալ ներքին լսարանի քվեն:
Նադեին-Ռաեւսկին կարծում է, որ, ընդհանուր առմամբ, Մոսկվան Կիեւի հետ պետք է ուղղակիորեն խոսի՝ առանց ներգրավելու միջնորդի, որը ՆԱՏՕ-ի անդամ է: «Թուրքիան չեզոք խաղացող չէ, այլ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործում է դաշինքի օրակարգի շրջանակներում: Առավել եւս՝ Թուրքիայում տրամադրություններ կան, չնայած պաշտոնապես չեն հնչեցվում, որ Ղրիմը, ընդհանրապես, պետք է ընդգրկվի Թուրքիայի կազմում»,- շեշտել է Նադեին-Ռաեւսկին:
Պատմական փորձը վկայում է, որ Թուրքիան երբեք ոչինչ չի անում առանց իր շահերի գնահատման: Անկարայի հետաքրքրությունների մասին, ըստ որոնց՝ Թուրքիան սեփական պանթյուրքական ծրագրի իրականացման ճանապարհին, անկասկած, մի օր տարածքային պահանջներ է ներկայացնելու Մոսկվային, խոսելու առիթներ ունեցել ենք: Այժմ դրան պետք է գումարել նաեւ Եվրոպային գազի մատակարարման հնարավոր աշխարհագրության հարցը: Ո՞րն է լինելու ՌԴ-ի դերն Արեւմուտքի սցենարի կիրառման դեպքում, ինչպիսի՞ դերակատարում է ակնկալում Թուրքիան, եւ վերջինիս ի՞նչ կտա միջնորդի կարգավիճակը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ փոխհարաբերություններում: Այն, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն փորձում են բանակցել համապատասխան ռեսուրսներ չունեցող Ադրբեջանի հետ՝ Եվրոպա գազ մատակարարելու համար, ստիպում է ենթադրել, որ ռուսական գազը, ըստ նրանց պատկերացումների, այնուամենայնիվ, պետք է գնա դեպի Եվրոպա, բայց այն ճանապարհով, որը կմատնանշի Արեւմուտքը…