Արեւմտյան մի շարք երկրների դեսպանատներ ժամանակավորապես դադարեցնում են իրենց աշխատանքը Կիեւում: Դա տեղի է ունենում անհանգստացնող լուրերի ֆոնին, որոնք ստացվում են ԱՄՆ-ից: Ըստ դրանց՝ մոտակա օրերին ռուսական զորքերը կներխուժեն Ուկրաինայի տարածք: Անհանգստանում են, ինչպես երեւում է, Վաշինգտոնում, Լոնդոնում, բայց ոչ Կիեւում եւ Մոսկվայում…
Փետրվարի 13-ից Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։ Դրանք տրամադրվում են, թեկուզ ոչ ամբողջությամբ, Լվովում, որտեղ գտնվում է ամերիկյան հյուպատոսությունը։ Պետդեպարտամենտը հայտարարել է Կիեւից ամերիկացի դիվանագետների մասնակի տարհանման մասին՝ պայմանավորված, ինչպես նշվում է գերատեսչության թվիթերյան էջում, «ռազմական գործողությունների հնարավորությամբ»։ Լվով է տեղափոխվել նաեւ Կանադայի դեսպանատունը։ Կիեւում իր դիվանագիտական առաքելությունը դադարեցրել է Ավստրալիայի դեսպանատունը։ Իսրայելի դիվանագետների մի մասը լքել է Ուկրաինայի մայրաքաղաքը։ ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները նույնպես հեռացել են Դոնեցկում ու Կրամատորսկում գտնվող իրենց գրասենյակներից: ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո տասնյակ երկրներ սկսել են Ուկրաինայից հանել իրենց դիվանագետներին ու քաղաքացիներին…
Կիրակի «Strana.ru»-ն հայտնել է, որ բրիտանական խոշորագույն ապահովագրական ընկերությունները հանել են Ուկրաինայի վրայով թռիչքների երաշխիքները:
Փետրվարի 12-ի երեկոյան հոլանդական KLM ավիաընկերությունը հրաժարվել է դեպի Ուկրաինա չվերթներից: Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը հայտարարել է, որ դիտարկում է չվերթների դադարեցման տարբերակը, սակայն առայժմ որոշում ընդունված չէ: Համանման հայտարարություն է արել նաեւ ֆրանսիական «Air France»-ը:
Ուկրաինական «SkyUp» ավիափոխադրողն առաջինն է հայտարարել փետրվարի 14-16-ը թռիչքների դադարեցման մասին։ Ընկերությունն այս քայլը բացատրել է վարձատուների պահանջով՝ օդանավերը վերադարձնելու Եվրամիության տարածք։
Ենթակառուցվածքների նախարարությունն արդեն արձագանքել է ստեղծված իրավիճակին՝ վստահեցնելով, որ Ուկրաինան չի նախատեսում փակել օդային տարածքը։ Եվ, առավել եւս, պատրաստ է հավելյալ վճարել ավիաընկերություններին ռիսկերի համար։
Ի դեպ, ինչպես վկայում են «Flight Radar»-ի տվյալները, փետրվարի 13-ի ժամը 14:30-ի դրությամբ բազմաթիվ ավիաընկերություններ թռիչքներ իրականացնելիս արդեն շրջանցել են Ուկրաինայի տարածքը։ Ինչպես պարզաբանում է ավիացիոն փորձագետ Ալեքսանդր Միրոնենկոն, եթե իրավիճակը չկարգավորվի առաջիկա օրերին, ապա Ուկրաինայի երկինքը փաստացի ոչ թռիչքային գոտի կլինի։ «Ուկրաինական ավիաընկերությունները չեն կարողանա թռչել իրենց ինքնաթիռների մեծ մասով, իսկ եվրոպական ավիաընկերությունները չեն թռչի Ուկրաինա ապահովագրական ծածկույթի բացակայության պատճառով: Միայն մի քանի ավիափոխադրողներ կարող են շարունակել աշխատանքները»,- ասել է Միրոնենկոն:
Դատելով ամեն ինչից՝ սա միջազգային խուճապի հետեւանք է: Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Ռուսաստանի ներխուժումն սպասվում է ցանկացած պահի: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները մասամբ հաստատել են այդ տեղեկությունները: Հարձակման տարբեր օրեր են նշվում: «Bloomberg» գործակալությունը, հենվելով իր աղբյուրների վրա, տեղեկացրել է, որ ռուսները հարձակողական գործողություններ կսկսեն փետրվարի 15-ին: «Spiegel» ամսագիրը հաղորդել է, որ ներխուժումը տեղի կունենա փետրվարի 16-ին: Իբր, Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին այդ մասին հայտնել է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ): Իսկ «Politico» հանդեսը գրել է, որ նույն ամսաթիվը նշելէ նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը եվրոպական մի շարք գործընկերների հետ զրույցներում: Ճիշտ է՝ պաշտոնական հաստատում չկա, որ Բայդենը հենց այդ մասին է խոսել: Սպիտակ տունը հանգստյան օրերին որեւէ բացատրությամբ հանդես չի եկել, եւ դա՝ չնայած այն բանին, որ շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսային բանակցություններ են վարել: Այդ առիթով ամերիկյան պաշտոնյաներից միայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն է հայտարարություն արել։ Նշելով, որ Պուտինը վերջնական որոշում չի կայացրել ուկրաինական տարածքի վրա հարձակման վերաբերյալ, նա, այնուամենայնիվ, ասել է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ փետրվարի 20-ին, երբ կավարտվեն Պեկինի Օլիմպիական խաղերը։ Սալիվանն ամերիկացիներին հորդորել է Ուկրաինայից հեռանալ «առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»։
Տպավորիչ է, սակայն, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուսադրող հայտարարություններ են անում ոչ միայն ռուս պաշտոնյաները, օրինակ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վերջինս մասնավորապես ասել է, որ Պուտինի եւ Բայդենի զրույցը տեղի է ունեցել «ամերիկյան պաշտոնյաների կողմից Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա մոտալուտ հարձակման աննախադեպ հիստերիայի մթնոլորտում»։ Ուկրաինայի իշխանությունները նույնպես չեն շտապում խոսել ներխուժման մասին։ Այսպես՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ուղղակի ասել է, որ փետրվարի 14-ին երկինքը չի փակվի։ Ստեղծված իրավիճակի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեկնաբանությունները բավական զգույշ են, իսկ գործողությունները վկայում են, որ երկրի իշխանությունները հարձակում չեն սպասում: Ուկրաինական զորքերը մարտական պատրաստվածության չեն բերվել: Զելենսկին շտապ կարգով չի զանգահարում այլ պետությունների ղեկավարներին: Կիրակի նա զրուցել է միայն Եվրամիության նախագահ Շառլ Միշելի հետ՝ առաջարկելով ՌԴ-ի նկատմամբ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել եւ հաղորդելով, որ իր երկիրը «սադրանքի չի ենթարկվի», հասկանում է բոլոր ռիսկերը եւ «պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման»:
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Կիեւը կարող է դիտարկել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց հրաժարվելու հարցը։ Այս մասին գրել է «Օբոզրեւատելը»: Դեսպանի խոսքով՝ նման տարբերակ կդիտարկվի, եթե այն հնարավորություն կտա խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։ Դիվանագետը համապատասխան հայտարարությունն արել է լրագրող Սթիվեն Նոլանին տված հարցազրույցում: Այս մասին հաղորդել է «BBC Radio 5 Live»-ը թվիթերում։ Հայտարարությանն արձագանքել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմը եւ արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ մեջբերման՝ Պրիստայկոն ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նախատեսված է երկրի Սահմանադրությամբ։ Բայց դիվանագետները «ճկուն են իրավիճակի լավագույն լուծման որոնման հարցում»։ «Մենք փորձում ենք գտնել լավագույն ելքը: Եթե դա կկանխի լարվածությունը, ապա մենք կքննարկենք այն»,- ասել է դեսպանը։
Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին պետք է հնարավորություն տալ՝ արտահայտվելու, թե ինչ է նկատի ունեցել՝ խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցության մասին: Նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինայի՝ դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ ձգտումն ամրապնդված է երկրի Սահմանադրության մեջ: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, իր հերթին, «Օբոզրեւատելին» տված մեկնաբանության մեջ նշել է, որ դիվանագետի խոսքերը հանվել են կոնտեքստից։
Դիվանագետի խոսքերը նաեւ ճնշում են ՆԱՏՕ-ի ղեկավարության վրա: Նրա հայտարարությամբ փաստվում է, որ եթե ՆԱՏՕ-ն Ուկրաինային չընդգրկի իր կազմում, վերջինս կարող է եւ այլ որոշում կայացնել…
Հետաքրքիր է, որ իրենք՝ ուկրաինացիները, չեն հավատում լայնամասշտաբ ներխուժման հավանականությանը: Նման տրամադրություն է տիրում նույնիսկ իշխանամետ կաբինետներում: «The Wall Street Journal»-ի տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմը քիչ հավանական է համարում, իսկ ԱՄՆ-ի պաշտոնական անձանց հայտարարությունները, ըստ նրա, միայն սրում են իրավիճակը:
Բայց, հաշվի առնելով մթնոլորտը, լարվածությունը եւ զենքի քանակը, որը կենտրոնացվել է Դոնբասի մատույցներում, ցանկացած կրակոց կարող է ճակատագրական լինել: «Նման իրավիճակում ամեն պահի հնարավոր է թեւակոխել հակամարտության թեժ փուլ։ Պատահականությունները կարող են գործել։ Եվ սա է գլխավոր մտահոգությունը։ Թեեւ չկան օբյեկտիվ նախադրյալներ, որպեսզի ՌԴ-ն պատերազմ սկսի Ուկրաինայի դեմ։ Ոչ ոք չի միանում ՆԱՏՕ-ին, նույնիսկ բանակցություններ չկան։ Իսկ այն ամենը, ինչ տեղի ունեցավ վերջին երկու ամսվա ընթացքում, նման էր հոգեբանական ճնշման ՌԴ-ի կողմից։ Բայց, ամեն դեպքում, ես չէի եզրակացնի, որ ամեն ինչ որոշված է, եւ վաղը պատերազմ է սկսվելու։ Կանգնելու շանսեր կան, թեեւ ռիսկերն աճել են։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը ոչ թե խոսքով, այլ գործով կփորձի վախեցնել Արեւմուտքին՝ պատերազմի միջոցով Ուկրաինային ստիպելով գնալ հերթական զիջումների»,- ասել է քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն: Չնայած բնակչության շրջանում խուճապ, ըստ էության, չկա, մարդիկ, այնուամենայնիվ, զգուշանում են իրադարձությունների բացասական զարգացումից. վառելիք են պահեստավորում եւ զանգվածաբար ուղեգրեր գնում դեպի արտասահման՝ «պատերազմը» հանգստյան վայրում անցկացնելու համար: «Պոեխալի ս նամի» ընկերության տնօրեն Օլեգ Կուլիկը հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում զբոսաշրջային ընկերությունները 20 տոկոսով ավելի վաճառք են իրականացրել: Միեւնույն ժամանակ առաջիկա օրերի բոլոր ուղեգրերը վաճառված են: Իսկ թե «հանգստի» մեկնող քաղաքացիների որ մասը կվերադառնա երկիր, այս պահին հնարավոր չէ ասել: Դա կարող է խնդրահարույց լինել, եթե հանգամանքները ճիշտ չդասավորվեն…