Ամերիկյան ԶԼՄ-ները կասկածում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդալլա Կարդաշի չեզոքացումը կանդրադառնա ջիհադականների ակտիվության վրա: Այն բանից մի քանի օր անց, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ահաբեկչի սպանության մասին ամերիկյան հատուկ նշանակության ուժերի օպերացիայի արդյունքում, հայտնվեցին հաղորդումներ, որ խմբավորումը նույնիսկ ուժեղացրել է իր մարտունակությունը: Իբր, դա տեղի է ունեցել այն ահաբեկիչների հաշվին, որոնք փախել են բանտից Սիրիայում:
«Washington Post» թերթը վերլուծել է ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի հնչեղ ու հաջող օպերացիայի հետեւանքները: Սիրիայի հյուսիսարեւելյան մասում իրականացրած զանգվածային գործողության ընթացքում ամերիկացիները քրդական ստորաբաժանումների եւ հակաահաբեկչական կոալիցիայում այլ դաշնակիցների մասնակցությամբ կարողացան չեզոքացնել Աբդալլա Կարդաշին, ով ավելի շատ հայտնի է Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշի անունով: Դեսանտային գործողությունը կատարվել է Իդլիբ նահանգում, Ատմե բնակավայրի շրջանում, որը գործնականում Թուրքիայի հետ սահմանի մոտ է:
Սակայն «Washington Post»-ը լրջորեն կասկածում է, որ ահաբեկիչները հիմա կնվազեցնեն իրենց ակտիվությունը: «Նախանշաններ կան, որ ահաբեկչական ցանցը վերախմբավորվում է, ընդլայնվում է մերձավորարեւելյան իր միջնաբերդերի սահմաններից շատ հեռու ու պատրաստ է հարված հասցնել ամերիկյան թիրախներին աշխարհի ցանկացած կետում»,- նշում է թերթը:
Այդ առումով անհանգստություն է առաջացնում իրավիճակը նույն Սիրիայում: Այսպես՝ Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, որ խմբավորման հարյուրավոր մարտիկներ հունվարի վերջին կարողացել են փախչել «Էս Սինաա» բանտում բռնկված ապստամբության ժամանակ: Բանտը քրդերի կողմից վերահսկվող սիրիական Հասեկե քաղաքի Գուվեյրան շրջանում է: Կազմակերպության աղբյուրները հաղորդում են, որ ջիհադականների՝ նվազագույնը դաշտային երկու հրամանատարներ տեղափոխվել են Ջարաբլուս քաղաք, որը վերահսկվում է թուրքական ուժերի կողմից:
Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը գործում է Լոնդունոմ եւ հենվում է անանուն աղբյուրներից ստացվող տեղեկությունների վրա: Այդուհանդերձ, անուղղակի նշաններ կան, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը չի դադարեցնի իր գործունեությունն Աբդալլա Կարդաշի մահից հետո։ Դրանցից մեկը «Al-Arabiya» հեռուստաալիքի հաղորդումն է այն մասին, որ ջիհադականներն օպերատիվորեն ընտրել են իրենց սպանված առաջնորդին փոխարինողին՝ ոմն ալ Իսավիի։ Նրա մասին քիչ տեղեկություններ կան, ինչպես եւ, ի դեպ, նրա նախորդի մասին։ Բացառված չէ, որ նա նույն Աբու Յասիր ալ Իսավին է՝ խմբավորման իրաքյան բջջի ղեկավարը, որի չեզոքացման մասին ամերիկացիները հայտնել են 2021 թ. հունվարին։ Կարելի է միայն ենթադրել, որ նրա անունը, ամենայն հավանականությամբ, իրական չէ։ Սակայն քիչ բան է հայտնի նաեւ ջիհադականների՝ վերջերս մահացած ղեկավարի մասին։ Օրինակ՝ մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ BBC-ի արաբական ծառայությունը, վկայակոչելով իրենց աղբյուրները, պնդում են, որ Աբդալլա Կարդաշի իսկական անունը Ամիր Մուհամմադ Սաիդ ալ Սալբի ալ-Մաուլա է։ Իբր, նա բնիկ իրաքցի է եւ հատուկ ծառայությունների կամ Սադամ Հուսեյնի բանակի նախկին անդամ։
Միջազգային գործերով ռուսական խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Կարդաշի սպանությունը չի հանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ոչնչացման: «Այս կազմակերպությունը վաղուց արդեն մեկ միասնական միավոր չէ: Այն դարձել է ինչ-որ բրենդ՝ առանց լուրջ համակարգողի: «Իսլամական պետությունը» տրոհվել է առանձին ճյուղերի՝ Աֆրիկայում, Աֆղանստանում, իրաքա-սիրիական հակամարտության աղեղում: Այդ մասնաճյուղերի ներսում համակարգում կա, իսկ նույն մասնաճյուղերի միջեւ այն բացակայում է»,- կարծում է նա:
Անկախ ամեն ինչից, վերացնելով Աբդալլա Կարդաշին, Բայդենն անձամբ իր համար էլ ինչ-որ բան շահեց։ Ի վերջո, սա նրա առաջին անվիճելի արտաքին քաղաքական հաջողությունն է՝ հատկապես միջազգային ասպարեզում մի շարք լուրջ անհաջողությունների ֆոնին, որոնցից ամենաաղմկոտն Աֆղանստանից զորքերի անհաջող դուրսբերումն է։ Ամերիկյան հետախուզական ծառայությունների գործունեությանն առանձնահատուկ կշիռ է տալիս այն փաստը, որ ԱՄՆ-ում այս խմբավորման անունը վերջին շրջանում բոլորի շուրթերին է։ Վիրջինիա նահանգում սկսվում է Էլիսոն Ֆլյուկ-Էկրինի (ծննդյան անունը՝ Էլիսոն Էլիզաբեթ Բրուքս) դատավարությունը։ Կանզասի 42-ամյա բնակչուհին, ըստ մեղադրական եզրակացության, բարձր պաշտոն է զբաղեցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հիերարխիայում։ Իբր, նա ղեկավարել է խմբավորման կանանց գումարտակը Սիրիայում, որտեղ հայտնի է եղել Ում Ջաբրայիլ կեղծանունով։ Նա հեռացել է ԱՄՆ-ից 2012 թ.: Թե ինչպես է հաջողվել ձերբակալել նրան, ամերիկյան իրավապահ մարմինները չեն բացահայտում։
ԶԼՄ-ները մի շարք մանրամասներ են հաղորդում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի իրականացրած գործողության մասին: Մասնավորապես՝ նշված է, որ ամերիկացիները ստիպված են եղել պայթեցնել ուղղաթիռը, որը «տեխնիկական խնդիրներ» է ունեցել: Բացառված չէ, որ ուղղաթիռը վնասվել է փոխհրաձգության ժամանակ: Պենտագոնը հաստատել է ուղղաթիռի կորստյան փաստը՝ շեշտելով, որ այն չի խփվել եւ չի կործանվել վայրէջք կատարելիս: Ամերիկյան զինվորականների շրջանում կորուստներ չկան:
«Daily Mail»-ը գրում է, որ գործողությանը մասնակցել են «Դելտա» հատուկ ստորաբաժանման 24 մարտիկներ: Ժամանելով ուղղաթիռով՝ նրանք Ատմեում շրջափակել են եռահարկ շենքը, որում, ըստ հետախուզության տեղեկությունների, գտնվել է Աբդալլա Կարդաշը: Ամերիկացիները բարձրախոսով արաբերենով դիմել են տանը գտնվողներին՝ առաջարկելով հանձնվել: Լսվել է կրակոց. ամերիկացիների վրա կրակել են պաշտպանական ծառայության ղեկավարն ու նրա կինը: Երկուսն էլ սպանվել են: Մոտավորապես 45 րոպե անց տան վերին հարկում պայթյուն է լսվել, որի հետեւանքով սպանվել են Կարդաշը, նրա կանայք ու երեխաները: Փորձագետների գնահատմամբ՝ տանտերը օգտագործել է հզոր պայթուցիկ՝ վերացնելով իրեն: Ընդհանուր առմամբ՝ զոհվել է 13 մարդ: Պենտագոնն արդեն հայտարարել է, որ մտադիր է հետաքննել գործողության ընթացքում խաղաղ քաղաքացիների զոհվելու հանգամանքները:
«The New York Times»-ը գրում է, որ ամերիկյան զինվորականների գործողության անցկացման վայրից տարհանվել են 10 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
«Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ Կարդաշի գտնվելու վայրն ամերիկացիները բացահայտել են իրաքյան հետախուզության եւ սիրիական փախստականների ճամբարներում սեփական աղբյուրների օգնությամբ:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշիի (Աբդալլա Կարդաշ) ոչնչացումը կարեւոր քայլ է Մերձավոր Արեւելքում կայունության ու խաղաղության հաստատման համար: «Տեղի ունեցածը կարեւոր քայլ է Մերձավոր Արեւելքում կայունության ու խաղաղության հաստատման համար: Մենք դա գնահատում ենք որպես միջազգային էքստրեմիզմի դեմ պայքարում հաջող արդյունքներից մեկը»,- նշել է Մացունոն: