Չինաստանում աղքատության սահմանագիծը 8 տարի առաջ մեկ անձի համար ամսական 68 դոլար եկամուտն էր: Վերջին երեք տասնամյակի ընթացքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Չինաստանն ամենաաղքատ երկրների ցուցակի վերջին տեղերից տեղափոխվեց առաջատար 30 երկրների շարք՝ համարվելով միջին եկամտով երկիր:
Պետությունը խոստացել էր հաղթահարել աղքատության շեմը մինչեւ 2021 թ.՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակին: ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն այդ տարի մարտին հայտարարեց, որ երկրում աղքատության հիմնախնդիրը լիովին լուծված է, տարածաշրջանային մասշտաբով աղքատությունը՝ հաղթահարված: Վերջին տասը տարվա ընթացքում պետությունն աղքատության «շղթաներից» ազատել է գրեթե 100 մլն գյուղական բնակչության, իսկ ընդհանուր առմամբ՝ 1970-ականների վերջից առ այսօր` մոտ 770 մլն մարդու:
Մոտ 3 տարի առաջ հերթական այցով Չինաստանում էի: Նկատեցի, որ մեծ քաղաքներում սովորական բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը զգալի հագեցած էին սրճարաններով, արհեստանոցներով, խանութներով: Իմ այն հարցին, թե այս փոքր բիզնեսները կարողանո՞ւմ են վճարել հարկերը, պատասխանեցին, որ պետությունը նախընտրում է նրանց «չանհանգստացնել, թողնել՝ իրենք աշխատեն իրենց համար, իշխանություններից օգնություն չխնդրեն եւ հոգան սեփական կարիքները»: Չինաստանն այսօր արդեն շատ առումներով համարվում է միջին եկամտի պետություն, որտեղ տեսականորեն եկամտի օրական սահմանագիծը պետք է լինի ավելի քան 5.5 դոլար (մոտ 3.000 ՀՀ դրամ): Չի կարելի պնդել, որ Չինաստանում այժմ բոլորն ապրում են աղքատության մակարդակից բարձր, բայց սա ընդհանուր միտումն է:
Պետական կառավարման նորովի մոտեցումներն ու ազգային շահերին դրանց ներդաշնակեցումը
Բարեփոխումների անհրաժեշտության մասին առաջին անգամ Չինաստանում խոսվել է 1980-ականներին, երբ հայտարարվեց «իշխանության գերկենտրոնացման, կուսակցական եւ վարչական մարմինների պաշտոնների համատեղման անթույլատրելիության մասին, կարեւորվեց պետության կողմից մատուցվող ծառայությունները ստանդարտներով իրականացնող կառավարություն եւ գործադիր մարմիններ ունենալը»: Ի տարբերություն արեւմտյան պետությունների, Չինաստանը ձգտում է շուկայական բարեփոխումներն իրականացնել գոյություն ունեցող պետական առկա կարգի շրջանակներում՝ առանց ցնցումների:
Բարեփոխումների եւ պետական կառավարման մշակույթի մասին առավել մանրամասն նկարագրված է իմ հեղինակային երկրորդ գրքում, որը կարելի է համարել 2019 թ. լույս տեսած իմ առաջին գրքի («Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունների պետական կառավարման առանձնահատկությունները») տրամաբանական շարունակություն:
Չինաստանը զարգացել է առավելապես էվոլյուցիոն եղանակով, առանց շոկային թերապիայի՝ մշտապես պահպանելով քաղաքական կայունությունը: Բարեփոխումներն այստեղ իրականացվել եւ ներկայում էլ իրականացվում են սկզբունքորեն չփոփոխելով նախկինում գոյություն ունեցող հիմքը, չեն կրում փողկապակցված բնույթ: Չինաստանը հավատարիմ է մնացել իր պատմական պարադիգմային, որտեղ սկզբունքային կարեւորություն ունեն իրավահաջորդությունը եւ ազգային սովորույթը:
Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, անցումային ժամանակաշրջանի պաստառի տակ իրականացվել է նախկին մոտեցումների կազմաքանդում: Փաստենք, որ ժամանակակից Չինաստանի եւ Հայաստանի մոտեցումների կարեւոր տարբերություններից մեկը նպատակադրման տարբերությունն է: Հայաստանն այսօր կառուցում է «նոր եվրոպականամերիկյան մոդելի պետություն», Չինաստանը ինչպես կառուցել, այնպես էլ շարունակում է կառուցել քաղաքակրթորեն ինքնություն ունեցող չինական մոդելի պետություն:
Ո՞րն է այստեղ չինական յուրահատկությունը: Դա ազգային կողմնորոշում ունեցող էլիտան է, որը դաստիարակված է քաղաքակրթության հարատեւ զարգացման սկզբունքով: Չինական «համբերելը» ճիշտ պահին սպասելն է, համախմբվելը, ազգային կողմնորոշմամբ քաղաքականության վարումը, լուծում պահանջող հարցերում «դանդաղ շտապելը», ինչը, կարծում եմ, շատ մեծ առավելություն է:
Ըստ իս՝ Չինաստանի պետական կառավարման եւ մասնավորապես՝ տնտեսության պետական կառավարման սկզբունքների, ազգային պետական շահերի ներդաշնակեցման եւ հավասարակշռվածության մոտեցումների տեղայնացված կիրառումը կարող է առավել նշանակալի դարձնել Հայաստանի Հանրապետության դիրքերը համաշխարհային ինստիտուցիոնալ համակարգում: Արդյունքում ՀՀ-ն ձեռք կբերի տնտեսության պետական կառավարման ինստիտուցիոնալ կայունություն, կկարողանա ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր եւ դրանից բխող՝ բնակչության առավել բարձր կենսամակարդակ:
Հաջողության հասնելու չինական մի քանի մոտեցումների շուրջ
1. Չինաստանը խնդրին մոտեցել է համակարգված՝ գյուղերում ճանապարհների կառուցման, մարդկանց միջեւ հաղորդակցությունը բարելավելու նպատակադրմամբ: Բնականաբար, իրենց կարեւորագույն դերն ունեցան նաեւ նոր տեխնոլոգիաները. ասում են, որ Չինաստանում անգամ փողոցում կանաչի վաճառող տատիկը կարող է վճարն ընդունել QR կոդի միջոցով:
2. Չինաստանը կարողացել է արմատախիլ անել աղքատությունը աշխատատեղերի ստեղծման միջոցով՝ նպատակ ունենալով տեղերում ձեւավորել վճարունակ բնակչություն: Արտահանման մոդելից անցնելով սպառման աճի մոդելին՝ Չինաստանի կառավարությանն անհրաժեշտ էր «անվերջ փող ծախսող» բնակչություն:
3. Չինաստանն այս պարագայում գործեց տեղական պայմաններին եւ իրողություններին համահունչ, ինչը կարելի է համարել աղքատության նվազեցման Չինաստանի նպատակային քաղաքականության դասերից մեկը: Յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր ընտանիքի եւ ծայրաստիճան աղքատ բնակավայրերի յուրաքանչյուր բնակչի համար մշակվել են հասցեական միջոցառումներ: Տեղական պայմաններին համապատասխան մասնագիտացված բիզնեսի զարգացումն աղքատության նվազեցման հիմնական մեթոդներից եւ երկարաժամկետ ռազմավարությունից է:
4. Աղքատության դեմ պայքարի Չինաստանի հատուկ հիմնադրամը ոչ միայն պայքարի ապահովմանն ուղղված միջոց է: Վերջին 10 տարում այս նպատակով ՉԺՀ կառավարությունը հիմնադրամ է մուտքագրել, ընդհանուր առմամբ, մոտ 240 մլրդ դոլար:
5. Չինաստանը զարգացումը մշտապես դիտարկել է աղքատության հաղթահարման հիմնական միջոց: Գյուղական արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը եւ դրանում թիրախային՝ աղքատ խմբերի մասնակցությունը մարդկանց դուրս բերեցին ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական աղքատությունից: Չինաստանը մշտապես հատուկ կարեւորություն է տվել անհատի համակողմանի զարգացմանը թե՛ պետական կառավարման համակարգի կադրերի եւ թե աղքատ բնակավայրերի բնակիչների շրջանում, անընդհատ խրախուսել է «առավել լավ կյանքին» ձգտելու ցանկությունը:
6. Աղքատության դեմ պայքարում այս պետությունն առաջնահերթ խնդիր է դիտարկել կրթության զարգացումը: 2012-18 թթ. Չինաստանը նախադպրոցական եւ պարտադիր կրթության, արհեստագործական եւ բարձրագույն կրթության ոլորտում օգնել է 620 մլն աշակերտների: Երկրում թափուր աշխատատեղերի համալրման, արտասահմանում կրթված եւ աշխատանքային փորձ ունեցող չինացիներին հավաքագրելու եւ հայրենիք վերադարձնելու նպատակով ամեն տարի կառավարությունն արտասահմանում կազմակերպում է «տոնավաճառներ»:
7. Դեռեւս 2015-ից՝ աղքատ տարածքներին եւ խմբերին հասցեական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն սկսեց հայտնի, պրոֆեսիոնալ եւ փորձառու պաշտոնյաներին գյուղապետեր նշանակելու պրակտիկան: Կատարվեցին ավելի քան 3 մլն այդպիսի նշանակումներ:
Աննա ԶԱԼԻՆՅԱՆ
Չինագետ, տնտեսագիտության թեկնածու