Ուկրաինայի իշխանությունները դիմել են Իսրայելի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցել ՀՕՊ-ի եւ կիբերանվտանգության ապահովմանը: Այս մասին օրեր առաջ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: Կիեւը մեկ անգամ չի ցուցադրել, որ հետաքրքրված է Իսրայելի զինանոցում գտնվող «Երկաթյա գմբեթ» հակաօդային ու հակահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Ընդունված է կարծել, որ նման տեսակի ռազմական տեխնիկայի մատակարարումը բարդանում է ռուսական կողմի հետ Իսրայելի ջենտլմենական պայմանավորվածությունների պատճառով:
Դմիտրի Կուլեբան շեշտել է, որ Կիեւն Իսրայելի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունի: Նրա խոսքով՝ Ուկրաինան շահագրգռված է հրեական պետության հետ «համագործակցության խորացմամբ» հակահրթիռային պաշտպանության եւ կիբերանվտանգության ոլորտներում, հատկապես՝ Կրեմլի հետ աճող հակասությունների ֆոնին: «Մենք կողջունեինք Իսրայելի փորձը՝ դիվանագիտական դեր խաղալու Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ»,- նշել է Կուլեբան: Կապված դրա հետ՝ «Կան» լրատվական կորպորացիան նշել է, որ Ռուսաստանի հարեւանը վերջին տարիներին պատրաստակամություն է դրսեւորել գնել «Երկաթյա գմբեթ» համակարգեր: Սակայն, ինչպես գնահատում են լրագրողները, այն բանում, ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակասություններին, Իսրայելը միշտ լարախաղացի պես է առաջ շարժվում:
Այս միտքը մասամբ հնչել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի՝ «Axios»-ին տված հարցազրույցում: «Մենք պարտավոր ենք զգուշորեն գործել ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում»,- ասել է Լապիդը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում ապրում է մեծությամբ երրորդ հրեական համայնքը, իսկ Ուկրաինայում՝ հինգերորդը: «Ներկայումս գնահատականը հետեւյալն է. մենք չենք կարծում, որ մոտ ժամանակներս կոշտ դիմակայություն տեղի կունենա,-հայտարարել է իսրայելական ԱԳՆ-ի ղեկավարը՝ մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայի հետ սահմանին:- Ես նաեւ չեմ կարծում, որ այնտեղ ուր որ է կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը»: Այս ֆոնին «Axios»-ը ճշգրտում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը խնդրանքով դիմել է իսրայելցիներին՝ ազդանշան ուղարկելու Ռուսաստանին «ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին»:
Կիեւը, իրոք, միանգամայն բաց հետաքրքրություն է ցուցաբերել «Երկաթյա գմբեթի» նկատմամբ: Իսրայելի ու Գազայի միջեւ անցած տարվա մայիսին ռազմական զանգվածային հակամարտության ֆոնին, պայմանավորված Երուսաղեմում արաբական թաղամասի շուրջ վեճերով, Ուկրաինայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը նշեց, որ «Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն» ապացուցել են «երկրում հակահրթիռային պաշտպանության առկայության անհրաժեշտությունը»: Նա իսրայելական համակարգերն անվանեց ՀՕՊ լավագույն միջոցներից մեկը եւ տեղեկացրեց, որ իր երկիրը դիտարկում է «Երկաթյա գմբեթի» նման ինչ-որ բան ձեռք բերելու հնարավորությունը: 2021 թ. աշնանը Կիեւի՝ այդ տեխնիկան ստանալու պատրաստակամության մասին հաղորդումները կրկնվեցին:
Այդուհանդերձ, իրավիճակն այնքան էլ պարզ չէ: Մի քանի տարի առաջ իսրայելական «Հաարեց» թերթում տպագրված բաց նամակում Թել Ավիվում Ուկրաինայի նախկին դեսպան Գեննադի Նադոլենկոն նկատել է, որ Իսրայելը 2014-ից, երբ ճգնաժամն սկսվեց Ուկրաինայի արեւելքում, նորագույն զենքեր չի մատակարարում Կիեւին: Այն, որ դրա համար խոչընդոտներ կան, մի քանի տարի առաջ հաստատել են նախկին վարչապետ Բենյամին Նաթանյահուի շրջապատում: Այդ տեղեկությունների համաձայն՝ նման առաքումներն անհնար են Ռուսաստանի ու Իսրայելի միջեւ գոյություն ունեցող պայմանավորվածությունների համաձայն: Ըստ դրանց՝ Մոսկվան, իբր, պահպանում է իսրայելցիների պահանջը՝ որոշ զինատեսակներ չվաճառելու Թեհրանին՝ դրա փոխարեն պահանջելով պահպանել իր հետաքրքրությունները հետխորհրդային տարածքում:
Այն բանից հետո, երբ 2021 թ. հրեական պետությունում փոխվեց կառավարությունը, հարց առաջացավ, թե արդյոք երկկողմ շփումների նախկին որակը կպահպանվի՞: Բայց այն, որ անցած տարվա դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետն այցելեց Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար, ցուցադրեց, որ ռուս-իսրայելական գործակցության շրջանակներում շարունակականությունը կպահպանվի:
Հնարավոր է՝ զենքի մատակարարումների առումով շատ բան կբացատրվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Իսրայել պլանավորվող այցից հետո, որի մասին վաղուց է հայտարարվել: Կիեւն առայժմ ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնց նպատակն է ամրապնդել վստահությունը մերձավորարեւելյան գործընկերոջ հետ: Այսպես՝ անցած դեկտեմբերին Իսրայելում Ուկրաինայի նախկին դեսպան Եվգենի Կոռնիյչուկը հնարավոր է համարել, որ իր երկիրը ոչ միայն պատրաստ է դիվանագիտական ներկայություն ունենալ Երուսաղեմում, այլեւ ճանաչել նրա կարգավիճակը: «Իսրայելը միայն մեկ մայրաքաղաք ունի. դա Երուսաղեմն է»,-երկրների միջեւ հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է նա: «Times of Israel»-ին տված մեկնաբանության մեջ նա բացատրել է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերանայումն ընդամենը մի քանի ամսվա հարց կարող է լինել:
Իհարկե, Իսրայելը չի ցանկանում միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը, քանի որ կողմերի հետ լավ հարաբերություններ է պահպանում: Թել Ավիվը հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը շատ կարեւոր է իսրայելական կողմի համար, քանի որ ռուսական զորակազմը Սիրիայում է, ՌԴ-ում հրեական մեծ համայնք կա, Ռուսաստանը նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է եւ կարող է ազդեցություն ունենալ մերձավորարեւելյան շատ գործընթացների վրա: Սա նշանակում է, որ Կիեւը Թել Ավիվից զենք գնելու ոչ մի հնարավորություն չունի: Ամեն դեպքում՝ այդպես կլինի, քանի դեռ ռուս-ուկրաինական ճգնաժամը պահպանվում է:
Բայց, ինչպես գրել է «Հաարեցը», ուկրաինական ճգնաժամն անելանելի խնդիր է Իսրայելի համար, քանի որ այդ պետությունն ստիպված է ընտրություն կատարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Թել Ավիվի ազգային անվտանգության վրա այդ իրավիճակի բացասական ազդեցությունը տարածվում է բավական հեռու՝ Իրան, Պարսից ծոցի երկրներ, Չինաստան: Ուկրաինական իրադարձությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն միջազգային համակարգի, այլեւ Իսրայելի ու, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքի համար:
Ռուսաստանն այնպիսի դիրք է զբաղեցրել, որ ոչ մի քայլ չի կարող նահանջել, իսկ Արեւմուտքը չի կարող հասկանալ դա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողումից եւ Ղազախստան իր հաջող մուտքից հետո՝ հօգուտ այդ երկրի վարչակազմի, ինչպես երեւում է, մտադիր է ամեն գնով վերականգնել այն աշխարհակարգը, որը գոյություն ուներ սառը պատերազմից հետո: Այդ կերպ ՌԴ-ն կվերադարձնի միջազգային ասպարեզում իր կարգավիճակը եւ ազդեցության գոտին: ԱՄՆ-ը, կլանված իր ներքին հակասություններով, փորձել է իր արտաքին քաղաքական առաջնահերթ ուշադրությունը բեւեռել ոչ թե վերածնվող Ռուսաստանի, այլ Չինաստանին զսպելու վրա:
Ջոզեֆ Բայդենը ձգտում է համախմբել ՆԱՏՕ-ն, սակայն բացառել է ուղղակի ռազմական միջամտությունը եւ ամերիկյան պատասխան գործողությունները սահմանափակել է կոշտ պատժամիջոցներով, Ուկրաինային տրամադրած համեստ ռազմական օգնությամբ եւ նրա հարեւան երկրներում 8500 զինվորականների տեղակայման սպառնալիքով: Գերմանիայի թույլ արձագանքն ավելի քիչ է համապատասխանում սպասումներին:
Հաջողությունն Ուկրաինայում Ռուսաստանին վստահություն կհաղորդի իր ռազմավարական նպատակներին հասնելու գործում՝ ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքից դուրս մղելու եւ տարածաշրջանում թելադրող գերտերություն դառնալու համար: Իսկ տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռացումը ոչ միայն չի համապատասխանում Իսրայելի շահերին, այլեւ լրացուցիչ վտանգներ է ստեղծում նրա համար: Բայց Թել Ավիվը վախենում է նաեւ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումից:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հանդիպման հնարավորությունը: Այդ հանդիպումը պետք է կայանա Թուրքիայում: Անցած շաբաթ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Հերցոգի այցը կկայանա մայիսին: Իսրայելական կողմն առայժմ չի հաստատել այդ տեղեկատվությունը:
Իսկ ահա ՌԴ պաշտպանության նախարարության վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի դեպքում Թուրքիայի զինված ուժերը կհարձակվեն Ղրիմի եւ Սեւաստոպոլի վրա:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ հայտարարեց, թե Թուրքիան որ կողմում է կռվելու: Միանգամայն հավանական է, որ անապատային երկու բանակներին եւ ռազմածովային ուժերին կհրամայվի «ազատագրել» Ղրիմը եւ, հնարավոր է, օկուպացնել Կովկասը»,- Իվաշովի խոսքերը մեջբերել է «Realtribune.ru»-ն՝ ավելացնելով, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում Ռուսաստանը, անշուշտ, կընդգրկվի այն երկրների շարքում, որոնք սպառնում են խաղաղությանն ու միջազգային անվտանգությանը, ինչպես նաեւ կենթարկվի ամենախիստ պատժամիջոցների՝ վերածվելով միջազգային հանրությունից վտարվածի եւ, ամենայն հավանականությամբ, զրկվելով պետության կարգավիճակից: